Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • be էջ 4–էջ 8 պարբ. 1
  • Բարի գալուստ Աստվածապետական ծառայության դպրոց

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Բարի գալուստ Աստվածապետական ծառայության դպրոց
  • Օգուտներ քաղիր Աստվածապետական ծառայության դպրոցից
  • Ենթավերնագրեր
  • Ինչպե՞ս լիարժեք օգուտներ քաղել
Օգուտներ քաղիր Աստվածապետական ծառայության դպրոցից
be էջ 4–էջ 8 պարբ. 1
նկար 5–րդ էջի վրա

Բարի գալուստ Աստվածապետական ծառայության դպրոց

ԱՇԽԱՐՀԻ 200–ից ավելի երկրներում ամեն շաբաթ միլիոնավոր անհատներ են օգուտներ քաղում Աստվածապետական ծառայության դպրոցից։ Նրանց մի մասը նորեկներ են։ Մյուսներն արդեն երկար տարիներ է, ինչ հաճախում են այդ Դպրոցը։ Այն անցկացվում է տասնյակ հազարավոր վայրերում։ Որտեղ էլ որ բնակվելիս լինես, հնարավորություն ունես մասնակցելու միևնույն կրթական ծրագրին։ Աստվածապետական այս ուսուցումը կարող են ստանալ բոլորը՝ անվճար, անկախ տարիքից, էթնիկական ծագումից և ունեցած կրթությունից։

Դպրոցը Եհովայի վկաների ժողովներում բացվել է 1943 թ.–ին։ Վերջինիս նպատակը հետևյալն է եղել. «Պատրաստել բոլոր «հաւատարիմ մարդկանց», ովքեր լսել են Աստծո Խոսքը և ցույց տվել իրենց հավատը, որ «կարող լինեն ուրիշներին էլ ուսուցանել»՝.... օգնելով նրանց դառնալու.... ավելի պատրաստված՝ իրենց ունեցած հույսը հրապարակայնորեն ներկայացնելու մեջ» («Աստվածապետական ծառայության դասընթաց», էջ 4, անգլ.)։ Դպրոցի նպատակը մինչև օրս էլ անփոփոխ է մնացել։

Իսկ մարդ ինչպե՞ս կարող է լավագույն կերպով օգտագործել իր խոսելու ունակությունը, որն Աստծուց տրված պարգև է։ Աստվածաշունչը պատասխանում է. «Ամեն շունչ ունեցողը թող օրհնէ Տիրոջը» (Սաղ. 150։6)։ Այդպես վարվելով՝ մենք ուրախացնում ենք մեր երկնային Հորը։ Ապացուցում ենք, որ մեր սիրտը լի է գնահատանքով նրա ցուցաբերած բարության և սիրո համար։ Զարմանալի չէ, որ քրիստոնյաներին հորդոր է տրվում միշտ «Աստծուն օրհնութեան պատարագ մատուցանե[լ]. այսինքն նորա անունը դաւանող շրթունքների պտուղ» (Եբր. 13։15)։ Օգնելու նպատակով, որ քո աստվածաշնորհ պարգևը ավելի հմտորեն օգտագործես Եհովային փառաբանելու համար, հրավիրում ենք քեզ սովորելու Աստվածապետական ծառայության դպրոցում։

Թեև Դպրոցի ծրագրում մեծ նշանակություն է տրվում հանրության առջև ընթերցելու, խոսելու և ուսուցանելու արվեստին, սակայն նրա մատուցած կրթությունը չի սահմանափակվում միայն դրանցով։ Դպրոցում առաջադրանքներ ստանալը քեզ կօգնի հմտանալ շատ հարցերում։ Դրանք կարող են լինել՝ վարժ ընթերցանությունը, լսելն ու մտապահելը, ուսումնասիրություններ ու փնտրտուքներ կատարելը, նյութը վերլուծելն ու ելույթ կառուցելը, զրույց վարելը, հարցերին պատասխանելն ու մտքերը գրավոր շարադրելը։ Աստվածաշունչն ու դրա վրա հիմնված հրատարակություններն են կազմում այս Դպրոցում մատուցվող ուսուցման նյութերի, մեկնաբանությունների ու ցուցադրումների հիմքը։ Աստծո Խոսքի արժեքավոր ճշմարտություններին մտքումդ տեղ տալով՝ դու կսովորես խորհել Աստծո խորհուրդները։ Որքա՜ն օգուտներ դա քեզ կբերի կյանքի բոլոր ասպարեզներում։ Ընդգծելով Աստծո Խոսքի արժեքը՝ 20–րդ դարի համալսարանական դասախոս Ուիլյամ Լայըն Ֆելփսը գրել է. «Ցանկացած մարդու, ով Աստվածաշնչից խոր գիտելիքներ ունի, կարելի է համարել իսկապես կրթված անձնավորություն։ .... Ես համոզված եմ, որ Աստվածաշնչի գիտությունը, առանց բարձրագույն կրթության, ավելի մեծ արժեք ունի, քան բարձրագույն կրթությունը՝ առանց աստվածաշնչյան գիտելիքների»։

Ինչպե՞ս լիարժեք օգուտներ քաղել

նկար ամբողջ 4–րդ էջի վրա

Անշուշտ, Աստվածապետական ծառայության դպրոցից լիարժեք օգուտներ քաղելու համար սովորողից անհատական ջանքեր են պահանջվում։ Պողոս առաքյալն իր քրիստոնյա հավատակից Տիմոթեոսին հորդորեց հետևյալ խոսքերով. «Սորանք մտածիր, սորանցում կաց, որ քո յառաջադիմութիւնը ամենին յայտնի լինի» (Ա Տիմոթ. 4։15)։ Ինչպե՞ս կարող ես գործնականում կիրառել այս խորհուրդը։

Հնարավորության սահմաններում՝ ձգտիր բաց չթողնել Դպրոցի հանդիպումները։ Խելամտորեն գործածիր «Օգուտներ քաղիր Աստվածապետական ծառայության դպրոցից» դասագիրքը։ Առաջին էջի վրա՝ այդ նպատակով հատկացված տեղում, գրիր անուն–​ազգանունդ։ Դպրոց հաճախելիս դասագիրքը միշտ վերցրու քեզ հետ։ Այն նաև քո աշխատագիրքն է։ Ընթերցելիս ընդգծիր այն կարևոր մտքերը, որոնք կարծում ես, որ օգտակար կլինեն քեզ համար։ Գրքի լայն լուսանցքում կարող ես ծրագրի ժամանակ քննարկվող թեմաներից գործնական մտքեր նշել։

Աստվածապետական ծառայության դպրոցի ծրագիրը տրվում է առանձին։ Ծրագրում կընդգրկվեն նաև մանրամասնություններ Դպրոցի անցկացման վերաբերյալ։ Թերևս հարմար գտնես այդ ծրագիրը կցել գրքիդ, որպեսզի այն միշտ ձեռքի տակ լինի։

Դպրոցի շաբաթական հանդիպմանը նախապատրաստվելիս հիշիր, որ հիմնական ձեռնարկը Աստվածաշունչն է։ Առաջնահերթ նշանակություն տուր Աստվածաշնչից տվյալ շաբաթվա համար նախատեսված հատվածը կարդալուն։ Հնարավորության դեպքում ցանկալի է նաև նախօրոք կարդալ ծրագրի մյուս բաժիններում քննարկվելիք նյութերը. դա նույնպես բավականին օգտակար կլինի։

Դպրոցի ժամանակ երբեմն ունկնդիրներին մասնակցություն ունենալու հնարավորություն է տրվում։ Աշխատիր լիարժեք ձևով օգտագործել այդ հնարավորությունները։ Նման քննարկումներին մասնակցելը կարևոր դեր է խաղում լսածը մտապահելու և անձնական կյանքում կիրառելու հարցում։

Իհարկե, դպրոցում ցուցակագրված յուրաքանչյուր անհատի հնարավորություններ կընձեռնվեն ելույթ կամ երկխոսություն ներկայացնելու ժողովի առջև։ Օգտվիր ցանկացած այդպիսի հնարավորությունից։ Ջանքեր գործադրիր, որպեսզի կատարելագործես քո խոսելու ունակությունը՝ անկախ նրանից, թե որ դասն է քեզ հանձնարարված։ Քեզ խորհուրդներ կտրվեն, որպեսզի շարունակես կատարելագործվել։ Սիրով ընդունիր այդ օգնությունը։ Դասագրքում նշիր այն առաջարկությունները, որոնք վերաբերում են անձամբ քեզ։ Քանի որ անհատի համար դժվար է իրեն նայել կողմնակի մարդու աչքերով, Դպրոցում սովորելիս Աստվածաշնչի վրա հիմնված առաջարկություններն ու սիրով տրված խորհուրդները կարևոր նշանակություն կարող են ունենալ քո առաջընթացի համար։ Դա քեզ շատ օգտակար կլինի՝ անգամ եթե երկար տարիներ է, ինչ ցուցակագրված ես Դպրոցին (Առակ. 1։5)։

Ցանկանո՞ւմ ես հնարավորին չափ արագ առաջադիմել։ Դա քեզ կհաջողվի, եթե ձգտես որոշ հարցերում նախաձեռնություն հանդես բերել։ Նախօրոք ուսումնասիրիր յուրաքանչյուր ուսումնական ելույթ։ Եթե ելույթ ունեցողին փոխարինելու անհրաժեշտություն առաջանա, կարող ես առաջարկել օգնությունդ. դա քեզ կօգնի ավելի մեծ փորձ ձեռք բերել։ Երբ ելույթ են ունենում մյուսները, ուշադիր հետևիր, թե ինչպես են նրանք մատուցում իրենց ելույթը։ Դպրոցում մենք սովորում ենք միմյանցից։

Բացի այդ, կարող ես արագացնել առաջընթացդ՝ անձամբ ուսումնասիրելով դասագիրքը, եթե ունես այդպիսի հնարավորություն։ Հաջորդ 15 գլուխները հանգամանորեն ուսումնասիրելուց հետո շարունակիր հետազոտել հաջորդ՝ «Խոսելու և ուսուցանելու հմտությունը զարգացնելու ծրագիր» բաժինը, որը սկսվում է 78–րդ էջից։ Նախ՝ առանձին ուսումնասիրիր յուրաքանչյուր դաս և կատարիր դրա համար նախատեսված վարժությունը(ները)։ Ապա՝ սովորածդ կիրառիր ծառայության մեջ։ Դա քեզ մեծապես կօգնի կատարելագործվել որպես հռետոր և որպես Աստծո Խոսքի ուսուցիչ։

Աստվածապետական ծառայության դպրոցի կրթությունը մեզ նախապատրաստում է կյանքում կարևոր նշանակություն ունեցող գործերի։ Քանի որ մենք կենդանի ենք Աստծո կամքով, նրան փառաբանել՝ նշանակում է գիտակցել մեր գոյության իսկ բուն նպատակը։ Եհովա Աստված արժանի է ամենաբարձր կարգի փառաբանության (Յայտն. 4։11)։ Դպրոցում ստացած կրթությունը օգնում է մեզ իրագործել դա, որովհետև այդ ուսուցումը օգնում է մտածել հստակ, գործել իմաստությամբ և արդյունավետ կերպով հաղորդել Աստծո ներշնչյալ Խոսքում արձանագրված հրաշալի ճշմարտությունները։

ԴՊՐՈՑԻ ԾՐԱԳՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

  • Շաբաթական ծրագիր՝ Աստվածաշնչյան նյութերի ընթերցանության, ուսումնասիրությունների և փնտրտուքների

  • Ցուցումներ հանրային ընթերցանության, ինչպես նաև խոսելու և ուսուցանելու արվեստի վերաբերյալ

  • Մասնակցություն քննարկումներին

  • Ժողովի առջև ելույթներ ներկայացնելու հնարավորություն

  • Անհատական օգնություն, որի նպատակն է օգնել քեզ առաջադիմելու

ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՈՐՈՆՑ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Է ԴԱՐՁՎԵԼՈՒ

  • Լսել և մտապահել

  • Անձնական ընթերցանություն

  • Ուսումնասիրել

  • Փնտրտուքներ կատարել

  • Նյութ վերլուծել ու ելույթ կառուցել

  • Զրուցել

  • Պատասխանել հարցերին

  • Մտքերը գրավոր շարադրել

ՀԻՄՔ, ՈՐԻ ՎՐԱ ՊԵՏՔ Է ԿԱՌՈՒՑԵԼ

Լավ հաղորդակցվելը արվեստ է, որին ոչ բոլորն են տիրապետում։ Այն կատարելագործելու նպատակով մեծ թվով ձեռնարկներ են հրատարակվել։ Մինչդեռ մեր Արարիչը՝ մարդկանց խոսելու կարողությամբ Օժտողը, ավելի շատ բան գիտի խոսելու և ուսուցանելու ունակությունների մասին, քան խոսքարվեստի ցանկացած ուսուցիչ։ Աստծո միածին Որդին համագործակցում էր նրա հետ որպես Ճարտարապետ՝ մարդու ուղեղը, խոսքի գործարանները, ինչպես նաև մյուս հրաշալիքները արարելիս։

Հրեշտակներին, իսկ հետագայում նաև մարդկանց արարելիս Որդին եղել է Աստծո Խոսքը, կամ՝ Բանը. կարևորագույն մի Անձ, որի միջոցով Աստված հրահանգներ էր տալիս նրանց (Առակ. 8։30; Յովհ. 1։1–3)։ Այդ Որդին հետագայում երկիր ուղարկվեց և հայտնի դարձավ որպես Տեր Հիսուս Քրիստոս։ Ներշնչյալ Գրությունները Հիսուսի մասին հայտնում են. «Ժողովուրդները զարմանում էին նորա վարդապետութեան [«ուսուցմա[ն]», ԱՆԹ] վերայ»։ Իսկ նրան լսողներն ասում էին. «Երբէք մի մարդ այսպէս չ’խօսեց ինչպէս այս մարդը» (Մատթ. 7։28; Յովհ. 7։46)։ Ավետարաններում ավելի քան 40 անգամ Հիսուսի մասին խոսվում է որպես Ուսուցչի, և դա պատահական չէ։ Խոսելու և ուսուցանելու հարցում մենք շատ բան ունենք սովորելու նրանից։

Աստվածաշնչում կան նաև տեղեկություններ այն մասին, թե ինչպես է Եհովա Աստված իր կամքը իրականացրել տարբեր ծագում ունեցող մարդկանց միջոցով՝ թե տղամարդկանց և թե կանանց։ Նրանցից ոմանք հակիրճ, բայց ազդեցիկ պատգամներ են հաղորդել։ Շատերն էլ, թեև երբեք չեն խոսել մեծաթիվ բազմության առջև, բայց ճշմարիտ Աստծո և նրա նպատակների մասին հավատարմորեն վկայություն են տվել առանձին անհատների։ Ըստ երևույթին, նրանց մեծամասնությունը աչքի չի ընկել պերճախոսությամբ, սակայն Աստված օրհնել է նրանց ջանքերը։ Կարդալով Աստվածաշունչը՝ մենք շատ բաներ կարող ենք սովորել այն մասին, թե ինչպես են նրանք կատարել իրենց ծառայությունը (Սաղ. 68։11)։

Իհարկե, Աստվածաշունչը հռետորական (ճարտասանական) խոսքի դասագիրք չէ։ Բայց եթե ընթերցելիս փորձենք այն ավելի խորը ըմբռնել, կարող ենք խոսելու և ուսուցանելու կարողության վերաբերյալ արժեքավոր դասեր քաղել։ «Օգուտներ քաղիր Աստվածապետական ծառայության դպրոցից» գիրքը կօգնի քեզ զարգացնել այս կարողությունը հենց այդ հիմքի՝ Աստվածաշնչի վրա։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը