Ընթերցողների հարցերը
Եթե անհատին անհանգստացնում են դևերը, ի՞նչ կարող է նա անել նրանցից ազատվելու համար։
Աստծու Խոսքը ցույց է տալիս, որ նրանք, ովքեր ենթարկվում են դևերի հարձակումներին, կարո՛ղ են ազատվել նման ազդեցությունից։ Աղոթքը այս հարցում շատ կարևոր նշանակություն ունի (Մարկոս 9։24–28)։ Բայց դևերի հարձակումներին ենթարկվող անհատը պետք է լրացուցիչ քայլեր ձեռնարկի։ Այն, ինչ տեղի ունեցավ առաջին դարում՝ կապված քրիստոնյաների հետ, ցույց է տալիս, թե ուրիշ ինչ է հարկավոր անել։
Հին Եփեսոսում որոշ անհատներ նախքան Քրիստոսի հետևորդ դառնալը դիվապաշտությամբ էին զբաղվում։ Սակայն, որոշելով ծառայել Աստծուն, «կախարդութեան հետեւողներից շատերը գրքերը բերում էին, եւ ամենի առաջին այրում» (Գործք 19։19)։ Գուշակության գրքերը վերացնելով՝ եփեսացի նորահավատ աշակերտները օրինակ թողեցին բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են ազատվել դևերի հարձակումից։ Հույժ կարևոր է ձերբազատվել ոգեհարցության հետ կապ ունեցող բոլոր առարկաներից։ Դրանք կարող են լինել՝ գրքեր, ամսագրեր, ֆիլմեր, էլեկտրոնային նյութեր, ոգեհարցության տարրեր պարունակող երաժշտական ձայնագրություններ, թալիսմաններ, ինչպես նաև աչքի ուլունքներ և նման «պաշտպանիչ» ու առհասարակ ոգեհարցության հետ կապ ունեցող առարկաներ (Բ Օրինաց 7։25, 26; Ա Կորնթացիս 10։21)։
Տարիներ անց այն բանից հետո, երբ եփեսացի քրիստոնյաները ոչնչացրել էին կախարդության մասին իրենց գրքերը, Պողոս առաքյալը գրեց. «Մեր պատերազմը.... չար հոգիների հետ [է]» (Եփեսացիս 6։12)։ Պողոսը քրիստոնյաներին հորդորեց. «Աստուծոյ սպառազինութիւնը հագէք, որ կարող լինիք սատանայի հնարքներին հակառակ կենալ» (Եփեսացիս 6։11)։ Այս խորհուրդը մինչև հիմա ուժի մեջ է։ Քրիստոնյաները պետք է քայլեր ձեռնարկեն իրենց հոգևոր պաշտպանությունն ամրապնդելու համար, որպեսզի չար ոգիները չկարողանան իրենց վնաս պատճառել։ Պողոսը շեշտեց. «Ամենի վերայ [«նախևառաջ», ՆԱ] հաւատքի [«մեծ», ՆԱ] վահանն առէք. որով կարող լինիք չարի ամեն կրակոտ նետերը հանգցնել» (Եփեսացիս 6։16)։ Անհատն իր հավատը ամրացնում է Աստվածաշնչի ուսումնասիրության միջոցով (Հռովմայեցիս 10։17; Կողոսացիս 2։6, 7)։ Ուստի, Աստվածաշնչի կանոնավոր ուսումնասիրությունն օգնում է այնպիսի հավատ զարգացնել, որը պատնեշի պես պաշտպանում է մեզ չար ոգիներից (Սաղմոս 91։4; Ա Յովհաննէս 5։5)։
Սակայն եփեսացի քրիստոնյաները պետք է մի կարևոր քայլ ևս ձեռնարկեին։ Պողոսը նրանց ասաց. «Ամեն աղօթքով եւ աղաչանքով աղօթք արէք ամեն ժամանակ Հոգով» (Եփեսացիս 6։18)։ Անշուշտ, սրտագին աղոթքով Եհովայից պաշտպանություն խնդրելը չափազանց կարևոր է նրանց համար, ովքեր ցանկանում են ազատվել դևերի հարձակումներից (Առակաց 18։10; Մատթէոս 6։13; Ա Յովհաննէս 5։18, 19)։ Ուստի Աստվածաշունչը կոչ է անում. «Արդ հնազանդեցէք Աստուծուն, հակառակ կացէք սատանային, եւ նա կ’փախչի ձեզանից» (Յակոբոս 4։7)։
Ճիշտ է, դևերի հարձակման ենթարկվող անհատը անձամբ պետք է աղոթի, որպեսզի ազատվի նրանցից, սակայն մյուս ճշմարիտ քրիստոնյաները նույնպես կարող են աղոթել նրա համար, եթե նա խորապես ցանկանում է ծառայել Եհովային և ամեն ջանք թափում է՝ դիմադրելու չար ոգեղեն ուժերին։ Նրանք կարող են Աստծուն խնդրել, որ այդ անհատը կարողանա հոգևոր զորություն ստանալ դիվային ազդեցությանը դիմադրելու համար։ Քանի որ Աստծու Խոսքն ասում է, որ «շատ զօրաւոր է արդարի աղօթքը ներգործելով», Աստծու ծառաների աղոթքը, անշուշտ, օգտակար կլինի նրանց համար, ովքեր ամեն ինչ անում են ‘Սատանային հակառակ կենալու համար’ (Յակոբոս 5։16)։
[նկար 31-րդ էջի վրա]
Եփեսացի քրիստոնյաները ոչնչացրեցին կախարդության մասին իրենց գրքերը