Մոտեցեք Աստծուն
Ի՞նչ է Եհովան խնդրում մեզնից
ՀԱՃԱԽ դժվար է լինում որոշել՝ հնազանդվե՞լ, թե՞ ոչ։ Երբ բարձր դիրք ունեցող անհատը կոպիտ է և խստապահանջ, հպատակները դժկամությամբ են հնազանդվում նրան։ Սակայն Եհովա Աստծուն երկրպագողները հոժարակամորեն են հնազանդվում նրան։ Ո՞րն է պատճառը։ Եկեք քննենք Մովսեսի խոսքերը՝ արձանագրված Բ Օրինաց 10։12, 13 համարներումa։
Աստծու պահանջները ամփոփելուց հետո Մովսեսը մի հարց բարձրացրեց. «Ի՞նչ է պահանջում [«խնդրում», ՆԱ] քեզանից քո Եհովայ Աստուածը» (համար 12)։ Աստված իրավունք ունի մեզնից պահանջելու այն, ինչ կամենա։ Նա է Գերիշխանը և կյանքի Աղբյուրը (Սաղմոս 36։9; Եսայիա 33։22)։ Թեև Եհովան կարող է պահանջել, որ հնազանդվենք իրեն, սակայն նա չի ստիպում։ Աստված ուզում է, որ «ի սրտե հնազանդ լինենք» (Հռոմեացիներ 6։17)։
Ի՞նչը կարող է մղել մեզ հոժարակամորեն հնազանդվելու Աստծուն։ Մովսեսը խոսեց այդ մասին, երբ ասաց. «Քո Եհովայ Աստուածանից վախենաս»b (համար 12)։ Այս վախը սարսափի զգացում չէ, որն առաջանում է վատ հետևանքների մասին մտածելուց։ Այն առողջ վախի զգացում է, որ մարդն ունենում է Աստծու հանդեպ խոր հարգանքից և ակնածանքից մղված։ Եթե խորապես հարգում ենք Աստծուն, ապա կխուսափենք նրան տհաճեցնելուց։
Սակայն հիմնականում ի՞նչը պետք է մղի մեզ հնազանդվելու Աստծուն։ Մովսեսն ասաց. «Նորան [Եհովային] սիրես, եւ պաշտես քո Եհովայ Աստուծուն բոլոր սրտովդ եւ բոլոր հոգիովդ» (համար 12)։ Աստծու հանդեպ սերը հիմնված չէ միայն զգացմունքների վրա։ Մի աշխատության մեջ ասվում է. «Եբրայերեն զգացական բայերը երբեմն կարող են արտահայտել տվյալ զգացմունքով պայմանավորված գործողություն»։ Նույն աղբյուրում նաև գրված է, որ սիրել Աստծուն նշանակում է նրա հետ «սիրով վարվել»։ Այլ կերպ ասած՝ եթե իսկապես սիրենք Աստծուն, մենք կվարվենք այնպես, ինչպես իրեն է հաճելի (Առակաց 27։11)։
Ո՞ր հարցերում պետք է հնազանդվենք Աստծուն։ Մովսեսն ասաց. «Նորա [Աստծու] ամեն ճանապարհներումը գնաս» (համար 12)։ Եհովան ցանկանում է, որ կատարենք իր բոլոր ասածները։ Իսկ հնարավո՞ր է, որ տուժենք լիովին հնազանդվելու պատճառով։ Ո՛չ։
Մեր հոժարակամ հնազանդությունը օրհնություններ կբերի։ Մովսեսը գրեց. «Պատուիրանքները պահիր, ....որ քեզ համար լաւ լինի» (համար 13)։ Այո՛, ցանկացած պատվիրան, որ տալիս է Եհովան, և ցանկացած բան, որ նա խնդրում է մեզնից, մեր բարիքի համար է։ Այլ կերպ չէր կարող լինել։ Աստվածաշունչն ասում է. «Աստված սեր է» (1 Հովհաննես 4։8)։ Ուստի Եհովան տալիս է միայն այնպիսի պատվիրաններ, որոնք ծառայում են մեր օգտին (Եսայիա 48։17)։ Դրանք կպաշտպանեն մեզ այսօր շատ վտանգներից, իսկ Աստծու Թագավորության ժամանակ անվերջ օրհնություններ կբերեն մեզc։
Հնազանդվե՞լ, թե՞ ոչ։ Եհովայի պահանջներին իմաստուն կլինի հնազանդվել ամբողջությամբ և հոժարակամորեն։ Եթե այդպես վարվենք, մենք ավելի կմոտենանք Եհովային՝ սիրո Աստծուն, որը մեզ բարիք է կամենում։
[ծանոթագրություններ]
a Թեև Մովսեսի խոսքերն ուղղված էին հնում ապրած իսրայելացիներին, սակայն դրանցում ամփոփված սկզբունքը կիրառելի է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են այսօր հաճեցնել Աստծուն (Հռոմեացիներ 15։4)։
b «Բ Օրինաց» գրքում Մովսեսը բազմիցս շեշտում է այն միտքը, որ Աստծու ծառաներն իրենց կյանքում պետք է առաջնորդվեն աստվածավախությամբ (Բ Օրինաց 4։10; 6։13, 24; 8։6; 13։4; 31։12, 13)։
c Լրացուցիչ տեղեկությունների համար տե՛ս «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքի 3–րդ գլուխը, որի վերնագիրն է՝ «Ո՞րն է Աստծու նպատակը երկրի առնչությամբ»։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։