Ո՞ւմ խոստումներին կարող եք վստահել
«ՆՐԱ խոստումները զորավոր էին, ինչպես որ ինքը ժամանակին, սակայն իրագործածը՝ ոչինչ, ինչպես որ ինքն է հիմա ոչինչ» (Ուիլյամ Շեքսպիրի «Հենրի VIII» դրամայից)։
«Զորավոր խոստումները», որոնց մասին հիշատակում է Շեքսպիրը, տվել էր անգլիական կարդինալ Թոմաս Ուոլսին, որը 16–րդ դարում մեծ քաղաքական ուժ ուներ Անգլիայում։ Որոշ մարդիկ գուցե ասեն, որ Շեքսպիրի նկարագրությունը համապատասխանում է նաև մեր օրերում հնչող խոստումների մեծամասնությանը։ Մարդիկ ամեն անգամ լսում են բազմաթիվ խոստումներ, բայց դրանց մեծ մասը մնում է անկատար։ Դժվար չէ հասկանալ, ուրեմն, թե ինչու են նրանք կորցրել հավատը ամեն տեսակի խոստումների հանդեպ։
Հիասթափություններ՝ ամեն քայլափոխին
1990–ական թվականներին Բալկաններում տեղի ունեցած սարսափելի հակամարտությունների ժամանակ Բոսնիայի Սրեբրենիցա քաղաքը ՄԱԿ–ի անվտանգության խորհրդի կողմից հայտարարվեց որպես «վտանգազերծ գոտի»։ Թվում էր՝ միջազգային հասարակայնության կողմից տրված այդ երաշխիքը հուսալի էր։ Սրեբրենիցայում գտնվող հազարավոր փախստական մահմեդականներ այդպես էին կարծում։ Վերջում, սակայն, ապահով հանգրվանի այդ խոստումից ոչինչ չմնաց (Սաղմոս 146։3)։ 1995 թ. հուլիսին գրոհող ուժերը ուղղակի մի կողմ հրեցին ՄԱԿ–ի ուժերին ու ներխուժեցին քաղաք։ 6 000–ից ավելի մահմեդականներ անհետ կորան, իսկ մահմեդական քաղաքացիական բնակչության առնվազն 1 200 ներկայացուցիչներ սպանվեցին։
Կյանքի բոլոր ասպարեզները լի են չիրականացած խոստումներով։ Մարդիկ իրենց խաբված են զգում «անհամար կեղծ ու մոլորեցուցիչ գովազդների» պատճառով, որ «ռմբակոծում են» նրանց։ Նրանք հիասթափություն են ապրում «հազարավոր քաղաքական գործիչների չիրականացած խոստումների» պատճառով («Նոր բրիտանական հանրագիտարան», հատոր 15, էջ 37)։ Վստահության արժանացած կրոնական առաջնորդներ կան, որ խոստանում են հոգ տանել իրենց հոտին, բայց ամենագարշելի ձևով խաբում են նրանց։ Նույնիսկ այնպիսի ոլորտներում, որտեղ ենթադրվում է, որ պետք է իշխեն կարեկցանքն ու հոգատարությունը, օրինակ՝ կրթության ու բժշկության ոլորտում, եղել են մարդիկ, ովքեր չարաշահելով դիմացինի վստահությունը՝ իրենց հոգածությանը հանձնված անհատին ծառայեցրել են սեփական նպատակների, նույնիսկ սպանել նրան։ Պատահական չէ, որ Աստվածաշունչը մեզ զգուշացնում է չվստահել ամեն խոսքի (Առակաց 14։15)։
Խոստումներ, որ միայն խոսքեր չեն
Իհարկե, կան շատ մարդիկ, ովքեր իրենց խոստումը չեն դրժում, եթե անգամ ստիպված լինեն մեծ զոհողությունների գնալ այն կատարելու համար (Սաղմոս 15։4)։ Նրանց խոստումը անխախտելի պայմանագրի արժեք ունի իրենց աչքում, ու նրանք հարգում են իրենց խոսքը։ Ուրիշներ էլ սրտանց ջանում են պահել իրենց խոստումը, որ տվել են ամենաազնիվ մղումներով։ Նրանք և՛ ցանկություն ունեն և՛ պատրաստակամություն կատարելու իրենց տված խոստումը, բայց պարզապես ի վիճակի չեն այդ անել։ Նույնիսկ ամենաազնիվ մղումներով թելադրված պլանները հանգամանքների բերումով կարող են ձախողվել (Ժողովող 9։11)։
Անկախ պատճառներից՝ իրականությունն այն է, որ մարդկանցից շատերն այսօր մեծապես դժվարանում են հավատալ որևէ մեկի խոստումներին։ Հարց է ծագում. «Կա՞ն այնպիսի խոստումներ, որոնց կարելի է վստահել»։ Այո, կա՛ն։ Մենք կարող ենք վստահել Աստվածաշնչում՝ Աստծո Խոսքում գտնվող խոստումներին։ Հրավիրում ենք ձեզ ծանոթանալու, թե ինչ է ասում այդ մասին մեր հաջորդ հոդվածը։ Հավանաբար դուք ևս, միլիոնավոր մարդկանց նման, կգաք այն եզրակացության, որ իրոք կարո՛ղ ենք վստահել Աստծո խոստումներին։
[թույլտվությամբ]
AP Photo/Amel Emric