Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w21 հոկտեմբեր էջ 8–13
  • Աստված «հարուստ է ողորմությամբ»

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Աստված «հարուստ է ողորմությամբ»
  • 2021 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • ԻՆՉՈ՞Ւ Է ԵՀՈՎԱՆ ՈՂՈՐՄԱԾՈՒԹՅՈՒՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄ
  • ԱՐԴՅՈ՞Ք ԽԻՍՏ ԽՐԱՏԸ ՈՂՈՐՄԱԾՈՒԹՅԱՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄ Է
  • Ի՞ՆՉԸ ԿՕԳՆԻ ՄԵԶ ՈՂՈՐՄԱԾ ԼԻՆԵԼ
  • «Ձեր Հայրը ողորմած է»
    2007 Դիտարան
  • Ինչպե՞ս ողորմած լինել
    2007 Դիտարան
  • Երջանիկ են նրանք, ովքեր ողորմած են
    Գովերգենք Եհովային
  • Ընթերցողների հարցերը
    2002 Դիտարան
Ավելին
2021 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
w21 հոկտեմբեր էջ 8–13

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 41

Աստված «հարուստ է ողորմությամբ»

«Եհովան բարի է ամենքի հանդեպ, և նրա ողորմությունը իր բոլոր գործերի վրա է» (ՍԱՂ. 145։9)։

ԵՐԳ 44 Վհատված մարդու աղոթք

ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄa

1. Թերևս ի՞նչ է գալիս մեր միտքը, երբ մտածում ենք, թե ինչպիսին է ողորմած անհատը։

ԵՐԲ մտածում ենք, թե ինչպիսին է ողորմած անհատը, գուցե պատկերացնենք մի անձնավորության, ով բարի է, ջերմ, կարեկից և առատաձեռն։ Գուցե հիշենք նաև բարի սամարացու մասին Հիսուսի պատմած առակը։ Այդ պատմության մեջ մի սամարացի «ողորմածաբար վարվեց» մի հրեայի հետ, ով ավազակների ձեռքն էր ընկել։ Այդ այլազգի մարդը, տեսնելով վիրավոր հրեային, «խղճահարվեց» և սիրով հոգ տարավ նրա մասին (Ղուկ. 10։29–37)։ Այս առակը ընդգծում է Եհովայի հիանալի հատկություններից մեկը՝ ողորմածությունը։ Այն Աստծու սիրո դրսևորումներից է։ Նա ամեն օր մեզ հետ ողորմածաբար է վարվում։

2. Ուրիշ ինչպե՞ս է դրսևորվում ողորմածությունը։

2 Ողորմածությունը դրսևորվում է այլ կերպով ևս։ Ողորմած անհատը գուցե որոշի չպատժել նրան, ով պատժի արժանի արարք է գործել, եթե հիմքեր կան այդպես վարվելու։ Այս հարցում էլ Եհովան միշտ ողորմած է մեր հանդեպ։ Ինչպես սաղմոսերգուն է ասում, «նա մեզ հետ չի վարվում մեր մեղքերի համեմատ» (Սաղ. 103։10)։ Սակայն որոշ դեպքերում Եհովան կարող է խրատել մեղք գործած անհատին։

3. Ի՞նչ հարցեր ենք քննելու։

3 Այս հոդվածում կքննենք հետևյալ հարցերը։ Ինչո՞ւ է Եհովան ողորմածություն դրսևորում։ Հնարավո՞ր է արդյոք խստորեն խրատել և միևնույն ժամանակ ողորմածություն դրսևորել։ Ի՞նչը կօգնի մեզ ողորմած լինել։ Եկեք տեսնենք, թե Աստծու Խոսքն ինչպես է պատասխանում այս հարցերին։

ԻՆՉՈ՞Ւ Է ԵՀՈՎԱՆ ՈՂՈՐՄԱԾՈՒԹՅՈՒՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄ

4. Ինչո՞ւ է Եհովան ողորմածություն դրսևորում։

4 Եհովան ողորմածություն է դրսևորում, քանի որ սիրում է մարդկանց։ Պողոս առաքյալը գրեց, որ Աստված «հարուստ է ողորմությամբ»։ Համատեքստում Պողոսը խոսում է այն մասին, որ Աստված ողորմածություն է դրսևորում իր օծյալ ծառաների հանդեպ՝ տալով նրանց երկնային կյանքի հույս՝ չնայած այն բանին, որ նրանք անկատար են (Եփես. 2։4–7)։ Բայց Եհովան միայն նրանց հանդեպ չէ, որ ողորմած է։ Սաղմոսերգու Դավիթը գրել է. «Եհովան բարի է ամենքի հանդեպ, և նրա ողորմությունը իր բոլոր գործերի վրա է» (Սաղ. 145։9)։ Քանի որ Եհովան սիրում է մարդկանց, ողորմածություն է դրսևորում, երբ տեսնում է, որ դրա համար հիմքեր կան։

5. Հիսուսը որտեղի՞ց գիտեր, որ Եհովան ողորմած է։

5 Ոչ ոք Հիսուսից լավ չգիտի, թե որքան է Եհովան ցանկանում ողորմածություն դրսևորել։ Մինչև երկիր գալը նա հազարավոր տարիներ իր Հոր հետ եղել է երկնքում (Առակ. 8։30, 31)։ Նա բազմիցս տեսել է, թե ինչպես է Եհովան ողորմածություն դրսևորում մեղավոր մարդկանց հանդեպ (Սաղ. 78։37–42)։ Իր ծառայության ընթացքում Հիսուսը հաճախ էր ընդգծում իր Հոր այս գրավիչ հատկությունը։

Հայրը չնվաստացրեց որդուն։ Ընդհակառակը՝ գրկաբաց հետ ընդունեց ընտանիք (տես պարբերություն 6)c

6. Ո՞ր պատմության միջոցով Հիսուսը նկարագրեց, թե որքան ողորմած է իր Հայրը։

6 Նախորդ հոդվածում քննեցինք կորած որդու մասին Հիսուսի պատմած առակը։ Այդ պատմությունը հիանալի կերպով նկարագրում է, թե որքան է Եհովան ցանկանում ողորմածություն դրսևորել։ Որդին որոշեց հեռանալ հայրական տնից և «ցոփ ու շվայտ կյանք վարելով՝ վատնեց իր ունեցվածքը» (Ղուկ. 15։13)։ Հետո նա զղջաց իր սխալ ընթացքի համար, խոնարհեցրեց իրեն և վերադարձավ տուն։ Ինչպե՞ս նրա հայրն արձագանքեց։ Որդին ստիպված չեղավ երկար սպասել։ Հիսուսն ասաց. «Երբ [որդին] դեռ հեռու էր, նրա հայրը տեսավ նրան ու խղճահարվեց, ապա վազեց, նրա վզովն ընկավ ու համբուրեց»։ Հայրը չնվաստացրեց որդուն։ Ընդհակառակը՝ ողորմածաբար ներեց նրան և գրկաբաց հետ ընդունեց ընտանիք։ Կորած որդին լուրջ մեղքեր էր գործել, բայց քանի որ զղջաց, հայրը ներեց նրան։ Առակում նշված ողորմած հայրը ներկայացնում է Եհովային։ Այս հուզիչ առակի միջոցով Հիսուսը նկարագրեց իր Հոր պատրաստակամությունը՝ ներելու բոլոր նրանց, ովքեր անկեղծորեն զղջում են (Ղուկ. 15։17–24)։

7. Ի՞նչ կապ կա Եհովայի իմաստության և ողորմածության միջև։

7 Եհովան ողորմածություն է դրսևորում, քանի որ անսահման իմաստուն է։ Նրա իմաստությունը պարզապես մի սառը մտային կարողություն չէ։ Աստվածաշնչում ասվում է, որ «վերին իմաստությունը» լի է «ողորմությամբ և բարի պտուղներով» (Հակ. 3։17)։ Սիրող ծնողի պես՝ Եհովան գիտի, որ իր զավակները ողորմածության կարիք ունեն (Սաղ. 103։13; Ես. 49։15)։ Ուստի դրսևորելով այդ հատկությունը՝ նա ապագայի հույս է տալիս մարդկանց, չնայած որ անկատար են։ Այսպիսով՝ Եհովայի անսահման իմաստությունը մղում է նրան ողորմածություն դրսևորելու, երբ դրա համար որևէ հիմք կա։ Միևնույն ժամանակ նա դա անում է հավասարակշռված կերպով։ Իմաստության շնորհիվ Եհովան երբեք չի հատում ողորմած լինելու և թույլատու լինելու միջև եղած սահմանը։

8. Երբեմն ի՞նչ է անհրաժեշտ անել և ինչո՞ւ։

8 Ենթադրենք՝ Աստծու ծառան դիտավորյալ սխալ ընթացք է բռնում։ Ի՞նչ պետք է անենք։ Աստծու ներշնչմամբ Պողոսը գրեց, որ «այլևս շփում չունենանք» այդպիսի մարդու հետ (1 Կորնթ. 5։11)։ Նրանք, ովքեր չեն զղջում, ընկերակցությունից զրկվում են։ Դա անհրաժեշտ է մեր հավատակիցներին պաշտպանելու և Եհովայի սուրբ չափանիշներին հետևելու համար։ Ոմանք, սակայն, գուցե դժվարանան ընդունել, որ անհատին ընկերակցությունից զրկելը Աստծու ողորմածության դրսևորում է։ Եկեք տեսնենք՝ արդյոք դա այդպես է։

ԱՐԴՅՈ՞Ք ԽԻՍՏ ԽՐԱՏԸ ՈՂՈՐՄԱԾՈՒԹՅԱՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄ Է

Հովիվը մոտենում է հոտից առանձնացված հիվանդ գառնուկին։

Հովիվը հիվանդ գառնուկին առանձնացնում է հոտից, բայց շարունակում է հոգ տանել նրա մասին (տես պարբերություն 9–11)

9–10. Համաձայն Եբրայեցիներ 12։5, 6 համարների՝ ինչո՞ւ կարող ենք ասել, որ անհատին ընկերակցությունից զրկելը ողորմածության դրսևորում է։ Բեր օրինակ։

9 Երբ ժողովի հանդիպման ժամանակ հայտարարվում է, որ ինչ-որ մեկը, ում ճանաչում և սիրում ենք, այլևս Եհովայի վկա չէ, մենք շատ ենք տխրում։ Գուցե մտածենք, թե արդյոք անհրաժեշտ էր նրան ընկերակցությունից զրկել։ Իսկապե՞ս ընկերակցությունից զրկելը ողորմածության դրսևորում է։ Այո՛։ Խրատի կարիք ունեցող անհատին չխրատելը իմաստուն, ողորմած և սիրառատ քայլ չէ (Առակ. 13։24)։ Իսկ ընկերակցությունից զրկելը կարո՞ղ է չզղջացող անհատին օգնել փոխելու իր ընթացքը։ Այո՛, կարող է։ Երեցների ձեռնարկած վճռական քայլը մղել է լուրջ մեղք գործած շատ քրիստոնյաների սթափվել, փոխել իրենց ընթացքը և վերադառնալ Եհովայի մոտ (կարդա Եբրայեցիներ 12։5, 6)։

10 Քննենք մի օրինակ։ Հովիվը նկատում է, որ իր գառներից մեկը հիվանդ է։ Նա գիտի, որ տվյալ հիվանդությունը բուժելու համար գառնուկին պետք է առանձնացնի հոտից։ Սակայն ոչխարները այնպիսի կենդանիներ են, որոնք սիրում են լինել հոտի մեջ, և եթե նրանց առանձնացնես հոտից, գուցե շփոթության մեջ ընկնեն։ Արդյո՞ք դա նշանակում է, որ գառնուկին առանձնացնելով՝ հովիվը դաժան կամ կոպիտ է վարվում նրա հետ։ Իհարկե ո՛չ։ Նա հասկանում է, որ եթե այդ հիվանդ գառը հոտի հետ մնա, հիվանդությունը կտարածվի։ Ուստի մեկուսացնելով նրան՝ հովիվը պաշտպանում է ամբողջ հոտը (համեմատիր Ղևտական 13։3, 4)։

11. ա) Ի՞նչ իմաստով կարող ենք ընկերակցությունից զրկված անհատին համեմատել հիվանդ գառնուկի հետ։ բ) Ընկերակցությունից զրկված անհատները ի՞նչ կարող են անել և ի՞նչ օգնություն կարող են ստանալ։

11 Ընկերակցությունից զրկված անհատին կարող ենք համեմատել հիվանդ գառնուկի հետ։ Նա հիվանդ է հոգևորապես (Հակ. 5։14)։ Ֆիզիկական որոշ հիվանդությունների նման այն նույնպես կարող է վարակիչ լինել։ Ուստի որոշ դեպքերում հոգևորապես հիվանդ անհատին կարիք է լինում առանձնացնել ժողովից։ Եհովայի կողմից դա սիրո դրսևորում է իր հոտի հավատարիմ անդամների հանդեպ։ Բացի այդ՝ դա կարող է օգնել մեղք գործած անհատին գիտակցել իր սխալը և մղել նրան զղջալու։ Ընկերակցությունից զրկված անհատը հնարավորություն ունի հաճախել ժողովի հանդիպումներին, որտեղ նա կարող է հոգևորապես կրթվել և զորանալ։ Նա նաև կարող է գրականություն ստանալ իր անձնական ընթերցանության և ուսումնասիրության համար, ինչպես նաև դիտել «JW հեռարձակման» ծրագրերը։ Երբ երեցները տեսնեն, որ նա դրական փոփոխություններ է անում, գուցե ժամանակ առ ժամանակ խորհուրդներ ու առաջնորդություն տան, որպեսզի օգնեն նրան վերականգնել հոգևոր առողջությունը և նորից համարվել Եհովայի վկա։b

12. Երեցները ի՞նչ սիրառատ և ողորմած քայլ կարող են ձեռնարկել, երբ մեղք գործած անհատը չի զղջում։

12 Կարևոր է հիշել, որ ընկերակցությունից զրկվում են միայն այն անհատները, ովքեր չեն զղջում իրենց գործած մեղքի համար։ Երեցները հասկանում են, որ դա լուրջ հարց է, և մատների արանքով չեն նայում դրան։ Նրանք գիտեն, որ Եհովան «չափավորությամբ» է խրատում (Երեմ. 30։11)։ Երեցները սիրում են իրենց բոլոր հավատակիցներին, ուստի այնպիսի բան չեն անի, ինչը նրանց հոգևորապես կվնասի։ Սակայն երբեմն անհատին որոշ ժամանակով ընկերակցությունից զրկելն է սիրո և ողորմածության դրսևորում։

13. Ինչո՞ւ էր անհրաժեշտ, որ Կորնթոսում քրիստոնյաներից մեկը զրկվեր ընկերակցությունից։

13 Քննենք, թե առաջին դարում Պողոս առաքյալն ինչպես վարվեց չզղջացող մեղավորի հետ։ Կորնթոսում եղբայրներից մեկը անբարոյականություն էր գործում իր հոր կնոջ հետ։ Ինչպիսի՜ խայտառակություն։ Այս արարքի վերաբերյալ Եհովան իսրայելացիներին պատվիրել էր. «Այն մարդը, որը պառկում է իր հոր կնոջ հետ, իր հոր մերկությունն է բացում։ Երկուսն էլ անպատճառ պետք է մահվան մատնվեն» (Ղևտ. 20։11)։ Իհարկե, Պողոսը չէր կարող ասել, որ այդ անհատը մահվան պետք է մատնվեր, բայց նա ասաց կորնթացիներին, որ զրկեն նրան ընկերակցությունից։ Այդ մարդու անբարո վարքը ազդում էր ժողովում մյուսների վրա։ Ոմանք այդ խայտառակ արարքը նույնիսկ չէին էլ դատապարտում (1 Կորնթ. 5։1, 2, 13)։

14. Պողոսն ինչպե՞ս ողորմածություն դրսևորեց Կորնթոսի ժողովում ընկերակցությունից զրկված անհատի հանդեպ և ինչո՞ւ (2 Կորնթացիներ 2։5–8, 11)։

14 Որոշ ժամանակ անց ընկերակցությունից զրկված այդ անհատը լուրջ փոփոխություններ էր արել։ Նա իսկապես զղջացել էր։ Թեև նա արատավորել էր ժողովի համբավը, սակայն Պողոսն ասաց երեցներին, որ չի ցանկանում չափազանց խիստ լինել նրան ուղղելու հարցում։ Ուստի նա ասաց. «Մեծահոգաբար ներեք ու մխիթարեք նրան»։ Նկատենք, թե ինչու Պողոսն այդպես ասաց. «Որ չլինի թե նա կուլ գնա իր ծայրահեղ տրտմությանը»։ Նա խղճում էր այդ զղջացող մարդուն։ Առաքյալը չէր ցանկանում, որ այդ անհատը իր արածի համար այնքան տրտմեր, այնքան ընկճվեր, որ թևաթափ լիներ և այլևս ներում չփնտրեր (կարդա 2 Կորնթացիներ 2։5–8, 11)։

15. Երեցներն ինչպե՞ս կարող են լինել հաստատակամ և միևնույն ժամանակ ողորմած։

15 Եհովայի նման՝ երեցները, սիրուց մղված, ողորմածություն են դրսևորում։ Նրանք հաստատակամ են, երբ անհրաժեշտ է, և ողորմած, երբ հնարավոր է, այսինքն, երբ հիմքեր կան այդպես վարվելու։ Հակառակ դեպքում դա ոչ թե ողորմածություն է, այլ հանդուրժողականություն։ Իսկ արդյո՞ք միայն երեցները պետք է ողորմածություն դրսևորեն։

Ի՞ՆՉԸ ԿՕԳՆԻ ՄԵԶ ՈՂՈՐՄԱԾ ԼԻՆԵԼ

16. Համաձայն Առակներ 21։13-ի՝ ինչպե՞ս է Եհովան վերաբերվում նրանց, ովքեր ողորմած չեն։

16 Բոլոր քրիստոնյաները ձգտում են ընդօրինակել Եհովայի ողորմածությունը։ Ինչո՞ւ։ Պատճառներից մեկն այն է, որ Եհովան չի լսում նրանց աղոթքները, ովքեր ողորմած չեն ուրիշների հանդեպ (կարդա Առակներ 21։13)։ Ինչ խոսք, մեզանից ոչ ոք չի ցանկանա, որ Եհովան չլսի իր աղոթքները։ Ուստի պետք է զգույշ լինենք, որ հանկարծ անգութ չդառնանք։ Դժվարությունների մեջ եղող հավատակցի առաջ մեր ականջը փակելու փոխարեն մենք պետք է միշտ պատրաստ լինենք լսելու «խեղճի գանգատալից աղաղակը»։ Ուստի պետք է լուրջ վերաբերվենք հետևյալ աստվածաշնչյան խորհրդին. «Ով ողորմություն չի անում, առանց ողորմության էլ դատաստան կստանա» (Հակ. 2։13)։ Եթե խոնարհ լինենք և հիշենք, թե որքան շատ կարիք ունենք, որ մեր հանդեպ ողորմած լինեն, ավելի հակված կլինենք ուրիշների հանդեպ ողորմածություն դրսևորելու։ Հատկապես կարևոր է ողորմածություն դրսևորել, երբ զղջացող մեղավորը վերադառնում է ժողով։

17. Դավիթ թագավորն ինչպե՞ս ողորմածություն դրսևորեց։

17 Աստվածաշնչյան օրինակները կարող են օգնել մեզ ողորմած լինել և անխիղճ չդառնալ։ Քննենք Դավիթ թագավորի օրինակը, ով գթասիրտ անձնավորություն էր։ Նա հաճախ էր ողորմածություն դրսևորում։ Թեև Սավուղը ցանկանում էր սպանել Դավթին, վերջինս ողորմածաբար էր վարվում Աստծու օծյալ թագավորի հետ։ Դավիթը վրեժխնդիր չէր լինում և ոխ չէր պահում նրա հանդեպ (1 Սամ. 24։9–12, 18, 19)։

18–19. Ո՞ր երկու իրավիճակներում Դավիթը անգթորեն վարվեց։

18 Այնուամենայնիվ, եղան իրավիճակներ, երբ Դավիթը ողորմածություն չդրսևորեց։ Օրինակ, երբ Նաբաղը, ով կոպիտ անձնավորություն էր, անհարգալից խոսեց և հրաժարվեց Դավթին ու նրա մարդկանց սնունդ տրամադրել, վերջինս որոշեց սպանել նրան ու նրա տան բոլոր տղամարդկանց։ Իմանալով այդ մասին՝ Նաբաղի բարի և համբերատար կինը՝ Աբիգեան, անմիջապես քայլեր ձեռնարկեց, ինչի շնորհիվ Դավիթը արյունապարտ չդարձավ (1 Սամ. 25։9–22, 32–35)։

19 Իսկ երբ Նաթան մարգարեն Դավթին պատմեց մի հարուստ մարդու մասին, ով մի աղքատ մարդուց խլել էր նրա միակ գառնուկին, ում շատ էր սիրում, Դավիթը զայրացած պատասխանեց. «Կենդանի՛ է Եհովան, այդ բանն անող մարդը մահվա՛ն է արժանի» (2 Սամ. 12։1–6)։ Դավիթը շատ լավ գիտեր Մովսիսական օրենքը. եթե մի մարդ ոչխար գողանար, դրա դիմաց պետք է քառապատիկը հատուցեր (Ելք 22։1)։ Ուստի Դավթի դատավճիռը՝ մահապատիժ, շատ խիստ էր այդ դեպքի համար։ Իրականում Նաթանը այս հորինված պատմության միջոցով Դավթին օգնում էր հասկանալ, որ նա ավելի ծանր հանցանք է գործել։ Բայց Եհովան շատ ավելի ողորմած գտնվեց Դավթի հանդեպ, քան Դավիթը այն հարուստ մարդու հանդեպ, ով գողացել էր աղքատ մարդու գառնուկին (2 Սամ. 12։7–13)։

Դավիթ թագավորը անգթորեն դատեց Նաթան մարգարեի պատմության մեջ նշված հարուստ մարդուն (տես պարբերություն 19–20)d

20. Ի՞նչ ենք սովորում Դավթի օրինակից։

20 Նկատի առնենք, որ Դավիթը սաստիկ զայրացած էր, երբ որոշեց, որ Նաբաղը ու նրա մարդիկ մահվան են արժանի։ Հետագայում Դավիթը մահվան արժանի համարեց նաև Նաթանի պատմության մեջ նշված հարուստ մարդուն։ Սակայն գուցե մտածենք, թե այս դեպքում ինչու այդ գթասիրտ մարդը նման խիստ ձևով դատեց։ Ուշադրություն դարձնենք համատեքստին։ Այդ ժամանակ Դավթի խիղճը մաքուր չէր։ Ուրիշներին խստորեն դատելը հոգևոր լավ վիճակի մասին չի խոսում։ Իրականում ճիշտ հակառակն է։ Հիսուսը լուրջ նախազգուշացում տվեց իր հետևորդներին՝ ասելով. «Մի՛ դատեք, որ չդատվեք, որովհետև ինչ դատաստանով որ դատեք, նույն դատաստանով էլ կդատվեք» (Մատթ. 7։1, 2)։ Ուստի եկեք զգույշ լինենք, որ անգութ չդառնանք, և ձգտենք մեր Աստծու պես «հարուստ լինել ողորմությամբ»։

21–22. Ի՞նչ գործնական կերպերով կարող ենք ողորմածություն դրսևորել։

21 Ողորմածությունը պարզապես խղճահարություն զգալը չէ, այն գործնականում կարեկցանք ցուցաբերելն է։ Ուստի մենք կարող ենք ուշադիր լինել մեր ընտանիքի անդամների, հավատակիցների և շրջապատի մարդկանց հանդեպ։ Անկասկած, կտեսնենք, որ ողորմածություն դրսևորելու բազմաթիվ առիթներ ունենք։ Կարող ես մտածել. «Ո՞վ մխիթարության կարիք ունի։ Ո՞ւմ կարող եմ գործնական օգնություն ցույց տալ՝ տրամադրելով սնունդ կամ մեկ այլ օգտակար բան անելով նրա համար»։ Գուցե հավատակիցդ վերականգնվել է և մխիթարության ու ընկերակցության կարիք ունի։ Կարո՞ղ ես բարի լուրը քարոզելով մխիթարել մարդկանց։ Դա լավագույն կերպերից մեկն է, որով կարող ենք ողորմածություն դրսևորել մեզ հանդիպած մարդկանց հանդեպ (Հոբ 29։12, 13; Հռոմ. 10։14, 15; Հակ. 1։27)։

22 Եթե ուշադիր լինենք մարդկանց հանդեպ, կտեսնենք, որ ողորմածություն դրսևորելու բազմաթիվ հնարավորություններ կան։ Ողորմած լինելով՝ մենք կուրախացնենք մեր երկնային Հորը՝ մեր Աստծուն, ով «հարուստ է ողորմությամբ»։

Ի՞ՆՉ ԿՊԱՏԱՍԽԱՆԵՍ

  • Ինչո՞ւ է Եհովան ողորմածություն դրսևորում։

  • Ի՞նչն է փաստում, որ անգամ խիստ խրատը կարող է ողորմածության դրսևորում լինել։

  • Ի՞նչը կօգնի մեզ ողորմած լինել։

ԵՐԳ 43 Շնորհակալական աղոթք

a Ողորմածությունը Եհովայի ամենագրավիչ հատկություններից մեկն է, որը զարգացնելու կարիքը բոլորս ունենք։ Այս հոդվածում կքննենք, թե ինչու է Եհովան ողորմածություն դրսևորում, ինչու կարող ենք ասել, որ Եհովան միշտ ողորմածությամբ է խրատում, և մենք ինչպես կարող ենք դրսևորել այդ հիանալի հատկությունը։

b Տեղեկություններ այն մասին, թե վերականգնված անհատը ինչպես կարող է ամրացնել իր փոխհարաբերությունները Եհովայի հետ, և թե երեցները ինչպես կարող են օգնել նրան, կարող ես գտնել այս համարում տպագրված «Վերականգնիր փոխհարաբերություններդ Եհովայի հետ» հոդվածում։

c ՆԿԱՐ։ Հայրը տանիքից տեսնում է, որ իր կորած որդին տուն է վերադառնում, և ընդառաջ է վազում, որ գրկի նրան։

d ՆԿԱՐ։ Մեղավորության զգացումի պատճառով Դավիթ թագավորը չափազանց խիստ է արձագանքում Նաթանի պատմությանը և զայրացած ասում է, որ հարուստ մարդը մահվան է արժանի։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը