Մեր ընթերցողները հարցնում են
Սատանան իրակա՞ն անձնավորություն է
Աստվածաշունչը սովորեցնում է, որ Բանսարկու Սատանան իրական անձնավորություն է։ Սակայն քննադատները ծաղրանքով են վերաբերվում այս փաստին։ Նրանք ասում են, որ Սատանան ընդամենը մարդկանց մեջ գոյություն ունեցող չարությունն է։
Պե՞տք է արդյոք մեզ զարմացնի այն, որ Սատանայի ինքնության մասին տարբեր տեսակետներ կան։ Իհարկե ոչ։ Պարզաբանենք օրինակով. հանցագործը մաքրում է հանցանքի վայրում թողած իր մատնահետքերը՝ իր ինքնությունը գաղտնի պահելու համար, որպեսզի ստվերում մնա և շարունակի իր չար գործերը։ Նմանապես, Սատանան է փորձում ստվերում մնալ՝ շարունակելով բարոյապես քայքայել մարդկային հասարակությունը։ Հիսուսը հստակ ասաց, թե ով է Սատանան. նա մարդկության մեջ տիրող չարության համար պատասխանատուն է։ Աստծու Որդին Սատանային կոչեց «այս աշխարհի իշխան» (Հովհաննես 12։31)։
Որտեղի՞ց առաջ եկավ Սատանան։ Նա ստեղծված էր որպես կատարյալ ոգեղեն էակ, որն ապրելու էր երկնքում։ Սակայն այս ըմբոստ հրեշտակը իրեն Սատանա դարձրեց, երբ ցանկացավ, որ մարդիկ իրեն պաշտեն՝ Աստծուն երկրպագելու փոխարեն։ Աստվածաշնչում արձանագրված է Հիսուսի և Սատանայի զրույցը, որն օգնում է բացահայտելու վերջինիս փառասիրությունը։ Սատանան ցանկացավ, որ Հիսուսն «ընկնի ու երկրպագություն անի» իրեն (Մատթեոս 4։8, 9)։
Նմանապես, «Յոբ» գրքում արձանագրված երկխոսությունը, որ տեղի է ունեցել Աստծու և Սատանայի միջև, օգնում է մեզ տեսնելու վերջինիս նպատակները. նա ամեն բան կանի, որ ստիպի մարդկանց ուրանալ Աստծուն (Յոբ 1։13–19; 2։7, 8)։
Մտածիր հետևյալի մասին. եթե Սատանան խոսեց Եհովա Աստծու և Հիսուս Քրիստոսի հետ, ապա ինչպե՞ս նա կարող է լինել ընդամենը բանական էակների մեջ գոյություն ունեցող չարություն։ Աստծու և նրա Որդու մեջ բացարձակապես չարություն չկա։ Պարզ է ուրեմն, որ Սատանան իրական անձնավորություն է, չար ոգեղեն էակ, որը չի հարգում ո՛չ Եհովային և ո՛չ էլ Հիսուսին։
Մարդկության ապականված գործերը վկայում են այն մասին, որ Սատանան իրական անձնավորություն է։ Օրինակ՝ շատ երկրներում սննդամթերքի պաշարները փչանում են, մինչդեռ մարդիկ տառապում են թերսնումից։ Կառավարությունները զենքեր են կուտակում մասսայական ոչնչացման համար։ Մարդիկ աղտոտում են երկիրը։ Այդուհանդերձ, շատերը չեն տեսնում մարդկանց՝ ատելությամբ լի և ինքնակործանման տանող գործերի պատճառը։ Ինչո՞ւ։
Աստվածաշունչը հայտնում է, որ Սատանան «կուրացրել է անհավատների մտքերը» (2 Կորնթացիներ 4։4)։ Նա ունի իր անտեսանելի կազմակերպությունը և կոչվում է «դևերի իշխան» (Մատթեոս 12։24)։ Օրինակ՝ հանցագործների մեծ խմբի ղեկավարը կարող է իրագործել իր նպատակները, անկախ այն բանից՝ նրա բոլոր ենթակաները անձամբ ճանաչում են իրեն, թե ոչ։ Նույն ձևով էլ Սատանան իր կազմակերպության՝ չար հրեշտակների միջոցով ղեկավարում է մարդկանց, որոնք մեծ մասամբ չգիտեն, թե ինչ դեր կամ ազդեցություն ունի նա։
Որքա՜ն երախտապարտ պետք է լինենք, որ Աստվածաշունչը քողազերծում է Սատանայի ինքնությունը և հայտնում է նրա կազմակերպության մասին։ Ուստի մենք կարող ենք դիմադրել Սատանայի ազդեցությանը։ Աստծու Խոսքը հորդորում է. «Հպատակվե՛ք Աստծուն, բայց հակառակվե՛ք Բանսարկուին, և նա կփախչի ձեզանից» (Հակոբոս 4։7)։