Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w07 8/15 էջ 22–26
  • Եհովան սիրում է արդարություն

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Եհովան սիրում է արդարություն
  • 2007 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Ամենուրեք անարդարություն է
  • Անհանգստությունը հիմնավոր է
  • Արդար նոր աշխարհ
  • Սատանայի հարձակումը կձախողվի
  • Արդարության աղաղակները երբևէ կլսվե՞ն
    Այլ նյութեր
  • «Նրա բոլոր ճանապարհները արդար են»
    Մոտեցիր Եհովային
  • «Մի՞թե անարդարություն կա Աստծու մոտ»
    Մոտեցիր Եհովային
  • Հիսուսը «երկրի վրա արդարություն» է հաստատում
    Մոտեցիր Եհովային
Ավելին
2007 Դիտարան
w07 8/15 էջ 22–26

Եհովան սիրում է արդարություն

«Ես Տէրս արդարութիւնը կը սիրեմ» (ԵՍԱՅԻԱ 61։8, ԱԱ)։

1, 2. ա) Ի՞նչ են նշանակում «արդարություն» և «անարդարություն» բառերը։ բ) Ի՞նչ է ասում Աստվածաշունչը արդարության հանդեպ Եհովայի վերաբերմունքի մասին։

ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ և անարդարություն։ Ի՞նչ են նշանակում այս բառերը։ Արդար մարդը անկողմնակալ է, ազնիվ և ուղղամիտ։ Նրա վարքը համապատասխանում է բարոյական բարձր չափանիշներին։ Իսկ անարդար մարդը անազնիվ է, չար, ունի կանխակալ վերաբերմունք և անտեղի ցավ է պատճառում ուրիշներին։

2 Գրեթե 3 500 տարի առաջ Մովսեսը Տիեզերքի Գերիշխանի՝ Եհովայի մասին գրեց. «Նորա ամեն ճանապարհները իրաւունք [«արդար», ԱԱ] են. Աստուած հաւատարիմ է եւ անիրաւութիւն չ’ունի» (Բ Օրինաց 32։4)։ Ավելի քան յոթ հարյուր տարի անց Աստծու ներշնչանքով Եսայիա մարգարեն գրեց. «Ես Տէրս արդարութիւնը կը սիրեմ» (Եսայիա 61։8, ԱԱ)։ Իսկ առաջին դարում Պողոս առաքյալն այսպես արտահայտվեց. «Մի՞թե անարդարություն կա Աստծու մոտ։ Անհնարի՛ն է» (Հռոմեացիներ 9։14)։ Նույն դարում Պետրոս առաքյալը պարզ ասաց. «Աստված կողմնակալ չէ, այլ բոլոր ազգերի մեջ, ով որ վախենում է նրանից և արդարություն է գործում, ընդունելի է նրան» (Գործեր 10։34, 35)։ Այո՛, Եհովան «իրաւունք [արդարություն] է սիրում» (Սաղմոս 37։28; Մաղաքիա 3։6)։

Ամենուրեք անարդարություն է

3. Ինչպե՞ս երկրի վրա առաջացավ անարդարությունը։

3 Այսօր արդարությունը հազվագյուտ բան է։ Անարդարության կարելի է բախվել կյանքի բոլոր բնագավառներում՝ աշխատավայրում, դպրոցում, պաշտոնյաների հետ առնչվելիս և նույնիսկ ընտանիքում։ Իհարկե, այդ երևույթը նոր բան չէ։ Անարդարությունը ծնվեց այն ժամանակ, երբ մեր նախածնողներն ապստամբեցին Աստծու դեմ և անօրինություն գործեցին։ Նրանք այդպես վարվեցին մի ապստամբ ոգեղեն արարածի՝ Բանսարկու Սատանայի դրդմամբ։ Ադամը, Եվան ու Սատանան, անշուշտ, անարդարացիորեն վարվեցին՝ չարաշահելով ազատ կամքի չքնաղ պարգևը, որ Եհովան շնորհել էր նրանց։ Այդ սխալ քայլերի պատճառով տառապանքն ու մահը դարձան կյանքի դաժան իրողություն (Ծննդոց 3։1–6; Հռոմեացիներ 5։12; Եբրայեցիներ 2։14)։

4. Որքա՞ն ժամանակ է, որ անարդարությունը գոյություն ունի։

4 Եդեմի ապստամբությունից անցել է մոտավորապես 6 000 տարի, բայց անարդարությունը շարունակում է գոյություն ունենալ։ Սա պատահական չէ, քանի որ այս աշխարհի աստվածը Սատանան է (2 Կորնթացիներ 4։4)։ Նա ստախոս է, ստության հայրը, զրպարտիչ և ընդդիմանում է Եհովային (Հովհաննես 8։44)։ Բանսարկուն միշտ սարսափելի անարդարություններ է գործել։ Օրինակ՝ որոշ չափով նա էր պատճառը, որ Նոյի օրերի Ջրհեղեղից առաջ «շատացել էր մարդկանց չարութիւնը երկրի վերայ, եւ նորանց սրտի խորհուրդների բոլոր գաղափարները չար էին ամեն օր» (Ծննդոց 6։5)։ Այդ իրավիճակը շարունակում էր տիրել նաև Հիսուսի օրերում։ Հիսուսն ասաց. «Ամեն օրվա համար բավական է ի՛ր նեղությունը»։ Նա նկատի ուներ օրվա ճնշող խնդիրները, օրինակ՝ անարդարությունը (Մատթեոս 6։34)։ Աստվածաշունչը դիպուկ կերպով նկարագրում է այդ վիճակը. «Բոլոր ստեղծվածները միասին շարունակ հառաչում են և միասին ցավի մեջ են» (Հռոմեացիներ 8։22)։

5. Ինչո՞ւ մեր ժամանակներում անարդարությունն ավելի շատ է, քան երբևէ։

5 Այսպիսով՝ տեսնում ենք, որ մարդկության ամբողջ պատմության ընթացքում աղաղակող անարդարություններ են եղել։ Սակայն այսօր իրավիճակն ավելի վատ է։ Ինչո՞ւ։ Որովհետև իրերի այս անաստված համակարգն արդեն տասնյակ տարիներ է, ինչ գտնվում է իր «վերջին օրերում»՝ չափազանց «դժվար ժամանակներում». այդ համակարգի վախճանը մոտ է։ Աստվածաշնչում կանխագուշակվել է, որ պատմության այս փուլում մարդիկ կլինեն «անձնասեր, փողասեր, մեծամիտ, գոռոզ, հայհոյող.... անշնորհակալ, անհավատարիմ, բնական կապվածություն չունեցող, համաձայնության չեկող, զրպարտող, ինքնատիրապետում չունեցող, դաժան, բարեգործություն չսիրող, մատնիչ, համառ, հպարտ» (2  Տիմոթեոս 3։1–5)։ Այսպիսի վատ հատկությունների պատճառով աշխարհում կա ամեն տեսակի անարդարություն։

6, 7. Մեր օրերում ի՞նչ սարսափելի անարդարություններ են կատարվում։

6 Երբեք այնքան շատ անարդարություն չի եղել, որքան վերջին հարյուրամյակում։ Պատճառներից մեկն այն է, որ ամենաշատ պատերազմները տեղի են ունեցել հենց այդ ժամանակահատվածում։ Օրինակ, ըստ որոշ պատմաբանների՝ Երկրորդ համաշխարհային պատերազմում սպանվել է 50–60 միլիոն մարդ, մեծամասնությունը՝ խաղաղ բնակիչներ՝ անմեղ երեխաներ, կանայք ու տղամարդիկ։ Այդ պատերազմից հետո տեղի են ունեցել զանազան հակամարտություններ, որոնց պատճառով զոհվել են միլիոնավոր մարդիկ, մեծամասնությունը՝ դարձյալ խաղաղ բնակիչներ։ Սատանան այդ բոլոր անարդարություններն անում է, քանի որ խիստ բարկացած է. նա գիտի, որ շուտով ջախջախիչ պարտություն կկրի Եհովայից։ Աստվածաշնչում այս մասին մարգարեացվել էր. «Բանսարկուն ցած իջավ ձեզ մոտ. նա մեծ բարկությամբ է լցված՝ գիտենալով, որ քիչ ժամանակ ունի» (Հայտնություն 12։12)։

7 Ամբողջ աշխարհում ամեն տարի ռազմական նպատակներով ծախսվում է մոտ մեկ տրիլիոն դոլար, այն դեպքում երբ հարյուր միլիոնավոր մարդիկ չունեն կյանքի ամենաանհրաժեշտ բաները։ Խորհիր, թե օգուտներն ինչքան շատ կլինեին, եթե այդ գումարը ծախսվեր խաղաղ նպատակներով։ Գրեթե մեկ միլիարդ մարդ տառապում է թերսնումից, մինչդեռ շատերն ապրում են ճոխության մեջ։ Ըստ Միավորված ազգերի կազմակերպության հրապարակած մի տեղեկության՝ սովի պատճառով ամեն տարի մահանում է մոտ հինգ միլիոն երեխա։ Ինչպիսի՜ անարդարություն։ Իսկ քանի՜–քանի՜ անմեղներ են սպանվում արհեստական վիժման պատճառով։ Ըստ հաշվարկների՝ աշխարհում ամեն տարի այդ թիվը կազմում է 40–60 միլիոն։ Սարսափելի՜ անարդարություն։

8. Միայն ինչպե՞ս իսկական արդարություն կհաստատվի երկրի վրա։

8 Կառավարիչները չեն կարողանում գտնել մարդկության կնճռոտ հիմնախնդիրների լուծումները։ Ավելին, նրանց ջանքերը չեն կարող պսակվել հաջողությամբ։ Աստծու Խոսքում կանխագուշակվել է, որ մեր ժամանակներում «չար և խաբեբա մարդիկ ավելի ու ավելի առաջ կգնան չարության մեջ՝ մոլորեցնելով և մոլորվելով» (2 Տիմոթեոս 3։13)։ Անարդարությունը այնպես է ներծծվել հասարակության մեջ, որ մարդը պարզապես ի վիճակի չէ այն վերացնելու։ Միայն արդարության Աստվածը կարող է դա անել։ Միայն նա կարող է վերացնել Սատանային, դևերին և չար մարդկանց (Երեմիա 10։23, 24)։

Անհանգստությունը հիմնավոր է

9, 10. Ինչո՞ւ սաղմոսերգուն հոգևորապես թուլացավ։

9 Անցյալում նույնիսկ Աստվածաշնչի գրողներից ոմանց անհասկանալի է եղել, թե ինչու Աստված չի միջամտում մարդկանց գործերին և հաստատում իսկական արդարություն։ Նրանցից էր աստվածաշնչային ժամանակներում ապրած մի մարդ։ 73–րդ սաղմոսի ենթախորագրում նշվում է Ասափ անունը։ Ըստ ամենայնի՝ այս սաղմոսը կա՛մ գրել է Դավիթ թագավորի օրոք ապրած մի հայտնի ղևտացի երաժիշտ, կա՛մ էլ գրել են մի քանի երաժիշտներ, որոնք եղել են Ասափի տոհմից։ Ասափն ու նրա հետնորդները գրել են բազմաթիվ երգեր, որոնք կատարվել են հանրային երկրպագության ժամանակ։ Սաղմոսերգուի կյանքում եղավ մի պահ, երբ նա հոգևորապես թուլացավ։ Նա տեսնում էր, թե ինչպես են ամբարիշտները նյութապես բարգավաճում, թվում էր՝ գոհ են իրենց կյանքից, և նրանց ոչ մի չար բան չի պատահում։

10 Սաղմոս 73։2–8-ում կարդում ենք. «Նախանձով լցուեցայ հպարտների վերայ՝ ամբարիշտների խաղաղութիւնը տեսնելիս։ Որովհետեւ նորանք ցաւ չ’ունին մինչեւ իրանց մահը. եւ նորանց մարմինը փափուկ [«պարարտ», ԱԱ] է։ Նորանք մարդի նեղութեան մէջ չեն, եւ ուրիշ մարդկանց հետ [«պէս», ԱԱ] չեն տանջվում»։ Սակայն սաղմոսերգուն ճիշտ ժամանակին հասկացավ, որ նման բացասական մտայնությունը սխալ է (Սաղմոս 73։15, 16)։ Նա ջանք արեց շտկելու իր մտածելակերպը, բայցևայնպես լիովին չէր կարողանում հասկանալ, թե ինչու ամբարիշտները, սխալ բաներ անելով հանդերձ, կարծես խուսափում են պատժից, մինչդեռ ճիշտ տրամադրվածություն ունեցող մարդիկ հաճախ տառապում են։

11. Ի՞նչ հասկացավ սաղմոսերգու Ասափը։

11 Վերջիվերջո, այդ հավատարիմ մարդը հասկացավ, թե ինչ է սպասում ամբարիշտներին։ Եհովան ամեն ինչ իր ժամանակին ուղղելու էր (Սաղմոս 73։17–19)։ Դավիթը գրեց. «Սպասիր Տիրոջը եւ պահիր նորա ճանապարհը, եւ նա կ’բարձրացնէ քեզ՝ որ երկիրը ժառանգես. եւ կը տեսնես ամբարիշտները սատակելիս» (Սաղմոս 37։9, 11, 34)։

12. ա) Ի՞նչ է որոշել Եհովան ամբարշտության և անարդարության հետ կապված։ բ) Ի՞նչ զգացումներ է քո մեջ առաջացնում այն, որ Եհովան շուտով կվերացնի անարդարությունը։

12 Անշուշտ, Եհովան որոշել է համապատասխան ժամանակին երկրի երեսից վերացնել ամբարշտությունը և դրա հետ կապված անարդարությունները։ Նույնիսկ հավատարիմ քրիստոնյաները պետք է միշտ իրենք իրենց հիշեցնեն այս բանը։ Եհովան կվերացնի բոլոր նրանց, ովքեր հակառակ են իր կամքին, և կպարգևատրի բոլոր նրանց, ովքեր ապրում են իր կամքի համաձայն։ «Նորա աչքերը տեսնում են. նորա արտեւանունքները քննում են մարդկանց որդիներին։ Տէրը քննում է արդարին, բայց ամբարշտին եւ անիրաւութիւն սիրողին ատում է նորա անձը։ Նա ամբարիշտների վերայ որոգայթներ՝ կրակ եւ ծծումբ կ’տեղայ, եւ.... այրող մրրիկ կ’լինի։ Որովհետեւ Տէրն արդար է և արդարութիւն է սիրում» (Սաղմոս 11։4–7)։

Արդար նոր աշխարհ

13, 14. Ինչո՞ւ նոր աշխարհում արդարություն կտիրի։

13 Սատանայի իշխանության տակ գտնվող իրերի այս անարդար համակարգը վերացնելուց հետո Եհովան կհաստատի սքանչելի նոր աշխարհ։ Այն կղեկավարվի Աստծու երկնային Թագավորության կողմից, որի մասին Հիսուսն իր հետևորդներին սովորեցրեց աղոթել։ Ամբարշտությունն ու անարդարությունը կփոխարինվեն արդարությամբ. այդ ժամանակ լիովին կկատարվեն այն խնդրանքները, որ ասվում են «Տերունական աղոթքում». «Թող գա՛ քո թագավորությունը։ Թող կատարվի՛ քո կամքը ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա» (Մատթեոս 6։10)։

14 Աստվածաշնչում նկարագրվում է, թե ինչպիսին է լինելու այդ Թագավորությունը, որի գալու համար այսօր աղոթում են բոլոր արդարամիտ մարդիկ։ Այն ժամանակ լիովին կկատարվի Սաղմոս 145։16–ը. «Դու [Եհովա Աստված] բաց ես անում քո ձեռքը, եւ կշտացնում ես ամեն կենդանին հաճութիւնով»։ Իսկ Եսայիա 32։1–ում ասվում է. «Ահա մի թագաւոր [Հիսուս Քրիստոսը երկնքից] արդարութեամբ է թագաւորելու, եւ իշխանները [Քրիստոսի ներկայացուցիչները երկրի վրա] իրաւունքով են իշխելու»։ Թագավոր Հիսուս Քրիստոսի վերաբերյալ Եսայիա 9։7–ում գրված է. «Իշխանութիւնը շատացնելուն եւ խաղաղութեանը վերջ չ’կայ, Դաւիթի աթոռի վերայ եւ նորա թագաւորութեան վերայ, որ նորանում հաստատէ եւ պնդացնէ նորան իրաւունքով եւ արդարութիւնով հիմակուանից մինչեւ յաւիտեան։ Զօրաց Տիրոջ նախանձը պիտի անէ այս»։ Կարո՞ղ ես պատկերացնել քեզ այդ արդար իշխանության ներքո ապրելիս։

15. Ի՞նչ կանի Եհովան մարդկության համար նոր աշխարհում։

15 Աստծու նոր աշխարհում մենք այլևս ոչ մի պատճառ չենք ունենա արտահայտվելու այնպես, ինչպես որ գրված է Ժողովող 4։1–ում. «Ես դարձայ եւ տեսայ արեգակի տակին եղած բոլոր զրկանքները. եւ ահա զրկուածների արտասուք կար, բայց մխիթարող չ’ունէին. եւ նորանց զրկողների ձեռքից բռնութիւն կար, բայց իրանք մխիթարող չ’ունէին»։ Ինչ խոսք, մեր անկատար ուղեղով դժվար է պատկերացնել, թե որքան հրաշալի կլինի արդար նոր աշխարհը։ Այլևս չի լինի չարություն. ամեն օր միայն բարի բաներ տեղի կունենան։ Այո՛, Եհովան կուղղի բոլոր սխալները և դա կանի այնքան լավ, որ մենք նույնիսկ չենք էլ պատկերացնում։ Ի՜նչ հրաշալի խոսքեր գրեց Պետրոս առաքյալը Եհովա Աստծու ներշնչմամբ։ Նա ասաց. «Նրա խոստման համաձայն՝ մենք նոր երկնքի ու նոր երկրի ենք սպասում, և նրանցում արդարություն պիտի բնակվի» (2 Պետրոս 3։13)։

16. Ինչպե՞ս է հաստատվել «նոր երկինքը», և ինչպե՞ս է «նոր երկրի» հասարակությունն այսօր պատրաստվում ապրելու նոր աշխարհում։

16 «Նոր երկինքը»՝ Աստծու երկնային կառավարությունը, որի գլուխը Հիսուս Քրիստոսն է, արդեն հաստատվել է։ Իսկ այն հասարակությունը, այսինքն՝ այն արդարամիտ մարդիկ, ովքեր կկազմեն «նոր երկրի» միջուկը, կազմավորվում է այս վերջին օրերում։ Նրանց թիվն այսօր հասնում է գրեթե յոթ միլիոնի, որոնք ապրում են առնվազն 235 երկրներում և տարածքներում։ Նրանցից կազմավորված ժողովների թիվը ամբողջ աշխարհում հասնում է 100 000–ի։ Այդ մարդիկ սովորում են Եհովայի արդար և ճշմարիտ ուղիները, ուստի նրանց մեջ կա միասնություն, որն ամրապնդվում է քրիստոնեական սիրով։ Աշխարհի պատմությունը դեռ չի տեսել այդպիսի ուշագրավ և տևական միասնություն, մի բան, որն անհնար է Սատանայի հպատակների մեջ։ Նման սերն ու միասնությունը նախաշողերն են այն չքնաղ ժամանակների, երբ երկրի վրա հաստատված կլինի Աստծու արդար նոր աշխարհը (Եսայիա 2։2–4; Հովհաննես 13։34, 35; Կողոսացիներ 3։14)։

Սատանայի հարձակումը կձախողվի

17. Ինչո՞ւ Սատանայի հարձակումը Եհովայի ժողովրդի վրա անպայման կձախողվի։

17 Սատանան և նրա համախոհները շուտով կհարձակվեն Եհովայի երկրպագուների վրա՝ փորձելով վերացնել նրանց (Եզեկիէլ 38։14–23)։ Սա մեկը կլինի այն իրադարձություններից, որոնք տեղի կունենան «մեծ նեղության» ժամանակ։ Հիսուսն ասաց. «Մեծ նեղություն կլինի, որի նմանը չի եղել աշխարհի սկզբից մինչև հիմա և ոչ էլ երբևէ կլինի» (Մատթեոս 24։21)։ Կհասնի՞ Սատանան հաջողության։ Ո՛չ։ Աստծու Խոսքը վստահեցնում է. «Տէրն իրաւունք [արդարություն] է սիրում եւ իր սուրբերին չէ թողում. նորանք յաւիտեան պահպանվում են, բայց ամբարիշտների զաւակը կը սատկի։ Արդարները երկիրը կ’ժառանգեն, եւ յաւիտեան կ’բնակուին նորանում» (Սաղմոս 37։28, 29)։

18. ա) Ինչպե՞ս կարձագանքի Աստված, երբ Սատանան հարձակվի նրա ժողովրդի վրա։ բ) Ինչո՞վ էր քեզ համար օգտակար աստվածաշնչյան քննարկումն այն մասին, որ արդարությունն ի վերջո կհաղթի։

18 Սատանայի և նրա հետևորդների այս հարձակումը վերջին բանը կլինի, որ նրանք կանեն ընդդեմ Եհովայի ու նրա ծառաների, նախքան Աստված նրանց կհեռացնի ասպարեզից։ Եհովան Զաքարիա մարգարեի միջոցով կանխագուշակել է. «Ձեզ դպչողը նորա [«իմ», ՆԱ] աչքերի բիբին է դպչում» (Զաքարիա 2։8)։ Դա նման է նրան, որ ինչ–որ մեկը իր մատը մտցնի Եհովայի աչքը։ Ուստի Եհովան անմիջապես գործի կանցնի։ Եհովայի ծառաները ամենից սիրառատ, միասնական, խաղաղասեր և օրինապահ մարդիկ են։ Ուստի այդ հարձակումը նրանց վրա կլինի լիովին անհիմն, անարդար։ Արդարություն սիրող Աստվածը չի հանդուրժի դա։ Նա կկործանի իր ժողովրդի թշնամիներին. այդպիսով արդարությունը կհաղթանակի, իսկ միակ ճշմարիտ Աստծուն երկրպագողները փրկության կհասնեն։ Ի՜նչ հուզումնալից, զարմանալի իրադարձություններ են մեզ սպասում (Առակաց 2։21, 22)։

Ինչպե՞ս կպատասխանեիք

• Ինչո՞ւ է անարդարությունն այսքան տարածված։

• Ինչպե՞ս Եհովան կլուծի անարդարության խնդիրը։

• Ի՞նչը քեզ տպավորեց արդարության հաղթանակի մասին այս հոդվածում։

[նկար 23–րդ էջի վրա]

Նախքան Ջրհեղեղը ամբարշտությունը ծաղկում էր։ Այն ծաղկում է նաև այս «վերջին օրերում»

[նկար 24–րդ էջի վրա]

Աստծու նոր աշխարհում արդարությունը կփոխարինի ամբարշտությանը

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը