Աղոթքով խորհրդածելը եռանդուն քարոզիչների հաջողության բանալին է
1. Ի՞նչը օգնեց Հիսուսին չշեղվելու իր կարևոր գործից։
1 Մի ամբողջ երեկո Հիսուսն անցկացրեց մարդկանց բուժելով և նրանց միջից դևեր հանելով։ Երբ հաջորդ օրը նրա աշակերտները գտան նրան, ասացին՝ «բոլորը քեզ են փնտրում», և համոզում էին, որ շարունակի հրաշքներ գործել։ Սակայն Հիսուսը չշեղվեց իր գլխավոր գործից՝ բարի լուրը քարոզելուց։ Նա ասաց. «Եկեք ուրիշ տեղ գնանք՝ մոտակա գյուղաքաղաքները, որպեսզի այնտեղ էլ քարոզեմ, որովհետև հենց այս նպատակով եմ եկել»։ Ի՞նչը օգնեց Հիսուսին չշեղվելու իր նպատակից։ Նա վաղ առավոտյան վեր էր կացել, որ աղոթի և խորհրդածի իր ծառայության շուրջ (Մարկ. 1։32–39)։ Ինչպե՞ս կարող է նման խորհրդածությունը նպաստել, որ ծառայության մեջ եռանդուն լինենք։
2. Ինչի՞ մասին խորհրդածելը կօգնի մեզ պահպանելու մեր եռանդը ծառայության մեջ։
2 Ինչի՞ մասին խորհրդածել։ Հիսուսը տեսավ, որ մարդիկ «կեղեքված էին և ցիրուցան եղած, ինչպես ոչխարներ, որ հովիվ չունեն» (Մատթ. 9։36)։ Ընդօրինակելով նրան՝ մենք կարող ենք խորհրդածել այն մասին, որ մարդիկ մեծ կարիք ունեն լսելու բարի լուրը։ Կարող ենք խորհել նաև այն մասին, թե ինչ վճռորոշ ժամանակներում ենք ապրում (1 Կորնթ. 7։29)։ Կարելի է խորհրդածել Եհովայի զարմանահրաշ գործերի և սքանչելի հատկությունների մասին, Եհովայի վկա լինելու մեր առանձնաշնորհման և Աստծու Խոսքում ամփոփված այն հոգևոր գանձերի մասին, որոնք մենք սովորել ենք և որոնք մեր տարածքում ապրող մարդկանց համար դեռ անհայտ են (Սաղ. 77։11–13; Ես. 43։10–12; Մատթ. 13։52)։
3. Ե՞րբ կարելի է խորհրդածել։
3 Ե՞րբ խորհրդածել։ Հիսուսի նման՝ ոմանք վաղ առավոտյան են արթնանում, երբ դեռ լռություն է տիրում։ Մյուսներն էլ նախընտրում են խորհրդածել երեկոյան՝ քնելուց առաջ (Ծննդ. 24։63)։ Նույնիսկ եթե շատ ծանրաբեռնված գրաֆիկ ունենք, հնարավոր է ժամանակ գտնել խորհրդածելու համար։ Ոմանք դա անում են հասարակական տրանսպորտում, ոմանք էլ՝ ընդմիջման ընթացքում։ Շատերի կարծիքով՝ ծառայության գնալուց առաջ թեկուզ մի քանի րոպե խորհրդածելը օգնում է նրանց եռանդով ու համարձակությամբ քարոզելու։
4. Ինչո՞ւ պետք է խորհրդածենք։
4 Երբ աղոթքով խորհրդածում ենք, Եհովային ծառայելու մեր ցանկությունը գնալով մեծանում է, մեր հոգևոր տեսողությունը սրվում է, և մենք ավելի մեծ վճռականությամբ ենք լցվում շարունակելու քարոզչական գործը։ Աստծու գլխավոր ծառան՝ Հիսուսը, մեծ օգուտներ էր քաղում խորհրդածությունից։ Իսկ մե՞նք։