Ընթերցողների հարցերը
Ինչո՞ւ է Աստվածաշունչն ասում, որ բռնաբարության վտանգի դեպքում հարկավոր է աղաղակել։
Եթե մարդն իր վրա չի զգացել, թե ինչ սարսափելի բան է բռնաբարությունը, ապա երբեք չի հասկանա, թե ինչպես դա կարող է փշրել անհատի կյանքը։ Բռնաբարության զոհը, սակայն, գուցե ողջ կյանքում տառապի տեղի ունեցածից։a Ահա թե ինչ է պատմում մի երիտասարդ քրիստոնյա, որի հանդեպ բռնաբարության փորձ էր կատարվել. «Բառերով հնարավոր չէ նկարագրել այն սարսափը, որ այդ գիշեր ապրեցի և էմոցիոնալ այն վերքը, որ մինչև օրս ինձ չի հաջողվում բուժել»։ Հասկանալի է, որ շատերը նախընտրում են նույնիսկ չմտածել ահ ազդու այդ թեմայի շուրջ։ Սակայն այս չար աշխարհում բռնաբարության ենթարկվելու վտանգը շատ իրական է։
Աստվածաշունչը, առանց թաքցնելու, պատմում է անցյալի մի քանի դեպքեր, երբ բռնաբարություն է տեղի ունեցել կամ երբ կատարվել են նման բան անելու փորձեր (Ծննդոց 19։4–11; 34։1–7; Բ Թագաւորաց 13։1–14)։ Միևնույն ժամանակ այն նաև խորհուրդ է տալիս, թե ինչպես պետք է վարվի անհատը, երբ սպառնում են բռնաբարել իրեն։ Թե այս կապակցությամբ ինչ է ասվում Մովսիսական օրենքում, կարելի է տեղեկանալ Բ Օրինաց 22։23–27-ից։ Այստեղ քննարկվում է երկու դեպք։ Առաջին դեպքում տղամարդը երիտասարդ աղջկան բռնաբարում է քաղաքում։ Աղջիկը չի աղաղակում կամ բղավում։ Հետևաբար՝ նա մեղավոր է ճանաչվում, քանի որ «չ’աղաղակեց քաղաքումը»։ Եթե նա բղավեր, ապա մոտակայքում գտնվող մարդիկ գուցե կարողանային օգնության հասնել։ Երկրորդ դեպքում տղամարդը երիտասարդ աղջկան բռնաբարում է քաղաքից դուրս՝ գյուղական տեղանքում, որտեղ ‘բռնադատելով պառկում է նրա հետ’։ Պաշտպանվելու համար աղջիկն «աղաղակել է, բայց նորան մէկ ազատող չէ եղել»։ Ի տարբերություն առաջին դեպքի՝ պարզ է, որ այս կինը հավանություն չի տվել իր վրա հարձակված անհատի գործողություններին։ Նա ակտիվորեն դիմադրել է՝ օգնության համար աղաղակելով, սակայն չի կարողացել հաղթել բռնաբարողին, քանի որ վերջինս շատ ավելի ուժեղ է եղել։ Նրա աղաղակներն արդեն իսկ ապացուցում են, որ նա զոհ է եղել և ոչ թե մեղսագործ։
Թեև քրիստոնյաներն այսօր Օրենքի ուխտի տակ չեն, այնտեղ ներկայացված սկզբունքները լավ առաջնորդություն կարող են լինել նրանց համար։ Վերը նշված խոսքերում շեշտվում է դիմադրելու և աղաղակելու կարևորությունը։ Պետք է նշել, որ բռնաբարության ենթարկվելու վտանգի դեպքում ճիչեր արձակելը օգուտ կարող է տալ նաև այսօր։ Ահա թե ինչ է ասում մի փորձագետ, որ զբաղվում է հանցագործությունների կանխման հարցերով. «Հարձակման ենթարկված կնոջ լավագույն զենքը նրա բարձր ձայնն է։ Կնոջ աղաղակը լսելով՝ ուրիշները գուցե օգնության հասնեն, կամ էլ դա գուցե վախեցնի հարձակվողին ու ստիպի նրան հեռանալ»։ Մի երիտասարդ քրիստոնյա կին, ում վրա նման հարձակում էին գործել, պատմում է. «Ես, որքան ուժ ունեի, ճչացի։ Հարձակվողը ետ քաշվեց։ Երբ նա նորից փորձեց մոտենալ, գոռացի ու վազեցի։ Նախկինում հաճախ էի զարմանում. «Ի՞նչ օգուտ կարող է տալ աղաղակելը, եթե մի հսկա տղամարդ ճանկում է քեզ՝ իր մտքում մեկ նպատակ հետապնդելով միայն»։ Բայց ես տեսա, որ դա իսկապե՛ս օգնում է»։
Կնոջ ցույց տված դիմադրությունն ու ճիչերը ապարդյուն չեն, նույնիսկ երբ նրան այնուամենայնիվ բռնաբարում են։ Ընդհակառակը՝ դա փաստում է, որ նա արել է հնարավոր ամեն բան՝ հարձակվողին դիմադրելու համար (Բ Օրինաց 22։26)։ Բռնաբարված լինելով հանդերձ՝ նա պահպանում է իր մաքուր խիղճը և ինքնահարգանքը։ Բացի այդ, նա կարող է վստահ լինել, որ Աստծո տեսանկյունից մաքուր է։ Սարսափելի այդ միջադեպը գուցե էմոցիոնալ մեծ վնաս հասցնի կնոջը, բայց այն բանի գիտակցումը, որ նա հնարավոր ամեն ինչ արել է դիմադրություն ցույց տալու համար, մեծապես կօգնի, որ նա աստիճանաբար ապաքինվի։
Բ Օրինաց 22։23–27-ի կիրառությունը պարզելուց բացի, պետք է նաև հաշվի առնենք, որ այս համառոտ արձանագրությունը իր մեջ չի ներառում բոլոր հնարավոր դեպքերը։ Օրինակ՝ այնտեղ չեն քննարկվում այնպիսի դեպքեր, երբ հարձակման ենթարկված կինը չի կարող աղաղակել համր լինելու, անգիտակից վիճակում գտնվելու, վախից քարանալու պատճառով։ Կամ՝ որ նա չի կարող գոռալ, որովհետև բռնաբարողը ձեռքով փակել կամ ժապավենով կապել է նրա բերանը։ Հարկավոր է նշել, որ Եհովային հայտնի են բոլոր մանրամասնությունները, այդ թվում նաև մարդու մղումները։ Աստված կարող է ճիշտ գնահատել իրավիճակը, ուստի նա կմտնի մարդու դրության մեջ ու կվարվի արդարացի կերպով, քանի որ «նորա ամեն ճանապարհները իրաւունք են [«արդար են», Արևմտ. Աստ.]» (Բ Օրինաց 32։4)։ Նա գիտի, թե իրականում ինչ է տեղի ունեցել, և ինչ ջանքեր է գործադրել զոհը իր վրա հարձակվողին դիմադրելու համար։ Հետևաբար՝ եթե անհատը ի վիճակի չի եղել բղավելու, բայց իր ուժերի ներածին չափով այլ կերպ դիմադրել է՝ որքան որ հնարավոր է եղել տվյալ իրավիճակում, ապա կարող է հարցի լուծումը թողնել Եհովայի վրա (Սաղմոս 55։22; Ա Պետրոս 5։7)։
Բռնաբարության ենթարկված քրիստոնյա որոշ կանայք, սակայն, շարունակ տառապում են մեղավորության զգացումից։ Հիշելով տեղի ունեցածը՝ նրանք այնպիսի զգացում են ունենում, թե պետք է ավելին անեին նման բանին խոչընդոտելու համար։ Բայց իրենց մեղադրելու փոխարեն՝ նրանք կարող են աղոթել Եհովային և օգնություն խնդրել նրանից՝ վստահ լինելով, որ նա առատ է ողորմությունով (Ելից 34։6; Սաղմոս 86։5)։
Ուստի բռնաբարության հետևանքով առաջացած էմոցիոնալ խնդիրների դեմ պայքարող քրիստոնյա կանայք կարող են համոզված լինել, որ Եհովան շատ լավ է հասկանում նրանց ցավը։ Աստվածաշունչը վստահեցնում է. «Տէրը մօտիկ է սրտով կոտրուածներին, եւ փրկում է հոգով փշրուածներին» (Սաղմոս 34։18)։ Նման վիճակից դուրս գալու հարցում կարևոր է նաև ընդունել այն օգնությունը, որ առաջարկում են քրիստնյա հավատակիցները՝ անկեղծորեն փորձելով նրան հասկանալ ու բարայացակամորեն աջակցություն ցույց տալ (Յոբ 29։12; Ա Թեսաղոնիկեցիս 5։14, ԱՆԹ)։ Բացի այդ, եթե բռնաբարության զոհը անձամբ ջանք թափի՝ դրական բաների մասին խորհելու, դա կօգնի նրան ձեռք բերել «Աստուծոյ խաղաղութիւնը, որ ամեն մտքից վեր է» (Փիլիպպեցիս 4։6–9)։
[Ծանոթագրություն]
a Թեև այս հոդվածում խոսքը գնում է կանանց մասին, ներկայացված սկզբունքները հավասարապես կիրառելի են նաև այն դեպքում, երբ բռնաբարության զոհ է դառնում տղամարդը։