Ընթերցողների հարցերը
• Եթե Աստծո սուրբ ոգին անձ չէ, ապա ինչպե՞ս կարող ենք տրտմեցնել այն։
Պողոս առաքյալը գրեց. «Մի տրտմեցնէք Աստուծոյ Սուրբ Հոգին» (Եփեսացիս 4։30)։ Ոմանք, ելնելով այս խոսքերից, ենթադրում են, որ սուրբ ոգին անձ է։ Սակայն ‘հավատարիմ և իմաստուն տնտեսի’ հրատարակությունները բազմիցս սուրբգրային ու պատմական հիմնավորումներ են բերել, որ վաղ քրիստոնյաները սուրբ ոգին ո՛չ անձ էին համարում, ո՛չ էլ աստված՝ հավասար Ամենակարողին՝ իբրև այսպես կոչված Երրորդության մասa (Ղուկաս 12։42)։ Հետևաբար Պողոսը նկատի չուներ, թե Աստծո սուրբ ոգին անձ է։
Աստծո սուրբ ոգին նրա գործուն ուժն է (Ծննդոց 1։2, ՆԱ)։ Հիսուսը «Սուրբ Հոգով» էր մկրտելու, ճիշտ ինչպես որ Հովհաննեսը ջրով էր մկրտում (Ղուկաս 3։16)։ Մ.թ. 33–ի Պենտեկոստեին մոտ 120 աշակերտներ «Սուրբ Հոգով լցուեցան». ակնհայտ է, որ նրանք անձնավորությամբ չլցվեցին (Գործք 1։5, 8; 2։4, 33)։ Այս օծյալները երկնային կյանքի հույս ստացան, և Աստծո ոգին առաջնորդեց նրանց, որ ընթանան հավատարմությամբ լեցուն կյանքով (Հռովմայեցիս 8։14–17; Բ Կորնթացիս 1։22)։ Ոգին առաջ բերեց նրանց մեջ աստվածահաճո պտուղ և օգնեց նրանց խուսափել «մարմնի» մեղավոր ‘գործերից’, որոնք, եթե նրանք անեին, կարող էին հարուցել Աստծո տհաճությունը (Գաղատացիս 5։19–25)։
Եթե մենք Աստծո՝ երկրային հույս ունեցող ծառաներ ենք, ուրեմն չենք օծվել սուրբ ոգով։ Բայցևայնպես, մենք կարող ենք ունենալ այնքան սուրբ ոգի, ինչքան երկնային հույս ունեցողները։ Ուստի մենք նույնպես հնարավոր է տրտմեցնենք ոգին։ Ինչպե՞ս։
Եթե հաշվի չառնենք սուրբ ոգու առաջնորդությամբ գրված աստվածաշնչային խորհուրդը, ապա գուցե մեր մեջ զարգացնենք այնպիսի հատկություններ, որոնք կարող են հանգեցնել ոգու դեմ կանխամտածված մեղք գործելու, Եհովայի բարեհաճության կորստի և ի վերջո կործանման (Մատթէոս 12։31, 32)։ Մենք գուցե դեռ ծանր մեղք չենք գործում, բայց հնարավոր է արդեն գտնվում ենք սխալ ուղու վրա, որը վերջնական արդյունքում կարող է մեզ տանել ոգու առաջնորդությանը հակառակ ուղղությամբ։ Նման դեպքում մենք տրտմեցնում ենք սուրբ ոգին։
Ինչպե՞ս, ուրեմն, կարող ենք խուսափել Աստծո ոգին տրտմեցնելուց։ Անշուշտ, մենք պետք է կառավարենք մեր մտքերն ու գործերը։ Եփեսացիներին ուղղված իր նամակի 4–րդ գլխում Պողոսը առաքյալը խոսեց այնպիսի հակումներից խուսափելու մասին, ինչպիսիք են՝ սուտ խոսելը, բարկացած մնալը, ծուլությունը և անվայել խոսքը։ Եթե «նոր մարդին» ենք հագել, բայց թույլ ենք տալիս մեզ վերադառնալ նման բաների, ապա ի՞նչ ենք իրականում անում։ Իրականում մենք Աստծո Խոսքի՝ Աստվածաշնչի խորհրդին ենք դեմ գնում, որը գրվել է սուրբ ոգու ներշնչմամբ։ Վարվելով այդպես՝ մենք տրտմեցնում ենք սուրբ ոգին։
Պողոսը Եփեսացիս 5–րդ գլխում խորհուրդ է տալիս խուսափել վավաշոտ հետաքրքրություն ցուցաբերելուց պոռնկության հանդեպ։ Առաքյալը հավատակիցներին նաև հորդորում է խուսափել անամոթ վարքից և անպարկեշտ կատակներից։ Եթե չենք ուզում տրտմեցնել Աստծո սուրբ ոգին, պետք է սա միշտ հիշենք, երբ զվարճությունների ընտրություն ենք անում։ Իսկապես, ի՞նչ կարիք կա հետաքրքրվելու նման բաներով՝ դրանց մասին խոսելով, կարդալով ու դրանց պատկերները դիտելով հեռուստացույցով կամ այլ միջոցներով։
Իհարկե, մենք հնարավոր է տրտմեցնենք ոգին նաև այլ ձևերով։ Եհովայի ոգին միավորում է ժողովը։ Բայց ենթադրենք մենք չարամտորեն բամբասանք ենք տարածում կամ խմբավորումներ ենք մտցնում ժողովում։ Այդ դեպքում մեր վարքը դեմ չի՞ լինի սուրբ ոգու առաջնորդությանը, որն ուղղված է միասնականություն պահպանելուն։ Ըստ էության, մենք կտրտմեցնենք սուրբ ոգին այնպես, ինչպես Կորնթոսի ժողովում երկպառակություններ մտցնողները (Ա Կորնթացիս 1։10; 3։1–4, 16, 17)։ Սուրբ ոգին կտրտմեցնենք նաև, եթե կանխամտածված ձևով հեղինակազրկենք ժողովի՝ ոգու կողմից նշանակում ստացած եղբայրներին (Գործք 20։28; Յուդա 8)։
Հստակ է, ուրեմն, որ խելացի կլինի քննել մեր մտածելակերպն ու գործերը՝ հաշվի առնելով մեր գիտելիքները սուրբ ոգու առաջնորդության մասին, որն արտացոլված է Աստվածաշնչում ու դրսևորվում է քրիստոնեական ժողովում։ Եկեք նաև «Սուրբ Հոգիով աղօթե[նք]»՝ ենթարկվելով նրա ազդեցությանը, ու միշտ գործենք Աստծո ներշնչյալ Խոսքին ներդաշնակ (Յուդա 20, ԱԱ)։ Թող որ վճռենք երբեք չտրտմեցնել ոգին. դրա փոխարեն՝ միշտ առաջնորդվենք նրանով՝ այդպիսով պատիվ բերելով Եհովայի սուրբ անվանը։
• Հիսուս Քրիստոսը կատարեց մի համեմատություն, ըստ որի՝ ինչպես որ ուղտի համար է դժվար անցնել ասեղի անցքով, այնպես էլ հարուստ մարդու համար դժվար կլինի մտնել Աստծո Թագավորությունը։ Արդյո՞ք Հիսուսը նկատի ուներ բառացի ուղտ և կար անելու ասեղ։
Հիսուսի կատարած համեմատությունը գրված է Աստվածաշնչի երեք համարներում, որոնք բավական նման են իրար։ Համաձայն Մատթեոսի Ավետարանի՝ Հիսուսն ասաց. «Աւելի հեշտ է, որ մի ուղտ ասեղի ծակովն անցնի, քան թէ մի հարուստ Աստուծոյ արքայութիւնը մտնէ» (Մատթէոս 19։24)։ Մարկոս 10։25–ում նման ձևով է գրված. «Աւելի հեշտ է, որ ուղտն ասեղի ծակովն անցնէ, քան թէ հարուստն Աստուծոյ արքայութիւնը մտնէ»։ Ղուկաս 18։25–ում նույնպես այդ միտքն է արտահայտված։
Որոշ աշխատություններ ենթադրում են, որ ‘ասեղի ծակը’ Երուսաղեմի մեծ դարպասներից մեկում եղած փոքր դարպաս էր։ Եթե մեծ դարպասը փակ էր լինում գիշերը, ապա փոքրը կարող էին բացել։ Ենթադրվում է, որ ուղտը կարող էր անցնել դրա միջով։ Արդյո՞ք Հիսուսը սա նկատի ուներ։
Ակներևաբար, ո՛չ։ Հիսուսը, ինչպես երևում է, նկատի ուներ կար անելու ասեղը։ Այդ վայրերում հայտնաբերվել են հին ժամանակների թե՛ ոսկրե և թե՛ մետաղյա ասեղներ, ուստի կարելի է եզրակացնել, որ դրանք սովորական տնային իրեր էին այն ժամանակ։ Անգլերեն «Նոր աշխարհ թարգմանությունը», որտեղ Ղուկաս 18։25–ում հունարեն տվյալ բառը թարգմանված է «կարի ասեղ», ցրում է ամեն մի կասկած Հիսուսի խոսքերի առնչությամբ։
Տարբեր բառարանագիրներ համաձայնվում են տվյալ հունարեն բառի «կարի ասեղ» թարգմանության հետ, ինչը և արված է «Նոր աշխարհ թարգմանությունում»։ Մատթէոս 19։24 և Մարկոս 10։25 համարներում հունարեն «ասեղ» թարգմանված բառը (ռաֆի՛ս) ծագում է մի բայից, որը նշանակում է «կարել»։ Իսկ Ղուկաս 18։25–ում օգտագործված հունարեն բառը (վելո՛նե) սովորաբար գործածվում է «վիրաբուժական ասեղ» իմաստով։ Ահա թե ինչ է ասվում է «Վայնի՝ Հին և Նոր Կտակարանների բառերի բացատրական բառարանում». «Թվում է, որ «ասեղի անցք» արտահայտությունը փոքր դարպասներին վերագրելը ժամանակակից մոտեցում է. ոչինչ չի վկայում, որ դա հնում այդ իմաստով օգտագործվում էր։ Տերը իր այդ խոսքերով ուզում էր արտահայտել անհնարինություն մարդու համար, ու հարկ չկա թեթևացնելու դժվարությունը՝ փորձելով ասեղին տալ ավելի լայն իմաստ, քան սովորական գործիքի իմաստն է» (1981 թ., հատոր 3, էջ 106, անգլ.)։
Ոմանք կարծում են, որ այս համարներում «ուղտ» թարգմանված հունարեն բառը պետք է թարգմանել «պարան»։ Հունարեն «պարան» (քա՛միլոս) և «ուղտ» (քա՛մելոս) բառերը նման են իրար։ Սակայն Մատթեոսի Ավետարանի՝ պահպանված ամենահին հունարեն ձեռագրերում (Սինայի, Վատիկանի (No. 1209) և Ալեքսանդրիայի) Մատթէոս 19։24–ում «ուղտ» բառի հունարեն համարժեքն է հանդիպում և ոչ թե «պարան» բառի համարժեքը։ Համաձայն որոշ աղբյուրների՝ Մատթեոսը սկզբնապես իր Ավետարանը գրել է եբրայերենով և գուցե անձամբ էլ այն թարգմանել է հունարեն։ Նա ճշգրտորեն գիտեր, թե ինչ է ասել Հիսուսը, ուստի օգտագործել է համապատասխան բառը։
Եվ այսպես, Հիսուսը նկատի ուներ բառացի կարի ասեղ և ուղտ։ Նա դրանով շեշտեց անհնարինություն։ Սակայն արդյո՞ք Հիսուսը նկատի ուներ, որ ոչ մի հարուստ մարդ ամենևին չի կարող մտնել Աստծո Թագավորությունը։ Ոչ, որովհետև Հիսուսի խոսքերը չպետք է բառացիորեն հասկանալ։ Նա դիմեց չափազանցության, որպեսզի պատկերավոր ձևով ցույց տա, որ ինչպես իսկական ուղտը չի կարող անցնել կարի ասեղի միջով, այդպես էլ անհնար է, որ հարուստ մարդը մտնի Աստծո Թագավորությունը, եթե շարունակի կապված մնալ իր հարստությանը ու իր կյանքում Եհովային առաջին տեղում չդնի (Ղուկաս 13։24; Ա Տիմոթէոս 6։17–19)։
Հիսուսն այդ խոսքն ասաց անմիջապես այն բանից հետո, երբ հարուստ պատանի կառավարիչը մերժեց նրա հետևորդը դառնալու մեծ առանձնաշնորհումը (Ղուկաս 18։18–24)։ Հարուստ անհատը, որն ավելի շատ սիրում է իր ունեցվածքը, քան հոգևոր բաները, չի կարող ակնկալել հավիտենական կյանք Աստծո Թագավորությունում։ Բայց եղան հարուստներ, որոնք դարձա՛ն Հիսուսի աշակերտներ (Մատթէոս 27։57; Ղուկաս 19։2, 9)։ Ուրեմն՝ եթե հարուստ անձնավորությունը գիտակցում է իր հոգևոր կարիքները ու Աստծո աջակցությունն է փնտրում, կարող է Աստծուց փրկություն ստանալ (Մատթէոս 5։3; 19։16–26)։
[ծանոթագրություն]
a Տե՛ս «Հարկավո՞ր է հավատալ Երրորդությանը» գրքույկը՝ հրատարակված Եհովայի վկաների կողմից։