Հիսուս Քրիստոս. ի՞նչ ազդեցություն ունի նրա պատգամը
«Անկասկած, Կափառնայումից դուրս եկած Հիսուսի իմաստության ամենամեծ վկայությունն այն է, որ նա դեռ շարունակում է մեծ ազդեցություն ունենալ մարդկանց սրտերի և մտքերի վրա»a (ԳՐՈՂ ԳՐԵԳ ԻՍԹԵՐԲՐՈՒԿ)։
ԽՈՍՔԵՐԸ հաճախ մեծ ազդեցություն են թողնում։ Իմաստուն խոսքերը կարող են հույս ներշնչել, սիրտ ջերմացնել, անգամ փոխել մարդու կյանքը։ Բացի Հիսուս Քրիստոսից, ուրիշ ոչ մի անձնավորություն երբևէ ավելի զորեղ խոսքեր չի ասել։ Նրա աշակերտներից մեկը, որը լսել էր Հիսուսի հանրաճանաչ Լեռան քարոզը, հետագայում գրեց. «Երբ Հիսուսը վերջացրեց այս խոսքերը, ժողովուրդը ապշած էր մնացել նրա սովորեցնելու կերպի վրա» (Մատթեոս 7։28)։
Առայսօր Հիսուսի խոսքերը ճանաչված են ամբողջ աշխարհում։ Ահա դրանցից մի քանիսը։
«Չեք կարող ծառայել և՛ Աստծուն, և՛ Հարստությանը» (Մատթեոս 6։24)։
«Ամեն ինչում, ինչպես ուզում եք, որ մարդիկ ձեզ անեն, այդպես էլ դո՛ւք արեք նրանց» (Մատթեոս 7։12)։
«Կայսրինը կայսրին տվեք, իսկ Աստծունը՝ Աստծուն» (Մատթեոս 22։21)։
«Ավելի շատ երջանկություն կա տալու, քան թե ստանալու մեջ» (Գործեր 20։35)։
Անշուշտ, Հիսուսը միայն գեղեցիկ խոսքեր չասաց։ Այն պատգամը, որ նա քարոզում էր, զորեղ էր, քանի որ հայտնում էր Աստծու մասին ճշմարտությունը, սովորեցնում էր մարդկանց, թե ինչպես գտնել կյանքի իմաստը, հստակ բացատրում էր, որ ցավն ու տառապանքը միայն Աստծու Թագավորությունը կվերացնի։ Հաջորդ հոդվածները ընթերցելիս կտեսնենք, թե ինչու է Հիսուսը մեծ ազդեցություն թողել միլիոնավոր մարդկանց «սրտերի ու մտքերի վրա»։
[Ծանոթագրություն]
a Կափառնայումը համարվել է Հիսուսի հայրենի քաղաքը, որը գտնվում էր Գալիլեայի շրջանում (Մարկոս 2։1)։