Եհովայի գերիշխանությունը և նրա Թագավորությունը
«Քոնն է, ով [Եհովա], մեծութիւնը եւ զօրութիւնը եւ փառքը եւ յաղթութիւնը եւ պայծառութիւնը.... Քոնն է, ով [Եհովա], թագաւորութիւնը, եւ դու բարձրացեալ ես ամենից վեր իբրեւ գերիշխան» (Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 29։11)։
1. Ինչո՞ւ է Եհովան իրավամբ տիեզերքի Գերիշխանը։
«ՏԷՐԸ [Եհովան] երկնքումը հաստատեց իր աթոռը, եւ նորա թագաւորութիւնը տիրում է բոլորին» (Սաղմոս 103։19)։ Սաղմոսերգուն այս խոսքերով իշխանության հետ կապված մի հիմնարար ճշմարտություն է հայտնում։ Եհովա Աստված, լինելով Արարիչ, իրավամբ տիեզերքի Գերիշխանն է։
2. Ինչպե՞ս Դանիելը նկարագրեց Եհովայի իշխանությունը ոգեղեն ոլորտում։
2 Ինչ խոսք, եթե կա իշխան, ապա պետք է նաև հպատակներ լինեն։ Եհովան նախևառաջ իր իշխանությունը գործադրեց իր ստեղծած ոգեղեն էակների վրա, առաջինը՝ իր միածին Որդու և հետո՝ բազում հրեշտակների (Կողոսացիներ 1։15–17)։ Դարեր անց Դանիել մարգարեն տեսավ մի տեսիլք։ Նա պատմում է. «Ես տեսնում էի մինչեւ որ աթոռներ դրուեցան, եւ Հինաւուրցը նստեց.... Հազար հազարներ ծառայում էին նորան եւ բիւր բիւրեր կանգնած էին նորա առաջին» (Դանիէլ 7։9, 10)։ Վաղնջական ժամանակներից՝ «Հինավուրցը»՝ Եհովա Աստված, իշխանություն է ունեցել իր բազմամիլիոն ոգեղեն որդիների նկատմամբ։ Լինելով Եհովայի «պաշտօնեաներ»՝ նրանք կազմակերպված կատարում են նրա կամքը (Սաղմոս 103։20, 21)։
3. Ինչպե՞ս Եհովայի իշխանության տակ ավելի շատ բաներ մտան։
3 Հետագայում Եհովան ստեղծեց լայնարձակ ու բարդ տիեզերքը, ներառյալ Երկիր մոլորակը. փաստորեն, նրա իշխանության տակ մտան ավելի շատ բաներ (Յոբ 38։4, 7)։ Տիեզերքում տիրում է այնպիսի կարգուկանոն և ճշգրտություն, որ թվում է՝ երկնային մարմինները ոչ մեկի կողմից չեն ղեկավարվում։ Սակայն դա այդպես չէ։ Սաղմոսերգուն բացականչեց. «[Եհովան] հրամայեց եւ նորանք ստեղծուեցան։ Եւ նորանց կանգնեցրեց մինչեւ յաւիտեանս յաւիտենից. կանոն դրաւ, որ չի խափանուիլ» (Սաղմոս 148։5, 6)։ Այո՛, լինելով Գերիշխան՝ Եհովան միշտ առաջնորդել ու կարգավորել է ոգեղեն ոլորտն ու տիեզերքը (Նէեմիա 9։6)։
4. Ինչպե՞ս է Եհովան իր իշխանությունը դրսևորում մարդկանց նկատմամբ։
4 Երբ Աստված ստեղծեց առաջին մարդկանց, նա իր գերիշխանությունը դրսևորեց ևս մեկ ձևով։ Եհովան նրանց տվեց ամեն ինչ իմաստալից և գոհունակ կյանքով ապրելու համար։ Աստված նաև նրանց իշխանությամբ օժտեց երկրի ստորադաս արարածների նկատմամբ (Ծննդոց 1։26–28; 2։8, 9)։ Ակնհայտ է, որ Աստծու իշխանությունը բարի է և օգտակար։ Ավելին, նրա հպատակները զգում են, որ Եհովան, լինելով Գերիշխան, պատվում է իրենց և հարգում է իրենց արժանապատվությունը։ Քանի դեռ Ադամն ու Եվան հնազանդվում էին Եհովային, նրանք ունեին երկրային դրախտում հավիտյան ապրելու հեռանկար (Ծննդոց 2։15–17)։
5. Ի՞նչ կարող ենք ասել Եհովայի գերիշխանության դրսևորման մասին։
5 Այս ամենից ի՞նչ եզրակացության կարող ենք գալ։ Առաջին՝ Եհովան միշտ իշխել է իր բոլոր ստեղծագործությունների վրա։ Երկրորդ՝ նա իշխում է այնպես, որ իր հպատակները օգուտներ են ստանում և զգում են, որ Աստված պատվում է իրենց։ Երրորդ՝ եթե հնազանդվենք ու աջակցենք Աստծու գերիշխանությանը, ապա հավիտենական օրհնություններ կստանանք։ Զարմանալի չէ, որ հին Իսրայելի Դավիթ թագավորն ասաց. «Քոնն է, ով [Եհովա], մեծութիւնը եւ զօրութիւնը եւ փառքը եւ յաղթութիւնը եւ պայծառութիւնը, եւ բոլոր երկնքումն ու երկրումը եղողները. քոնն է, ով [Եհովա], թագաւորութիւնը, եւ դու բարձրացեալ ես ամենից վեր իբրեւ գերիշխան» (Ա Մնացորդաց 29։11)։
Ինչո՞ւ Աստծու Թագավորության կարիքը կա
6. Ի՞նչ կապ գոյություն ունի Աստծու իշխանության և նրա Թագավորության միջև։
6 Եթե Եհովան միշտ եղել է Տիեզերքի Գերիշխանը և դրսևորել իր իշխանությունն ու զորությունը, ապա ինչո՞ւ Աստծու Թագավորության կարիքն առաջացավ։ Սովորաբար կառավարիչը իր իշխանությունը գործադրում է իր կողմից ստեղծված կառույցի միջոցով և այդ կառույցին իշխանություն է տալիս իր հպատակների վրա։ Նմանապես, Աստված իր ստեղծագործությունների նկատմամբ իր իշխանությունը գործադրում է Թագավորության միջոցով։
7. Ինչո՞ւ Եհովան նոր ձևով դրսևորեց իր գերիշխանությունը։
7 Տարբեր ժամանակներում Եհովան տարբեր կերպերով է դրսևորել իր իշխանությունը։ Երբ ստեղծվեց մի նոր իրավիճակ, Աստված իր իշխանությունը նոր ձևով դրսևորեց։ Նրա ոգեղեն որդիներից մեկը՝ Սատանան, դրդեց Ադամին ու Եվային դուրս գալու Աստծու իշխանության դեմ։ Դա իրականում ոտնձգություն էր Եհովայի գերիշխանության դեմ։ Ինչպե՞ս։ Եվային ասելով, որ նա ամենևին էլ «չի մեռնի», եթե ուտի արգելված պտուղը՝ Սատանան նրան ներշնչեց այն միտքը, որ Եհովան ստախոս է, և հետևաբար նրան չի կարելի վստահել։ Այնուհետև Սատանան Եվային ասաց. «Աստուած գիտէ, թէ այն օրը որ նորանից ուտէք, ձեր աչքերը կ’բացուին, եւ Աստուծոյ պէս կ’լինիք՝ բարին եւ չարը գիտացող»։ Ըստ Սատանայի՝ Ադամի ու Եվայի համար ավելի լավ կլիներ, եթե նրանք անտեսեին Աստծու պատվիրանը և անկախանային նրանից (Ծննդոց 3։1–6)։ Նման արարքը բացահայտորեն կասկածի տակ էր դնում Աստծու գերիշխանության օրինականությունը։ Ինչպե՞ս էր այդ ամենին արձագանքելու Եհովան։
8, 9. ա) Սովորաբար ինչպե՞ս է վարվում ղեկավարը, որի երկրում խռովություն է բարձրանում։ բ) Ինչպե՞ս Եհովան արձագանքեց Եդեմում բարձրացված ապստամբությանը։
8 Ի՞նչ ենք ակնկալում այն ղեկավարից, որի երկրում մի քանի հոգի խռովություն են բարձրացնում (պատմության մեջ եղել են դեպքեր, երբ իշխանության դեմ ապստամբություն է բարձրացվել)։ Սովորաբար նա չի անտեսում այդ փաստը, այլ, ինչքան էլ որ բարի լինի, ապստամբների դեմ հրաման է արձակում՝ մեղադրելով նրանց դավաճանության մեջ։ Հետո նա կարող է լիազորել ինչ–որ մեկին, որ ճնշի ապստամբությունը և վերականգնի խաղաղությունը։ Նմանապես, Եհովան ցույց տվեց, որ ինքը լիովին տիրապետում է իրադրությանը, ինչը երևաց այն բանից, որ նա անհապաղ քայլեր ձեռնարկեց և ապստամբների դեմ հրաման արձակեց։ Նա հայտարարեց, որ Ադամն ու Եվան արժանի չեն հավիտենական կյանքի, և դուրս արեց նրանց Եդեմի պարտեզից (Ծննդոց 3։16–19, 22–24)։
9 Սատանայի դեմ վճիռ կայացնելով՝ Եհովան ցույց տվեց, որ իր գերիշխանությունը դրսևորելու է նոր ձևով. նա հաստատելու էր մի միջոց, որը վերականգնելու էր խաղաղությունն ու կարգուկանոնը ողջ տիեզերքում։ Աստված Սատանային ասաց. «Ես թշնամութիւն եմ դնում քո եւ կնոջ մէջտեղը, եւ քո սերունդի եւ նորա սերունդի մէջտեղը. նա քո գլուխը ջախջախէ, եւ դու նորա գարշապարը խայթես» (Ծննդոց 3։15)։ Այսպիսով՝ Եհովան ցույց տվեց, որ ինքը իրավունք է տալու մի «սերնդի» ջախջախել Սատանային ու նրա զորքերին և փաստել Իր գերիշխանության օրինականությունը (Սաղմոս 2։7–9; 110։1, 2)։
10. ա) Ովքե՞ր էին մտնում «սերնդի» մեջ։ բ) Ի՞նչ ասաց Պողոսը առաջին մարգարեության կատարման մասին։
10 Պարզվեց, որ «սերունդը» Հիսուս Քրիստոսն էր և նրա իշխանակիցների խումբը։ Միասին նրանք կազմում են Աստծու Մեսիական Թագավորությունը (Դանիէլ 7։13, 14, 27; Մատթեոս 19։28; Ղուկաս 12։32; 22։28–30)։ Այս ճշմարտությունը, սակայն, չբացահայտվեց միանգամից։ Իրողությունն այն է, որ Աստվածաշնչի առաջին մարգարեությունը մնաց որպես, ինչպես ասաց Պողոս առաքյալը, «սրբազան գաղտնիք, որը վաղուց ի վեր լռությամբ պահված էր» (Հռոմեացիներ 16։25)։ Դարեր շարունակ հավատի տեր մարդիկ սրտանց փափագել են, որ գա այն ժամանակը, երբ «սրբազան գաղտնիքը» կբացահայտվի, և առաջին մարգարեությունը կկատարվի՝ ի արդարացում Եհովայի գերիշխանության (Հռոմեացիներ 8։19–21)։
«Սրբազան գաղտնիքը» աստիճանաբար բացվեց
11. Ի՞նչ հայտնեց Եհովան Աբրահամին։
11 Ժամանակի ընթացքում Եհովան աստիճանաբար մանրամասներ հայտնեց «Աստծու թագավորության սրբազան գաղտնիքի» վերաբերյալ (Մարկոս 4։11)։ Աբրահամը, որը կոչվեց «Եհովայի ընկերը», մեկն էր նրանցից, ում Աստված հայտնեց այդ մասին։ Եհովան Աբրահամին խոստացավ, որ նրան «մեծ ազգ» է դարձնելու։ Հետագայում Աստված նրան ասաց՝ «քեզանից թագաւորներ դուրս կ’գան», և «երկրի բոլոր ազգերը քո սերունդովը կ’օրհնուին» (Ծննդոց 12։2, 3; 17։6; 22։17, 18)։
12. Ջրհեղեղից հետո ինչպե՞ս ի հայտ եկավ Սատանայի սերունդը։
12 Արդեն Աբրահամի ժամանակներում մարդիկ փորձում էին իշխանություն բանեցնել միմյանց վրա։ Օրինակ՝ Նեբրովթի՝ Նոյի ծոռան մասին Աստվածաշունչն ասում է. «Սա սկսեց երկրի վերայ զօրաւոր լինել։ Սա Եհովայի առաջին [«ընդդեմ Եհովայի», ՆԱ] մի զօրաւոր որսորդ եղաւ» (Ծննդոց 10։8, 9)։ Հստակ է, որ Նեբրովթը և այլ ինքնակոչ կառավարիչներ խաղատիկնիկներ էին Սատանայի ձեռքում։ Նրանք և նրանց աջակիցները Սատանայի սերնդի մաս կազմեցին (1 Հովհաննես 5։19)։
13. Ի՞նչ հայտնեց Եհովան Հակոբի միջոցով։
13 Թեպետ Սատանան ջանաց մարդկային ղեկավարներ առաջ բերել, Եհովան շարունակեց իրագործել իր նպատակը։ Աբրահամի թոռան՝ Հակոբի միջոցով Աստված հայտնեց. «Չ’պակասէ իշխողութիւնը Յուդայից, եւ օրէնսդիրը, նորա ոտքերի մէջտեղից. մինչեւ որ Սելովը գայ. եւ նորանն է ժողովուրդների հնազանդութիւնը» (Ծննդոց 49։10)։ «Սելով» բառը նշանակում է «Նա, Որին պատկանում է»։ Այս մարգարեական խոսքերը ցույց են տալիս, որ գալու էր մեկը, ով օրինական իրավունք էր ունենալու «իշխողություն» ստանալ «ժողովուրդների», այսինքն՝ ամբողջ մարդկության նկատմամբ։ Ո՞վ էր լինելու այդ անձնավորությունը։
«Մինչեւ որ Սելովը գայ»
14. Ի՞նչ ուխտ կապեց Եհովան Դավթի հետ։
14 Հուդայի ցեղից առաջին մարդը, որին Եհովան նշանակեց որպես թագավոր իր ժողովրդի վրա, հովիվ Դավիթն էր՝ Հեսսեի որդինa (Ա Թագաւորաց 16։1–13)։ Չնայած իր մեղքերին ու սխալներին՝ Դավիթն արժանացավ Եհովայի հավանությանը, որովհետև լիովին թիկունք էր կանգնում նրա գերիշխանությանը։ Եհովան ավելի շատ լույս սփռեց առաջին մարգարեության վրա՝ Դավթի հետ ուխտ կապելով։ Նա ասաց. «Քեզանից յետոյ քո երանքիցը դուրս եկող զաւակիդ պիտի բարձրացնեմ, եւ նորա թագաւորութիւնը հաստատեմ»։ Այս խոստումը չէր վերաբերում միայն Դավթի որդի Սողոմոնին, որը թագավորեց նրանից հետո։ Ինչո՞ւ։ Որովհետև Եհովան նաև ասաց. «Ես նորա թագաւորութեան աթոռը կ’հաստատեմ յաւիտեան»։ Դավթի հետ կապված այս ուխտից պարզ է դառնում, որ խոստացված Թագավորական «սերունդը» ժամանակի ընթացքում հայտնվելու էր նրա տոհմից (Բ Թագաւորաց 7։12, 13)։
15. Ինչո՞ւ կարող ենք ասել, որ Հուդայի թագավորությունը նախապատկերում էր Աստծու Թագավորությունը։
15 Դավթով սկիզբ դրվեց մի արքայական դինաստիայի, որի թագավորները քահանայապետի կողմից օծվում էին սուրբ յուղով։ Ուստի նրանց կարելի էր անվանել օծյալ, կամ՝ մեսիա (Ա Թագաւորաց 16։13; Բ Թագաւորաց 2։4; 5։3; Գ Թագաւորաց 1։39)։ Ինչպես ասվում է Աստվածաշնչում, նրանք նստում էին Եհովայի աթոռին և թագավորում էին Երուսաղեմում Եհովայի համար (Բ Մնացորդաց 9։8)։ Այս իմաստով՝ Հուդայի թագավորությունը նախապատկերում էր Աստծու Թագավորությունը և Եհովայի գերիշխանության արտահայտումն էր։
16. Ի՞նչ հետևանքներ ունեցավ Հուդայի թագավորների կառավարումը։
16 Երբ թագավորը և մարդիկ հնազանդվում էին Եհովային, վերջինս պաշտպանում և օրհնում էր նրանց։ Սողոմոնի օրոք երկիրը խաղաղ էր ու բարգավաճ։ Նրա կառավարումը որոշ չափով պատկերում է Աստծու Թագավորությունը, որի ներքո Սատանայի ազդեցությունը լիովին վերացված ու Եհովայի գերիշխանությունը արդարացված կլինի (Գ Թագաւորաց 4։20, 25)։ Ցավոք, Հուդայի թագավորների մեծամասնությունը թերացավ կատարել Եհովայի պահանջները, ինչի պատճառով ժողովուրդն ընկավ կռապաշտության ու անբարոյության մեջ։ Վերջիվերջո, Եհովան թույլ տվեց, որ բաբելոնացիները մ.թ.ա. 607–ին կործանեն Հուդայի թագավորությունը։ Թվում էր՝ Սատանան մեծ հաջողությունների հասավ Եհովայի իշխանությունը վարկաբեկելու մեջ։
17. Ի՞նչն է ցույց տալիս, որ Եհովան շարունակում էր իշխել՝ չնայած Դավթի թագավորության կործանմանը։
17 Դավթի թագավորության անկումով, իսկ ավելի վաղ Իսրայելի հյուսիսային թագավորության վերացումով ապացուցվեց, որ ոչ թե Եհովան ի վիճակի չէ իշխելու, այլ որ Սատանայի ազդեցությունը և Աստծուց անկախ ընթացքը դառը հետևանքներ են ունենում (Առակաց 16։25; Երեմիա 10։23)։ Ցույց տալու համար, որ շարունակում է իշխել, Եհովան Եզեկիել մարգարեի միջոցով ազդարարեց. «Հեռացրու խոյրը եւ վեր առ թագը.... Տակն ի վեր՝ տակն ի վեր՝ տակն ի վեր պիտի անեմ նորան. սա էլ պիտի չ’լինի մինչեւ որ իրաւունք ունեցողը գայ. նորան եմ տուել» (Եզեկիէլ 21։26, 27)։ Այս խոսքերից երևում է, որ խոստացված «սերունդը»՝ «իրավունք ունեցողը», դեռ պիտի գար։
18. Ի՞նչ հայտնեց Գաբրիել հրեշտակը Մարիամին։
18 Այժմ գնանք մ.թ.ա. 2–րդ թվականը։ Գաբրիել հրեշտակը ուղարկվեց Մարիամ անունով մի կույսի մոտ, որն ապրում էր Նազարեթ քաղաքում (Գալիլեա, հյուսիսային Պաղեստին)։ Նա ասաց. «Ահա կհղիանաս և մի որդի կծնես ու նրա անունը Հիսուս կդնես։ Նա մեծ կլինի և Բարձրյալի Որդի կկոչվի, և Եհովա Աստված նրան կտա նրա հոր՝ Դավթի աթոռը, և նա հավիտյան կթագավորի Հակոբի տան վրա, ու նրա թագավորությանը վերջ չի լինի» (Ղուկաս 1։31–33)։
19. Ի՞նչ զարմանալի իրադարձություններ էին տեղի ունենալու։
19 Այո՛, եկել էր ժամանակը, որ բացվի «սրբազան գաղտնիքը»։ Խոստացված «սերնդի» գլխավոր մասը շուտով հայտնվելու էր (Գաղատացիներ 4։4; 1 Տիմոթեոս 3։16)։ Սատանան խայթելու էր նրան։ Բայց «սերունդը» ջախջախելու էր Սատանայի գլուխը՝ այդպիսով չեզոքացնելով նրա և նրա գործակիցների ազդեցությունը։ Բացի այդ, նա վկայություն էր տալու, որ Աստծու Թագավորության միջոցով այն բոլոր վնասը, որ հասցրել է Սատանան, փոխհատուցվելու էր, իսկ Եհովայի գերիշխանությունը արդարացվելու էր (Եբրայեցիներ 2։14; 1 Հովհաննես 3։8)։ Ինչպե՞ս էր Հիսուսը այս ամենը իրագործելու։ Ի՞նչ օրինակ է նա թողել մեզ համար։ Այս հարցերի պատասխանները կգտնենք հաջորդ հոդվածում։
[ծանոթագրություն]
a Սավուղը, որը Եհովայի կողմից նշանակված առաջին թագավորն էր Իսրայելում, Բենիամինի ցեղից էր (Ա Թագաւորաց 9։15, 16; 10։1)։
Կարո՞ղ եք բացատրել
• Ինչո՞ւ կարող ենք ասել, որ իրավամբ Եհովան է տիեզերքի Գերիշխանը։
• Ինչո՞ւ Եհովան որոշեց Թագավորություն հաստատել։
• Ինչպե՞ս Եհովան աստիճանաբար բացեց «սրբազան գաղտնիքը»։
• Ինչի՞ց է երևում, որ Եհովան լիովին տիրապետում էր իրադրությանը, երբ Դավթի թագավորությունը կործանվեց։
[նկար 23–րդ էջի վրա]
Ի՞նչ հայտնեց Եհովան Աբրահամի միջոցով
[նկար 25–րդ էջի վրա]
Ինչո՞ւ Դավթի թագավորության անկումը ամենևին էլ ապացույց չէ, որ Եհովան կորցրեց իր իշխանությունը