Հաստատուն մնացեք և հաղթեք կյանքի մրցավազքում
ԵԹԵ ճանապարհորդելու լինեիք ալեկոծ ծովով, ինչպիսի՞ փոխադրամիջոց կնախընտրեիք. խախուտ նավա՞կ, թե՞ ամուր, լավ կառուցված նավ։ Անկասկած, կընտրեիք նավը, քանի որ այն ավելի լավ կարող է հաղթահարել կործանարար ալիքները։
Այս փոթորկալից և անհաստատ իրերի համակարգով «անցնելիս» մենք բախվում ենք դժվարությունների, որոնք անորոշության մեջ են գցում մեզ։ Օրինակ՝ երիտասարդները երբեմն կարող են իրենց մոլորված և անապահով զգալ այս աշխարհի քմահաճույքների և շփոթության մեջ գցող գաղափարների պատճառով։ Նրանք, ովքեր վերջերս են սկսել քայլել քրիստոնեական կյանքի ուղով, միգուցե դեռ որոշ չափով անհաստատ զգան իրենց։ Նույնիսկ նրանց համար, ովքեր հաստատուն են և Աստծուն հավատարմորեն ծառայել են երկար տարիներ ի վեր, թերևս փորձություն լինի այն, որ իրենց սպասելիքները դեռ ամբողջությամբ չեն իրականացել։
Նման զգացումները նոր չեն։ Եհովայի հավատարիմ ծառաները, որոնցից են Մովսեսը, Հոբը և Դավիթը, լինում էր ժամանակ, երբ իրենց վստահ չէին զգում (Թուոց 11։14, 15; Յոբ 3։1–4; Սաղմոս 55։4)։ Չնայած դրան՝ նրանք իրենց կյանքով ցույց են տվել Եհովայի հանդեպ իրենց անսասան նվիրվածությունը։ Այդ անհատների լավ օրինակը քաջալերում է մեզ, որ հաստատուն լինենք, թեև Բանսարկու Սատանան ցանկանում է շեղել մեզ դեպի հավիտենական կյանք տանող մրցավազքից (Ղուկաս 22։31)։ Բայց ինչպե՞ս կարող ենք մնալ հաստատուն, «հաւատքով հաստատուած» (Ա Պետրոս 5։9)։ Եվ ինչպե՞ս կարող ենք ամրացնել մեր հավատակիցներին։
Եհովան ցանկանում է, որ մենք ‘հաստատ լինենք’
Եթե հավատարիմ ենք Եհովային, նա միշտ կօգնի մեզ պահպանել մեր կայունությունը։ Սաղմոսերգու Դավիթը շատ դժվար իրավիճակների էր բախվել, բայց նա Աստծո վրա էր հույս դրել, ուստի կարող էր երգել. «[Եհովան] ինձ հանեց կորստի հորիցը՝ տիղմոտ ցեխիցը, եւ վէմի վերայ կանգնացրեց ոտներս, եւ գնացքս հաստատեց» (Սաղմոս 40։2)։
Եհովան զորացնում է մեզ՝ մղելու «հաւատքի բարի պատերազմը» այնպես, որ կարողանանք ‘պինդ կառչել հավիտենական կյանքից’ (Ա Տիմոթէոս 6։12, ԷԹ)։ Նա նաև ապահովում է միջոցներով, որ մնանք կայուն և մեր հոգևոր պատերազմից հաղթանակած դուրս գանք։ Պողոս առաքյալը հորդորեց հավատակիցներին ‘զորանալ Տերով և նրա զորության կարողությունով’ ու ‘Աստծո սպառազինությունը հագնել, որ կարող լինեն Սատանայի հնարքներին հակառակ կենալ’ (Եփեսացիս 6։10–17)։ Բայց ի՞նչը կարող է սասանել մեզ։ Եվ ինչպե՞ս կարող ենք պաշտպանել մեզ այդ վտանգավոր ազդակներից։
Զգուշացեք կայունությունը թուլացնող ազդակներից
Իմաստուն կլինի հիշել հետևյալ կարևոր փաստը. մեր ընդունած որոշումները վաղ թե ուշ կա՛մ դրական, կա՛մ բացասական ազդեցություն են թողնում մեր քրիստոնեական կայունության վրա։ Երիտասարդները կարիերայի, հետագա կրթության և ամուսնության հետ կապված որոշումների առջև են կանգնում։ Չափահասները ստիպված են լինում որոշել՝ տեղափոխվե՞լ մեկ ուրիշ վայր, լրացուցիչ աշխատանք վերցնե՞լ թե՝ ոչ։ Մենք որոշումներ ենք ընդունում ամեն օր՝ կապված ժամանակի օգտագործման և այլ բաների հետ։ Ի՞նչը կօգնի մեզ իմաստուն որոշումներ կայացնել, որոնք կնպաստեն մեր կայունությանը՝ որպես Աստծո ծառաների։ Մի քրիստոնյա, որը երկար տարիներ է, ինչ ծառայում է Աստծուն, ասում է. «Երբ որոշումներ եմ կայացնում, Եհովայից օգնություն եմ խնդրում։ Ես համոզված եմ, որ կարևոր է ընդունել և կիրառել այն խորհուրդները, որոնք տրվում են Աստվածաշնչի, քրիստոնեական հանդիպումների, երեցների և Աստվածաշնչի վրա հիմնված հրատարակությունների միջոցով»։
Որոշումներ կայացնելիս, լավ կլինի ինքներս մեզ հարց տանք. «Սրանից հինգ կամ տասը տարի հետո երջանիկ կլինե՞մ այսօր կայացրած որոշումներիս արդյունքում, թե՞ կափսոսամ դրանց համար։ Ջանո՞ւմ եմ համոզվել, որ որոշումներս հոգևորապես չեն սասանի ինձ, այլ կնպաստեն հոգևոր առաջընթացիս» (Փիլիպպեցիս 3։16)։
Որոշ մկրտված անհատներ տեղի են տվել գայթակղություններին կամ հասել են Աստծո օրենքները խախտելու աստիճանին, ինչի հետևանքով անկայուն կյանք են սկսել վարել։ Ոմանք, ովքեր սկսել են մեղավոր կյանքով ապրել, չեն զղջացել և դրա պատճառով վտարվել են ժողովից, մեծ ջանքեր են գործադրել ժողովում վերականգնվելու համար, իսկ հետո, երբեմն՝ կարճ ժամանակ անց, կրկին զրկվել ընկերակցությունից նմանատիպ պատճառով։ Հնարավո՞ր է, որ նրանք աղոթքի միջոցով Աստծուց օգնություն չեն խնդրել, որպեսզի ‘չարն ատեն և բարիին հետևեն’ (Հռովմայեցիս 12։9; Սաղմոս 97։10)։ Բոլորս էլ կարիք ունենք ‘մեր ոտքերի համար ուղիղ ճանապարհներ շինելու’ (Եբրայեցիս 12։13)։ Ուստի եկեք քննարկենք մի քանի միջոցներ, որոնք կօգնեն մեզ պահպանելու մեր հոգևոր կայունությունը։
Շարունակեք հաստատուն մնալ՝ քրիստոնեական գործունեության միջոցով
Կյանքի մրցավազքում հաստատուն արագություն պահպանելու միջոցներից է Թագավորության քարոզչության գործում զբաղված լինելը։ Այո՛, քրիստոնեական ծառայությունը մեծ արժեք ունի, որն օգնում է մեր սիրտն ու միտքը կենտրոնացած պահել Աստծո կամքը կատարելու և հավիտենական կյանքի մրցանակի վրա։ Սրա վերաբերյալ Պողոսը հորդորեց կորնթացիներին. «Սիրելի եղբարքս, հաստատ եղէք, [«հաստատո՛ւն մնացէ՛ք», ԷԹ] անշարժ կացէք, ամեն ժամանակ աւելի առաջացէք Տիրոջ գործումը, գիտացէք, որ ձեր աշխատանքը զուր չէ Տէրումը» (Ա Կորնթացիս 15։58)։ «Հաստատուն» բառը նշանակում է «ամուր, աներեր», իսկ «անշարժ» բառը բնագրում ունի այն իմաստը, որ որևէ մեկը «թույլ չտա իրեն կտրվելու ամուր հաստատված ինչ–որ մի բանից»։ Հետևաբար ծառայության մեջ զբաղված լինելը կարող է կայունացնող ազդեցություն ունենալ մեր քրիստոնեական ընթացքի վրա։ Երբ ուրիշներին օգնում ենք ճանաչել Եհովային, դա մեր կյանքին իմաստ է տալիս և երջանկացնում է մեզ (Գործք 20։35)։
Պոլինը, որ ավելի քան 30 տարի է անցկացրել միսիոներական և լիաժամ ծառայության այլ ձևերի մեջ, նշում է. «Ծառայությունը պաշտպանություն է, քանի որ ուրիշներին վկայություն տալով ավելի եմ հավաստիանում, որ իսկապես ունեմ ճշմարտությունը»։ Մեր մեջ նման համոզվածություն է առաջանում նաև, երբ կանոնավորաբար զբաղվում ենք այլ քրիստոնեական գործերով, ինչպիսիք են՝ երկրպագության համար հանդիպումներին հաճախելը և ջանասիրաբար Աստվածաշնչի անձնական ուսումնասիրություն անելը։
Հաստատվում ենք սիրող եղբայրության միջոցով
Ճշմարիտ երկրպագուների համաշխարհային կազմակերպության մաս լինելը կարող է կայունությանը նպաստող զորեղ ազդեցություն ունենալ մեզ վրա։ Ինչպիսի՜ օրհնություն է ընկերակցել այսպիսի սիրառատ, համաշխարհային եղբայրության հետ (Ա Պետրոս 2։17)։ Մենք էլ կարող ենք հաստատել մեր հավատակիցներին։
Հիշենք մի արդար մարդու՝ Հոբի գործերը, որոնք արվել են ուրիշներին օգնելու նպատակով։ Նույնիսկ կեղծ մխիթարիչ Եղիփազն էր ստիպված ընդունել այդ փաստը։ Նա ասաց. «Սասանողին կանգնեցրել են քո խօսքերը, եւ ծռած ծունկերը դուն կազդուրել ես» (Յոբ 4։4)։ Իսկ մե՞նք։ Ամեն մեկս պատասխանատվություն ունի օգնելու իր հոգևոր եղբայրներին ու քույրերին, որպեսզի նրանք տոկան Աստծո ծառայության մեջ։ Նրանց հետ մեր հարաբերություններում կարող ենք վարվել հետևյալ խոսքերում ամփոփված սկզբունքի համաձայն. «Ուժովացրէք թուլացած ձեռքերը, եւ դողդոջուն ծունկերը զօրացրէք» (Եսայիա 35։3)։ Ուրեմն ինչո՞ւ նպատակ չդնենք՝ ամեն անգամ զորացնելու և քաջալերելու մեկ կամ երկու հավատակիցների, երբ հանդիպում ենք նրանց (Եբրայեցիս 10։24, 25)։ Մենք կարող ենք գովասանքի և երախտագիտություն արտահայտող ջերմ խոսքեր ասել այն բանի համար, որ նրանք շարունակ ջանքեր են գործադրում Եհովային հաճեցնելու նպատակով։ Դրանք, իսկապես, կարող են օգնել նրանց հաստատուն մնալ՝ կյանքի համար տարվող մրցավազքում հաղթելու հեռանկարով։
Քրիստոնյա երեցները շատ բան արած կլինեն, եթե քաջալերեն նորեկներին։ Դա կարելի է անել, եթե նրանք օգտակար առաջարկներ անեն և Գրությունների վրա հիմնված խորհուրդներ տան, նաև ծառայության մեջ նրանց հետ համագործակցեն։ Պողոս առաքյալը միշտ հնարավորություններ էր փնտրում ամրացնելու հավատակիցներին։ Նա փափագում էր տեսնել Հռոմում ապրող քրիստոնյաներին, որպեսզի կարողանար հոգևորապես զորացնել նրանց (Հռովմայեցիս 1։11)։ Փիլիպպեում ապրող իր սիրելի եղբայրներին և քույրերին նա համարում էր իր «ուրախութիւնը եւ.... պսակը» ու հորդորում էր ‘այսպես հաստատ մնալ Տերումը’ (Փիլիպպեցիս 4։1)։ Թեսաղոնիկեի եղբայրների ունեցած դժվարությունների մասին լսելով՝ Պողոսը Տիմոթեոսին ուղարկեց, որ «հաստատի նրանց և մխիթարի, որ չսասանվեն նեղություններում’ (Ա Թեսաղոնիկեցիս 3։1–3)։
Պողոս և Պետրոս առաքյալները գիտեին իրենց հավատակիցների ջանքերի մասին, որ հավատարմորեն գործադրում էին, և գնահատում էին դրանք (Կողոսացիս 2։5; Ա Թեսաղոնիկեցիս 3։7, 8; Բ Պետրոս 1։12)։ Եկեք մենք նույնպես կենտրոնանանք ոչ թե մեր եղբայրների թերությունների, այլ նրանց լավ հատկությունների վրա, ինչպես նաև այն բանի, որ նրանք հաջողությամբ պայքար են մղում հաստատուն մնալու և Եհովային պատիվ բերելու համար։
Եթե մենք բացասականորեն ենք տրամադրված կամ քննադատելու հակում ունենք, ապա, ոմանց համար ակամայից կարող ենք ավելի դժվարացնել հավատի հարցում կայունություն պահպանելը։ Տեղին է հիշել, որ մեր եղբայրները «յոգնած եւ ցիրուցան եղած» են իրերի այս համակարգում (Մատթէոս 9։36)։ Քրիստոնեական ժողովում նրանք իրավամբ ակնկալում են գտնել մխիթարություն և թարմություն։ Ուրեմն թող որ մեզանից յուրաքանչյուրը հնարավոր ամեն բան անի հավատակիցներին ամրացնելու համար և օգնելու, որ մնան հաստատուն։
Ոմանք երբեմն կարող են վարվել մեզ հետ այնպես, որ դա թուլացնի մեր հաստատուն դիրքը։ Թույլ կտա՞նք արդյոք, որ մեկի կոպիտ դիտողությունը կամ տգեղ արարքը պատճառ լինի, որ մենք դանդաղենք Եհովային մատուցվող ծառայության մեջ։ Եկեք երբեք թույլ չտանք որևէ մեկին խարխլել մեր հաստատունությունը (Բ Պետրոս 3։17)։
Աստծո խոստումները նպաստում են կայունությանը
Թագավորության կառավարման ներքո զարմանահրաշ ապագայի մասին Եհովայի տված խոստումը մեզ հույս է տալիս, ինչն օգնում է հաստատուն մնալ (Եբրայեցիս 6։19, ԱՆԹ)։ Համոզվածությունն այն բանում, որ Աստված միշտ կատարում է իր խոստումները, մղում է մեզ ‘արթուն մնալ և հաստատ լինել հավատքում’ (Ա Կորնթացիս 16։13; Եբրայեցիս 3։6)։ Աստծո որոշ խոստումների կատարման թվացյալ ուշացումը կարող է փորձել մեր հավատը։ Հետևաբար անչափ կարևոր է ինքնահսկում կատարել, որպեսզի չմոլորվենք սուտ ուսուցումներով և ‘չշարժվենք մեր հույսից’ (Կողոսացիս 1։23; Եբրայեցիս 13։9)։
Իսրայելացիների վատ օրինակը, որոնք կործանվեցին Եհովայի խոստումներին հավատ չընծայելու պատճառով, պետք է մեզ համար զգուշացում լինի (Սաղմոս 78։37)։ Նրանց նմանվելու փոխարեն՝ եկեք հաստատ լինենք՝ այս վերջին օրերում ծառայելով Եհովային հրատապության զգացումով։ Մի փորձառու երեց ասաց. «Ամեն օր ապրում եմ այնպես, կարծես վաղը Եհովայի մեծ օրն է սկսվելու» (Յովէլ 1։15)։
Այո՛, մոտենում է Եհովայի մեծ օրը։ Սակայն, քանի դեռ մոտ ենք մնում Եհովային, մենք ոչնչից վախենալու կարիք չունենք։ Եթե ամուր կառչենք իր չափանիշներին և հաստատուն մնանք, կարող ենք հաջողությամբ վազել հավիտենական կյանք տանող մրցավազքը (Առակաց 11։19, Արևմտ. Աստ.; Ա Տիմոթէոս 6։12,17–19)։
[նկար 23–րդ էջի վրա]
Անո՞ւմ ես արդյոք ձեռքիցդ եկած ամեն բան, որ օգնես հավատակիցներիդ հաստատուն մնալ
[նկար 21–րդ էջի վրա. թույլտվությամբ]
The Complete Encyclopedia of Illustration/J. G. Heck