Ընդօրինակիր մարգարեներին. Հովնան
1. Ի՞նչ լավ հատկություններ ուներ Հովնանը։
1 Ի՞նչ է միտքդ գալիս, երբ մտածում ես Հովնան մարգարեի մասին։ Ոմանք գուցե մտածեն, որ նա վախկոտ և անկարեկից մարդ է եղել։ Սակայն, անկասկած, նա եղել է խոնարհ, քաջ և անձնազոհ։ Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Հովնանի այս լավ հատկությունները (Հակ. 5։10)։
2. Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Հովնանի խոնարհությունը։
2 Խոնարհություն։ Սկզբում Հովնանը գնաց իր նշանակման վայրին հակառակ ուղղությամբ։ Սա զարմանալի չէ, որովհետև ասորեստանցիները հայտնի էին իրենց դաժանությամբ, իսկ Նինվեն հետագայում կոչվեց «արյունահեղ քաղաք» (Նաում 3։1–3)։ Այդուհանդերձ, Եհովան խրատեց Հովնանին և երկրորդ անգամ հնարավորություն տվեց կատարելու հանձնարարությունը։ Մարգարեն խոնարհաբար ընդունեց այն (Առակ. 24։32; Հովն. 3։1–3)։ Ճիշտ է, սկզբում Հովնանը չէր ուզում անել Եհովայի կամքը, բայց հետո արեց (Մատթ. 21։28–31)։ Իսկ մենք նրա պես վճռակա՞ն ենք քարոզելու բարի լուրը, նույնիսկ եթե մեզ խրատում են, կամ ունենք, այսպես ասած, դժվար քարոզչական տարածք։
3. Քո ծառայության ո՞ր ձևերում կարիք ունես քաջության և անձնազոհության։
3 Քաջություն և անձնազոհություն։ Երբ Հովնանը հասկացավ, որ իր սխալ որոշումով վտանգի է ենթարկել ծովայինների կյանքը, նա պատրաստակամություն հայտնեց իր կյանքը զոհելու հանուն նրանց (Հովն. 1։3, 4, 12)։ Ավելի ուշ, երբ Նինվեում կատարում էր իր առաջադրանքը, մարգարեն գնաց դեպի քաղաքի խորքը՝ հավանաբար հարմար վայր փնտրելով Եհովայի վճիռը հայտնելու համար։ Նման բան կաներ Աստծու ոչ թե վախկոտ, այլ քաջ ծառան (Հովն. 3։3, 4)։ Որպեսզի, չնայած հակառակությանը, կարողանանք համարձակորեն վկայություն տալ, մենք Աստծու օգնության կարիքն ունենք (Գործ. 4։29, 31)։ Անձնազոհություն է պետք ժամանակն ու միջոցները ծառայությանը տալու համար (Գործ. 20։24)։
4. Ինչո՞ւ պետք է ժամանակ տրամադրենք Եհովայի մարգարեների լավ օրինակի շուրջ խորհրդածելու համար։
4 Ամեն անգամ, երբ կարդաս Եհովայի որևէ մարգարեի մասին, օգուտներ կքաղես, եթե քեզ պատկերացնես այն հանգամանքներում, որում եղել է այդ մարգարեն։ Ինքդ քեզ հարցրու. «Ի՞նչ կանեի ես։ Ինչպե՞ս կարող եմ ընդօրինակել նրա լավ հատկությունները» (Եբր. 6։11, 12)։ «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկում ուրիշ հոդվածներ էլ կտպագրվեն այն մասին, թե ինչ կարող ենք սովորել Եհովայի հավատարիմ մարգարեներից։