Արդյունավետորեն օգտագործիր «Աստվածաշունչը սովորեցնում է» գրքի առանձնահատկությունները
Երբ Աստվածաշունչ ուսումնասիրողը իմանում է, թե ինչ է իրականում սովորեցնում Աստվածաշունչը, և կիրառում է իր սովորածը, հոգևորապես աճում է և պտուղներ է բերում (Սաղ. 1:1–3)։ Մենք կարող ենք օգնել մեր ուսումնասիրողին, որ առաջադիմի՝ լավագույն կերպով օգտագործելով «Աստվածաշունչը սովորեցնում է» գրքի առանձնահատկություններից մի քանիսը։
Ներածական հարցեր։ Յուրաքանչյուր գլուխ սկսվում է հարցերով, որոնց պատասխանները տրվում են այդ գլխում։ Դու կարող ես տալ դրանք հռետորական հարցի ձևով, որպեսզի գրգռես ուսումնասիրողի ախորժակը քննարկվելիք նյութի հանդեպ։ Կամ կարող ես խնդրել նրան հակիրճ պատասխանել յուրաքանչյուր հարցի։ Եթե նա սխալ միտք արտահայտի, կարիք չկա, որ նրան ուղղես հենց այդ պահին։ Ուսումնասիրողի պատասխանները կօգնեն քեզ հասկանալու, թե որ մտքերին արժե ուշադրություն դարձնել և որոնք արժե ընդգծել (Առակ. 16:23; 18:13)։
Հավելված։ Եթե ուսումնասիրողը հասկացել է հիմնական նյութը և համաձայն է քննարկված մտքերի հետ, կարող ես պարզապես հորդորել նրան ինքնուրույն կարդալ հավելվածը, որը համապատասխանում է նյութին։ Հաջորդ ուսումնասիրության ժամանակ թերևս մի քանի րոպե տրամադրես հավաստիանալու համար, որ նա հասկացել է այն։ Սակայն եթե ուսումնասիրողի համար ավելի օգտակար կլինի, գուցե ուսումնասիրության ընթացքում քննարկես հավելվածը կամ մի հատված՝ ընթերցելով պարբերությունը և տալով քո պատրաստած հարցը։
Կրկնության շրջանակ։ Յուրաքանչյուր գլխի վերջում գտնվող շրջանակում այն մտքերն են, որոնք ներածական հարցերի պատասխաններն են։ Կարող ես դրանք օգտագործել համոզվելու համար, որ ուսումնասիրողը հասկացել է գլխավոր մտքերը և կարող է բացատրել դրանք։ Բարձրաձայն կարդացեք մտքերը և դրանց կից աստվածաշնչյան համարները։ Հետո հրավիրիր ուսումնասիրողին համար(ներ)ի օգնությամբ բացատրել, թե ինչու է տվյալ միտքը ճիշտ (Գործ. 17:2, 3)։