Գնահատո՞ւմ ես արդյոք ‘Աստծո պարգևները’
1 Երբ քեզ հարցնում են, թե գնահատո՞ւմ ես արդյոք «Աստուծոյ.... պարգեւները», հավանաբար, անմիջապես պատասխանում ես՝ այո՛։ Որո՞նք են Աստծո սուրբ պարգևներից մի քանիսը, որոնք մենք գնահատում ենք։
2 Որքա՜ն թանկ է մեզ համար այն անձնական փոխհարաբերությունը, որը մեր երկնային Հայրը թույլատրել է մեզ վայելել իր հետ։ Նա մեզ վստահեցնում է, որ եթե մենք ‘մոտենանք իրեն, նա էլ մեզ կմերձենա’ (Յակ. 4։8)։ Առանց Հիսուս Քրիստոսի քավիչ զոհաբերության ոչ ոք չի կարող հավիտենական կյանք ստանալ (Յովհ. 3։16)։ Ամեն օր Աստծուն աղոթելիս մենք մեր անկեղծ երախտագիտությունն ու մեծ գնահատանքն ենք արտահայտում այդ թանկարժեք պարգևի համար։
3 Աստծո ներշնչյալ Խոսքը՝ Աստվածաշունչը, նույնպես սուրբ պարգև է, ինչպես Եհովայի երկրային կազմակերպությունը։ Մենք պատշաճ կերպով գնահատում ենք Եհովայի հոգատարությունը, երբ ապրում ենք սուրբգրային սկզբունքների համաձայն, ամրապնդում ենք եղբայրական սիրո կապերը, ուշադրությամբ հետևում ենք աստվածապետական կարգին և համագործակցում ենք առաջնորդություն վերցնող եղբայրների հետ (Ա Պետ. 1։22)։
4 Հավատարիմ և իմաստուն ծառայի միջոցով մենք առատ հոգևոր կերակուր ենք ստանում։ Անշուշտ, նույնը ակնկալում ենք այս տարվա «Աստծո խոսքը կատարողները» վերնագրով նահանգային համաժողովից։ Համաժողովի ընթացքում մենք կարևոր ուսուցում կստանանք և կվայելենք մեր հավատակիցների ջերմ ընկերակցությունը, որի կարիքը մենք խիստ զգում ենք։ Ինչպե՞ս կարող ենք սրտանց գնահատել այսպիսի սուրբ միջոցառումը։
5 ‘Մի ձգիր’ Եհովայի տունը։ Նեեմիան խրատում էր այն իսրայելացիներին, ովքեր մեծ աշխատանք էին կատարել Երուսաղեմի պատերը վերականգնելու գործում, որպեսզի ‘չձգեին իրենց Աստծո տունը’ (Նէեմ. 10։39)։ Այսօր Աստծո «տունը» Եհովային երկրպագելու կարգավորումն է։ Նահանգային համաժողովները համարվում են դրա մի մասը։ Համաժողովը ‘չձգել’ նշանակում է ներկա գտնվել և շատ ուշադիր լինել՝ այդպիսով ցույց տալով, որ բարձր ենք գնահատում Եհովայի հայթայթած միջոցառումները (Եբր. 10։24, 25)։ Ի՞նչ պլաններ պետք է կազմես արդեն հիմա, որոնք ցույց կտան, որ բարձր ես գնահատում այդ սուրբ միջոցառումը։
6 Ներկա եղիր համաժողովի բոլոր երեք օրերին։ Հարկավոր է, որ մեզանից յուրաքանչյուրն իր գործերն այնպես կարգավորի, որպեսզի կարողանա համաժողովի երեք օրերին էլ ներկա գտնվել։ Պատրաստվո՞ւմ ես ամեն օր համաժողովն անցկացնելու վայր գալ փոքր–ինչ շուտ և մնալ մինչև եզրափակիչ աղոթքը՝ ուրբաթից մինչև կիրակի։ Եթե այո, ապա քեզ առատ օրհնություններ են սպասվում։ Համաժողովին ներկա գտնվելը միշտ չէ, որ հեշտ է լինում։ Աշխատանքային օրերի հետ կապված դժվարությունները հաղթահարելու համար, գուցե, քեզանից հաստատակամություն պահանջվի։ Կամ հնարավոր է, որ անհրաժեշտ տրանսպորտային փոխադրամիջոց չլինի։ Բայցևայնպես, թույլ մի տուր, որ այդպիսի պատճառները խոչընդոտ հանդիսանան քեզ համար համաժողով այցելելու հարցում։
7 Խորհիր ներքոհիշյալ հրաշալի օրինակի շուրջը։ Անցած տարի աֆրիկյան մի երկրում, որտեղ քաղաքացիական խռովություններ են տեղի ունենում, եղբայրների մի խումբ համաժողով գնալու ճանապարհին անսպասելիորեն հանդիպում է զինված մի խմբի։ Վերջիններս հարցնում են եղբայրներին. «Ովքե՞ր եք և ո՞ւր եք գնում»։ Եղբայրները պատասխանում են. «Մենք Եհովայի վկաներ ենք և գնում ենք նահանգային համաժողովի»։ Ի արձագանք տրված պատասխանի՝ զինվորներից մեկն ասում է. «Դո՛ւք՝ Եհովայի վկաներդ, ոչ մի բանից չեք վախենում։ Գնացե՛ք, դուք կարող եք առանց որևէ խոչընդոտի, ապահով տեղ հասնել։ Սակայն նկատի ունեցեք, որ ճանապարհին կհանդիպեք շատ զինվորների։ Միշտ քայլեք ճանապարհի մեջտեղով։ Եթե խմբված մարդկանց տեսնեք, դարձյալ շարունակեք գնալ ճանապարհի մեջտեղով»։ Եղբայրներն այդպես էլ վարվեցին և ապահով տեղ հասան։ Այդպիսով նրանք պարգևատրվեցին, քանի որ բարձր գնահատեցին Աստծո պարգևները։
8 Աֆրիկացի եղբայրների նման մե՛նք էլ դժվարություններ ունենք։ Սակայն, անշուշտ, կարող ենք ընդօրինակել նրանց հավատը և վճռական լինել նահանգային համաժողովի բոլոր օրերին ներկա լինելու համար։ Եթե ինչ–որ հարմարեցումներ անելու կարիք կա, Եհովայից առաջնորդություն խնդրիր՝ վստահ լինելով, որ նա կօրհնի համաժողովի բոլոր օրերին ներկա գտնվելու մեր ջանքերը։
9 Օրհնություններ քաղիր։ Մենք փափագում ենք Աստծո Խոսքին, որովհետև գիտենք, որ այն մեզ փրկության է առաջնորդում (Ա Պետ. 2։2)։ Նահանգային համաժողովին ներկա գտնվելը և ծրագիրը լսելը ավելի կամրապնդի Աստծո Խոսքի հանդեպ մեր հավատը, և այդպիսով ավելի՛ կարող կլինենք Սատանայի կատաղի հարձակումներին դիմակայելու։ Այսպես վարվելով՝ Եհովային ու առհասարակ մարդկանց ցույց կտանք, որ բարձր ենք գնահատում Աստծո պարգևները և որ «Աստուծմէ երես դարձնողներէն չենք, որոնք կորուստի սահմանուած են. այլ հաւատքը կը պահենք՝ մեր հոգին փրկելու համար» (Եբր. 10։39; 12։16, ՆԿ–ի նոր աշխարհաբար թարգմ.; Առակ. 27։11)։
10 Մենք կարող ենք ակնկալել, որ Եհովա Աստված ‘կբացի երկնքի պատուհանները’ և առատ հոգևոր օրհնություններ կթափի մեզ վրա (Մաղ. 3։10)։ Նպատակ դիր «Աստծո խոսքը կատարողները» նահանգային համաժողովին ներկա գտնվել հենց ուրբաթ օրվա ծրագրի սկզբից մինչև կիրակի օրվա փակման աղոթքը, ընդհուպ մինչև վերջին «Ամենը»։ Վստա՛հ եղիր՝ դա քեզ մե՜ծ ուրախություն կպատճառի...