Հոկտեմբեր ամսին տարածելու ենք «Արթնացե՛ք» պարբերագրի հատուկ թողարկումը
1 Գրեթե յուրաքանչյուր մարդու բավականություն է պատճառում թռչունների դայլայլը և մայրամուտը։ Սակայն շատերը մերժում են ընդունել, որ այդ բաները ստեղծել է մեր սիրառատ երկնային Հայրը։ Մենք եզակի հնարավորություն ունենք Եհովայի արարչագործության մասին վկայություն տալու, ինչը կանենք՝ տարածելով «Արթնացե՛ք»–ի հատուկ թողարկումը (Ես. 40։28; 43։10)։ Այս պարբերագրի հոկտեմբեր–դեկտեմբեր համարը ամբողջությամբ նվիրված է «Գոյություն ունի՞ արդյոք Ստեղծիչ» թեմային։
2 Տարածքում։ Հնարավորության սահմաններում պլանավորիր ամեն շաբաթ օր ժողովի հետ մասնակցել տնետուն ծառայության։ Անշուշտ, կարող ես ազատորեն առաջարկել այս հատուկ թողարկումը շաբաթվա մյուս օրերին։ Այն հավանաբար կհետաքրքրի հատկապես ուսուցիչներին և կրթության բնագավառում աշխատող այլ մարդկանց։ Հետևաբար կարող ես հատուկ միջոցներ ձեռնարկել այցելելու համար քո տարածքում բնակվող այդպիսի մարդկանց։
3 Եթե անհատը հետաքրքրություն է ցույց տալիս, ապա նշիր մի հարց, որին դու կպատասխանես հաջորդ այցելության ժամանակ։ Օրինակ՝ կարող ես նշել այն հարցը, թե ինչու է սիրառատ Ստեղծիչը թույլ տալիս, որ այսքան շատ տառապանք գոյություն ունենա։ Ապա վերայցելության ժամանակ կարող ես ներկայացնել «Աստվածաշունչը սովորեցնում է» գրքի 1–ին կամ 11–րդ գլուխը։ Կամ կարող ես նշել այն հարցը, թե ինչ նպատակներ ունի Արարիչը երկրի առնչությամբ, և կրկնակի այցելության ժամանակ կարող ես քննարկել 3–րդ գլուխը։
4 Դպրոցում։ Եթե սովորում ես դպրոցում, ապա կարող ես «Արթնացե՛ք»–ի այս հատուկ թողարկումը որպես նվեր առաջարկել ուսուցիչներիդ կամ համադասարանցիներիդ։ Դպրոցական նստարանին տեսնելով այս պարբերագրի մեկ օրինակը՝ գուցե մյուսները մղվեն հարցեր տալ մեր հավատալիքների մասին։ Հավանաբար առիթներ կունենաս այս պարբերագրում եղած տեղեկությունները օգտագործել, երբ հարկ լինի պաշտպանելու հավատդ դասարանական քննարկումների ժամանակ կամ գրավոր առաջադրանքներ կատարելիս։ Որպես օգնություն այս համարում ընդգրկված է «Երիտասարդները հարցնում են...» խորագրի մի հոդված, որի վերնագիրն է՝ «Ինչպե՞ս կարող եմ պաշտպանել արարչագործության հանդեպ իմ հավատը»։
5 Եհովան պատվի ու փառքի է արժանի իր բոլոր ստեղծագործությունների համար (Յայտն. 4։11)։ Մենք կարող ենք մեր Արարչին պատիվ բերել, ինչպես նաև օգնել մյուսներին նույնը անել՝ եռանդորեն տարածելով «Արթնացե՛ք»–ի հոկտեմբեր–դեկտեմբեր համարը։