Կարո՞ղ եք լայնանալ սիրո մեջ
ԽԱՐԻՍԽԻ շղթան պետք է ամուր լինի, որպեսզի ջրի հոսանքը և այլ ուժեր չքշեն նավը։ Իսկ դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե շղթայի օղակները ամուր են։ Այլապես շղթան կկտրվի։
Նույնը կարելի է ասել քրիստոնեական ժողովի մասին։ Որպեսզի ժողովը ամուր և հոգևորապես առողջ լինի, նրա անդամները պետք է միաբանված լինեն։ Իսկ ի՞նչն է միավորում նրանց. սերը, որը միասնության ամենազորեղ կապն է։ Ուստի զարմանալի չէ, որ Հիսուս Քրիստոսն ասաց իր աշակերտներին. «Նոր պատուիրանք եմ տալիս ձեզ, որ իրար սիրէք. ինչպէս ես ձեզ սիրեցի, որ դուք էլ իրար սիրէք։ Սորանով կ’գիտենան ամենքը թէ իմ աշակերտներն էք, եթէ իրար վերայ սէր ունենաք»։ Այո, ճշմարիտ քրիստոնյաներն այնպիսի սեր են ցույց տալիս, որն ավելին է, քան պարզապես ընկերությունը կամ փոխադարձ հարգանքը։ Նրանք անձնազոհ սեր են դրսևորում միմյանց հանդեպ (Յովհաննէս 13։34, 35)։
Գնահատենք մեր հավատակիցներին
Շատ ժողովներ բաղկացած են տարբեր տարիքի, ռասայի, ազգության, մշակույթի, տարբեր լեզուներով խոսող և տարբեր ծագում ունեցող մարդկանցից։ Ժողովի յուրաքանչյուր անդամ ունի իր նախասիրությունները, իր հույսերն ու մտահոգությունները, և յուրաքանչյուրն ունի իր բեռը, որը թերևս լինի որևէ առողջական կամ ֆինանսական խնդիր։ Այս տարբերությունները գուցե խոչընդոտ լինեն քրիստոնեական միասնության համար։ Սակայն ի՞նչը կօգնի մեզ լայնանալ սիրո մեջ և միաբան լինել՝ չնայած այդ տարբերություններին։ Գնահատելով ժողովի բոլոր անդամներին՝ մենք կխորացնենք մեր սերը միմյանց հանդեպ։
Իսկ ինչպե՞ս ենք գնահատանք ցույց տալիս մեր հավատակիցների հանդեպ. ուշադիր լինելով նրանց կարիքների նկատմամբ, բարձր գնահատելով նրանց, նաև նրանց արժանիքները և երախտապարտ լինելով այն բանի համար, որ նրանք մեզ հետ միասին երկրպագում են Աստծուն։ Դրա շնորհիվ մեր հավատակիցների հանդեպ սերն ավելի ու ավելի է աճում։ Համառոտակի քննարկելով այն, թե ինչ գրեց Պողոս առաքյալն առաջին դարի կորնթացի քրիստոնյաներին՝ կտեսնենք, թե ինչպես կարող ենք լիարժեք կերպով ցույց տալ մեր քրիստոնեական սերը։
Կորնթացիներն ‘իրենց սրտերում նեղվում էին’
Պողոսն իր առաջին նամակը կորնթացիներին գրեց մ.թ. 55 թ.–ին և այդ նույն տարում գրեց նաև իր երկրորդ նամակը։ Նրա խոսքերը ցույց են տալիս, որ Կորնթոսի ժողովի անդամներից ոմանք չէին գնահատում հավատակիցներին։ Պողոսն իրավիճակը նկարագրեց հետևյալ խոսքերով. «Մեր բերանը բացուած է դէպի ձեզ, ով Կորնթացիներ, մեր սիրտը լայնացած է։ Դուք մեզանից նեղութիւն չ’ունիք, միայն թէ ձեր սրտերումն էք նեղվում» (Բ Կորնթացիս 6։11, 12)։ Ի՞նչ նկատի ուներ առաքյալը, երբ ասաց, որ կորնթացիները նեղվում են իրենց սրտերում։
Նա նկատի ուներ այն, որ նրանց սրտերը բաց չէին, և նրանք մեծահոգի չէին։ Մի աստվածաշնչագետ նշում է, որ «դժվարին իրավիճակները, որոնց պատճառը եղել էին անհիմն կասկածներն .... ու վիրավորվածության զգացումը, թույլ չէին տալիս» կորնթացիներին սիրելու Պողոսին։
Ահա թե ինչ խորհուրդ է տալիս Պողոսը. «Մի եւ նոյն հատուցումը անելով, (ինչպէս թէ որդիների հետ եմ խօսում,) դուք էլ լայնացէք» (Բ Կորնթացիս 6։13)։ Նա հորդորեց կորնթացիներին լայնանալ հավատակիցների հանդեպ սիրո մեջ։ Դա նշանակում էր, որ նրանք չպետք է թույլ տային, որ անվստահության և աննշան վիրավորվածության զգացումը ազդեցություն բանեցնեին իրենց վրա և պետք է դրական տրամադրվածություն ունենային ու մեծահոգի լինեին։
Լայնանանք սիրո մեջ այսօր
Հաճելի է տեսնել, որ Աստծու ճշմարիտ երկրպագուները ջանք չեն խնայում, որ իրար հանդեպ սիրո մեջ լայնանան։ Ինչ խոսք, դրա համար ջանքեր են հարկավոր։ Բավական չէ միայն իմանալ, թե ինչ է հարկավոր անել։ Որպեսզի լայնանանք սիրո մեջ, պետք է ձգտենք, որ մեր վարքը տարբերվի այն մարդկանց վարքից, ովքեր չեն ապրում Աստվածաշնչի սկզբունքներով։ Այդպիսի մարդիկ սովորաբար ուշադիր չեն լինում ուրիշների կարիքների հանդեպ։ Նրանք կարող են լինել անհոգ, անհարգալից և ծաղրող։ Եկեք, ուրեմն, երբեք թույլ չտանք, որ նման վերաբերմունքն ազդեցություն թողնի մեզ վրա։ Որքա՜ն ցավալի կլինի, եթե մեր սերը նվազի անվստահության զգացումից, ինչպես որ դա եղավ կորնթացիների պարագայում։ Այսօր դա կարող է պատահել այն դեպքում, եթե շտապենք նկատել մեր քրիստոնյա եղբոր թերությունները և ոչ թե լավ հատկությունները։ Դա կարող է պատահել նաև այն դեպքում, եթե վարանենք սեր ցույց տալ ինչ–որ մեկի հանդեպ այն պատճառով, որ նա ուրիշ մշակույթ ունի։
Սակայն Աստծու ծառան, որը լայնանում է սիրո մեջ, անկեղծորեն գնահատում է իր հավատակիցներին։ Նա հարգում է նրանց արժանապատվությունը և ուշադիր է նրանց կարիքների հանդեպ։ Նույնիսկ երբ գանգատվելու լուրջ պատճառ է լինում, նա պատրաստ է ներելու և մոռանում է վիրավորանքը։ Այդպիսի անհատը կասկածի չի ենթարկում իր հավատակիցների մղումները։ Մեծահոգություն ցուցաբերելն օգնում է նրան արտահայտել այն սերը, որը նկատի ուներ Հիսուսը, երբ ասաց. «Սորանով կ’գիտենան ամենքը թէ իմ աշակերտներն էք, եթէ իրար վերայ սէր ունենաք» (Յովհաննէս 13։35)։
Լայնանանք և նոր ընկերներ ձեռք բերենք
Անկեղծ սերը կօգնի մեզ մեծացնել մեր ընկերների շրջանակը և ժողովում փնտրել այնպիսի անհատների ընկերակցությունը, որոնց հետ մենք սովորաբար մոտիկից չենք շփվում։ Ովքե՞ր կարող են լինել նրանք։ Մեր քրիստոնյա եղբայրներից կամ քույրերից ոմանք ամաչկոտ են կամ էլ այս կամ այն պատճառով քիչ ընկերներ ունեն։ Գուցե մտածենք, թե ընդհանուր քիչ բան ունենք այդ անհատների հետ՝ բացի նրանից, որ միավորված ենք երկրպագության մեջ։ Բայց չէ՞ որ Աստվածաշնչում հիշատակվող այն անձնավորություններից ոմանք, ովքեր մտերիմ ընկերներ են եղել, առաջին հայացքից՝ ընդհանուր քիչ բաներ են ունեցել։
Օրինակ՝ Հռութն ու Նոեմին տարբեր տարիքի էին, տարբեր ազգության և մշակույթի էին պատկանում և նույնիսկ տարբեր լեզուներով էին խոսում։ Սակայն այդ տարբերությունները չխանգարեցին այս երկու կանանց ընկերություն անելու։ Հովնաթանը թագավորի որդի էր, իսկ Դավիթը՝ հովիվ։ Նրանց տարիքային տարբերությունը մեծ էր, սակայն նրանց ընկերությունը Սուրբ Գրություններում հիշատակվածների մեջ ամենամտերիմ ընկերություններից մեկն է։ Այս երկու ընկերություններն էլ բավարարվածության ու հոգևոր աջակցության աղբյուր էին (Հռութ 1։16; 4։15; Ա Թագաւորաց 18։3; Բ Թագաւորաց 1։26)։
Նույնիսկ այսօր մտերիմ ընկերություններ կարող են հաստատվել տարբեր տարիքի կամ տարբեր հանգամանքներ ունեցող քրիստոնյաների միջև։ Ռեջինան, օրինակ, միայնակ մայր է և պատանեկան տարիքի երկու երեխա ունի։a Նա խիտ գրաֆիկով է ապրում, հետևաբար շփվելու քիչ ժամանակ ունի։ Հարալդը և Յութը տարիքով ամուսիններ են և երեխաներ չունեն։ Առաջին հայացքից՝ այս երկու ընտանիքները ընդհանուր շատ քիչ բան ունեն։ Սակայն Հարալդն ու Յութը կիրառեցին սիրո մեջ լայնանալու մասին աստվածաշնչյան խորհուրդը և միջոցներ ձեռնարկեցին, որպեսզի Ռեջինայի և նրա երեխաների հետ մասնակցեն քարոզչական ծառայությանը, ինչպես նաև միասին ազատ ժամանակ անցկացնեն։
Կարո՞ղ ենք լայնանալ սիրո մեջ՝ մեծացնելով մեր ընկերների շրջանակը։ Կարելի է ավելի մոտիկից ծանոթանալ ուրիշ ազգության և մշակույթի պատկանող մեր հավատակիցների հետ, ինչպես նաև նրանց հետ, ովքեր մեր տարիքին չեն։
Ուշադիր լինենք ուրիշների կարիքների հանդեպ
Մեծահոգի լինելը կմղի մեզ ուշադիր լինել ուրիշների կարիքների հանդեպ։ Ինչպիսի՞ կարիքների։ Կարող ենք մտածել մեր ժողովի անդամների մասին։ Երիտասարդները առաջնորդության կարիք ունեն, ծերերը՝ քաջալերության, լիաժամ ծառայողները՝ գովասանքի և աջակցության, իսկ մեր այն հավատակիցները, որոնք ընկճված են, ուշադրությամբ լսողի կարիք ունեն։ Յուրաքանչյուր մարդ ինչ–որ բանի կարիք ունի։ Մենք ցանկանում ենք մեր ուժերի ներածին չափով արձագանքել այդ կարիքներին։
Սիրո մեջ լայնանալ նշանակում է նաև կարեկցանք ցույց տալ այն մարդկանց հանդեպ, ովքեր հատուկ խնամքի կարիք ունեն։ Ճանաչո՞ւմ ես ինչ–որ մեկի, որ քրոնիկական հիվանդություն ունի, կամ որը այլ դժվարություններ է կրում կյանքում։ Սիրո մեջ լայնանալը և մեծահոգի լինելը կօգնի քեզ հասկացող և աջակցող լինել կարիքավորների հանդեպ։
Քանի որ մոտալուտ ապագայի վերաբերյալ աստվածաշնչյան մարգարեությունները մոտենում են իրենց կատարմանը, ժողովի անդամների միջև միասնությունը շատ ավելի արժեքավոր է, քան ունեցվածքը, կարողությունները կամ ձեռքբերումները (Ա Պետրոս 4։7, 8)։ Լայնանալով հավատակիցների հանդեպ սիրո մեջ՝ մեզանից յուրաքանչյուրը կարող է նպաստել այն բանին, որ ժողովի միասնության կապերն ամրանան։ Մենք կարող ենք վստահ լինել, որ Եհովան առատապես կօրհնի մեզ այն բանի համար, որ վարվում ենք իր Որդու՝ Հիսուս Քրիստոսի խոսքերի համաձայն. «Սա է իմ պատվիրանը, որ դուք սիրեք միմյանց, ինչպես որ ես ձեզ սիրեցի» (Յովհաննէս 15։12)։
[ծանոթագրություն]
a Որոշ անուններ փոխված են։
[մեջբերում 10–րդ էջի վրա]
Մենք գնահատանք ենք ցույց տալիս մեր եղբայրների և քույրերի հանդեպ, երբ բարձր ենք գնահատում նրանց, հարգում ենք նրանց արժանապատվությունը և ուշադիր ենք լինում նրանց կարիքների հանդեպ