«Իմ օգնութիւնը Տէրիցն է»
Եհովային փառաբանող երիտասարդները իմաստալից են դարձնում իրենց կյանքը
«ԿՅԱՆՔԻՑ ուզում եմ լավագույնը ստանալ»։ Ահա թե ինչ է ակնկալում մի պատանի։ Բայց ինչպե՞ս կարող են երիտասարդները կյանքից լավագույնը ստանալ։ Աստվածաշունչը այս հարցին հստակ պատասխան է տալիս. «Յիշիր քո ստեղծողին քո երիտասարդութեան օրերումը» (Ժողովող 12։1)։
Եհովային փառաբանելն ու ծառայելը միայն մեծերի գործը չէ։ Ահա մի քանի օրինակներ։ Սամուելը՝ Եղկանայի ու Աննայի որդին, բավական փոքր էր, երբ Եհովայի խորանում ծառայություն էր մատուցում (Ա Թագաւորաց 1։19, 20, 24; 2։11)։ Եբրայեցի աղջիկը լիակատար հավատ դրսևորեց Եհովայի հանդեպ, երբ առաջարկեց, որ ասորական բանակի զորագլուխ Նեեմանը գնա Եղիսե մարգարեի մոտ՝ բորոտությունից բուժվելու (Դ Թագաւորաց 5։2, 3)։ Սաղմոս 148։7, 12 համարներում տղաներին ու աղջիկներին պատվեր է տրվում փառաբանել Եհովային։a Հիսուսը 12 տարեկանում արդեն մեծ հետաքրքրություն էր ցույց տալիս իր Հորը ծառայելու առնչությամբ (Ղուկաս 2։41–49)։ Քանի որ մանուկները Սուրբ Գրություններից տեղյակ էին Հիսուսի մասին, տաճարի մոտ տեսնելով նրան՝ բացականչեցին. «Ովսաննա Դաւիթի Որդուն» (Մատթէոս 21։15, 16)։
Փառաբանենք Եհովային այսօր
Այսօր Եհովայի վկաների շարքերում գտնվող շատ երիտասարդներ հպարտանում են իրենց համոզմունքներով և դպրոցում կամ այլուր համարձակությամբ խոսում այդ մասին ուրիշների հետ։ Ահա երկու օրինակ։
Մեծ Բրիտանիայում բնակվող 18–ամյա Ստեֆանիի դասարանում քննարկում էր անցկացվում արհեստական վիժման և այլ բարոյական հարցերի շուրջ։ Ուսուցիչը հայտնեց, որ արհեստական վիժումներն այսօր ընդունված երևույթ են, և երիտասարդ աղջիկները պատճառ չունեն առարկելու դրա դեմ։ Բոլոր ուսանողները համաձայնվեցին նրա տեսակետի հետ, բայց Ստեֆանին զգաց, որ պետք է պաշտպանի Աստվածաշնչի վրա հիմնված իր դիրքորոշումը։ Դա անելու առիթը ստեղծվեց, երբ ուսուցիչը հարցրեց նրա կարծիքը։ Թեև Ստեֆանին հուզված էր, սակայն օգտվելով առիթից՝ ներկայացրեց Աստվածաշնչի տեսակետը։ Նա պատմեց Ելից 21։22–24 համարների բովանդակությունը և բացատրեց, որ եթե դեռ չծնված երեխային վնասելը հանցանք է համարվում, ապա, ինչ խոսք, արհեստական վիժումն առավել ևս դեմ է Աստծու կամքին։
Ուսուցիչը հոգևորական էր, բայց երբեք չէր կարդացել սուրբգրային այդ համարները։ Համարձակ վկայության շնորհիվ Ստեֆանին տարբեր թեմաների շուրջ հետաքրքիր զրույցներ ունեցավ իր համադասարանցիների հետ։ Այժմ նրա դասընկերուհիներից մեկը կանոնավորաբար ստանում է «Դիտարան» և «Արթնացե՛ք» պարբերագրերը, իսկ երկու աղջիկներ այցելեցին Եհովայի վկաների մարզային համաժողով՝ տեսնելու, թե ինչպես է Ստեֆանին մկրտվում՝ խորհրդանշելով իր նվիրումը Աստծուն։
Վեցամյա Վարետան, որն ապրում է Սուրինամում (Հարավային Ամերիկա), նույնպես բաց չթողեց Եհովային փառաբանելու առիթը, երբ նրա ուսուցչուհին մխիթարության կարիք էր զգում։ Երեք օր ուսուցչուհին բացակայել էր դպրոցից ու երբ եկավ, հարցրեց աշակերտներին, թե գիտեն արդյոք իր բացակայության պատճառը։ Նրանք պատասխանեցին. «Երևի հիվանդ էիք»։ «Ոչ,— ասաց ուսուցչուհին,— քույրս էր մահացել, և այդ պատճառով ես շատ տխուր եմ։ Խնդրում եմ, ձեզ խելոք պահեք»։
Այդ օրը՝ կեսօրին, մինչ Վարետայի մայրը ննջում էր, աղջիկը կլանված թերթում էր հին պարբերագրերը և ընթերցում դրանց վերնագրերը։ Երբ գտավ 2001 թ. հուլիսի 15–ի «Կա՞ արդյոք կյանք մահից հետո» խորագրով «Դիտարան»–ը, ոգևորված արթնացրեց իր մորն ու ասաց. «Մայրի՛կ, մայրի՛կ, նայիր։ Ուսուցչուհուս համար հոդված եմ գտել մահվան մասին»։ Այնուհետև Վարետան պարբերագրի հետ միասին մի նամակ ուղարկեց ուսուցչուհուն։ Նամակում նա գրել էր. «Սա հատկապես ձեզ համար է։ Դրախտում դուք կրկին կտեսնեք ձեր քրոջը, քանի որ Եհովան երբեք չի ստում։ Նա խոստացել է, որ Դրախտը լինելու է ոչ թե երկնքում, այլ երկրի վրա»։ Ուսուցչուհին խորը գնահատանք արտահայտեց այդ հոդվածների համար, որոնք սուրբգրային մխիթարություն էին տվել իրեն։
Լավ հիմք դրեք ապագայի համար
Եհովան երանելի, այսինքն՝ երջանիկ Աստված է և ցանկանում է, որ երիտասարդներն էլ լինեն երջանիկ (Ա Տիմոթէոս 1։11)։ Նրա Խոսքի մեջ ասվում է. «Ուրախացի՛ր, երիտասա՛րդ, քո երիտասարդութեամբ» (Ժողովող 11։9, ԷԹ)։ Եհովան հեռատես է և գիտի, թե մեր լավ կամ վատ գործերը ինչ հետևանքներ կունենան։ Ահա թե ինչու է նրա Խոսքը հորդորում երիտասարդներին. «Յիշիր քո ստեղծողին քո երիտասարդութեան օրերումը, քանի որ չեն եկել թշուառութեան օրերը, եւ չեն հասել այն տարիները, որ ասես թէ Նորանց չեմ հաւանում» (Ժողովող 12։1)։
Ինչպես տեսնում ենք, Եհովան ցանկանում է, որ երիտասարդները լիովին վայելեն կյանքի սքանչելի պարգևը։ Աստծուն հիշելով և նրան փառաբանելով՝ տղաներն ու աղջիկները կարող են ապրել իմաստալից ու վարձահատույց կյանքով։ Անգամ խնդիրների բախվելիս նրանք կարող են վստահորեն ասել. «Իմ օգնութիւնը Տէրիցն [«Եհովայից», ՆԱ]» է (Սաղմոս 121։2)։
[ծանոթագրություն]
a Տե՛ս 2005 թ.«Եհովայի վկաների օրացույցը», մարտ–ապրիլ (անգլ., ռուս.)։
[մեջբերում 9–րդ էջի վրա]
«Օրհնեցէք Տիրոջը երկրիցս, ով.... երիտասարդներ եւ աղջիկներ» (ՍԱՂՄՈՍ 148։7, 12)
[շրջանակ 8–րդ էջի վրա]
ԵՀՈՎԱՆ ՍԱՏԱՐ Է ԿԱՆԳՆՈՒՄ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻՆ
«Դու ես իմ ապաւէնը, ով Տէր Եհովայ, իմ յոյսը իմ մանկութիւնիցը դու ես» (Սաղմոս 71։5)։
«[Աստված] կշտացնում է քո սիրտը բարութիւնով. եւ քո մանկութիւնը նորոգվում է արծուի պէս» (Սաղմոս 103։5)։