Զարգացրու ճշտապահ լինելու սովորություն
1. Ճշտապահության հարցում ի՞նչ օրինակ է Եհովան։
1 Եհովան միշտ ճշտապահ է։ Օրինակ՝ նա միշտ իր ծառաներին օգնում է հենց այն ժամանակ, երբ նրանք դրա կարիքն են ունենում (Եբր. 4։16)։ Հոգևոր կերակուրը տալիս է «ճիշտ ժամանակին» (Մատթ. 24։45)։ Հետևաբար, մենք կարող ենք վստահ լինել, որ նրա բարկության օրը «չի ուշանա» (Ամբ. 2։3)։ Այո՛, մենք մեծ օգուտներ ենք ստանում այն բանից, որ Եհովան ճշտապահ է (Սաղ. 70։5)։ Սակայն լինելով զբաղված, ինչպես նաև անկատար՝ մեզ համար գուցե դժվար լինի պլանավորած գործերը ճիշտ ժամանակին անել։ Այնուամենայնիվ, ինչո՞ւ պետք է ճշտապահ լինելու սովորություն զարգացնենք։
2. Ինչո՞ւ է ճշտապահությունը փառք բերում Եհովային։
2 Այս վերջին օրերում ճշտապահությունը եզակի բան է դարձել, քանի որ մարդիկ անձնասեր են ու ինքնատիրապետում չունեցող (2 Տիմոթ. 3։1–3)։ Ուստի երբ քրիստոնյաները ճշտապահ են աշխատավայրում, ժողովի հանդիպումներին հաճախելիս, տարբեր հանձնարարություններ կատարելիս, մարդիկ նկատում են դա, և արդյունքում փառաբանվում է Եհովան (1 Պետ. 2։12)։ Սկսո՞ւմ ենք մեր աշխատանքը ճիշտ ժամանակին, սակայն հաճախ ուշանում աստվածապետական հանդիպումներից։ Ճիշտ ժամանակին ներկա լինելով քրիստոնեական հանդիպումներին, այդ թվում նաև բացման երգին ու աղոթքին՝ ցույց ենք տալիս, որ ուզում ենք ընդօրինակել մեր երկնային Հորը, ով կարգ ու կանոն է սիրում (1 Կորնթ. 14։33, 40)։
3. Ինչո՞ւ ենք ճշտապահ լինելով ցույց տալիս, որ մտածում ենք ուրիշների մասին։
3 Ճշտապահ լինելով՝ ցույց ենք տալիս նաև, որ մտածում ենք ուրիշների մասին (Փիլիպ. 2։3, 4)։ Օրինակ՝ երբ ժամանակին ենք գալիս ժողովի կամ քարոզչական հանդիպման, մենք անտեղի չենք անհանգստացնում մեր հավատակիցներին։ Մյուս կողմից՝ եթե սովորություն ունենք ուշանալու, այնպիսի տպավորություն ենք ստեղծում, թե մեր ժամանակը ավելի թանկ է, քան ուրիշներինը։ Ճշտապահ լինելով՝ ցույց ենք տալիս, որ վստահելի ու ժրաջան ենք, հատկություններ, որոնք կարևոր են մեր շուրջը եղող մարդկանց համար։
4. Եթե հաճախ ենք ուշանում, ի՞նչ փոփոխություններ կարող ենք անել մեր գրաֆիկում։
4 Եթե հաճախ ես ուշանում, մտածիր, թե որն է պատճառը։ Իրատես եղիր և գործերդ այնպես կազմակերպիր, որ ամեն բան անես ճիշտ ժամանակին (Ժող. 3։1; Փիլիպ. 1։10)։ Աղոթիր Եհովային օգնության համար (1 Հովհ. 5։14)։ Ճշտապահություն զարգացնելով՝ ցույց կտաս, որ կարևոր ես համարում Օրենքի երկու մեծագույն պատվիրանները՝ սիրել Աստծուն և սիրել մերձավորին (Մատթ. 22։37–39)։