Աչքդ պա՞րզ է
1. Ի՞նչ է նշանակում «պարզ աչք» ունենալ։
1 Այն, ինչի վրա կենտրոնանում է մեր աչքը, ազդում է մեր գործելակերպի վրա։ Որքա՜ն տեղին են Հիսուսի հետևյալ խոսքերը. «Եթե քո աչքը պարզ է, քո ամբողջ մարմինը լուսավոր կլինի» (Մատթ. 6։22)։ Երբ մեր աչքը հոգևորապես «պարզ» է, այն կենտրոնացած է միայն մեկ նպատակի վրա՝ կատարել Աստծու կամքը։ Այդ դեպքում մենք Թագավորությունը դնում ենք առաջին տեղում և չենք ընկնում ոչ անհրաժեշտ նյութական իրերի հետևից կամ զբաղվում այնպիսի գործերով, որոնք խանգարում են ծառայությանը։
2. Ի՞նչը կարող է բացասաբար ազդել մեր կարծիքի վրա, և ի՞նչը կօգնի մեզ։
2 Անհրաժեշտ է ինքնաքննություն անել։ Մեր կարծիքն այն մասին, թե իրականում ինչի կարիք ունենք, կարող է աղավաղվել լրատվական միջոցներով հաղորդվող գովազդների ազդեցությամբ, որոնք փորձում են ներշնչել, որ մենք այսինչ կամ այնինչ բանի կարիքն ունենք։ Նաև եթե համեմատենք մեր ունեցածը ուրիշների ունեցածի հետ, ապա դա ևս կարող է անդրադառնալ մեր կարծիքի վրա։ Նախքան այնպիսի բան ձեռնարկելը կամ գնելը, ինչը զգալի ժամանակ, դրամական միջոցներ կամ ուժ կխլի, լավ կլինի «հաշվել ծախսը»։ Դա կարող ենք անել՝ ինքներս մեզ հարցնելով. «Արդյոք սա կնպաստի՞ Եհովային մատուցած իմ ծառայությանը, թե՞ կխանգարի դրան» (Ղուկ. 14։28; Փիլիպ. 1։9–11)։ Նաև իմաստուն կլինի պարբերաբար խորհրդածել, թե ինչպես կարող ենք ավելի պարզեցնել մեր կյանքը, որպեսզի ավելին անենք ծառայության մեջ (2 Կորնթ. 13։5; Եփես. 5։10)։
3. Ի՞նչ ենք սովորում մի քրոջ օրինակից, որը փոփոխություններ անելով՝ պարզեցրեց իր կյանքը։
3 Երբ մի քույր լիաժամ ծառայություն սկսեց, նա որոշեց շարունակել ամբողջ օրով իր աշխատանքը, թեև կես օրով աշխատանքը լրիվ կբավարարեր նրա կարիքները։ Սակայն ի վերջո նա եկավ հետևյալ եզրակացության. «Ոչ ոք չի կարող ծառայել երկու տիրոջ։ Ես հասկացա, որ պետք է ձգտեմ բավարարել ոչ թե իմ ցանկությունները, այլ կարիքները։ Նաև հասկացա, որ ժամանակի ընթացքում նյութական բաները կորցնում են իրենց արժեքը, և եթե ես շարունակեի ջանալ ձեռք բերել այն ամենը, ինչ կարծում էի, թե անհրաժեշտ է, ապա ուժասպառ կլինեի»։ Նրա հանգամանքները թույլ տվեցին, որ նա փոփոխություններ անի և իր կյանքը պարզեցնի։ Քույրը փոխեց աշխատանքը և կարողացավ շարունակել ռահվիրայական ծառայությունը։
4. Ինչո՞ւ է այսօր կարևոր մեր աչքը պարզ պահել։
4 Քանի որ ապրում ենք վճռորոշ ժամանակներում, հիմա առավել քան երբևէ կարևոր է մեր աչքը պարզ պահել։ Ամեն մի անցած օր մեզ ավելի է մոտեցնում այս համակարգի վախճանին և Աստծու նոր աշխարհին (1 Կորնթ. 7։29, 31)։ Կենտրոնացած մնալով քարոզչական գործի վրա՝ մենք կփրկենք և՛ մեզ, և՛ մեզ լսողներին (1 Տիմոթ. 4։16)։