Հաստատ կանգնիր և խուսափիր Սատանայի թակարդներից
«Հաստատ կանգնեք Բանսարկուի նենգությունների դեմ» (ԵՓԵՍ. 6։11)։
ԻՆՉՊԵ՞Ս ԿՊԱՏԱՍԽԱՆԵՍ
Ինչպե՞ս կարող է Եհովայի ծառան խուսափել նյութապաշտության թակարդն ընկնելուց։
Ի՞նչը կարող է օգնել ամուսնացած քրիստոնյային չընկնելու շնություն գործելու ծուղակը։
Քո կարծիքով՝ ինչո՞ւ է օգտակար հաստատ կանգնել և խուսափել նյութապաշտության ու սեռական անբարոյության ծուղակներից։
1, 2. ա) Սատանան ինչո՞ւ կարեկցանք չունի օծյալների և «ուրիշ ոչխարների» հանդեպ։ բ) Նախորդ հոդվածում Սատանայի ո՞ր թակարդների մասին խոսվեց։
ԲԱՆՍԱՐԿՈՒ ՍԱՏԱՆԱՆ կարեկցանք չունի մարդկանց հանդեպ, հատկապես Եհովային ծառայողների հանդեպ։ Իրականում, նա պատերազմ է մղում օծյալ մնացորդի դեմ (Հայտն. 12։17)։ Այս աննկուն քրիստոնյաները առաջնորդում են Թագավորության քարոզչության գործը մեր օրերում և հայտնում, որ այս աշխարհի իշխանը Սատանան է։ Բանսարկուն նաև չի սիրում «ուրիշ ոչխարներին», ովքեր աջակցում են օծյալներին և հավիտենական կյանքի հույս ունեն՝ հեռանկար, որից զրկված է նա (Հովհ. 10։16)։ Ուստի զարմանալի չէ, որ նա զայրացած է։ Անկախ նրանից՝ երկնային հույս ունենք, թե երկրային, Սատանային չի հետաքրքրում մեր բարօրությունը։ Նրա նպատակն է մեզ իր զոհը դարձնել (1 Պետ. 5։8)։
2 Իր նպատակին հասնելու համար Սատանան տարբեր թակարդներ, կամ՝ ծուղակներ է դրել։ Քանի որ նա կուրացրել է անհավատների մտքերը, նրանք չեն ընդունում բարի լուրը և չեն կարողանում տեսնել այդ թակարդները։ Բանսարկուն իր ծուղակն է գցում նաև այն մարդկանցից մի քանիսին, ովքեր ընդունել են Թագավորության լուրը (2 Կորնթ. 4։3, 4)։ Նախորդ հոդվածը ցույց տվեց, թե ինչպես կարող ենք խուսափել Սատանայի երեք ծուղակներից՝ 1) անկառավարելի խոսքից, 2) վախից ու ճնշումներից և 3) մեղավորության ծանր զգացումից։ Այժմ քննենք, թե ինչպես կարող ենք հաստատ կանգնել Սատանայի մյուս երկու ծուղակների դեմ։ Դրանք են՝ նյութապաշտությունը և շնություն գործելու գայթակղությունը։
ՆՅՈՒԹԱՊԱՇՏՈՒԹՅՈՒՆ. ԹԱԿԱՐԴ, ՈՐԸ ԽԵՂԴՈՒՄ Է
3, 4. Ինչպե՞ս կարող են աշխարհի հոգսերը անհատին նյութապաշտության ծուղակը գցել։
3 Իր առակներից մեկում Հիսուսը նշեց փշերի մեջ ցանված սերմի մասին։ Նա ասաց, որ անհատը կարող է լսել խոսքը, «բայց աշխարհի հոգսերը և հարստության հրապույրը խեղդեն խոսքը, և նա դառնա անպտուղ» (Մատթ. 13։22)։ Այո՛, նյութապաշտությունը այն ծուղակներից մեկն է, որն օգտագործում է մեր թշնամին՝ Սատանան։
4 Հիսուսը նշեց երկու գործոնների մասին, որոնք միասին խեղդում են խոսքը։ Այդ գործոններից մեկը «աշխարհի հոգսերն» է։ Այս «չափազանց դժվար ժամանակներում» շատ բաներ կարող են հոգս դառնալ քեզ համար (2 Տիմոթ. 3։1)։ Բարձր գների և աճող գործազրկության պատճառով գուցե հազիվ ես ծայրը ծայրին հասցնում։ Նաև թերևս անհանգստանում ես ապագայի համար ու մտածում. «Բավականաչափ եկամուտ կունենա՞մ թոշակի անցնելուց հետո»։ Այդ հոգսերի պատճառով ոմանք սկսել են հարստության հետամուտ լինել՝ կարծելով, թե փողը ապահովության երաշխիք է։
5. «Հարստության հրապույրը» ինչպե՞ս կարող է խաբուսիկ լինել։
5 Մյուս գործոնը «հարստության հրապույրն» է։ Այս գործոնը հոգսերի հետ միասին կարող է խեղդել խոսքը։ Աստվածաշունչն ընդունում է, որ «փողը պաշտպանություն է տալիս» (Ժող. 7։12)։ Սակայն իմաստուն չէ հետամուտ լինել հարստության։ Շատերը հասկացել են, որ ինչքան շատ են ձգտում հարստություն ձեռք բերել, այնքան ավելի շատ են ընկնում նյութապաշտության ծուղակը։ Ոմանք նույնիսկ դարձել են հարստության ծառան (Մատթ. 6։24)։
6, 7. ա) Աշխատավայրում ինչպե՞ս է հնարավոր նյութապաշտության ծուղակն ընկնել։ բ) Արտաժամ աշխատելու առնչությամբ ի՞նչ պետք է հաշվի առնի քրիստոնյան։
6 Գուցե սկսես ձգտել հարստության՝ նույնիսկ չգիտակցելով դա։ Նկատի առ հետևյալ իրավիճակը։ Գործատերդ մոտենում է քեզ ու ասում. «Լավ նորություն ունեմ։ Մեր ընկերությունը շահավետ պայմանագիր է կնքել։ Դա նշանակում է, որ հաջորդ մի քանի ամսվա ընթացքում հաճախ արտաժամ ենք աշխատելու։ Բայց վստահեցնում եմ, որ ջանքերդ լրիվ կփոխհատուցվեն»։ Ինչպե՞ս կարձագանքես այս առաջարկին։ Ինչ խոսք, ընտանիքին նյութապես հոգ տանելը լուրջ պարտականություն է, բայց դա քո միակ պարտականությունը չէ (1 Տիմոթ. 5։8)։ Մի քանի այլ բաներ էլ պետք է հաշվի առնես։ Որքա՞ն ես արտաժամ աշխատելու։ Աշխատանքդ կխանգարի՞ հոգևոր գործերիդ, այդ թվում ժողովի հանդիպումներին ու ընտանեկան երկրպագությանը։
7 Որոշում կայացնելիս ի՞նչը առաջնային կհամարես՝ այն, թե արտաժամյա աշխատանքը ինչպես կազդի ընտանիքիդ բյուջեի վրա, թե՞ ինչպես կազդի հոգևոր վիճակիդ վրա։ Ավելի շատ փող վաստակելու ցանկությունը պատճառ կհանդիսանա՞, որ Թագավորության շահերն այլևս առաջին տեղում չդնես։ Հասկանո՞ւմ ես, թե նյութապաշտությունը ինչ ազդեցություն կարող է թողնել քեզ վրա, եթե ուշադրություն չդարձնես քո և ընտանիքիդ հոգևորին։ Եթե այժմ այդպիսի իրավիճակում ես, ինչպե՞ս կարող ես հաստատ կանգնել և թույլ չտալ, որ նյութապաշտությունը խեղդի քեզ (կարդա՛ 1 Տիմոթեոս 6։9, 10)։
8. Սուրբգրային ո՞ր օրինակները կարող են օգնել վերանայելու մեր ապրելակերպը։
8 Նյութապաշտության մեջ խեղդվելուց խուսափելու համար ժամանակ առ ժամանակ վերանայիր քո ապրելակերպը։ Անշուշտ, դու չես ուզի նմանվել Եսավին, որն իր գործերով ցույց տվեց, որ արհամարհում է հոգևոր բաները (Ծննդ. 25։34; Եբր. 12։16)։ Եվ չես ուզի նաև նմանվել այն հարուստ մարդուն, որը չընդունեց Հիսուսի հետևորդը դառնալու հրավերը։ Հիսուսը նրան ասաց, որ վաճառի իր ունեցվածքը, բաժանի աղքատներին և իրեն հետեվի։ Սակայն այդպես վարվելու փոխարեն՝ նա «տրտմած հեռացավ, որովհետև շատ ունեցվածք ուներ» (Մատթ. 19։21, 22)։ Հարստության թակարդն ընկնելով՝ նա կորցրեց երբևէ ապրած մեծագույն մարդու հետևորդը դառնալու առանձնաշնորհումը։ Զգույշ եղիր, որ դու էլ չկորցնես Հիսուս Քրիստոսի աշակերտը լինելու մեծ առանձնաշնորհումը։
9, 10. Ո՞րն է Աստվածաշնչի տեսակետը նյութական բաների վերաբերյալ։
9 Հիսուսի հետևյալ հորդորին ուշադրություն դարձնելը կօգնի չափից շատ չմտահոգվելու նյութական բաների համար։ Նա ասաց. «Երբեք մի՛ մտահոգվեք՝ ասելով, թե՝ «ի՞նչ պիտի ուտենք», «ի՞նչ պիտի խմենք» կամ «ի՞նչ պիտի հագնենք», որովհետև ազգերն են, որ ջանում են ձեռք բերել այդ բաները։ Իսկ ձեր երկնային Հայրը գիտի, որ այդ բոլոր բաները անհրաժեշտ են ձեզ» (Մատթ. 6։31, 32; Ղուկ. 21։34, 35)։
10 Հարստության հրապույրի զոհը դառնալու փոխարեն՝ ձգտիր ունենալ այն մտածելակերպը, որն ուներ Ագուրը՝ Աստվածաշունչը գրողներից մեկը։ Նա գրեց. «Թույլ մի՛ տուր, որ չափազանց աղքատ կամ չափազանց հարուստ լինեմ։ Տո՛ւր ինձ այն, ինչի կարիքը որ ունեմ» (Առակ. 30։8, Contemporary English Version)։ Հստակ է, որ Ագուրը լավ էր հասկանում փողի պաշտպանիչ դերը, սակայն նաև գիտակցում էր, որ հարստությունը զորություն ունի հրապուրելու։ Մենք պետք է գիտակցենք, որ այս աշխարհի մտահոգությունները և հարստության հրապույրը կարող են հոգևորապես կործանել մեզ։ Նյութական բաների համար չափից շատ մտահոգվելը կարող է խլել ժամանակդ, քամել ուժերդ և մեջդ ցանկություն չթողնել Թագավորության շահերը առաջ տանելու համար։ Ուստի վճռիր չընկնել նյութապաշտության թակարդը (կարդա՛ Եբրայեցիներ 13։5)։
ՇՆՈՒԹՅՈՒՆ. ՀՄՏՈՐԵՆ ՔՈՂԱՐԿՎԱԾ ՓՈՍ
11, 12. Ինչպե՞ս կարող է քրիստոնյան աշխատավայրում անբարոյության ծուղակն ընկնել։
11 Որսորդները մեծ կենդանի բռնելու համար փոս են փորում այնտեղ, որտեղով հաճախ անցնում է այդ կենդանին։ Փոսը քողարկում են բարակ ճյուղերով և վրան հող լցնում։ Անբարոյությունը, որը Սատանայի ամենաարդյունավետ ծուղակներից մեկն է, նման է այս ծուղակին (Առակ. 22։14; 23։27)։ Քրիստոնյաներից ոմանք ընկել են այդ փոսը, քանի որ չեն խուսափել այնպիսի իրավիճակներից, որոնցում հեշտ է տեղի տալ գայթակղությանը։ Որոշ ամուսնացած քրիստոնյաներ ռոմանտիկ հարաբերություններ են զարգացրել մեկ այլ անհատի հետ և արդյունքում շնություն գործել։
12 Այդպիսի բան կարող է տեղի ունենալ, օրինակ, աշխատանքի վայրում։ Մի հետազոտության արդյունքում պարզվել է, որ շնություն գործած կանանց կեսից ավելին և տղամարդկանցից 4-ից 3-ը սեռական հարաբերություն են ունեցել իրենց աշխատակցի հետ։ Եթե հակառակ սեռի ներկայացուցչի հետ ես աշխատում, ինչպիսի՞ փոխհարաբերություններ ունես նրա հետ։ Սահմաններ դրե՞լ ես, որպեսզի այդ հարաբերությունները լինեն պարզապես գործնական և դրանից այն կողմ չանցնեն։ Օրինակ՝ քրիստոնյա քույրը գուցե հաճախ զրույցի բռնվի տղամարդ աշխատակցի հետ։ Հնարավոր է՝ վերջինս նրա համար դառնա վստահելի անձնավորություն և նա սկսի խոսել նույնիսկ իր ամուսնական խնդիրների մասին։ Կամ քրիստոնյա եղբայրը, որը ընկերական փոխհարաբերություններ ունի կին աշխատակցի հետ, գուցե այսպես մտածի. «Նա հաշվի է առնում իմ կարծիքը և լսում է ինձ, երբ խոսում եմ նրա հետ։ Նա գնահատում է ինձ։ Երանի՜ թե իմ կինն էլ այդպիսին լիներ»։ Տեսնո՞ւմ ես, թե որտեղ կարող են թաքնված լինել անբարոյություն գործելու վտանգները։
13. Ինչպե՞ս կարող են ոչ տեղին ռոմանտիկ հարաբերություններ զարգանալ ժողովում։
13 Ոչ տեղին ռոմանտիկ փոխհարաբերություններ կարող են զարգանալ նաև ժողովի ներսում։ Դանիելն ու նրա կինը՝ Սառանa, լիաժամ ռահվիրաներ էին։ Դանիելը երեց էր և, ինչպես ինքն է ասում, երբեք ոչ մեկին չէր մերժում, երբ օգնության կարիք էր լինում։ Նա հոժարակամորեն ստանձնում էր ցանկացած առանձնաշնորհում։ Դանիելը հինգ երիտասարդ տղամարդկանց հետ Աստվածաշնչի ուսումնասիրություն էր անցկացնում, որոնցից երեքը մկրտվեցին։ Այս նոր մկրտված եղբայրները դեռ օգնության մեծ կարիք ունեին։ Քանի որ Դանիելը զբաղված էր լինում իր աստվածապետական նշանակումներով, հաճախ Սառան էր օգնում նրանց։ Հետևյալ իրավիճակն էր ստեղծվել. այդ եղբայրները էմոցիոնալ օգնության կարիք ունեին և դա ստանում էին Սառայից։ Սառան ուշադրության կարիք ուներ և դա ստանում էր այդ անհատներից։ Մահացու թակարդը պատրաստ էր։ «Ամիսներ շարունակ նրանց օգնելով՝ Սառան թե՛ հոգևոր և թե՛ էմոցիոնալ առումով սպառվել էր,— ասում է Դանիելը։— Այդ ընթացքում ես ուշադիր չէի նրա հանդեպ, և դա աղետալի հետևանք ունեցավ։ Կինս այդ տղամարդկանցից մեկի հետ անբարոյություն գործեց։ Նա աչքիս առաջ հոգևորապես թուլացել էր, իսկ ես այնքան զբաղված էի իմ առանձնաշնորհումներով, որ չէի նկատել»։ Ինչպե՞ս կարող ես խուսափել այսպիսի ողբերգությունից։
14, 15. Ի՞նչը կարող է օգնել ամուսնացած քրիստոնյաներին խուսափելու շնություն գործելու ծուղակից։
14 Շնության ծուղակից խուսափելու համար խորհիր, թե ինչ է նշանակում ամուսնական հավատարմությունը։ Հիսուսն ասաց. «Ինչ որ Աստված միավորեց մեկ լծի տակ, թող մարդը չբաժանի» (Մատթ. 19։6)։ Երբեք մի՛ մտածիր, թե քո աստվածապետական առանձնաշնորհումները ավելի կարևոր են, քան կողակիցդ։ Նաև իմացիր, որ առանց պատճառի հաճախ կողակցից հեռու լինելը կարող է թուլացնել ամուսնական կապը և տանել փորձության ու հնարավոր է՝ լուրջ մեղքի։
15 Եթե երեց ես, պետք է հոգ տանես ժողովի մասին։ Պետրոս առաքյալը գրեց. «Հովվեք ձեր հոգածությանը հանձնված Աստծու հոտը ոչ թե հարկադրաբար, այլ հոժարակամորեն, ոչ թե անազնիվ շահասիրությունից դրդված, այլ ջանասիրությամբ» (1 Պետ. 5։2)։ Ճիշտ է, քո հոգածության տակ գտնվող ժողովի անդամները չպետք է անտեսվեն, սակայն հովվի քո պարտականությունը չպետք է կատարես՝ անտեսելով ընտանիքում ունեցած ամուսնու քո դերը։ Խելամիտ չի լինի ողջ ուշադրությունը կենտրոնացնել ժողովին հոգևորապես սնուցանելու վրա այն դեպքում, երբ կողակիցդ տանը «սովամահ» է լինում։ Դա նույնիսկ վտանգավոր է։ Դանիելն ասում է. «Ժողովի պարտականությունները չպետք է կատարել ընտանիքի հաշվին»։
16, 17. ա) Ռոմանտիկ հարաբերություններից զգուշանալու համար աշխատավայրում ի՞նչ գործնական քայլեր կարող են ձեռնարկել ամուսնացած քրիստոնյաները։ բ) Բե՛ր տպագրված նյութի օրինակ, որը կարող է օգնել քրիստոնյաներին խուսափելու շնությունից։
16 Շնություն գործելու ծուղակից խուսափելու համար ամուսնացած քրիստոնյաներին լավ խորհուրդներ են տրվում «Դիտարան» և «Արթնացե՛ք» պարբերագրերում։ Օրինակ՝ 2006թ. սեպտեմբերի 15-ի «Դիտարանում» հետևյալն է գրված. «Աշխատավայրում կամ որևէ այլ տեղ զգուշացիր այնպիսի իրավիճակներից, որոնք կարող են հակառակ սեռի հետ սերտ շփման առիթներ ստեղծել։ Օրինակ՝ եթե հարկավոր է արտաժամ աշխատել, և դու պետք է սերտորեն համագործակցես հակառակ սեռի ներկայացուցչի հետ, ապա կարող է վտանգավոր իրավիճակ առաջանալ։ Դու պետք է թե՛ խոսքով, թե՛ վարքով հստակորեն ցույց տաս, որ չես ցանկանում ռոմանտիկ կապերի մեջ մտնել, քանի որ ամուսնացած ես։ Լինելով Աստծուն նվիրված անհատ՝ անշուշտ չես ցանկանա անհարկի ուշադրություն գրավել՝ ֆլիրտ անելով կամ անհամեստ հագուկապ ունենալով.... Կողակցիդ և երեխաներիդ լուսանկարները աշխատավայրում պահելը քեզ և ուրիշներին կծառայի որպես տեսանելի հիշեցում, որ քո ընտանիքը թանկ է քեզ համար։ Մի՛ խրախուսիր ռոմանտիկ առաջարկներ քո հանդեպ, և նույնիսկ մի՛ հանդուրժիր դրանք»։
17 «Արթնացե՛ք»-ի 2009 թ. հուլիս-սեպտեմբեր ամիսների համարում «Ամուսնական հավատարմություն. ի՞նչ է դա նշանակում» հոդվածը նախազգուշացնում էր, թե որքան վտանգավոր է երազել մեկ այլ անհատի մասին, որը քո կողակիցը չէ։ Նաև բացատրում էր, որ ռոմանտիկ երազանքները մեծացնում են շնություն գործելու հավանականությունը (Հակ. 1։14, 15)։ Եթե ամուսնացած ես, իմաստուն կլինի ժամանակ առ ժամանակ կողակցիդ հետ աչքի անցկացնել այսպիսի հոդվածները։ Ամուսնության Հիմնադիրը Եհովա Աստվածն է, ուստի ամուսնությունը սուրբ է։ Ժամանակ հատկացնելով, որ խոսեք ձեր ամուսնական հարաբերությունների մասին, ցույց կտաք, որ գնահատում եք սուրբ բաները (Ծննդ. 2։21–24)։
18, 19. ա) Ի՞նչ հետևանքներ է ունենում շնությունը։ բ) Ի՞նչ օգուտներ է բերում ամուսնական հավատարմությունը։
18 Եթե կանգնած ես ոչ տեղին ռոմանտիկ հարաբերություններ զարգացնելու գայթակղության առաջ, խորհիր պոռնկության և շնության կործանարար հետևանքների մասին (Առակ. 7։22, 23; Գաղ. 6։7)։ Անբարոյություն գործող անհատը տհաճեցնում է Եհովային և վնասում է թե՛ իր կողակցին, թե՛ իրեն (կարդա՛ Մաղաքիա 2։13, 14)։ Մտածիր նաև այն օգուտների մասին, որ բերում է անարատ վարքը։ Այդպիսի վարք դրսևորելով՝ ոչ միայն հավիտյան ապրելու հույս կունենաս, այլև կյանքի լավագույն ուղով կընթանաս և մաքուր խիղճ կունենաս (կարդա՛ Առակներ 3։1, 2)։
19 Սաղմոսերգուն երգեց. «Շատ է [Աստծու] օրենքը սիրողների խաղաղությունը, և նրանց համար գայթակղության քար չկա» (Սաղ. 119։165)։ Ուստի սիրիր ճշմարտությունը և «ամենայն ուշադրությամբ հետևիր», որ այս չար ժամանակներում «վարվես ոչ թե անմիտների պես, այլ իմաստունների» (Եփես. 5։15, 16)։ Ճանապարհը, որով մենք անցնում ենք, լի է թակարդներով, որոնք Սատանան դրել է ճշմարիտ երկրպագուների համար։ Սակայն մենք սպառազինված ենք պաշտպանվելու համար։ Եհովան տվել է մեզ ամեն անհրաժեշտ բան, որպեսզի կարողանանք «հաստատ կանգնել» և «հանգցնել Չարի կրակոտ նետերը» (Եփես. 6։11, 16)։
[ծանոթագրություն]
a Անունները փոխված են։
[նկար 26-րդ էջի վրա]
Նյութապաշտությունը կարող է հոգևորապես խեղդել անհատին։ Թույլ մի՛ տուր, որ քեզ նման բան պատահի
[նկար 29-րդ էջի վրա]
Ֆլիրտ անելը կամ դրան արձագանքելը կարող է շնություն գործելու ծուղակ դառնալ