Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w08 7/1 էջ 18–20
  • Օգնեք ձեր երեխային՝ դիմանալու վշտին

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Օգնեք ձեր երեխային՝ դիմանալու վշտին
  • 2008 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Ինչպես բացատրել, թե ինչ է մահը
  • Առաջնորդության վստահելի աղբյուր
  • Գտնում եք ձեր հարցերի պատասխանները
  • Երբ երեխան հարցեր է տալիս մահվան մասին
    2015 Արթնացե՛ք
  • Ծնողնե՛ր, օգնեք ձեր երեխային ամրացնել իր հավատը
    2024 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Երեխային դաստիարակեք մանուկ հասակից
    Ընտանեկան երջանկության գաղտնիքը
  • Երբ երեխադ ցանկանում է վերջ դնել իր կյանքին
    Աջակցություն ընտանիքին
Ավելին
2008 Դիտարան
w08 7/1 էջ 18–20

Օգնեք ձեր երեխային՝ դիմանալու վշտին

ՀՈՒՍԱՀԱՏՎԱԾ մի կին գրախանութում իր դժգոհությունը հայտնեց վաճառողին՝ բարձրաձայն ասելով. «Ձեր խանութը լի է գրքերով, բայց ոչ մի գիրք չկա, որ կարողանամ օգնել երեխայիս»։ Այդ կինը իր տղային օգնելու համար առաջնորդություն էր փնտրում, քանի որ իրենց հարազատը մահացել էր։

Այո՛, մայրը հուսահատվելու պատճառ ուներ։ Երեխան կարող է շատ վշտանալ՝ գիտակցելով, որ իր սիրած անձնավորությունը մահացել է։ Ընդհանրապես երեխաները լիարժեք ձևավորվում են հոգատար ընտանիքում։ Իսկ երբ մահը խլում է մտերիմ անձնավորությանը, դա կարող է խորապես ցնցել երեխային։ Ինչպե՞ս օգնել երեխային, երբ նման բան պատահի։

Ինչ խոսք, հարազատին կորցնելու դեպքում սկսում եք պայքարել ձեր զգացումների դեմ. գուցե վշտանաք և մտածեք միայն ձեր կորստի մասին։ Սակայն չպետք է մոռանաք, որ երեխան ձեր կարիքն ունի։ «Երեխաները թաքուն լսում են ուրիշների խոսակցությունները և հաճախ ճիշտ չեն հասկանում լսածը կամ սխալ բան են պատկերացնում»,— նշվում է մի հրատարակության մեջ, որը տարածում է Մինեսոտա քաղաքում (ԱՄՆ) գտնվող մի հիվանդանոց։ Այնտեղ նաև նշվում է. «Երեխաներին պետք է ասել ճշմարտությունը»։ Ուստի խելամիտ կլինի, որ երեխաներին բացատրեք փաստերը՝ հաշվի առնելով նրանց հասկացողության մակարդակը։ Անկասկած, դա դժվար է, քանի որ տարբեր երեխաներ տարբեր ձևով են հասկանում տեղի ունեցածը (1 Կորնթացիներ 13։11)։

Ինչպես բացատրել, թե ինչ է մահը

Որոշ հետազոտողներ ասում են, որ երեխայի հետ մահվան մասին խոսելիս ծնողները պետք է զգույշ լինեն և չօգտագործեն այնպիսի բառեր, ինչպես օրինակ՝ «քնած է», «կորել է» կամ «հեռացել է»։ Նման արտահայտությունները կարող են շփոթության մեջ գցել երեխային, եթե լրացուցիչ բացատրություն չտանք։ Իհարկե, Հիսուսը «քնել» բառը օգտագործեց որպես օրինակ, և իրեն լսողների համար դա հասկանալի էր, չէ՞ որ նա հասուն մարդկանց հետ էր խոսում։ Ավելի ուշ Հիսուսը հստակեցրեց իր բերած օրինակի իմաստը։ Իր հետևորդներին նա ասաց. «Մեր ընկեր Ղազարոսը ննջեց»։ Թեև աշակերտները չափահաս մարդիկ էին, նրանք «կարծում էին, թե [Հիսուսը] խոսում է քնով ննջելու մասին»։ Ուստի Հիսուսը բացատրեց՝ ասելով. «Ղազարոսը մահացավ» (Հովհաննես 11։11–14)։ Եթե չափահաս մարդիկ կարիք ունեն հստակ բացատրության, ապա որքա՜ն ավելի երեխաները կունենան դրա կարիքը։

«Մահվան մասին խոսելիս ծնողը պետք է փորձի օգտագործել այնպիսի բառեր, որոնք չեն վախեցնի երեխային,— ասում են գրողներ Մերի էն էմսվիլերը և Ջեյմս էմսվիլերը,— հակառակ դեպքում՝ երեխայի մեջ կարող են սերմանվել այնպիսի մտքեր, որոնց մասին նա չի մտածել, և որոնք գուցե վախեցնեն կամ որևէ կերպ վնաս պատճառեն նրան»։ Օրինակ՝ ասելով երեխային, որ մահացածը քնած է՝ երեխան գուցե վախենա ու մտածի, որ եթե ինքն էլ գիշերը քնի, այլևս չի արթնանա։ Իսկ եթե ծնողը ասի, որ մահացածը «հեռացել է», երեխան կարող է իրեն լքված ու անտեսված զգալ։

Շատ ծնողներ, երբ բացատրել են երեխային, թե ինչ է մահը, նկատել են, որ նրանք ավելի լավ են հասկանում պարզ և ուղիղ ասված խոսքերը, քան վերացական մտքերը և մեղմասությունները (1 Կորնթացիներ 14։9)։ Հետազոտողները ծնողներին խորհուրդ են տալիս խրախուսել երեխային հարցեր տալ և զրուցել նրան մտահոգող հարցերի մասին։ Հաճախակի զրույցների օգնությամբ կարող եք շտկել անհասկացողությունները և հասկանալ, թե ինչպես աջակցել ձեր երեխային։

Առաջնորդության վստահելի աղբյուր

Այդ ընթացքում երեխան ակնկալում է, որ դուք առաջնորդեք նրան, աջակցեք և պատասխանեք նրա հարցերին։ Ուստի որտեղի՞ց կարող եք վստահելի տեղեկություն գտնել։ Շատերն ընդունում են, որ Աստվածաշունչը մխիթարության և հույսի վստահելի աղբյուր է։ Այս գիրքը ճշգրիտ տեղեկություններ է հայտնում մեզ այն մասին, թե ինչպես մահը առաջ եկավ, ինչ վիճակում են մահացածները, և ինչ հույս կա մահացած մարդկանց համար։ Այն հստակ ճշմարտությունը, որ «մեռելները մի բան չ’գիտեն», կօգնի ձեր երեխային հասկանալու, որ իր սիրած անձնավորությունը չի տառապում (Ժողովող 9։5)։ Դեռ ավելին, Աստվածաշնչի միջոցով Եհովան մեզ հույս է տալիս, որ մենք կրկին կտեսնենք մեր հարազատներին երկրային դրախտում (Հովհաննես 5։28, 29)։

Սուրբ Գրությունները կարդալով՝ դուք կկարողանաք օգնել ձեր երեխային։ Նա կհասկանա, որ Աստվածաշունչը վստահելի առաջնորդություն և մխիթարություն է տալիս ցանկացած դժվար իրավիճակում։ Միևնույն ժամանակ երեխան կտեսնի, որ դուք՝ որպես ծնող, ձեր կյանքում առաջնորդվում եք Աստծու Խոսքով (Առակաց 22։6; 2 Տիմոթեոս 3։15)։

Գտնում եք ձեր հարցերի պատասխանները

Երեխային օգնություն ցուցաբերելիս դուք թերևս դժվարությունների հանդիպեք կամ գուցե հայտնվեք անորոշ վիճակում։ Այդ դեպքում ինչպե՞ս վարվելa։ Քննենք որոշ հարցեր, որոնք գուցե անհանգստացնեն ձեզ։

• Պե՞տք է արդյոք թաքցնեմ վիշտս իմ երեխայից։ Միանգամայն բնական է, որ դուք ուզում եք պաշտպանել ձեր երեխային։ Սակայն ոչ մի սխալ բան չկա, եթե նա տեսնի ձեզ վշտանալիս։ Շատ ծնողներ ասում են, որ պետք է անկեղծ լինել և բացատրել երեխային, որ վիշտն արտահայտելը բնական է։ Ոմանք իրենց երեխաների հետ քննարկել են Աստվածաշնչում արձանագրված այն մարդկանց օրինակները, որոնք արտահայտել են իրենց վիշտը ուրիշների առաջ։ Օրինակ՝ Հիսուսը արտասվեց, երբ իր սիրելի ընկեր Ղազարոսը մահացավ։ Նա չթաքցրեց իր զգացումները (Հովհաննես 11։35)։

• Կարիք կա՞, որ իմ երեխան ներկա լինի թաղման արարողություններին։ Եթե երեխան ներկա է լինելու այդ արարողություններին, ապա խելամիտ կլինի նախապես բացատրել նրան, թե ինչպես պետք է այդ ամենը տեղի ունենա, նաև հարկավոր է բացատրել, թե ինչու է անհրաժեշտ մահացածին թաղել։ Իհարկե, որոշ դեպքերում հնարավոր է ծնողները հիմնավոր պատճառներ ունենան և չցանկանան, որ երեխաները ներկա լինեն թաղման բոլոր արարողություններին։ Սակայն ներկա գտնվելով Եհովայի վկաների կողմից անցկացվող թաղման արարողությանը՝ երեխաները կարող են լսել Աստվածաշնչի վրա հիմնված ելույթ և օգուտներ քաղել դրանից։ Բացի այդ, ներկաների մեջ «գորովանք» և սեր տեսնելը կարող է լավ ազդեցություն թողնել նույնիսկ երեխայի վրա և մխիթարել նրան (Հռոմեացիներ 12։10, 15; Հովհաննես 13։34, 35)։

• Պե՞տք է արդյոք խոսեմ երեխայի հետ մահացածի մասին։ Որոշ հետազոտողներ ասում են, որ եթե այս թեմայով ընդհանրապես չխոսեք, ապա երեխան սխալմամբ կմտածի, որ մահացածի մասին ինչ–որ բան եք թաքցնում իրենից կամ էլ փորձում եք ջնջել նրա մասին բոլոր հիշողությունները։ Գրող Ջուլիա Ռաթկին նշում է. «Կարևոր է օգնել երեխաներին, որ նրանք սովորեն ապրել հիշողություններով և չվախենալ»։ Մահացածի դրական հատկությունների մասին ազատ խոսելը կարող է օգնել վշտի մեջ եղող երեխային։ Վկա ծնողները մխիթարում են իրենց երեխաներին՝ ասելով, որ հարություն է լինելու երկրային դրախտում, որտեղ հիվանդություններ և մահ այլևս չեն լինելու (Հայտնություն 21։4)։

• Երբ իմ երեխան սգում է, ինչպե՞ս կարող եմ օգնել նրան։ Այդ ընթացքում ձեր երեխայի մոտ գուցե ֆիզիկական թուլության նշաններ ի հայտ գան, և նա հիվանդանա։ Երեխան կարող է նյարդայնանալ կամ անհանգստանալ՝ իրեն անօգնական ու հուսալքված զգալով։ Մի զարմացեք, եթե ձեր երեխան սկսի իրեն մեղավոր համարել, ցանկանա միշտ ձեր կողքին լինել, տագնապի մեջ ընկնի, երբ դուք ուշ տուն վերադառնաք, կամ էլ հիվանդանա։ Ի՞նչ կարող եք անել։ Երեխան երբեք չպետք է իրեն անտեսված զգա։ Ուստի եղե՛ք խորաթափանց և վերահսկե՛ք իրավիճակը։ Մի՛ թերագնահատեք երեխայի վրա մահվան թողած ազդեցությունը։ Միշտ վստահեցրե՛ք նրան ձեր սիրո մեջ, խրախուսե՛ք նրան հարցեր տալ ձեզ և պահե՛ք բաց հաղորդակցություն։ Այդպես վարվելով՝ դուք կարող եք վառ պահել թե՛ ձեր, թե՛ երեխայի հույսը «Գրությունների տված մխիթարությամբ» (Հռոմեացիներ 15։4)։

• Որքա՞ն ժամանակ հետո պետք է զբաղվեմ ընտանիքիս առօրյա գործերով։ Մասնագետներն այն կարծիքին են, որ այսպիսի դեպքերում լավ կլինի որքան հնարավոր է ավելի շատ զբաղվել առօրյա գործերով։ Ինչպես ասում են նրանք, առօրյա գործերով զբաղվելը օգտակար է վիշտը հաղթահարելու համար։ Եհովայի վկա ծնողներից շատերը գտնում են, որ հոգևոր լավ սովորություններ պահելը, որի մեջ մտնում են կանոնավորաբար ընտանիքով Աստվածաշունչ ուսումնասիրելը և ժողովի հանդիպումներին հաճախելը, կարող են կայունություն մտցնել և զորացնել ընտանիքին (Բ Օրինաց 6։4–9; Եբրայեցիներ 10։24, 25)։

Սակայն մինչ Եհովա Աստված կվերացնի հիվանդություններն ու մահը, կլինեն երեխաներ, որոնք կբախվեն այս ողբերգությանը՝ մահվանը (Եսայիա 25։8)։ Այդուհանդերձ, ճիշտ մոտեցում և աջակցություն ցույց տալով՝ հնարավո՛ր է օգնել երեխաներին՝ հաղթահարելու իրենց համար սիրելի անձնավորության կորստի վիշտը։

[ծանոթագրություն]

a Այս հոդվածում տեղ գտած տեղեկությունը բերված չէ օրենքներ հաստատելու նպատակով։ Պետք է նշել, որ տարբեր երկրներում և մշակույթներում հանգամանքներն ու սովորությունները տարբեր են։

[շրջանակ 19–րդ էջի վրա]

Խրախուսեք ձեր երեխային հարցեր տալ և զրուցեք նրան մտահոգող հարցերի մասին

[նկար 20–րդ էջի վրա]

Զբաղվեք առօրյա գործերով, որի մեջ է մտնում նաև ընտանիքով Աստվածաշունչ ուսումնասիրելը

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը