Եհովայի ստեղծագործությունների շքեղությունը
Ծովերի հարստությունը
ՄԱՅՐԱՄՈՒՏԻՆ մեղմ հովիկը թեթև ալեկոծություն է առաջացնում ծովում և ալիքները հանդարտ հպվում են ափին։ Բախվող ալիքների հանգստացնող ձայնը գրավում է այն բազմաթիվ մարդկանց ուշադրությունը, որոնք գալիս են ծովափ՝ հանգիստ ու անդորր գտնելու։a
Ամբողջ երկրագնդում այսպիսի ծովափերը ձգվում են հազարավոր կիլոմետրեր։ Ջրի և ավազի միջև անընդհատ փոփոխվող բաժանման գիծը նշում է ծովի տիրապետության սահմանները։ Այդպես է նախատեսել Արարիչը։ Խոսելով իր մասին՝ Աստված հայտարարում է. «աւազը ծովին սահման դրի իբրեւ յաւիտենական կանոն»։ Նա նաև ավելացնում է. «Թէեւ ծփում են նորա ալիքները, բայց չեն յաղթում, թէեւ դղրդում են, բայց անց չեն կենում» (Երեմիա 5։22; Յոբ 38։8; Սաղմոս 33։7)։
Ամբողջ արեգակնային համակարգում չկա մեր մոլորակի նման ջրառատ մոլորակ։ Երկրագնդի ավելի քան 70 տոկոսը պատված է ջրով։ Երբ Եհովան երկիրը պատրաստում էր մարդու բնակության համար, նա ասաց. «Երկնքի տակի ջրերը մէկ տեղ ժողովուին, եւ ցամաքը երեւայ։ Եւ այնպէս եղաւ»։ Ու «Աստուած ցամաքը կոչեց Երկիր, եւ ջրերի ժողովը կոչեց Ծով։ Եվ Աստուած տեսավ, որ բարի է»,— շարունակում է արձանագրությունը (Ծննդոց 1։9, 10)։ Ի՞նչ դեր են խաղում օվկիանոսները։
Օվկիանոսի ջուրը նախատեսված է հրաշալի կերպով կյանք պահպանելու համար։ Օրինակ՝ ջուրը իր մեջ ջերմություն կուտակելու հատկություն ունի։ Այդպիսով օվկիանոսները ջերմության վիթխարի պահեստի դեր են կատարում և մեղմացնում են ձմռան ցուրտը։
Ջուրը կյանք պահպանելու մեկ այլ հատկություն էլ ունի։ Ջրի մեջ՝ ի տարբերություն այլ հեղուկների, ավելի հեշտությամբ կարող են լուծվել ուրիշ նյութեր։ Քանի որ կյանքին առնչվող պրոցեսները հնարավոր են դառնում քիմիական ռեակցիաների շնորհիվ, ուստի ջուրն ուղղակի անհրաժեշտ է ռեակցիայի մեջ մտնող նյութերը լուծելու և դրանց մոլեկուլները փոխազդեցության մեջ մտցնելու համար։ Կենդանական հյուսվածքներում գտնվող քիմիական բազմաթիվ միացություններ ջուր են պարունակում։ Մի գրքում նշվում է. «Կյանքի բոլոր ձևերը կարիք ունեն ջրի, որը վերջին հաշվով գալիս է օվկիանոսներից, նույնիսկ երկրի վրա ապրող բույսերին ու կենդանիներին անհրաժեշտ ջուրը» («The Sea»)։
Երկրագնդի օվկիանոսները վճռական դեր են խաղում նաև մթնոլորտը մաքրելու հարցում։ Օվկիանոսների պլանկտոնը կլանում է ածխաթթու գազ և արտադրում թթվածին։ Մի հետազոտողի խոսքերով՝ «ամեն տարի մթնոլորտում առաջացող թթվածնի 70 տոկոսը գալիս է ծովերի պլանկտոնից»։
Օվկիանոսները նաև տալիս են հիվանդությունները բուժելու բնական դեղեր։ Դարեր շարունակ ձկներից ստացված նյութերը օգտագործվել են որպես դեղամիջոցներ։ Արդեն երկար տարիներ է, ինչ մարդիկ օգտագործում են ձկան յուղը։ Ոչ շատ վաղուց, ձկներից և ծովային այլ կենդանիներից ստացված նյութերը սկսել են օգտագործվել ասթմա բուժելու, ինչպես նաև վիրուսների և քաղցկեղի դեմ պայքարելու համար։
Փորձեր են արվել՝ գնահատելու, թե տնտեսության համար ինչ արժեք ունեն օվկիանոսի տված բարիքները և մատուցած ծառայությունները։ Թեև ճշգրիտ հաշվարկներ գուցե հնարավոր չէ կատարել, բայց հետազոտողները եկել են այն եզրակացության, որ համաշխարհային էկոհամակարգի ծառայությունների երկու երրորդը մատուցում են օվկիանոսները։ Սրանով հաստատվում է այն փաստը, որ ծովերը ստեղծվել են ինչ–որ նպատակով՝ կյանքի համար անհրաժեշտ պայմաններ ապահովելու։ Որքա՜ն ճշգրտորեն է այս ամենը համապատասխանում այն բանին, ինչն Աստվածաշունչն անվանում է ծովերի հարստություն (Բ Օրինաց 33։19, ԷԹ)։
Եհովան մեծարվում է որպես այս հարստության Մեծ Նախագծող և Արարող։ Նեեմիան մղվեց փառաբանելու Աստծուն հետևյալ խոսքերով. «Դու՝ միայն դու ես Եհովայ. դու ստեղծեցիր երկինքը.... ծովերը եւ բոլոր նորանց մէջ եղածը եւ դու ես նորանց բոլորին կենդանութիւն տուողը» (Նէեմիա 9։6)։
[ծանոթագրություն]
a Տե՛ս «Եհովայի վկաների 2004 թ. օրացույցը», սեպտեմբեր–հոկտեմբեր (ռուս.)։
[շրջանակ/նկարներ 9–րդ էջի վրա]
Ջուր, քամի և ալիքներ
Ջուրն ու քամին ստեղծում են հսկայական ալիքներ, որոնք խլացուցիչ շառաչյունով բախվում են քարքարոտ ժայռերին, ինչպիսին են, օրինակ, Կալիֆորնիայի այս ժայռերը (Միացյալ Նահանգներ)։ Ալիքները միշտ էլ եղել են օվկիանոսի հրաշալի առանձնահատկությունը՝ ցույց տալով նրա՝ ակնածանք ներշնչող զորությունը։ Դրանք նաև հիանալի հիշեցում են մեզ համար Արարչի ապշեցուցիչ ուժի մասին։ Եհովան է «ծովի կուտակների վերայ» գնացողը,— ասում է Աստվածաշունչը։ «Իր զօրութեամբը շփոթում է ծովը եւ իր գիտութեամբը ջարդում է ամբարտաւանին» (Յոբ 9։8; 26։12)։ Իսկապես, «շատ ջրերի ձայնիցը աւելի զօրաւոր են ծովի ալիքները. աւելի զօրաւոր է Տէրը բարձրութեան մէջ» (Սաղմոս 93։4)։
Ավազե քանդակներ
Ծովափը հաճախ դառնում է ավազե տպավորիչ քանդակների վայր, ինչպիսին են օրինակ Նամիբիայի (հարավային Աֆրիկա) ափին գտնվող այս դյուները։ Քամին է այն գլխավոր ուժը, որ ավազին տալիս է այս յուրահատուկ ձևը։ Թեև որոշ ավազաթմբեր գուցե ընդամենը փոքրիկ սապատի նման լինեն, սակայն կան այնպիսինները, որ հասնում են 400 մետրի։ Ավազի այսպիսի հսկայական քանակությունը օգնում է հասկանալ աստվածաշնչյան՝ ‘ծովեզերքում լինող ավազ’ արտահայտությունը, որն օգտագործվում է ցույց տալու համար մի բան, որն անհաշվելի է և դժվար չափելի (Ծննդոց 22։17)։ Մենք ակնածանք ենք զգում Արարչի հանդեպ, որը փոթորկահույզ ծովի դեմ ավազի այսպիսի անզուգական պատնեշ է դրել։
[նկար 9–րդ էջի վրա]
Արևամուտը Բիաֆրա ծոցում (Կամերուն)