Նրանք ուրախացրին իրենց ծնողների սիրտը
«ՈՐԴԵԱԿՍ, եթէ սիրտդ իմաստուն լինի, իմ սիրտն էլ կ’ուրախանայ»,— ասվում է Առակաց 23։15–ում։ Եվ իրոք, քրիստոնյա ծնողները մեծ ուրախություն են ապրում, երբ իրենց երեխաները ձեռք են բերում աստվածային իմաստությունը։ 2005 թ. սեպտեմբերի 10–ին՝ շաբաթ օրը, տարբեր երկրներից եկած 6 859 անհատներ մասնակցեցին «Դիտարանի» աստվածաշնչյան «Գաղաադ» դպրոցի 119–րդ դասարանի ավարտական ծրագրին։ Բոլորի սիրտը ցնծում էր ուրախությունից։ Սակայն ամենից շատ ուրախանում էին 56 շրջանավարտների ծնողները։
Ծրագիրը սրտաբուխ աղոթքով բացեց ԱՄՆ–ի Բեթելի վաղեմի անդամ Դեյվիդ Ուոլքերը։ Ապա ծրագրի նախագահող Դեյվիդ Սփլեյնը, որը Եհովայի վկաների Կառավարիչ մարմնի անդամ է, իր խոսքն ուղղեց շրջանավարտների ծնողներին. «Դուք արժանի եք մեծ գովասանքի։ Այն հատկությունները, որ սերմանել եք ձեր որդիների և դուստրերի սրտում, մղել են նրանց միսիոներական ծառայություն սկսելու»։ Ծնողները հավանաբար մի փոքր անհանգստացած էին, քանզի գիտեին, որ իրենց զավակներին ուղարկելու են հեռավոր վայրեր։ Բայց եղբայր Սփլեյնը հանգստացրեց նրանց՝ ասելով. «Մի մտահոգվեք ձեր երեխաների համար։ Եհովան ավելի լավ կարող է հոգ տանել նրանց մասին, քան դուք»։ Ապա նա ավելացրեց. «Խորհեք, թե որքան բարի գործեր են կատարելու ձեր որդիներն ու աղջիկները։ Տարբեր դժվարություններից տառապող մարդիկ նրանց օգնությամբ առաջին անգամ իսկական մխիթարություն են գտնելու»։
Ինչպե՞ս շարունակաբար ուրախացնել մարդկանց
Նախագահողը ներկայացրեց չորս հռետորների։ Առաջին հռետորը ԱՄՆ–ի մասնաճյուղի կոմիտեի անդամ Ռալֆ Ուոլսն էր, որը ելույթ ունեցավ «Ձեր աչքերը բաց պահեք» թեմայով։ Նա նշեց, որ լավ է կույր լինել ֆիզիկապես, քան հոգևորապես։ Առաջին դարում հոգևոր տեսողությունից զրկվել էին Լավոդիկեի ժողովի անդամները։ Այդ ժողովի հոգևորապես կուրացած քրիստոնյաներին հնարավոր եղավ օգնել։ Սակայն ավելի ճիշտ կլինի կանխել այդ «հիվանդությունը»։ Իսկ դա կարող ենք անել՝ մեր հոգևոր աչքերը բաց պահելով (Յայտնութիւն 3։14–18)։ «Բաց պահեք ձեր աչքերը և պատասխանատվություններ ունեցող մարդկանց նայեք այնպես, ինչպես Եհովան է նայում»,— ասաց հռետորը։ Թող որ շրջանավարտները չափից շատ չանհանգստանան, եթե ժողովում խնդիրներ տեսնեն։ Տեր Հիսուս Քրիստոսը տեղյակ է այդ ամենին։ Նա հոգ կտանի, որ բոլոր խնդիրները պատեհ ժամանակին լուծում ստանան։
Ապա Կառավարիչ մարմնի անդամ Սեմյուել Հերդը իր ելույթում պատասխանեց հետևյալ հարցին. «Դուք պատրա՞ստ եք»։ Ինչպես որ ճանապարհորդն է ուղևորությունից առաջ համապատասխան հագուստ ընտրում, այնպես էլ շրջանավարտները պետք է միշտ «հագնված» լինեն այն հատկություններով, որոնցից բաղկացած է նոր անձնավորությունը։ Նրանք պետք է Հիսուսի պես կարեկից լինեն։ Երբ բորոտությամբ տառապող մի մարդ խնդրեց նրան՝ «թէ որ կամենաս կարող ես ինձ սրբել», Հիսուսը պատասխանեց. «Կամենում եմ՝ սրբուիր» (Մարկոս 1։40–42)։ Ապա հռետորն ասաց. «Եթե անկեղծորեն ցանկանաք օգնել մարդկանց, կգտնեք դա անելու ձևը»։ Փիլիպպեցիս 2։3–ում քրիստոնյաներին խորհուրդ է տրվում ուրիշներին ‘իրենց անձից ավելի լավ համարել’։ Եղբայր Հերդը շարունակեց. «Շատ ավելի կարևոր է ունենալ խոնարհ սիրտ, քան լավ գիտելիքներ։ Ծառայության մեջ ձեզ հանդիպող մարդիկ, ինչպես նաև ժողովի եղբայրներն ու քույրերը ձեր գիտելիքներից օգուտներ կքաղեն միայն այն դեպքում, եթե խոնարհ լինեք»։ Իր ելույթն ավարտելով՝ նա նշեց, որ եթե շրջանավարտները շարունակեն հագուստի պես կրել քրիստոնեական սերը, ապա պատրաստված կլինեն ճանապարհորդելու դեպի իրենց նշանակման վայրը և հաջողությամբ կկատարեն իրենց ծառայությունը (Կողոսացիս 3։14)։
«Գաղաադի» ուսուցիչ Մարկ Նումարը բորբոքեց ունկնդիրների հետաքրքրությունը իր ելույթի վերնագրով, որն էր՝ «Կպահպանե՞ս այն»։ «Այն» ասելով՝ նա նկատի ուներ մեր երախտագիտությունը Եհովայի բարության համար։ Սաղմոս 103։2–ում ասվում է. «Օրհնիր Տիրոջը, ով իմ անձը, եւ մի մոռանար նորա բոլոր բարիքները»։ Երախտագիտության պակասն էր պատճառը, որ իսրայելացիները ‘չնչին հաց’ անվանեցին իրենց գոյությունը պահպանող մանանան (Թուոց 21։5)։ Իրականում ոչ թե մանանան էր ժամանակի ընթացքում որակազրկվել, այլ նրանք էին կորցրել իրենց երախտագիտությունը։ «Գաղաադի» ուսուցիչն ասաց. «Եթե մոռանաք Եհովայի գործած բարիքները և թույլ տաք, որ ձեր օտարերկյա ծառայությունը վերածվի սովորական բանի, ձեր վերաբերմունքը նրա տված հանձնարարության հանդեպ կփոխվի»։ Սաղմոս 103։4–ում ասվում է, որ Եհովան «պսակում է քեզ շնորհքով [«սիրառատ բարությամբ», ՆԱ]»։ Շրջանավարտները կզգան Աստծու սիրառատ բարությունը իրենց նոր ժողովներում։
«Գաղաադի» մեկ ուրիշ ուսուցիչ Լորենս Բոուենը ելույթ ունեցավ «Արդյոք օրհնությունները կհասնե՞ն քեզ» թեմայով։ Նա նշեց, որ «Գաղաադի» 119–րդ դասարանի անդամները ջանադրաբար «մարզվել» են, որպեսզի դառնան լավ միսիոներներ։ Սակայն հիմա նրանք պետք է միշտ լինեն Եհովայի կողքին և չթողնեն նրա տված հանձնարարությունը։ Յայտնութիւն 14։1–4 համարներում ասվում է, որ 144 000–ը շարունակաբար «Գառի ետեւից գնում են ուր որ նա գնայ»։ Այդ խմբի բոլոր անդամները հավատարմորեն մնում են Եհովայի ու նրա Որդու կողքին՝ անկախ այն բանից, թե ինչ փորձությունների միջով են ստիպված լինում անցնել։ Եվ նրանք հասնում են իրենց նպատակին։ «Մենք նույնպես հավատարմորեն կմնանք Եհովայի կողքին և կկատարենք նրա տված հանձնարարությունը, ինչ դժվարությունների միջով էլ որ անցնելու լինենք»,— եզրակացրեց հռետորը։ Եթե շրջանավարտներն այդպես վարվեն, ապա կտեսնեն, թե ինչպես են Եհովայի օրհնությունները ‘հասնում’ իրենց (Բ Օրինաց 28։2)։
Պտղաբեր՝ ծառայության մեջ
Դասընթացների ժամանակ ուսանողները հանգստյան օրերին մասնակցում էին քարոզչական ծառայությանը։ Դպրոցի քարտուղար Ուոլաս Լիվերանսը հարցազրույց անցկացրեց նրանց հետ. ակնհայտորեն երևում էր, որ նրանք լավ արդյունքների էին հասել ծառայության մեջ։ Ուսանողները բարի լուրը քարոզել էին առնվազն տասը լեզուներով և սկսել Աստվածաշնչի մի շարք ուսումնասիրություններ։ «Գաղաադում» սովորող զույգերից մեկը Աստվածաշնչի ուսումնասիրություն էր սկսել մի չինացու հետ։ Երկու անգամ նրան այցելելուց հետո ուսանողները հարցրել էին, թե ինչ է նա մտածում այն առնչությամբ, որ գիտելիքներ է ձեռք բերում Եհովայի մասին։ Ի պատասխան՝ երիտասարդը բացել էր իր Աստվածաշունչը և խնդրել էր նրանց ընթերցել Յովհաննէս 17։3–ը. նա այն կարծիքին էր, որ գտնվում է կյանքի ճանապարհին։
Ապա Կառավարիչ մարմնի անդամ Էնթոնի Մորիսը հարցազրույց անցկացրեց երեք եղբայրների հետ, որոնք ծառայում են Դոմինիկյան Հանրապետության, Էկվադորի և Կոտդիվուարի մասնաճյուղերի կոմիտեներում։ Այս եղբայրները շրջանավարտներին հավաստիացրին, որ մասնաճյուղերի կոմիտեները անհամբերությամբ են սպասում միսիոներներին և պատրաստ են օգնել նրանց հարմարվելու նոր նշանակմանը։
Ծրագիրը շարունակեց Լենարդ Փիրսոնը, որը ծառայում է Միացյալ Նահանգների Բեթելում։ Նա հարցազրույց անցկացրեց Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության, Պապուա Նոր Գվինեայի և Ուգանդայի մասնաճյուղերի կոմիտեներում ծառայող երեք եղբայրների հետ։ Այդ եղբայրները քաջալերեցին շրջանավարտներին լիակատար կերպով իրենց ուժերը ներդնել քարոզչական գործում։ Օրինակ՝ մի միսիոներական զույգ, որը 21 տարի ծառայել է Կոնգոյում, օգնել է 60 անհատների նվիրվել Եհովային ու մկրտվել։ Ներկայումս այդ զույգն անցկացնում է Աստվածաշնչի 30 ուսումնասիրություն։ Ուսումնասիրողներից 22–ը հաճախում են ժողովի հանդիպումներին։ Հաշվի առնելով, թե որքան առատ է այսօր հոգևոր հունձը՝ կարելի է վստահությամբ ասել, որ հիմա է միսիոներական ծառայություն կատարելու լավագույն ժամանակը։
Վկայություն տալ հրատապության ոգով
Ծրագրի վերջին ելույթը ներկայացրեց Կառավարիչ մարմնի անդամ Գերիտ Լյոշը։ Նրա թեմայի վերնագիրն էր՝ «Աստծու և Հիսուսի մասին վկայություն տալ Տիրոջ օրվա ընթացքում»։ «Վկա», «վկաներ» և «վկայություն» բառերը Աստվածաշնչի «Յայտնութիւն» գրքում հանդիպում են 19 անգամ։ Այստեղից ակնհայտորեն երևում է, թե Եհովան ինչ գործ է հանձնարարել իր ժողովրդին։ Իսկ ե՞րբ պետք է զբաղվենք այդ գործով։ Տիրոջ օրվա ընթացքում (Յայտնութիւն 1։9, 10 ՆԱ)։ Այդ օրը սկսվել է 1914 թ.–ին, շարունակվում է մինչև հիմա և կավարտվի ապագայում։ Ըստ Յայտնութիւն 14։6, 7 խոսքերի՝ հրեշտակները աջակցում են Աստծու մասին վկայություն տալու գործին։ Իսկ Յայտնութիւն 22։17–ը ցույց է տալիս, որ Հիսուսի մասին վկայելու գործը վստահված է օծյալ մնացորդին։ Այնուամենայնիվ, բոլորս էլ պետք է մասնակցություն բերենք այդ պատվավոր ծառայությանը։ Ըստ 20–րդ համարի՝ Հիսուսն ասում է. «Ես շուտով գալիս եմ»։ Ուստի եղբայր Լյոշը ներկաներին հորդորեց. «Ասացեք բոլոր մարդկանց. «Եկե՛ք, առե՛ք կյանքի ջուրը ձրի»։ Հիսուսը շուտով գալու է։ Իսկ մենք պատրա՞ստ ենք»։
Ծրագրի վերջում Ֆրեդ Ռասկը, որը 11 տարի դասավանդել է «Գաղաադում», շնորհակալական աղոթքով դիմեց Եհովային՝ հուզելով ներկաների սիրտը։ Դա համապատասխան ավարտ էր մի իրադարձության, որը մեծ ուրախություն պատճառեց բոլորին։
[շրջանակ 13-րդ էջի վրա]
ԴԱՍԱՐԱՆԻ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ
Ներկայացված երկրների թիվը՝ 10
Նշանակման երկրները՝ 25
Ուսանողների թիվը՝ 56
Միջին տարիքը՝ 32,5
Ճշմարտության մեջ անցկացրած տարիների միջինը՝ 16,4
Լիաժամ ծառայության մեջ անցկացրած տարիների միջինը՝ 12,1
[նկար 15-րդ էջի վրա]
«Դիտարանի» աստվածաշնչյան «Գաղաադ» դպրոցի 119–րդ դասարանի շրջանավարտները
Հետևյալ ցուցակում շարքերի թվարկումը սկսվում է ներքևից վերև, իսկ անուններինը՝ ըստ շարքերի՝ ձախից աջ.
1) Հելգեսեն Ս., Դաուգոր Հ., Պիերլյուիսի Ա., Ջոսեֆ Ի., Ռականելի Կ., 2) Բիրջ Թ., Բաթլեր Դ., Ֆրիդլան Ջ., Նունյես Կ., Փավաժո Ս., Դյուման Թ., 3) Կամաչո Օ., Լինդքվիսթ Լ., Բրումեր Ա., Վեսելս Է., Բարթոն Ջ., Վուդհաուս, Օ., Դյուման Ա., 4) Թիրիոն Ա., Քոնելի Լ., Ֆուրնիա Ք., Գիլ Ա., Յունսոն Կ., Համիլթոն Լ., 5) Բիրդ Դ., Սքրայբներ Ի., Կամաչո Բ., Լաշինսկի Հ., Հալահան Մ., Լիբուդա Օ., 6) Ջոսեֆ Ա., Լինդքվիսթ Մ., Հելգեսեն Կ., Նունյես Դ., Սքրայբներ Շ., Ֆուրնիա Ջ., 7) Պիերլյուիսի Ֆ., Փավաժո Թ., Բրումեր Ք., Ռականելի Փ., Բաթլեր Թ., Վուդհաուս Մ., Լիբուդա Յ., 8) Լաշինսկի Մ., Ֆրիդլան Ս., Բարթոն Ի., Թիրիոն Մ., Բիրդ Մ., Բիրջ Ջ., 9) Վեսելս Թ., Հալահան Դ., Քոնելի Ս., Գիլ Դ., Դաուգոր Փ., Համիլթոն Ս., Յունսոն Տ.։