Դու կարո՛ղ ես պայքարել անարդարության դեմ
ՄԵԶԱՆԻՑ ո՞վ չի բախվել անարդարության իր կյանքի ընթացքում։ Եթե անարդարության որոշ դրսևորումներ կարելի է միայն մտովի պատկերացնել կամ ըմբռնել, ապա կան անարդարություններ, որոնց մենք իրական կյանքում ենք հանդիպում։
Սովորաբար երբ մենք անարդարության ենք բախվում, էմոցիոնալ ցավ ենք զգում, և դա կարող է վնասել Աստծու հետ ունեցած մեր փոխհարաբերությունները։ Նման դեպքերում թերևս մեր մեջ ուժգին ցանկություն է առաջանում շտկելու իրավիճակը։ Ինչո՞ւ։ Պատճառներից մեկն այն է, որ Եհովա Աստված, որը «անիրաւութիւն չ’ունի», արդարության ուժեղ զգացումով է ստեղծել մարդկանց (Բ Օրինաց 32։4; Ծննդոց 1։26)։ Այնուամենայնիվ, հնարավոր է մենք հայտնվենք այնպիսի իրավիճակում, երբ զգանք, որ մեր արդարության զգացումը չի բավարարվում։ Մի իմաստուն մարդ նշել է. «Ես դարձայ եւ տեսայ արեգակի տակին եղած բոլոր զրկանքները. եւ ահա զրկուածների արտասուք կար, բայց մխիթարող չ’ունէին. եւ նորանց զրկողների ձեռքից բռնութիւն կար, բայց իրանք մխիթարող չ’ունէին» (Ժողովող 4։1)։ Հետևաբար, ինչպե՞ս կարող ենք պայքարել անարդարության դեմ։
Իրականում ի՞նչ է անարդարությունը
Անարդարությունը արդարության չափանիշների խախտումն է։ Իսկ մարդկանց համար ո՞րն է արդարության չափանիշը։ Հստակ է, որ մեր արդար և անփոփոխ Ստեղծիչը իրավունք ունի չափանիշներ սահմանելու, թե ինչը կարող է արդար համարվել, և ինչը՝ անարդար։ Նրա տեսանկյունից՝ «կեանքի կանոններովը» քայլել նշանակում է «անօրէնութիւն» չգործել (Եզեկիէլ 33։15)։ Ուստի երբ Եհովան ստեղծեց առաջին մարդուն, նրա մեջ խիղճ դրեց՝ ներքին ձայն, որի օգնությամբ նա կարող էր ճիշտը սխալից տարբերել (Հռոմեացիներ 2։14, 15)։ Ավելին, Եհովան իր Խոսքում՝ Աստվածաշնչում, գրել է տվել այն, թե ինչն է արդար և ինչը՝ անարդար։
Իսկ ի՞նչ կարելի է անել, երբ զգում ենք, որ մեր հանդեպ անարդար են վարվել։ Այդպիսի դեպքերում լավ կլինի օբյեկտիվ կերպով քննենք հանգամանքները, որպեսզի կարողանանք տեսնել, թե իսկապե՞ս անարդարություն է տեղի ունեցել։ Եկեք քննենք այն իրավիճակը, որում հայտնվեց եբրայեցի Հովնան մարգարեն։ Եհովան պատվիրել էր նրան տեղեկացնել Նինվեի բնակիչներին մոտալուտ աղետի մասին։ Սկզբում Հովնանը փախուստի դիմեց՝ առանց իր հանձնարարությունը կատարելու։ Վերջիվերջո, նա գնաց Նինվե և զգուշացրեց, որ շուտով այդ քաղաքի բնակիչները կործանվելու են։ Քանի որ նրանք դրականորեն արձագանքեցին, Եհովան որոշեց չկործանել քաղաքը և խնայեց նրա բնակիչներին։ Ի՞նչ զգացումներ ունեցավ Հովնանը։ «Յովնանը տրտմեց մեծ տրտմութիւնով» (Յովնան 4։1)։ Նա մտածում էր, որ դա Եհովայի կողմից ծայրաստիճան անարդար քայլ է։
Ակնհայտ է, որ Եհովան, որը կարող է սրտեր կարդալ և որը «արդարութիւն եւ իրաւունք է սիրում», չէր սխալվում (Սաղմոս 33։5)։ Պարզապես Հովնանը պետք է սովորեր, որ այն, թե ինչպես էր Եհովան որոշումներ ընդունում, ներդաշնակ էր կատարյալ արդարությանը։ Երբ մենք զգում ենք, որ մեր հանդեպ անարդար են վարվում, կարող ենք ինքներս մեզ հարց տալ. «Հնարավո՞ր է, որ Եհովան իմ հարցին այլ տեսանկյունից նայի»։
Ինչպես դիմագրավենք անարդարությունը
Աստվածաշնչում կան բազմաթիվ մարդկանց օրինակներ, ովքեր տառապել են անարդարության պատճառով։ Մենք շատ բան կարող ենք սովորել՝ քննելով, թե ինչպես են նրանք դիմագրավել իրենց դժվարին խնդիրները։ Նկատի առնենք Հովսեփի օրինակը, որին իր եղբայրները, նախանձից դրդված, գերության էին վաճառել Եգիպտոս։ Եգիպտոսում Հովսեփի տիրոջ կինը փորձում էր հրապուրել նրան, և երբ Հովսեփը մերժեց այդ կնոջը, վերջինս սուտ խոսելով՝ մեղադրեց Հովսեփին այն բանում, թե իրեն անբարո առաջարկ է արել։ Հետևանքը եղավ այն, որ Հովսեփը հայտնվեց բանտում։ Սակայն նրա հավատը ավելի ուժեղ էր, քան երկաթե շղթաները, որոնցով իրեն շղթայել էին։ Նա թույլ չտվեց, որ անարդարությունը ինչ–որ ձևով ազդի իր հոգևորի վրա և ոչ էլ թուլացնի իր վստահությունը Եհովայի հանդեպ (Ծննդոց 37։18–28; 39։4–20; Սաղմոս 105։17–19)։
Մյուս անձնավորությունը, որը անարդարության էր բախվել, Նաբովթն էր։ Նա դարձավ Հեզաբելի՝ Իսրայելի Աքաաբ թագավորի կնոջ նենգորեն կազմակերպած դավադրության զոհը։ Աքաաբը դիմեց Նաբովթին, որ վերջինս պալատի մոտ գտնվող հողամասը, որը ժառանգաբար իրեն էր փոխանցվել, տա իրեն՝ թագավորին։ Սակայն իսրայելացին չէր կարող ժառանգաբար իրեն փոխանցված ունեցվածքը անվերադարձ տալ ուրիշին, այդ պատճառով էլ Նաբովթը մերժեց հողը գնելու թագավորի առաջարկը (Ղեւտացոց 25։23)։ Այդ ժամանակ Աքաաբի չար կինը սուտ վկաներ բերեց, որոնք մեղադրեցին Նաբովթին Աստծուն և թագավորին հայհոյելու մեջ։ Արդյունքում Նաբովթը և իր որդիները մահվան դատապարտվեցին։ Կարելի է պատկերացնել, թե ինչ էր զգում Նաբովթը, երբ մարդիկ քարերով սպանում էին իրեն (Գ Թագաւորաց 21։1–14; Դ Թագաւորաց 9։26)։
Անարդարության վերը նշված օրինակները, սակայն, աննշան են՝ համեմատած այն անարդարության հետ, որը գործադրվեց Հիսուս Քրիստոսի հանդեպ։ Նրան մահվան դատապարտելը ստի վրա հիմնված և անօրինական որոշում էր։ Դատավորական աթոռին նստած հռոմեացի կառավարիչը իր մեջ այնքան ուժ չգտավ, որ կարողանար պաշտպանել այն, ինչը ճիշտ էր (Հովհաննես 18։38–40)։ Այո, Հիսուս Քրիստոսի նկատմամբ Սատանան ամենամեծ անարդարությունը գործադրեց. նման անարդարություն նա երբևիցե ոչ մեկի հանդեպ չէր գործադրել։
Այս օրինակները ցույց տալի՞ս են, որ Եհովան անտարբեր է անարդարության հանդեպ։ Ո՛չ։ Պարզապես Եհովան այս դեպքերին մարդկային տեսանկյունից չի նայում (Եսայիա 55։8, 9)։ Շնորհիվ այն բանի, որ գերության էր ծախվել՝ Հովսեփը կարողացավ փրկել իր ընտանիքը։ Նախքան սովը սկսվելը, որը տևեց մի քանի տարի, և որից մեծապես տուժեց նաև նրա ընտանիքը, նա Եգիպտոսում դարձավ պարենամթերքի համար պատասխանատու պաշտոնյա։ Մի պահ մտածիր. եթե Եհովան թույլ չտար, որ անարդարություն գործադրվեր, Հովսեփը չէր հայտնվի բանտում։ Այնտեղ էր, որ նա մեկնաբանեց երկու բանտարկյալների երազները, որոնցից մեկը ավելի ուշ Հովսեփի մասին պատմեց փարավոնին, ինչն էլ նպաստեց, որ Հովսեփը դառնա ամբողջ երկրի պարենամթերքի պատասխանատուն (Ծննդոց 40։1; 41։9–14; 45։4–8)։
Իսկ ի՞նչ կարելի է ասել Նաբովթի մասին։ Դարձյալ փորձենք իրերին նայել Եհովայի տեսանկյունից։ Եհովայի համար, որը կարող է հարություն տալ մահացածներին, Նաբովթը կենդանի էր նույնիսկ այն ժամանակ, երբ նրա դիակը ընկած էր գետնին (Գ Թագաւորաց 21։19; Ղուկաս 20։37, 38)։ Նաբովթը պետք է սպասեր, մինչև որ գա ժամանակը, երբ Եհովան կյանքի կվերադարձնի նրան, բայց այդ ժամանակը մի ակնթարթ կթվա նրան, քանի որ, ինչպես գիտենք, մահացածները անգիտակից վիճակում են (Ժողովող 9։5)։ Բացի դրանից, Եհովան Նաբովթի վրեժը առավ՝ դատաստան բերելով Աքաաբի և նրա տնեցիների վրա (Դ Թագաւորաց 9։21, 24, 26, 35, 36; 10։1–11; Հովհաննես 5։28, 29)։
Իսկ այժմ քննենք Հիսուսի դեպքը. նա մահացավ։ Սակայն Աստված հարություն տվեց նրան և մի այնպիսի դիրքի արժանացրեց, որը «շատ ավելի բարձր է ամեն կառավարությունից և իշխանությունից և զորությունից և տերությունից և տրված ամեն անունից» (Եփեսացիներ 1։20, 21)։ Այն անարդարությունը, որ Սատանան դրսևորեց Հիսուս Քրիստոսի հանդեպ, չխանգարեց Եհովային, որ նա վարձատրեր իր Որդուն։ Հիսուսը վստահ էր, որ Եհովան կարող էր անմիջապես անվավեր համարել նրա անարդար ու անօրինական ձերբակալությունը, եթե դա՛ էր Աստծու կամքը։ Հիսուսը նաև գիտեր, որ Եհովան դեռ ժամանակ ունի Գրությունները կատարելու և անարդարության ցանկացած դրսևորում վերացնելու համար։
Այո, Սատանան և իր գործակալները անարդարություն գործադրեցին արդար մարդկանց հանդեպ, սակայն Եհովան վերջիվերջո շտկեց իրավիճակը և մեկընդմիշտ վերացրեց անարդարությունը, ինչը որ կանի նաև ապագայում։ Սակայն որպեսզի անարդարությունը վերանա, մենք պետք է սպասենք Աստծուն (Բ Օրինաց 25։16; Հռոմեացիներ 12։17–19)։
Ինչու է Եհովան թույլ տալիս անարդարությունը
Եհովան կարող է պատճառներ ունենալ չմիջամտելու և չշտկելու տվյալ իրավիճակը։ Նա գուցե թույլ տա, որ մենք անարդարության բախվենք, քանի որ դժվարությունները մեր քրիստոնեական ուսուցման մի մասն են։ Անշուշտ, «Աստված չար բաներով չի փորձում որևէ մեկին» (Հակոբոս 1։13)։ Այնուհանդերձ, նա կարող է թույլ տալ, որ դեպքերը զարգանան առանց իր միջամտության, սակայն նա կարող է աջակցել նրանց, ովքեր ինչ–որ բան են սովորում այդ ուսուցումից։ Աստվածաշունչը հավաստիացնում է մեզ. «Այն բանից հետո, երբ դուք մի փոքր ժամանակ չարչարվեք, ամեն անարժան բարության Աստվածը.... ավարտին կհասցնի ձեր ուսուցումը, հաստատուն կդարձնի ձեզ ու կզորացնի» (1 Պետրոս 5։10)։
Նաև այն, որ Եհովան թույլ է տալիս, որ անարդարություն գործադրվի, դրանով նա մեղավորներին ժամանակ է տալիս զղջալու։ Հիսուսին դատապարտելուց ընդամենը մի քանի շաբաթ հետո հրեաներից ոմանք, ովքեր լսեցին Պետրոսի հորդորը, «մինչև իրենց սրտի խորքը ցնցվեցին»։ Նրանք սրտանց ընդունեցին Աստծու խոսքը և մկրտվեցին (Գործեր 2։36–42)։
Ճիշտ է, որ անարդարություն գործողներից ոչ բոլորն են զղջալու։ Ոմանց գուցե նույնիսկ խրախուսեն ծայրաստիճան անարդար գործեր անել։ Առակաց 29։1–ում ասվում է. «Յանդիմանութիւններ ստացող մարդը՝ եթէ իր պարանոցը խստացնէ, յանկարծ կ’ջարդուի եւ բժշկութիւն չի գտնիլ» (Առակաց 29։1)։ Իրականում Եհովան վերջնականապես գործի կանցնի և կվերացնի բոլոր նրանց, ովքեր համառորեն շարունակում են անպատշաճ վարք դրսևորել (Ժողովող 8։11–13)։
Որքան ժամանակ էլ որ պահանջվի արդարությունը վերականգնելու համար, մենք կարող ենք համոզված լինել, որ Եհովան գիտի, թե ինչպես օգնի մեզ այդ գործում։ Եվ նա վճռել է վերացնել անարդարության ցանկացած դրսևորում, որը գուցեև մեզ ցավ է պատճառել իրերի այս չար համակարգում։ Դեռ ավելին, նա խոստացել է մեզ հավիտենական կյանքով վարձատրել նոր աշխարհում, որտեղ «արդարություն պիտի բնակվի» (2 Պետրոս 3։13)։
[նկար 17–րդ էջի վրա]
Ի՞նչ էր զգում Նաբովթը, երբ դաժան անարդարության բախվեց