Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • «Ուր որ գետը հոսի, այնտեղ կյանք կլինի»
    Եհովային մատուցվող մաքուր երկրպագությունը՝ վերջապես վերականգնված
    • Եզեկիելը անցնում է գետի միջով, իսկ պղնձե տեսք ունեցող մարդը, գետի ափին կանգնած, նրան է նայում

      ԳԼՈՒԽ 19

      «Ուր որ գետը հոսի, այնտեղ կյանք կլինի»

      ԵԶԵԿԻԵԼ 47։9

      ԳԼԽԱՎՈՐ ՄԻՏՔԸ. տաճարից հոսող գետի մասին տեսիլքն ու դրա կատարումը անցյալում, այսօր և ապագայում

      1, 2. Եզեկիել 47։1-12 համարների համաձայն՝ մարգարեն ի՞նչ է տեսնում և իմանում (տես առաջին նկարը)։

      ԵԶԵԿԻԵԼԸ տաճարի մասին տեսիլքում մեկ այլ զարմանահրաշ բան է տեսնում. սուրբ տաճարից գետ է հոսում։ Պատկերացրու, թե մարգարեն ինչպես է քայլում այդ զուլալ ջրի միջով (կարդա Եզեկիել 47։1-12)։ Այն բարակ շիթով բխում է սրբարանի շեմքի տակից, ապա տաճարի համալիրից հոսում դեպի արևելյան մուտքային շինություն։ Հրեշտակը Եզեկիելին դուրս է հանում տաճարից և պարբերաբար չափում անցած հեռավորությունը։ Նա մարգարեին խնդրում է անցնել ջրի միջով։ Եզեկիելը նկատում է, որ ջուրը գնալով խորանում է և շուտով այնքան հորդառատ է դառնում, որ նա կարող է անցնել այն միայն լողալով։

      2 Եզեկիելն իմանում է, որ գետը թափվում է Մեռյալ ծովը և բուժում է դրա անկենդան աղի ջրերը։ Ուր որ այն հասնում է, այնտեղ սկսում են ձկներ վխտալ։ Գետի ափերի երկայնքով նա տարբեր տեսակի ծառեր է տեսնում։ Ամեն ամիս դրանք նոր պտուղ են տալիս, և դրանց տերևները բուժիչ են։ Այս ամենը տեսնելը պետք է որ Եզեկիելի սրտին անդորր բերեր և հույս տար։ Ի՞նչ նշանակություն ուներ տեսիլքի այս հատվածը նրա և գերության մեջ գտնվող նրա ազգակիցների համար, և ի՞նչ նշանակություն ունի այն մեզ համար այսօր։

      Տեսիլքում Եզեկիելի տեսած գետն ի՞նչ նշանակություն ուներ գերության մեջ գտնվող հրեաների համար

      3. Եզեկիելի օրերում ապրող հրեաները ինչո՞ւ բառացի չէին ընկալում գետի մասին տեսիլքը։

      3 Եզեկիելի օրերում ապրող հրեաները հասկանում էին, որ խոսքը բառացի գետի մասին չէ։ Այդ նկարագրությունը նրանց հիշեցնում էր վերականգնման մասին մեկ ուրիշ մարգարեություն, որը, ըստ ամենայնի, ավելի քան երկու դար առաջ գրի էր առել Հովել մարգարեն (կարդա Հովել 3։18)։ Երբ հրեաները կարդում էին Աստծու ներշնչմամբ Հովելի գրած խոսքերը, չէին ակնկալում, որ բառացիորեն «լեռներից քաղցրահամ գինի կկաթի, և բլուրներից կաթ կհոսի», կամ որ «Եհովայի տնից աղբյուր կբխի»։ Նույն ձևով էլ նրանք հասկանում էին, որ Եզեկիելի մարգարեությունը բառացի գետի մասին չէ։a Այդ դեպքում ի՞նչ էր Եհովան այդ տեսիլքի միջոցով ցանկանում հայտնել։ Սուրբ Գիրքը օգնում է գտնել այդ հարցի պատասխանը։ Քննենք այդ մարգարեությունում նշված երեք առանձնահատկություն, որոնք կհավաստիացնեն մեզ Եհովայի սիրո և հոգատարության մեջ։

      Գետ

      ՇՐՋԱՆԱԿ 19Ա. «Եհովայից բխող օրհնությունների գետեր»

      4. ա) Հրեաներն ի՞նչ օրհնություններ կարող էին ակնկալել՝ խորհրդածելով Եզեկիելի տեսած գետի մասին։ բ) Ինչպե՞ս են Աստվածաշնչում օգտագործված «գետ» և «ջուր» բառերը վստահեցնում մեզ, որ Եհովան օրհնելու է իր ժողովրդին (տես «Եհովայից բխող օրհնությունների գետեր» շրջանակը)։

      4 Օրհնությունների գետ։ Աստվածաշնչում գետերն ու ջրերը հաճախ խորհրդանշում են Եհովայի կենարար և հորդահոս օրհնությունները։ Տեսիլքում գետը բխում էր տաճարից, ուստի հրեաները կարող էին եզրակացնել, որ կունենան Եհովայի կենարար հոգևոր օրհնությունները, եթե միշտ կառչած մնան մաքուր երկրպագությանը։ Ի՞նչ օրհնություններ էին նրանց սպասում։ Քահանաները նորից ուսուցանելու էին նրանց, և տաճարում կրկին զոհեր էին մատուցվելու, ուստի նրանք կարող էին վստահ լինել, որ իրենց մեղքերը ներվելու են (Եզեկ. 44։15, 23; 45։17)։ Այսպիսով՝ նրանք դարձյալ մաքուր կլինեին, ասես լվացվել էին տաճարից բխող զուլալ ջրում։

      5. Ինչպե՞ս էր տեսիլքում նկարագրված գետը հրեաներին հավաստիացնում, որ օրհնություններից բոլորն էին օգտվելու, և որ դրանք հարատև էին լինելու։

      5 Արդյո՞ք այդ օրհնություններից բոլորն էին օգտվելու, և դրանք հարատև էին լինելու։ Տեսիլքը փարատում է բոլոր կասկածները. բարակ շիթով հոսող ջուրը ընդամենը երկու կիլոմետր անցնելուց հետո հրաշքով հորդառատ գետ դարձավ (Եզեկ. 47։3-5)։ Հայրենիք վերադարձած հրեաների թիվը ժամանակի ընթացքում աճելու էր։ Սակայն Եհովան խոստացել էր նրանց այնքան օրհնել, որ նրանք ոչ մի բանի կարիք չէին ունենալու։ Այո՛, Եզեկիելի տեսած գետը առատություն և բարեկեցություն էր խորհրդանշում։

      6. ա) Ի՞նչ զորացնող խոստում էր պարփակված տեսիլքի մարգարեական նկարագրության մեջ։ բ) Ի՞նչ նախազգուշական միտք է պարունակում տեսիլքը (տես ծանոթագրությունը)։

      6 Կենարար ջուր։ Եզեկիելի տեսիլքում գետը թափվում էր Մեռյալ ծովը և կենդանացնում դրա զգալի մասը։ Նկատի առնենք, որ ջուրը կյանք էր տալիս այնքան բազմատեսակ ձկների, ինչպիսիք կան Մեծ ծովում՝ Միջերկրական ծովում։ Մեռյալ ծովի՝ ակներևաբար իրարից մեծ հեռավորության վրա գտնվող երկու ափամերձ քաղաքների միջև ընկած տարածքում նույնիսկ ձկնորսական արդյունաբերություն էր զարգանում։ Հրեշտակն ասաց. «Ուր որ գետը հոսի, այնտեղ կյանք կլինի»։ Արդյո՞ք սա նշանակում է, որ Եհովայի տնից հոսող ջուրը հասնելու էր Մեռյալ ծովի յուրաքանչյուր հատվածին։ Ո՛չ։ Հրեշտակը բացատրեց, որ կենարար ջուրը որոշ ճահճոտ հատվածների չէր հասնելու։ Այդ տեղերը «աղի էին մնալու»b (Եզեկ. 47։8-11)։ Այսպիսով՝ մարգարեական այս նկարագրության մեջ հուսադրող խոստում կար այն մասին, որ մաքուր երկրպագությունը հոգևոր կենդանություն և բարեկեցություն էր տալու մարդկանց։ Բայց այն նաև նախազգուշական միտք էր պարունակում. բոլորը չէ, որ ընդունելու էին Եհովայի օրհնությունները և բուժվելու։

      7. Տեսիլքում գետի ափերի երկայնքով աճող ծառերի մասին խորհելը հրեաներին ինչո՞ւմ էր վստահեցնում։

      7 Պտղատու և բուժիչ ծառեր։ Իսկ ի՞նչ կարելի է ասել գետի ափերի երկայնքով աճող ծառերի մասին։ Ինչ խոսք, դրանք զարդարում են տեսարանը, բայց նաև նշանակություն ունեն։ Եզեկիելի ու նրա հայրենակիցների համար, անշուշտ, հաճելի էր մտածել համեղ պտուղներով ծառերի մասին, որոնք ամեն ամիս բերք էին տալիս։ Այդ չքնաղ նկարագրությունը վստահեցնում էր, որ Եհովան հոգևոր առատ կերակուր էր տալու նրանց։ Բացի այդ՝ ծառերի տերևները «բուժելու համար» էին լինելու (Եզեկ. 47։12)։ Եհովան գիտեր, որ գերությունից վերադարձած հրեաները ամենից շատ հոգևորապես բժշկվելու կարիք էին ունենալու, և խոստացավ բուժել նրանց։ Այն, թե ինչպես է նա դա արել, խոսվում է վերականգնման վերաբերյալ մեկ ուրիշ մարգարեության մեջ, որը քննեցինք այս գրքի 9-րդ գլխում։

      8. Ի՞նչն է ցույց տալիս, որ Եզեկիելի տեսիլքը մեծ մասշտաբով էր կատարվելու։

      8 Սակայն, ինչպես նշված է նույն՝ 9-րդ գլխում, գերությունից վերադարձածները այդ մարգարեությունների միայն մասնակի կատարումը տեսան։ Եվ դրա համար հենց իրենք էին մեղավոր. չէ՞ որ նրանք նորից ու նորից բռնում էին իրենց մեղավոր ուղին, անհնազանդություն էին դրսևորում և մատների արանքով էին նայում մաքուր երկրպագությանը։ Ուստի մի՞թե Եհովան լիարժեքորեն կօրհներ նրանց։ Նրա հավատարիմ ծառաները ցավ և հիասթափություն էին զգում՝ տեսնելով իրենց հայրենակիցների վարքը։ Բայց Եհովայի այդ նվիրված ծառաները համոզված էին, որ նրա խոստումները երբեք գետնին չեն ընկնում. դրանք միշտ կատարվում են (կարդա Հեսու 23։14) Այդ պատճառով Եզեկիելի տեսիլքը մի օր կատարվելու էր մեծ մասշտաբով։ Բայց ե՞րբ։

      Գետը հոսում է այսօր

      9. Տաճարի վերաբերյալ Եզեկիելի տեսիլքը ո՞ր ժամանակահատվածում է կատարվում մեծ մասշտաբով։

      9 Ինչպես իմացանք այս հրատարակության 14-րդ գլխից, տաճարի վերաբերյալ Եզեկիելի տեսիլքը մեծ մասշտաբով կատարվում է «վերջին օրերում»՝ մի ժամանակահատվածում, երբ մաքուր երկրպագությունը դեռ այսքան բարձրացված չի եղել (Ես. 2։2)։ Ի՞նչ առումով է Եզեկիելի տեսիլքի գետը հոսում այսօր։

      10, 11. ա) Ի՞նչ օրհնություններ են գետի պես հոսում դեպի մեզ այսօր։ բ) Եհովայից բխող օրհնությունները վերջին օրերում ինչպե՞ս են առատացել և բավարարում ավելի ու ավելի շատ մարդկանց հոգևոր կարիքները։

      10 Օրհնությունների գետ։ Ի՞նչ օրհնությունների մասին է մեզ հիշեցնում Եհովայի տնից բխող գետը։ Գետը մեզ հիշեցնում է այն ամենը, ինչ Եհովան տալիս է մեզ՝ հոգևորապես բուժելու և սնելու համար։ Նախևառաջ դա Քրիստոսի քավիչ զոհի մաքրագործող զորությունն է, որի շնորհիվ մեր մեղքերը կարող են ներվել։ Աստծու Խոսքի մաքուր ճշմարտությունները նույնպես նման են կենարար ու մաքրող ջրի (Եփես. 5։25-27)։ Ինչպե՞ս են այդ օրհնությունները հոսում մեր օրերում։

      11 1919 թ.-ին Եհովան անհրաժեշտ չափով հոգևորապես սնում էր իր ծառաներին, որոնց թիվն այդ ժամանակ ընդամենը մի քանի հազարի էր հասնում։ Հաջորդող տասնամյակների ընթացքում նրանց թիվը սրընթաց աճեց, և այսօր այն հատել է ութ միլիոնի շեմը։ Ճշմարտության մաքուր ջուրը շարունակո՞ւմ է այսօր հոսել։ Անկասկած, այո՛։ Աստծու Խոսքում բովանդակված հոգևոր ճշմարտությունները ողողել են մեզ։ Վերջին հարյուր տարվա ընթացքում հրատարակվել են Աստվածաշնչի, գրքերի, ամսագրերի, գրքույկների և թերթիկների միլիարդավոր օրինակներ։ Եզեկիելի տեսած գետի պես՝ մաքուր ճշմարտությունները արագորեն դարձան հորդառատ և այժմ ողջ աշխարհում հագեցնում են ավելի ու ավելի շատ մարդկանց հոգևոր ծարավը։ Երկար ժամանակ Աստվածաշնչի վրա հիմնված մեր հրատարակությունները հասանելի էին միայն տպագիր տարբերակով։ Իսկ հիմա jw.org կայքի շնորհիվ այդ նյութերը հասանելի են էլեկտրոնային ձևաչափով ավելի քան 1 000 լեզուներով։ Ճշմարտության այս ջուրն ի՞նչ ազդեցություն է ունենում ազնվասիրտ մարդկանց վրա։

      12. ա) Ինչպե՞ս է աստվածաշնչյան ճշմարտությունը մարդկանց հոգևորապես բուժում և կյանք տալիս։ բ) Տեսիլքում ի՞նչ ժամանակահարմար նախազգուշացում կա մեզ համար (տես նաև ծանոթագրությունը)։

      12 Կենարար ջուր։ Եզեկիելին ասվեց. «Ուր որ գետը հոսի, այնտեղ կյանք կլինի»։ Մտածիր, թե աստվածաշնչյան ճշմարտությունն ինչ ազդեցություն է գործում նրանց վրա, ովքեր մտնում են վերականգնված հոգևոր դրախտ։ Միլիոնավոր մարդկանց ընկալունակ սրտերը այն հոգևորապես բուժում է ու կյանք տալիս։ Սակայն տեսիլքում նաև ժամանակահարմար նախազգուշացում կա. ոչ բոլորն են պահպանելու ճշմարտության հանդեպ իրենց սերը։ Եզեկիելի տեսած Մեռյալ ծովի ճահճոտ և տղմոտ տեղերի պես՝ այսօր կան սրտեր, որոնք անընկալունակ են դառնում, դադարում են գնահատել աստվածաշնչյան ճշմարտությունները և հեռանում են Եհովայից։c Թող որ երբեք նման բան չլինի մեզ հետ (կարդա 2 Օրենք 10։16-18)։

      13. Ի՞նչ ենք սովորում՝ տեսիլքում նկարագրված ծառերի մասին խորհելով։

      13 Պտղատու և բուժիչ ծառեր։ Եզեկիելի տեսած գետի ափերի երկայնքով աճող ծառերի մասին խորհելն անշուշտ քաջալերական է մեզ համար։ Ուշագրավ է, որ այդ ծառերը ամեն ամիս համեղ պտուղներ էին տալիս, և դրանց տերևները բուժիչ էին (Եզեկ. 47։12)։ Դրանք մեզ հիշեցնում են, որ մենք ծառայում ենք մի Աստծու, ով առատաձեռնորեն ամենակենսական բանն է անում մեզ համար՝ հոգևորապես կերակրում է և բուժում, այն դեպքում, երբ այս աշխարհը հոգևորապես սոված ու հիվանդ է։ Եղե՞լ է այնպես, որ մեր ամսագրերից մի հոդված կարդաս, համաժողովի եզրափակիչ երգը երգես, դիտես մեր տեսանյութերից մեկը կամ ամսական հեռարձակումը և զգաս, որ սիրտդ լի է Եհովայի հանդեպ երախտագիտությամբ։ Իրոք որ նա հոգևոր ճոխ սեղան է գցում մեզ համար (Ես. 65։13, 14)։ Իսկ այդ հոգևոր սնունդը առողջարա՞ր է։ Աստծու Խոսքի վրա հիմնված իմաստուն խորհուրդները օգնում են պայքարել այնպիսի թշնամիների դեմ, ինչպիսիք են անբարոյականությունը, նախանձը և հավատի պակասը։ Բացի այդ՝ Եհովան քայլեր է ձեռնարկել, որ օգնի իր ծառաներին ապաքինվելու այն հոգևոր հիվանդություններից, որոնք առաջանում են լուրջ մեղք գործելու հետևանքով (կարդա Հակոբոս 5։14)։ Մենք իսկապես մեր աչքերով ենք տեսնում, թե ինչպես է կատարվում Եզեկիելի տեսիլքը։

      14, 15. ա) Ի՞նչ դաս ենք քաղում՝ խորհելով ջրի ճահճոտ հատվածների մասին, որոնք չապաքինվեցին։ բ) Ի՞նչ օգուտներ է բերում մեզ օրհնությունների գետը։

      14 Ինչպես իմացանք, տեսիլքում հիշատակվում է նաև ճահճոտ հատվածների մասին, որոնք չեն ապաքինվում, և այդ միտքը նախազգուշական է մեզ համար։ Երբեք չենք ցանկանա Եհովայի օրհնությունների դեմ պատնեշ կանգնեցնել՝ թույլ չտալով, որ դրանք հասնեն մեզ։ Ի՜նչ անմխիթար վիճակում կհայտնվեինք, եթե այդպես էլ չբուժվեինք և այս աշխարհի պես հիվանդ մնայինք (Մատթ. 13։15)։ Իրականում մեզ համար անչափ ցանկալի են Աստծու տված օրհնությունները։ Երբ փափագով խմենք նրա Խոսքի ճշմարտությունների զուլալ ջուրը, մասնակցենք քարոզչական գործին ու այդ ճշմարտությունները պատմենք ուրիշներին, ինչպես նաև սիրառատ առաջնորդություն, մխիթարություն և օգնություն ստանանք հավատարիմ ծառայի կողմից կրթված երեցներից, կարող ենք հիշել Եզեկիելի տեսիլքի գետի մասին. այն ուր էլ որ հոսում է, կյանք է տալիս և բուժում է։

      15 Իսկ ինչպե՞ս է այս մարգարեությունը կատարվելու ապագայում։ Գետն առավել քան երբևէ հորդահոս կլինի գալիք դրախտում, ինչի մասին էլ այժմ կխոսենք։

      Ինչպես է տեսիլքը կատարվելու դրախտում

      16, 17. ա) Ի՞նչ առումով է կենարար ջուրն ավելի ընդարձակ դառնալու դրախտում։ բ) Ի՞նչ օգուտներ է բերելու մեզ օրհնությունների գետը դրախտում։

      16 Տեսնո՞ւմ ես քեզ դրախտում՝ շրջապատված ընկերներով ու ընտանիքիդ անդամներով, որոնց հետ լիարժեքորեն վայելում ես կյանքը։ Գետի մասին Եզեկիելի տեսիլքն ուսումնասիրելը կօգնի քեզ ավելի վառ պատկերացնել դա։ Ուստի եկ անդրադառնանք այդ տեսիլքի երեք առանձնահատկություններին, որոնք արտացոլում են Եհովայի սերը։

      17 Օրհնությունների գետ։ Փոխաբերական գետը դրախտում շատ ավելի ընդարձակ է դառնալու այն առումով, որ դրա բերած օգուտները լինելու են ոչ միայն հոգևոր, այլև ֆիզիկական։ Հիսուսի հազարամյա իշխանության ընթացքում Աստծու թագավորությունը հավատարիմ հպատակներին կօգնի առավելագույնս օգտվել փրկագնի բերած օրհնություններից։ Աստիճանաբար նրանք կհասնեն կատարելության։ Այլևս ո՛չ հիվանդություններ կլինեն, ո՛չ բուժաշխատողներ, ո՛չ հիվանդանոցներ և ո՛չ էլ բժշկական ապահովագրություն։ Կյանքի ջուրը կհոսի դեպի Արմագեդոնից փրկված միլիոնավոր մարդիկ՝ դեպի «մեծ բազմությունը», որը «վերապրել[ու] է մեծ նեղությունից հետո» (Հայտն. 7։9, 14)։ Այնուամենայնիվ, այդ ցնծալի օրհնությունները լոկ առվակ են՝ համեմատած հորդառատ գետի հետ, որն ըստ Եզեկիելի տեսիլքի՝ ապագայում շատ ավելի մեծ օգուտներ կբերի։

      Երիտասարդ և առողջ մարդիկ հաճույքով աշխատում են դրախտում։ Հետին պլանում գետ է հոսում

      Դրախտում օրհնությունների գետը բոլորին երիտասարդ և առողջ կդարձնի (տես պարբերություն 17)

      18. Ի՞նչ առումով է «կյանքի ջրի գետը» հորդառատ դառնալու Հազարամյակի ընթացքում։

      18 Կենարար ջուր։ Հազարամյակի ընթացքում «կյանքի ջրի.... գետը» հորդառատ կդառնա (Հայտն. 22։1)։ Միլիոնավոր, անգամ միլիարդավոր մարդիկ հարություն կառնեն և հնարավորություն կստանան հավիտյան ապրելու դրախտում։ Անթիվ-անհամար մահացած մարդիկ, ովքեր տարիներ կամ գուցե դարեր շարունակ թաղված են եղել հողի տակ, Եհովայի թագավորության ներքո կրկին կյանքի կկոչվեն (Ես. 26։19)։ Իսկ հարություն առած բոլո՞ր մարդիկ են հավիտյան ապրելու։

      19. ա) Որտեղի՞ց գիտենք, որ դրախտում ճշմարտության նոր ջրեր կհոսեն։ բ) Ի՞նչ առումով են ապագայում որոշ մարդիկ «աղի մնալու»։

      19 Նկատի առնենք, որ այդ ժամանակ նոր գրքեր են բացվելու, ուստի Եհովայից բխող թարմացնող ջուրը նոր ճշմարտություններ ու առաջնորդություններ է պարունակելու։ Ի՜նչ հիանալի ժամանակներ են մեզ սպասում։ Այնուամենայնիվ, յուրաքանչյուր մարդ ինքը պետք է որոշի՝ հնազանդվել Եհովային, թե ոչ։ Ոմանք կհրաժարվեն այդ օրհնությունից և չեն հնազանդվի Եհովային։ Ոմանք էլ գուցե Հազարամյակի ընթացքում ըմբոստանան Աստծու դեմ, սակայն ոչ ոքի թույլ չի տրվի խաթարել դրախտում տիրող խաղաղությունը (Ես. 65։20)։ Այդ ժամանակ հնարավոր է՝ հիշենք Եզեկիելի տեսիլքի ճահճոտ հատվածների մասին, որոնք «աղի էին մնալու»։ Որքա՜ն անմիտ վարված կլինեն նրանք, ովքեր կհրաժարվեն կյանքի ջրից։ Հազարամյակից հետո ոմանք կըմբոստանան և Սատանայի կողմը կբռնեն։ Բոլոր նրանք, ովքեր կարհամարհեն Եհովայի լիիրավ իշխանությունը, նույն վախճանին կարժանանան՝ անդառնալի մահվան (Հայտն. 20։7-12)։

      20. Հազարամյակի ընթացքում օծյալների կատարած ծառայությունը ինչո՞ւ է մեզ հիշեցնում Եզեկիելի տեսիլքի ծառերի մասին։

      20 Պտղատու և բուժիչ ծառեր։ Եհովան չի ցանկանում, որ մեզանից որևէ մեկը զրկվի հավիտենական կյանքից։ Ուստի նա հոգ կտանի, որ մեզ օգնություն տրամադրվի, ինչը խորհրդանշում են Եզեկիելի տեսիլքի ծառերը։ Դրախտում մենք հոգևորապես և ֆիզիկապես առողջ կլինենք։ Հազարամյակի ընթացքում երկնքից մարդկանց վրա կիշխի Հիսուս Քրիստոսը իր 144 000 իշխանակիցների հետ։ Որպես քահանաներ՝ 144 000 իշխանակիցները հօգուտ հավատարիմ մարդկանց կկիրառեն Քրիստոսի քավիչ զոհը՝ նրանց կատարելության բերելով (Հայտն. 20։6)։ Այս հոգևոր և ֆիզիկական օրհնությունները մեզ հիշեցնում են տեսիլքում գետի ափի երկայնքով աճող ծառերը, որոնք սննդարար պտուղ էին տալիս, և որոնց տերևները բուժիչ էին։ Եզեկիելի այս տեսիլքը մեր միտքն է բերում Հովհաննես առաքյալի արձանագրած հիասքանչ մարգարեական նկարագրությունը (կարդա Հայտնություն 22։1, 2)։ Նա նույնպես տեսավ ծառեր, որոնց տերևները «ազգերին բուժելու համար էին»։ 144 000 քահանաների ծառայությունը օգուտ կբերի Աստծու միլիոնավոր հավատարիմ ծառաներին։

      Համաձայն Եզեկիելի տեսածի՝ բարակ շիթով հոսող ջուրը դառնում է հորդառատ գետ

      ՇՐՋԱՆԱԿ 19Բ. «Բարակ շիթով հոսող ջուրը հորդառատ գետ է դառնում»

      21. Եզեկիելի տեսիլքի մասին խորհրդածելն ի՞նչ ազդեցություն է ունենում քեզ վրա, և ի՞նչ ենք քննելու հաջորդ գլխում (տես «Բարակ շիթով հոսող ջուրը հորդառատ գետ է դառնում» շրջանակը)։

      21 Երբ խորհում ես Եզեկիելի տեսիլքում նկարագրված գետի մասին, մի՞թե անդորրը չի պարուրում հոգիդ, և հույսդ ավելի վառ չի դառնում։ Ի՜նչ հիանալի ժամանակներ են մեզ սպասում։ Մի պահ մտածիր. Եհովան դեռ հազարավոր տարիներ առաջ վառ գույներով ասես նկարել է ապագա դրախտը և այդ ժամանակվանից ի վեր համբերություն դրսևորելով՝ հրավիրում է մեզ տեսնելու, թե ինչպես է այդ չքնաղ կտավի վրա պատկերվածը իրականություն դառնում։ Կլինե՞ս այնտեղ։ Գուցե մտածես. դրախտում ես իմ «տեղը» կունենա՞մ։ Արի տեսնենք, թե Եզեկիելի մարգարեության վերջին հատվածը ինչ հավաստիացում է տալիս այս առնչությամբ։

      a Ավելին՝ այն հրեաները, ովքեր հիշում էին իրենց հայրենիքի աշխարհագրական առանձնահատկությունները, ակներևաբար, հասկանում էին, որ այս գետը չի կարող բառացի լինել, քանի որ այն սկիզբ էր առնում տաճարից, որը գտնվում էր մի շատ բարձր լեռան վրա։ Նման լեռ, սակայն, այդ տեղանքում չկար։ Բացի այդ՝ տեսիլքից պարզ է դառնում, որ գետը ուղիղ հոսում էր դեպի Մեռյալ ծովը՝ առանց իր ուղղությունը փոխելու, ինչը նույնպես աշխարհագրական առումով անհնար կլիներ՝ հաշվի առնելով այդ տարածքի առանձնահատկությունները։

      b Որոշ մեկնաբաններ այս արտահայտությունը դրական իմաստով են հասկանում։ Նրանք ընդգծում են, որ Մեռյալ ծովի շրջակայքից աղ հավաքելը այն որպես կոնսերվանտ օգտագործելու համար, վաղուց արդեն շահութաբեր է։ Նկատի առնենք, սակայն, որ մարգարեությունում ասվում է, որ ջրի ճահճոտ հատվածները «չեն ապաքինվի»։ Դրանք մնալու են անշունչ, չապաքինված, որովհետև Եհովայի տնից բխող կենարար ջուրը չի հասնում դրանց։ Ուստի այս պարագայում ջրի աղի մնալը, ըստ ամենայնի, բացասական իմաստ ունի (Սաղ. 107։33, 34; Երեմ. 17։6)։

      c Նմանատիպ բանի մասին խոսել է նաև Հիսուսը ուռկանի մասին իր առակում։ Ուռկանի մեջ շատ ձկներ են բռնվում, բայց ոչ բոլորն են «լավը»։ Անպետքները պիտի դեն գցվեն։ Այս առակով Հիսուսը նախազգուշացրեց, որ Եհովայի կազմակերպություն եկող մարդկանց մի ստվար զանգված ժամանակի ընթացքում հնարավոր է՝ հավատարիմ չմնա Աստծուն (Մատթ. 13։47-50; 2 Տիմոթ. 2։20, 21)։

      ՔՈ ԴԵՐԸ ՄԱՔՈՒՐ ԵՐԿՐՊԱԳՈՒԹՅԱՆ ՄԵՋ

      1. Գետի մասին Եզեկիելի տեսիլքն ինչպե՞ս իրականացավ հին ժամանակներում։

      2. Եզեկիելի տեսիլքն ինչպե՞ս է իրականանում այսօր։

      3. Եզեկիելի տեսիլքն ինչպե՞ս է ավելի մեծ մասշտաբով իրականանալու Քրիստոսի հազարամյա իշխանության ընթացքում։

  • «Երկիրը բաշխեք որպես ժառանգություն»
    Եհովային մատուցվող մաքուր երկրպագությունը՝ վերջապես վերականգնված
    • Գետը հոսում է դեպի ծովը, որի շուրջը այն երկիրն է, որը պետք է բաշխվի

      ԳԼՈՒԽ 20

      «Երկիրը բաշխեք որպես ժառանգություն»

      ԵԶԵԿԻԵԼ 45։1

      ԳԼԽԱՎՈՐ ՄԻՏՔԸ. երկրի բաշխման նշանակությունը

      1, 2. ա) Եհովան ի՞նչ կարգադրեց Եզեկիելին։ բ) Ի՞նչ հարցեր ենք քննելու։

      ԵԶԵԿԻԵԼԸ քիչ առաջ տեսել է մի տեսիլք, որը, ըստ ամենայնի, նրան մտովի տեղափոխել է Մովսեսի և Հեսուի ժամանակներ ու հիշեցրել մոտ 900 տարի առաջ տեղի ունեցած դեպքերը։ Եհովան Մովսեսին հայտնել էր, թե որտեղով են անցնելու Խոստացված երկրի սահմանները, իսկ ավելի ուշ Հեսուին ասել էր, թե այդ երկիրն ինչպես պետք է բաշխվի Իսրայելի ցեղերի միջև (Թվեր 34։1-15; Հեսու 13։7; 22։4, 9)։ Բայց այժմ՝ մ. թ. ա. 593-ին, Եհովան Եզեկիելին ու գերության մեջ եղող նրա հայրենակիցներին կարգադրում է Խոստացված երկիրը կրկին բաշխել Իսրայելի ցեղերի միջև (Եզեկ. 45։1; 47։14; 48։29)։

      2 Այս տեսիլքն ի՞նչ էր նշանակում Եզեկիելի և մյուսների համար։ Ինչո՞ւ է այն քաջալերում Աստծու ժողովրդին այսօր։ Արդյո՞ք ապագայում այն կատարվելու է ավելի մեծ մասշտաբով։

      Մեկ տեսիլք, չորս խոստում

      3, 4. ա) Եզեկիելի վերջին տեսիլքում ի՞նչ չորս խոստումներ են ամփոփված գերության մեջ գտնվող հրեաների համար։ բ) Այս գլխում ո՞ր խոստումն ենք քննելու։

      3 Եզեկիելի տեսած վերջին տեսիլքը արձանագրված է նրա գրած գրքի ինը գլուխներում (Եզեկ. 40։1-48։35)։ Դրանում ամփոփված չորս խոստումները գերեվարված իսրայելացիների սիրտը հույսով էին լցրել։ Ի՞նչ խոստումներ էին դրանք։ Առաջին՝ Աստծու տաճարում մաքուր երկրպագությունը վերականգնվելու էր։ Երկրորդ՝ գերությունից հայրենիք վերադարձածներին առաջնորդելու էին արդար քահանաներն ու հովիվները։ Երրորդ՝ բոլոր նրանք, ովքեր վերադառնալու էին Իսրայել, ստանալու էին իրենց ժառանգությունը։ Եվ չորրորդ՝ Եհովան նրանց հետ էր լինելու՝ նորից բնակվելով նրանց մեջ։

      4 Այս գրքի 13-րդ և 14-րդ գլուխներում խոսվում է այն մասին, թե ինչպես էին իրագործվելու առաջին երկու խոստումները, որոնք վերաբերում էին մաքուր երկրպագության վերականգնմանն ու արդար հովիվների առաջնորդությանը։ Այս գլխում մեր ուշադրությունը կկենտրոնացնենք երրորդ խոստման վրա, որը վերաբերում է երկիրը որպես ժառանգություն տալուն։ Իսկ հաջորդ գլխում կքննենք Եհովայի ներկայության մասին խոստումը (Եզեկ. 47։13-21; 48։1-7, 23-29)։

      «Այս երկիրը.... ձերը կլինի որպես ժառանգություն»

      5, 6. ա) Եզեկիելի տեսիլքում ո՞ր տարածքը պետք է բաժանվեր որպես ժառանգություն (տես առաջին նկարը)։ բ) Եհովան ի՞նչ նպատակով ցույց տվեց երկրի բաշխման վերաբերյալ տեսիլքը։

      5 Կարդա Եզեկիել 47։14։ Տեսիլքում Եհովան Եզեկիելի ուշադրությունը հրավիրեց երկրի մի հատվածի վրա, որը շուտով դառնալու էր «Եդեմի պարտեզի պես» (Եզեկ. 36։35)։ Այնուհետև Եհովան ասաց. «Սա է այն տարածքը, որը դուք որպես ժառանգություն կբաժանեք Իսրայելի 12 ցեղերի միջև» (Եզեկ. 47։13)։ Եհովան խոսում էր գերեվարված հրեաների հայրենի հողի մասին, ուր նրանք պետք է վերադառնային։ Հետո, ինչպես նշված է Եզեկիել 47։15-21 համարներում, Եհովան մանրամասն նկարագրեց, թե որտեղով էին անցնելու ողջ երկրի արտաքին սահմանները։

      6 Ի՞նչ նպատակով ցույց տրվեց երկրի բաշխման վերաբերյալ այս տեսիլքը։ Սահմանների հստակ նկարագրությունը Եզեկիելին և նրա հայրենակիցներին վստահեցրեց, որ իրենք անպայման կվերադառնան իրենց սիրելի երկիր։ Պատկերացրու, թե Եհովայի այդ վստահեցումը, որն այդքան մանրամասն էր ասվել ու պատկերավոր լեզվով, որքան ոգևորեց գերության մեջ եղող հրեաներին։ Աստծու ժողովուրդը իսկապե՞ս ստացավ այն երկիրը, որը հատկացվել էր նրա համար որպես ժառանգություն։ Իհա՛րկե։

      Գետը հոսում է դեպի ծովը, որի շուրջը այն երկիրն է, որը պետք է բաշխվի

      7. ա) Ի՞նչ իրադարձություններ տեղի ունեցան մ. թ. ա. 537 թ.-ին, և դրանք ի՞նչ են մեզ հիշեցնում։ բ) Ի՞նչ հարց ենք քննելու։

      7 Մ. թ. ա. 537 թ.-ին՝ Եզեկիելի՝ տեսիլքը տեսնելուց 56 տարի անց, հազարավոր գերիներ սկսեցին վերադառնալ Իսրայել և բնակվել այնտեղ։ Անցյալի այդ նշանակալից իրադարձությունները հիշեցնում են մեզ այն, ինչ տեղի է ունենում Աստծու ժողովրդի հետ մեր օրերում։ Ինչ-որ առումով Աստծու ժողովուրդը նույնպես երկիր է ժառանգել։ Ի՞նչ երկրի մասին է խոսքը։ Եհովան իր ծառաներին հնարավորություն է տվել մտնել հոգևոր երկիր և բնակվել դրանում։ Ուստի Խոստացված երկրի վերականգնման մասին արձանագրությունն ուսումնասիրելով՝ կարող ենք շատ բան իմանալ Աստծու ժողովրդի հոգևոր երկրի վերականգնման մասին։ Բայց մինչ այդ պատասխանենք հետևյալ հարցին. «Ինչո՞ւ ենք եզրակացրել, որ հոգևոր երկիրն իրոք գոյություն ունի այսօր»։

      8. ա) Եհովան բառացի Իսրայելի ազգն ի՞նչ ազգով փոխարինեց։ բ) Ի՞նչ է հոգևոր երկիրը, կամ՝ դրախտը։ գ) Ե՞րբ է այն ի հայտ եկել, և ովքե՞ր են բնակվում այնտեղ։

      8 Ավելի վաղ Եզեկիելին ցույց տված տեսիլքում Եհովան նշել էր, որ Իսրայելի վերականգնման վերաբերյալ մարգարեությունները ավելի մեծ կատարում էին ունենալու այն բանից հետո, երբ իր «ծառա Դավիթը»՝ Հիսուս Քրիստոսը, սկսեր իշխել որպես Թագավոր (Եզեկ. 37։24)։ Այդ իրադարձությունը տեղի ունեցավ մ. թ. 1914 թ.-ին։ Այդ ժամանակ Իսրայելի ազգը վաղուց արդեն դադարել էր ընտրյալ ժողովուրդ լինելուց, և նրա փոխարեն Աստված իր համար ժողովուրդ էր ընտրել ոգով օծված քրիստոնյաներից կազմված հոգևոր Իսրայելին (կարդա Մատթեոս 21։43; 1 Պետրոս 2։9) Սակայն Եհովան ոչ միայն բառացի Իսրայելի ազգն էր փոխարինել հոգևոր ազգով, այլ նաև բառացի երկիրը՝ հոգևոր երկրով՝ դրախտով (Ես. 66։8)։ Ինչպես իմացանք այս հրատարակության 17-րդ գլխից, հոգևոր երկիրը ապահով հոգևոր միջավայր է, որտեղ երկրի վրա եղող օծյալ քրիստոնյաները, մ. թ. 1919-ից սկսած, հոգևոր գործունեություն են ծավալում՝ երկրպագելով Եհովային (տես 9Բ շրջանակը, «Ինչո՞ւ հենց 1919»)։ Ժամանակի ընթացքում երկրի վրա ապրելու հույս ունեցողները՝ «ուրիշ ոչխարները», նույնպես սկսեցին բնակվել այս հոգևոր երկրում (Հովհ. 10։16)։ Թեև մեր հոգևոր դրախտն այսօր շարունակում է ընդլայնվել, դրա հետ կապված օրհնությունները մենք լիարժեքորեն կվայելենք Արմագեդոնից հետո միայն։

      Երկրի հավասարաչափ բաշխումը

      9. Եհովան ի՞նչ հրահանգ տվեց երկրի բաշխման վերաբերյալ։

      9 Կարդա Եզեկիել 48։1, 28։ Երկրի արտաքին սահմանները նկարագրելուց հետո Եհովան մանրամասն բացատրեց, թե ինչպես է այն հարկավոր բաշխել։ Նա ասաց, որ ցեղերի ողջ ժառանգությունը պետք է հյուսիսից հարավ հավասարապես բաժանվի 12 ցեղերի միջև՝ սկսած Դանի ցեղի տարածքից մինչև Գադի ցեղի տարածքը։ Յուրաքանչյուր տարածք երկրի արևելյան արտաքին սահմանից ուղիղ հորիզոնական գծով ձգվում էր դեպի Մեծ ծով՝ Միջերկրական ծով, որը արևմտյան սահմանն էր (Եզեկ. 47։20)։

      10. Եզեկիելի տեսիլքը թերևս ի՞նչ էր վստահեցնում գերեվարված հրեաներին։

      10 Այդ տեսիլքը թերևս ի՞նչ էր վստահեցնում գերեվարված հրեաներին։ Եզեկիելի հայտնած մանրամասն նկարագրությունը պետք է որ վստահեցներ նրանց, որ երկրի բաշխումը լավ կազմակերպված է լինելու։ Ավելին՝ տեսիլքն ընդգծում էր այն միտքը, որ յուրաքանչյուր հայրենադարձ հրեա անպայման ստանալու է իր ժառանգությունը։ Ոչ ոք անտուն չի մնալու։

      Մի մարդ, որն ասես պղնձից լինի, Եզեկիելին ցույց է տալիս այն երկիրը, որը պետք է տրվի որպես ժառանգություն

      ՇՐՋԱՆԱԿ 20Ա. «Երկրի բաշխումը»

      11. Ի՞նչ դասեր ենք սովորում՝ երկրի բաշխման վերաբերյալ տեսիլքն ուսումնասիրելով (տես «Երկրի բաշխումը» շրջանակը)։

      11 Ինչպե՞ս է այս տեսիլքը զորացնում մեզ այսօր։ Երբ հրեաները գերությունից վերադարձան Խոստացված երկիր, ոչ միայն քահանաները, ղևտացիներն ու իշխանները տեղ ունեցան, այլև յուրաքանչյուր իսրայելացի (Եզեկ. 45։4, 5, 7, 8)։ Նմանապես՝ այսօր հոգևոր դրախտում տեղ կա ոչ միայն օծյալ քրիստոնյաների, ինչպես նաև առաջնորդող այն եղբայրների համար, ովքեր «մեծ բազմության» մաս են կազմում, այլև «մեծ բազմության» մյուս բոլոր անդամների համարa (Հայտն. 7։9)։ Որքան էլ որ մեր ներդրումը համեստ լինի կազմակերպության գործում, մենք մեր ուրույն տեղն ունենք հոգևոր երկրում, և մեր արած ցանկացած բան արժեքավոր է։ Ի՜նչ սրտապնդող հավաստիացում։

      Համակցված նկարներ. Աստծու ժողովուրդն այսօր։ 1. Մի քույր իր տարեց մորն օգնում է դեղորայքից գլուխ հանել։ 2. Մի միսիոներ ավելի երիտասարդ քարոզչին օգնում է հմտություններ զարգացնել ծառայության մեջ։ Նրանք քարոզում են լողափում։ 3. Միայնակ մայրը Աստվածաշնչի ուսումնասիրություն է անցկացնում իր երկու երեխաների հետ։ 4. Գերիտ Լյոշը Բեթելի ընտանիքի համար առավոտյան երկրպագության ծրագիրն է անցկացնում։ 5. Տարեց քույրը աղոթում է։ Նրա ծնկներին Աստվածաշունչն է և բանտում գտնվող եղբայրների անունների ցանկը։ 6. Եղբայրը Թագավորության սրահում մաքրում է զուգարանը։ 7. Եղբայրը համաժողովների սրահում՝ ավտոկայանատեղիում, ծառայում է որպես սպասարկու։ 8. Հեռակա թարգմանչական գրասենյակում եղբայրները ծառայում են ձայնագրման ստուդիայում

      Անկախ նրանից, թե կազմակերպության մեջ ինչ գործ ենք անում, Եհովան գնահատում է մեր ջանքերը (տես պարբերություն 11)

      Երկու կարևոր տարբերություն

      12, 13. Եհովան ի՞նչ հրահանգ տվեց երկիրը ցեղերի միջև բաշխելու վերաբերյալ։

      12 Երկիրը բաշխելու վերաբերյալ Եհովայի տված որոշ հրահանգներ գուցե զարմացրել են Եզեկիելին, քանի որ դրանք տարբերվում էին Մովսեսին տրված հրահանգներից։ Ուշադրություն դարձնենք դրանցից երկուսին։ Մեկն առնչվում էր երկրին, մյուսը՝ դրա բնակիչներին։

      13 Երկիրը։ Եհովան Մովսեսին պատվիրել էր բազմամարդ ցեղերին ավելի մեծ հողատարածք հատկացնել, քան սակավամարդ ցեղերին (Թվեր 26։52-54)։ Մինչդեռ Եզեկիելի տեսիլքում Եհովան հստակ հրահանգ տվեց, որ բոլոր ցեղերին «հավասար չափով» տարածք հատկացվի (Եզեկ. 47։14)։ 12 ցեղերից յուրաքանչյուրի տարածքի երկարությունը հյուսիսային սահմանից մինչև հարավային սահման նույնը պետք է լիներ։ Այդպիսով բոլոր իսրայելացիները, անկախ նրանից, թե որ ցեղից էին, հավասարապես կկարողանային օգտվել Խոստացված երկրի բերրի և լավ ոռոգվող հողի առատ բարիքներից։

      14. Ինչպե՞ս էր պանդուխտի վերաբերյալ Եզեկիելին տրված հրահանգը տարբերվում Մովսիսական օրենքում տրված հրահանգից։

      14 Բնակիչները։ Մովսիսական օրենքը պաշտպանում էր պանդուխտներին և նրանց թույլ տալիս պաշտել Եհովային, սակայն նրանք չէին կարող բաժին ունենալ հողատարածքից (Ղևտ. 19։33, 34)։ Բայց այն, ինչ Եհովան ասաց Եզեկիելին, շատ էր տարբերվում Օրենքում Նրա տված այդ հրահանգից։ Եհովան պատվիրեց. «Որ ցեղի տարածքում որ պանդուխտը բնակություն է հաստատել, այնտեղ էլ նրան ժառանգություն տվեք»։ Այս հրահանգով Եհովան վերջ դրեց այն ահռելի տարբերությանը, որը կար «բնիկ իսրայելացու» և պանդուխտի միջև (Եզեկ. 47։22, 23)։ Եզեկիելի տեսած երկրի բնակիչների միջև հավասարություն էր տիրում, և նրանք միասնականորեն երկրպագում էին Եհովային (Ղևտ. 25։23)։

      15. Երկրի և դրա բնակիչների վերաբերյալ տրված հրահանգները Եհովայի մասին ո՞ր ճշմարտությունն էին հաստատում։

      15 Երկրի և դրա բնակիչների վերաբերյալ այս երկու առանձնահատուկ հրահանգները պետք է որ շատ ոգևորած լինեին գերիներին։ Նրանք գիտեին, որ Եհովան իրենցից յուրաքանչյուրին հավասար տեղ էր տալու այդ երկրում՝ անկախ նրանից՝ իրենք բնիկ իսրայելացի էին, թե Եհովայի հանդեպ հավատ դրսևորած օտարազգի (Եզր. 8։20; Նեեմ. 3։26; 7։6, 25; Ես. 56։3, 8)։ Այս հրահանգները նաև հաստատում էին հետևյալ քաջալերական ճշմարտությունը՝ Եհովայի համար իր բոլոր ծառաները հավասար են (կարդա Անգե 2։7)։ Այսօր այդ ճշմարտությունը թև է տալիս նաև մեզ՝ անկախ նրանից, թե ինչ հույս ունենք՝ երկրի վրա ապրելու, թե երկնքում։

      16, 17. ա) Երկրի և դրա բնակիչների մասին մանրամասնություններն ուսումնասիրելը ինչո՞վ է օգտակար մեզ համար։ բ) Ի՞նչ ենք քննելու հաջորդ գլխում։

      16 Այս մանրամասնություններն ուսումնասիրելը ինչո՞վ է օգտակար մեզ համար։ Սա լավ հիշեցում է, որ հավասարությունն ու միասնականությունը մեր համաշխարհային եղբայրության՝ աչքի ընկնող առանձնահատկություններից պետք է լինեն։ Եհովան կողմնակալ չէ։ Լավ կլինի՝ մտածենք. «Արտացոլո՞ւմ եմ Եհովայի անկողմնակալությունը։ Յուրաքանչյուր հավատակցիս վերաբերվո՞ւմ եմ ջերմությամբ ու հարգանքով՝ անկախ նրանից, թե ինչ ազգություն ունի և թե ինչ հանգամանքներում է գտնվում» (Հռոմ. 12։10)։ Ուրախ ենք, որ Եհովան մեզանից յուրաքանչյուրին հնարավորություն է տվել հավասարապես օգտվելու հոգևոր դրախտի բարիքներից, որտեղ սրտանց երկրպագում ենք մեր երկնային Հորը և վայելում նրա տված օրհնությունները (Գաղ. 3։26-29; Հայտն. 7։9)։

      Տարբեր ռասաների և տարիքի քույրեր ընտանեկան երկրպագություն են անում մի հաշմանդամ քրոջ տանը

      Արտացոլո՞ւմ ենք Եհովայի անկողմնակալությունն ու հարգալից վերաբերմունքը (տես պարբերություններ 15, 16)

      17 Այժմ խոսենք Եզեկիելի վերջին տեսիլքում ամփոփված չորրորդ խոստման մասին, այն է՝ Եհովան գերիների հետ էր լինելու։ Ի՞նչ կարող ենք սովորել՝ քննելով այդ խոստումը։ Հաջորդ գլուխը պատասխանում է այս հարցին։

      a Այն մասին, թե Եհովան ինչ առանձնահատուկ դեր և նշանակում է հոգևոր երկրում տվել քահանաներին ու իշխանին, քննվում է այս հրատարակության 14-րդ գլխում։

      ՔՈ ԴԵՐԸ ՄԱՔՈՒՐ ԵՐԿՐՊԱԳՈՒԹՅԱՆ ՄԵՋ

      1. Ինչո՞ւ ես հավատում, որ այսօր հոգևոր դրախտ գոյություն ունի։

      2. Ի՞նչն է քեզ վստահեցնում, որ քո ուրույն տեղն ունես հոգևոր դրախտում։

      3. Երկիրը բաշխելու վերաբերյալ մարգարեությունն ուսումնասիրելով՝ ի՞նչ ես սովորում Եհովայի մասին։

  • «Քաղաքը կկոչվի «Եհովան այնտեղ է»»
    Եհովային մատուցվող մաքուր երկրպագությունը՝ վերջապես վերականգնված
    • «Եհովան այնտեղ է» անունով քաղաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից

      ԳԼՈՒԽ 21

      «Քաղաքը կկոչվի «Եհովան այնտեղ է»»

      ԵԶԵԿԻԵԼ 48։35

      ԳԼԽԱՎՈՐ ՄԻՏՔԸ. քաղաքի և «նվիրաբերության» նշանակությունը

      1, 2. ա) Եզեկիելն ի՞նչ առանձնահատուկ տարածք է տեսնում (տես գրքի շապիկի նկարը)։ բ) Տեսիլքն ի՞նչ խոստում էր պարունակում հրեա գերիների համար։

      ԻՐ ՎԵՐՋԻՆ տեսիլքից Եզեկիելն իմանում է, որ երկրի մի հատված հատուկ նպատակով պետք է առանձնացվի։ Այդ տարածքը որպես ժառանգություն չի տրվելու Իսրայելի ցեղերից որևէ մեկին, այլ նվիրաբերվելու է Եհովային։ Մարգարեն նաև իմանում է մի առանձնահատուկ քաղաքի մասին, որը յուրօրինակ անուն ունի։ Տեսիլքի այս հատվածը հրեա գերիների համար շատ կարևոր խոստում է պարունակում. Եհովան նրանց հետ կլինի, երբ նրանք վերադառնան իրենց սիրելի հայրենիք։

      2 Եզեկիելը մանրամասնորեն նկարագրում է «նվիրաբերությունը»։ Այժմ քննենք այդ արձանագրությունը, քանի որ այն կարևոր նշանակություն ունի մեզ՝ Եհովային երկրպագողներիս համար։

      «Նվիրաբերված ողջ տարածքը» և «Եհովան այնտեղ է» անունով քաղաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից։ Եզեկիելի տեսիլքի տաճարը, որը գտնվում է բարձր լեռան գագաթին, շողում է Եհովայի փառքով, և սարով գետ է հոսում ցած

      «Սուրբ նվիրաբերությունը» և «քաղաքը»

      Եհովայի առանձնացրած «նվիրաբերված տարածքի» քարտեզը։ Շրջանակի մեջ «նվիրաբերված ողջ տարածքն» է

      ՇՐՋԱՆԱԿ 21Ա. «Այն տարածքը, որը դուք պետք է առանձնացնեք որպես նվիրաբերություն»

      3. Ի՞նչ հինգ մասերից էր բաղկացած այն տարածքը, որը Եհովան կարգադրել էր առանձնացնել, և ի՞նչ նպատակի էին դրանք ծառայում (տես «Այն տարածքը, որը դուք պետք է առանձնացնեք որպես նվիրաբերություն» շրջանակը)։

      3 Այդ տարածքում առանձնացված հատուկ հողատարածքի երկարությունը հյուսիսից հարավ 25 000 կանգուն էր (13 կմ), արևելքից արևմուտք՝ նույնպես 25 000 կանգուն։ Այդ քառակուսի հողակտորը կոչվում էր «նվիրաբերված ողջ տարածք»։ Այն բաժանված էր երեք հորիզոնական հատվածների։ Վերին հատվածը նախատեսված էր ղևտացիների համար, մյուս՝ մեջտեղի հատվածը, առանձնացված էր տաճարի ու քահանաների համար։ Այդ երկու հատվածները կազմում էին «սուրբ նվիրաբերություն» կոչվող տարածքը։ Իսկ ստորին՝ ամենափոքր հատվածը, կամ՝ «մնացած հողատարածքը», «սովորական տարածք» էր։ Քաղաքը այդ տարածքում էր գտնվում (Եզեկ. 48։15, 20)։

      4. Ի՞նչ ենք սովորում Եհովայի համար որպես նվիրաբերություն առանձնացված տարածքի մասին արձանագրությունից։

      4 Եհովայի համար որպես նվիրաբերություն առանձնացված տարածքի մասին արձանագրությունն ուսումնասիրելով՝ ի՞նչ ենք սովորում։ Տարածք հատկացնելով նախ՝ հատուկ նվիրաբերության, ապա՝ ցեղերի համար՝ Եհովան ցույց տվեց, որ Խոստացված երկրի հոգևոր կենտրոնը ժողովրդի համար պետք է առաջնային կարևորություն ունենա (Եզեկ. 45։1)։ Անկասկած, գերիները սովորեցին, որ Եհովային երկրպագելը պետք է ամենակարևորը լինի իրենց կյանքում։ Այսօր նույնպես մեր կյանքը այնպիսի հոգևոր գործերի շուրջ է պտտվում, ինչպիսիք են Աստծու Խոսքն ուսումնասիրելը, ժողովի հանդիպումներին հաճախելը և քարոզչական գործին մասնակցելը։ Մենք ընդօրինակած կլինենք Եհովային, եթե ճիշտ առաջնահերթություններ դնենք, ու այդ ժամանակ մեր կյանքում նրան երկրպագելը առաջնային կլինի։

      «Քաղաքը դրա մեջտեղում կլինի»

      5, 6. ա) Ո՞ւմ էր պատկանում քաղաքը։ բ) Ի՞նչ չէր Եզեկիելի տեսած քաղաքը, և ինչո՞ւ ենք այդպես ասում։

      5 Կարդա Եզեկիել 48։15։ Ո՞ւմ էին պատկանում քաղաքը և դրա շրջակա տարածքը (Եզեկ. 48։16-18)։ Տեսիլքում Եհովան Եզեկիելին ասաց, որ քաղաքին որպես սեփականություն հատկացված տարածքը «կպատկանի ողջ Իսրայելին» (Եզեկ. 45։6, 7)։ Այսպիսով՝ քաղաքն իր շրջակա տարածքով Եհովայի համար առանձնացված «սուրբ նվիրաբերության» մաս չէր կազմում (Եզեկ. 48։9)։ Այս ամենն ի մտի ունենալով՝ քննենք, թե քաղաքի մի շարք առանձնահատկություններ ինչով են ուսանելի մեզ համար։

      6 Նախ տեսնենք, թե ինչ չէր այս քաղաքը։ Այն վերակառուցված Երուսաղեմը չէր։ Ինչո՞ւ։ Քանի որ Եզեկիելի տեսիլքի քաղաքում տաճար չկար, մինչդեռ Երուսաղեմում՝ կար։ Եզեկիելի տեսած քաղաքը Իսրայելի որևէ այլ քաղաք էլ չէր։ Ինչո՞ւ։ Քանի որ գերությունից վերադարձած հրեաները կամ նրանց սերունդները նման քաղաք երբևէ չեն կառուցել։ Բացի այդ՝ Եզեկիելի տեսած քաղաքը երկնային քաղաք չէր։ Այդպես ենք ասում, քանի որ այն կառուցված էր մի հողատարածքի վրա, որը համարվում էր «սովորական [ոչ սուրբ] տարածք», և սուրբ երկրպագության համար նախատեսված տարածքի վրա գտնվող կառույցներից զատված էր (Եզեկ. 42։20)։

      7. Ի՞նչ քաղաք տեսավ Եզեկիելը, և ի՞նչ էր այն ներկայացնում (տես առաջին նկարը)։

      7 Այդ դեպքում ի՞նչ է ներկայացնում Եզեկիելի տեսած քաղաքը։ Հիշենք, որ մարգարեն քաղաքը տեսավ նույն տեսիլքում, ինչ երկիրը (Եզեկ. 40։2; 45։1, 6)։ Սուրբ Գիրքն օգնում է հասկանալ, որ խոսքը փոխաբերական երկրի մասին է, ուստի քաղաքը նույնպես պետք է փոխաբերական լինի։ Իսկ առհասարակ ի՞նչ է քաղաքը։ Քաղաքը մի տեղանք է, որտեղ կազմակերպված ձևով բնակվում են մի խումբ մարդիկ։ Ուստի Եզեկիելի տեսած քաղաքը, որը տեղակայված էր քառակուսի հողատարածքի վրա, ակներևաբար ներկայացնում է լավ կազմակերպված վարչական համակարգ։

      «Եհովան այնտեղ է» անունով քաղաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից

      8. Ինչի՞ վրա է իշխում Եզեկիելի տեսած քաղաքը, և ինչո՞ւ ենք այդպես ասում։

      8 Ինչի՞ վրա է իշխում այս քաղաքը։ Ինչպես արդեն իմացանք, այն գտնվում է փոխաբերական՝ հոգևոր երկրում։ Տրամաբանական է եզրակացնել, որ դրա ազդեցությունը տարածվում է հոգևոր դրախտի վրա, որտեղ Աստծու ժողովուրդը գործունեություն է ծավալում։ Իսկ ի՞նչ է նշանակում այն, որ քաղաքը գտնվում է սովորական, կամ՝ ոչ սուրբ հողատարածքի վրա։ Դա նշանակում է, որ խոսքը ոչ թե երկնային կառավարության մասին է, այլ երկրային, որը գործում է հոգևոր դրախտում բնակվող մարդկանց բարօրության համար։

      9. ա) Ո՞վ է այսօր առաջնորդում Աստծու ժողովրդին երկրի վրա։ բ) Հիսուսն ի՞նչ է անելու Հազարամյակի ընթացքում։

      9 Ո՞վ է առաջնորդում Աստծու ժողովրդին երկրի վրա։ Եզեկիելի տեսիլքում քաղաքի առաջնորդը «իշխանն» էր (Եզեկ. 45։7)։ Նա առաջնորդում էր մարդկանց, թեև ո՛չ քահանա էր, ո՛չ էլ ղևտացի։ Իշխանի մասին արձանագրությունը մեզ հիշեցնում է հատկապես ժողովում առաջնորդող այն վերակացուների մասին, որոնք օծված չեն ոգով։ Երկրի վրա գտնվող այս հոգատար հովիվները, որոնք «ուրիշ ոչխարների» խմբին են պատկանում, խոնարհաբար ծառայում են Հիսուսի երկնային կառավարության ներքո (Հովհ. 10։16)։ Գալիք Հազարամյակի ընթացքում Հիսուսը համապատասխան որակներ ունեցող երեցներին «ողջ երկրում.... իշխաններ» է նշանակելու (Սաղ. 45։16)։ Երկնային թագավորության իշխանության ներքո նրանք Հազարամյակի ընթացքում հոգ կտանեն Աստծու ժողովրդի համար։

      «Եհովան այնտեղ է»

      10. Ինչպե՞ս է կոչվում քաղաքը, և ի՞նչ հավաստիացում է դա տալիս։

      10 Կարդա Եզեկիել 48։35։ Քաղաքը կոչվում է «Եհովան այնտեղ է»։ Այս անունը վկայում է Եհովայի ներկայության մասին։ Եզեկիելին ցույց տալով այդ քաղաքը, որը գտնվում էր Խոստացված երկրի կենտրոնում՝ Եհովան, ըստ էության, ասաց գերիներին. «Ես կրկին ձեզ հետ կլինեմ»։ Ի՜նչ սրտապնդող հավաստիացում։

      11. Ի՞նչ ենք սովորում՝ խորհելով քաղաքի մասին տեսիլքի և դրա անվան շուրջ։

      11 Ի՞նչ ենք սովորում՝ Եզեկիելի տեսիլքի այս հատվածի շուրջ խորհրդածելով։ Քաղաքի անվանումը հավաստիացնում է մեզ, որ Եհովան այսօր բնակվում է իրեն հավատարիմ մարդկանց հետ և միշտ նրանց հետ կլինի։ Այդ խորիմաստ անվանումը նաև ընդգծում է հետևյալ կարևոր ճշմարտությունը՝ քաղաքը գոյություն ունի ոչ թե այն բանի համար, որ որոշ մարդիկ իշխանություն գործադրեն մյուսների վրա, այլ որ գործի դրվեն Եհովայի սիրառատ և ողջամիտ օրենքները։ Օրինակ՝ Եհովան թույլ չտվեց, որ քաղաքի վարչակազմը ըստ իր հայեցողության բաշխի երկիրը։ Հակառակը՝ Եհովան ակնկալում էր, որ այդ վարչական մարմինը երկիրը բաշխելիս հարգի իր ծառաներից յուրաքանչյուրի, անգամ «խեղճի» իրավունքները (Առակ. 19։17; Եզեկ. 46։18; 48։29)։

      12. ա) Ի՞նչ առանձնահատկություն ունի «Եհովան այնտեղ է» կոչվող քաղաքը, և ինչի՞ մասին է դա վկայում։ բ) Տեսիլքի այս հատվածը ի՞նչ կարևոր բան է հիշեցնում երեցներին։

      12 Է՞լ ինչ առանձնահատկություն ունի «Եհովան այնտեղ է» կոչվող քաղաքը։ Հնագույն քաղաքների պարիսպների մեջ պաշտպանության համար հնարավորինս քիչ դարպասներ էին կառուցում, մինչդեռ այս քաղաքը 12 դարպաս ուներ (Եզեկ. 48։30-34)։ Այդքան շատ դարպասները (երեքական դարպաս՝ ամեն կողմից) խորհրդանշում են այն, որ կառավարությունը մատչելի է ու հասանելի Աստծու ծառաներից յուրաքանչյուրի համար։ Բացի այդ՝ քաղաքում 12 դարպասների առկայությունը ցույց է տալիս, որ այն բաց է բոլորի՝ «ողջ Իսրայելի» համար (Եզեկ. 45։6)։ Սա կարևոր բան է հիշեցնում երեցներին. Եհովան ուզում է, որ նրանք լինեն մատչելի և հոգևոր դրախտում բնակվողներին օգնելու պատրաստ։

      Երեցը Թագավորության սրահում զրուցում է երեխաների հետ և նայում նրանց նկարած նկարները

      Երեցները մատչելի են և օգնելու պատրաստ (տես պարբերություն 12)

      Աստծու ծառաները գալիս են «երկրպագության համար» և «աշխատում են քաղաքի համար»

      13. Եհովան ի՞նչ ծառայությունների մասին նշեց, որ մարդիկ պետք է անեին։

      13 Վերադառնանք Եզեկիելի ժամանակներ և տեսնենք, թե երկրի բաշխման մասին ընդգրկուն տեսիլքի վերաբերյալ նա է՛լ ինչ մանրամասներ է արձանագրել։ Եհովան խոսում է տարբեր ծառայություններ կատարող մարդկանց մասին։ Քահանաները՝ «սրբարանի ծառայողները», պետք է զոհեր մատուցեին և «մոտենային Եհովային, որ ծառայեին նրան»։ Իսկ ղևտացիները՝ «տաճարի ծառայողները», պետք է «կատարեին [դրան] առնչվող պարտականություններն ու ծառայությունները և բոլոր անհրաժեշտ գործերը» (Եզեկ. 44։14-16; 45։4, 5)։ Կային նաև մարդիկ, ովքեր աշխատում էին քաղաքի շրջակայքում։ Ովքե՞ր էին նրանք։

      14. Ի՞նչ է հիշեցնում մեզ քաղաքի շրջակայքում աշխատող մարդկանց մասին արձանագրությունը։

      14 Քաղաքի շրջակայքում աշխատող մարդիկ «Իսրայելի բոլոր ցեղերից» էին։ Նրանք բերք էին աճեցնում, որը «կերակուր էր քաղաքի աշխատողների համար», և այդպես աջակցում էին նրանց (Եզեկ. 48։18, 19)։ Սա հիշեցնում է մեզ այն հնարավորության մասին, որն ունենք այսօր։ Հոգևոր դրախտի բոլոր բնակիչները առիթ ունեն աջակցելու Քրիստոսի օծյալ եղբայրներին ու Եհովայի նշանակած առաջնորդող եղբայրներին, որոնք «մեծ բազմության» անդամ են (Հայտն. 7։9, 10)։ Դա անելու հիմնական միջոցներից մեկը հավատարիմ ծառայի առաջնորդությանը հոժարակամորեն հետևելն է։

      15, 16. ա) Ուրիշ ի՞նչ մանրամասնություններ կան Եզեկիելի տեսիլքում։ բ) Ի՞նչ գործերի մասնակցելու հնարավորություն ունենք։

      15 Քննենք Եզեկիելի տեսիլքի ևս մեկ մանրամասնություն, որից օգտակար դասեր կքաղենք մեր ծառայության վերաբերյալ։ Եհովան ասաց, որ 12 ցեղերի ներկայացուցիչները (որոնց թվում չէր Ղևիի ցեղը) գործունեություն էին ծավալելու տաճարի գավիթում և քաղաքի արոտավայրում։ Ի՞նչ էին նրանք անելու այս երկու վայրերում։ Բոլոր ցեղերից մարդիկ տաճարի գավիթ էին գալու, որպեսզի երկրպագեին Եհովային՝ նրան զոհեր մատուցելով (Եզեկ. 46։9, 24)։ Իսկ քաղաքի արոտավայրեր նրանք գալու էին, որպեսզի մշակեին հողը և այդպիսով աջակցեին քաղաքին։ Ի՞նչ ենք սովորում այս աշխատողների օրինակից։

      16 Այսօր «մեծ բազմության» անդամները նմանատիպ գործի մասնակցելու հնարավորություն ունեն։ Նրանք երկրպագում են Եհովային «նրա տաճարում»՝ գովաբանության զոհեր մատուցելով (Հայտն. 7։9-15)։ Նրանք դա անում են՝ մասնակցելով քարոզչական գործին և արտահայտելով իրենց հավատը հանդիպումների ժամանակ։ Երկրպագության այս ձևը նրանք իրենց կյանքում առաջնային են համարում (1 Տար. 16։29)։ Բացի այդ՝ Աստծու ծառաներից շատերը տարբեր կերպերով աջակցում են նրա կազմակերպությանը։ Օրինակ՝ նրանք մասնակցում են Թագավորության սրահների և մասնաճյուղի այլ շինությունների կառուցման և սպասարկման գործին, ինչպես նաև ուրիշ նախագծերի։ Ոմանք ֆինանսապես են աջակցում այս նախագծերին։ Նրանք բոլորը ասես մշակում են հողը և այդ կերպ «Աստծուն փառք բերում» (1 Կորնթ. 10։31)։ Նրանք եռանդորեն և ուրախությամբ են մասնակցում այդ գործին, քանի որ գիտեն՝ «Աստծուն հաճելի են այսպիսի զոհերը» (Եբր. 13։16)։ Լիարժեքորե՞ն ես օգտվում այս հնարավորություններից։

      Մարդիկ «Եհովան այնտեղ է» կոչվող քաղաքի դարպասի մոտակայքում տարբեր գործեր են անում. հացահատիկ են տանում և մանր ու խոշոր եղջերավոր անասուններ են արածեցնում

      Ի՞նչ ենք սովորում՝ Եզեկիելի տեսիլքի քաղաքում և դրա շրջակայքում արվող գործերի մասին խորհելով (տես պարբերություններ 14-16)

      «Մենք նոր երկնքի ու նոր երկրի ենք սպասում»

      17. ա) Եզեկիելի տեսիլքը ինչպե՞ս է ավելի մեծ մասշտաբով կատարվելու ապագայում։ բ) Հազարամյակի ընթացքում ովքե՞ր են օգուտներ քաղելու քաղաքով ներկայացված վարչական համակարգի գործունեությունից։

      17 Եզեկիելի այս տեսիլքը ավելի մեծ մասշտաբով կկատարվի՞ ապագայում։ Այո՛։ Ուշադրություն դարձնենք, որ տեսիլքում «սուրբ նվիրաբերություն» կոչվող հողատարածքը երկրի կենտրոնում էր գտնվում (Եզեկ. 48։10)։ Նմանապես՝ Արմագեդոնից հետո, անկախ նրանից, թե որտեղ կապրենք, Եհովան մեզ հետ է բնակվելու (Հայտն. 21։3)։ Պատասխանատու դիրք ունեցող տղամարդիկ, որոնց խորհրդանշում է քաղաքով ներկայացված վարչական համակարգը, Հազարամյակի ընթացքում կառաջնորդեն ողջ երկրի վրա ապրող նոր հասարակությանը՝ «նոր երկրին». նրանք ջերմորեն հոգ կտանեն Եհովայի ժողովրդի համար (2 Պետ. 3։13)։

      18. ա) Ինչո՞ւ կարող ենք համոզված լինել որ ապագայում երկրի վրա գործող իշխանությունը Աստծու ղեկավարման կարգին ներդաշնակ կգործի։ բ) Ինչո՞ւմ է վստահեցնում քաղաքի անունը։

      18 Ինչո՞ւ կարող ենք համոզված լինել, որ նրանք Աստծու ղեկավարման կարգին ներդաշնակ կգործեն։ Աստծու Խոսքից պարզ է դառնում, որ տեսիլքի՝ 12 դարպաս ունեցող քաղաքը նման է 12 դարպաս ունեցող երկնային քաղաքին՝ Նոր Երուսաղեմին, որը կազմված է Հիսուսի 144 000 իշխանակիցներից (Հայտն. 21։2, 12, 21-27)։ Այդ նմանությունը մատնանշում է այն, որ երկրի վրա գործող իշխանությունը արտացոլելու է երկնքում Աստծու թագավորության կայացրած որոշումները և ճշգրտորեն գործի է դնելու դրանք։ Այո՛, քաղաքի անունը՝ «Եհովան այնտեղ է», մեզ վստահեցնում է, որ դրախտում մաքուր երկրպագությունը կփթթի հավիտյան։ Ի՜նչ հրաշալի ապագա է մեզ սպասում։

      ՔՈ ԴԵՐԸ ՄԱՔՈՒՐ ԵՐԿՐՊԱԳՈՒԹՅԱՆ ՄԵՋ

      1. Եհովային նվիրաբերված տարածքի մասին արձանագրությունն ուսումնասիրելը ինչպե՞ս է օգնում քեզ ճիշտ առաջնահերթություններ դնել կյանքում։

      2. Ինչպե՞ս կարող ես աջակցել հավատարիմ ծառային։

      3. Ի՞նչը պետք է քո կյանքում առաջնային համարես։

Հայերեն հրատարակություններ (1997–2026)
Ելք
Մուտքագրվել
  • Հայերեն
  • ուղարկել հղումը
  • Կարգավորումներ
  • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Գաղտնիության կարգավորումներ
  • JW.ORG
  • Մուտքագրվել
Ուղարկել հղումը