«Գաղաադի» 125–րդ դասարանի ավարտական ծրագիրը
Միսիոներնե՛ր, եղե՛ք Երեմիայի պես
«ԳԱՂԱԱԴԻ» այս դասարանը պատմական է»,— հայտարարեց Կառավարիչ մարմնի անդամ Ջեֆրի Ջեքսոնը։ Նա այս խոսքերն ուղղեց 6 156 ունկնդիրներին, որոնք ներկա էին «Դիտարանի» աստվածաշնչյան «Գաղաադ» դպրոցի 125–րդ դասարանի ավարտականին։ Միջոցառումը տեղի ունեցավ 2008 թ. սեպտեմբերի 13–ին։ Շրջանավարտները 56–ն էին։ Ինչո՞ւ եղբայր Ջեքսոնը 125–րդ դասարանը անվանեց «պատմական»։ Որովհետև «Գաղաադ» դպրոցն արդեն տվել է 8 000–ից ավելի միսիոներ, որոնք ուղարկվել են «մինչև երկրի ամենահեռավոր վայրերը» (Գործ. 1։8)։
Եղբայր Ջեքսոնը, որ ծրագրի նախագահողն էր, հարցրեց. «Ձեր ծառայությունն ավելի արդյունավետ կդառնա՞, եթե մարդիկ ձեզ վստահեն»։ Հետո նա թվարկեց չորս բաներ, որոնք մարդուն դարձնում են վստահելի. նա պետք է ունենա ճիշտ տրամադրվածություն, լինի լավ օրինակ, սովորեցնի բացառապես Աստծու Խոսքի հիման վրա և կենտրոնանա Եհովայի անվան հռչակման վրա։
Դեյվիդ Շեյֆերը, որ ծառայում է Ուսումնական կոմիտեում, ներկայացրեց «Արդյոք կհասկանա՞ք ամեն բան» ելույթը։ Նա ուսանողներին վստահեցրեց, որ նրանք կհասկանան «ամեն բան», ինչ անհրաժեշտ է միսիոներ ծառայելու համար, եթե շարունակեն փնտրել Եհովային ու խոնարհաբար ընդունեն «հավատարիմ և իմաստուն ծառայի» առաջնորդությունը (Առակ. 28։5; Մատթ. 24։45)։
Կառավարիչ մարմնի անդամ Ջոն Բարը հանդես եկավ «Թող ոչինչ չբաժանի ձեզ Աստծու սիրուց» ելույթով։ Նրա հայրական խոսքը ցրեց շրջանավարտների և նրանց ծնողների մտավախությունը՝ կապված նոր նշանակման հետ։ «Աստծու սիրո մեջ մնալը ամենից ապահով, ամենից հարմարավետ վայրն է»,— շեշտեց եղբայր Բարը։ Ոչինչ չի կարող բաժանել միսիոներներին Աստծու սիրուց, եթե հենց իրենք՝ միսիոներները, չհեռանան Աստծուց։
Սեմ Ռոբերսոնը, որ ծառայում է աստվածապետական դպրոցների բաժնում, ներկաներին հորդորեց հագնել «լավագույն հագուստը»։ Ուսումնասիրելով Հիսուսի գործերը և կիրառելով սովորածը կյանքում՝ շրջանավարտները կարող են «հագնել Տեր Հիսուս Քրիստոսին» (Հռոմ. 13։14)։ Հաջորդ թեման ներկայացրեց նույն բաժնի վերակացու Ուիլյամ Սեմյուելսոնը։ Նա նշեց, որ մարդը պատվավոր է դառնում այն ժամանակ, երբ Աստված է նրան այդպիսին համարում։
Ուսուցիչներից մեկը՝ Մայքլ Բարնետը, հարցազրույց անցկացրեց ուսանողների հետ։ Նրանք պատմեցին դեպքեր քարոզչական ծառայությունից։ Թեև շրջանավարտների մեծամասնությունը «Գաղաադում» (Նյու Յորք, Պատերսոն) սովորելու ընթացքում նշանակվել էր քարոզելու լավ մշակված տարածքում, այնուամենայնիվ, նրանք գտան հետաքրքրվող մարդկանց։ Ջերալդ Գրիզլը, որ ծառայում է համաժողովների բաժնում, հարցազրույց անցկացրեց երեք եղբայրների հետ, ովքեր եկել էին սովորելու մասնաճյուղի կոմիտեի անդամների համար անցկացվող դպրոցում։ Շրջանավարտները ավելի լավ պատկերացրին, թե ինչ է իրենց սպասում օտարերկրյա նշանակումներում։
«Եղիր Երեմիայի պես» ելույթը ներկայացրեց Կառավարիչ մարմնի անդամ Դեյվիդ Սփլեյնը։ Նա ինքը սովորել է 42–րդ դասարանում։ Երեմիան մտավախություն ուներ իր նշանակման հետ կապված, բայց Եհովան զորացրեց նրան (Երեմ. 1։7, 8)։ Աստված նույնը կանի նոր միսիոներների համար։ «Եթե ինչ–որ մեկի հետ խնդիր ունես,— ասաց եղբայր Սփլեյնը,— նստիր ու գրիր այդ անհատի տասը հատկություններ, որոնք քեզ դուր են գալիս։ Եթե դրանք տասի չեն հասնում, ուրեմն լավ չես ճանաչում նրան»։
Երեմիան անձնազոհ էր։ Երբ նա վհատվեց, աղոթեց Եհովային, և նա նրան օգնեց (Երեմ. 20։11)։ Եղբայր Սփլեյնն ասաց. «Վհատության պահերին բաց արեք ձեր սիրտը Եհովայի առաջ։ Դուք կզարմանաք, երբ տեսնեք, թե ինչպես է նա օգնում ձեզ»։
Ծրագրի վերջում նախագահողը կրկին նշեց, որ շրջանավարտները սովորել են, թե ինչպես կարող են վստահելի դառնալ։ Երբ մարդիկ հասկանան, որ կարող են վստահել միսիոներներին, վերջիններիս քարոզած լուրը ավելի ազդու կդառնա (Ես. 43։8–12)։
[նկար 22–րդ էջի վրա]
ԴԱՍԱՐԱՆԻ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ
Ներկայացված երկրների թիվը՝ 6
Նշանակման երկրները՝ 21
Ուսանողների թիվը՝ 56
Միջին տարիքը՝ 32,9
Ճշմարտության մեջ անցկացրած տարիների միջինը՝ 17,4
Լիաժամ ծառայության մեջ անցկացրած տարիների միջինը՝ 13
[նկար 23–րդ էջի վրա]
«Դիտարանի» աստվածաշնչյան «Գաղաադ» դպրոցի 125–րդ դասարանի շրջանավարտները
Հետևյալ ցուցակում շարքերի թվարկումը սկսվում է ներքևից վերև, իսկ անուններինը՝ ըստ շարքերի՝ ձախից աջ։
1) Հոջսոն Ա., Ուոլ Ա., Բիրենս Ք., Հորտելանո Մ. Նյուման Լ., Դե Կասո Ա., 2) Ջենկինզ Ջ., Ջարզեմսկի Թ., Մենդես Ն., Քորոնա Վ., Քանալիտա Լ., 3) Ֆրայեր Հ., Սավիջ Մ., Թիդվել Կ., էրիկսոն Ն., Դիկ է., Մակբեթ Ռ., 4) Պերեզ Լ., Փյուզ Լ., Սկիդմոր Ա., Յանգ Բ., Մակբրայդ Ն., Ռոնդոն Փ., Գուդման է., 5) Բիրենս Մ., Ֆերգուսոն Ջ., Փիրսոն Ն., Չապման Լ., Ուորդլ Ջ., Քանալիտա Մ., 6) Պերեզ Պ., Դե Կասո Դ., Յանգ Թ., Ռոնդոն Դ., Գուդման Գ., Ջենկինզ Մ., Դիկ Գ., 7) Քորոնա Մ., Ուոլ Ռ., Փյուզ Ս., Մենդես Ֆ., Ջարզեմսկի Ս., Սավիջ Թ., 8) Նյուման Ք., Ֆերգուսոն Դ., Սկիդմոր Դ., էրիկսոն Թ., Մակբրայդ Ջ., Փիրսոն Մ., Չապման Մ., 9) Հոջսոն Ք., Ուորդլ Ա., Մակբեթ Ա., Թիդվել Թ., Ֆրայեր Ջ., Հորտելանո Ջ.։