Կանգուն եղեք՝ որպես հասուններ և հաստատապես համոզվածներ
Օգնենք երիտասարդներին ժամանակահարմար ուսուցում ստանալ
Եպափրասը առաջին դարի քրիստոնյաներից էր։ Նա տեղափոխվել էր Հռոմ։ Սակայն մտքով վերադառնում էր դեպի Կողոսա՝ Փոքր Ասիայի քաղաքներից մեկը։ Նա այդ քաղաքում քարոզել էր բարի լուրը և, անշուշտ, օգնել կողոսացիներից ոմանց Հիսուս Քրիստոսի աշակերտները դառնալու (Կողոսացիս 1։7)։ Եպափրասը մտահոգվում էր Կողոսայում բնակվող իր քրիստոնյա հավատակիցների համար, ինչը երևում է Հռոմից Պողոսի գրած նամակից. «Ողջունում է ձեզ Եպափրասը. ....միշտ տքնաջան աղօթում է ձեզ համար, որպէսզի մնաք կատարեալ եւ գործադրէք Աստծու կամքը ամէն բանի մէջ [«կանգուն մնաք որպես հասուններ և Աստծո ողջ կամքում հաստատապես համոզվածներ», ՆԱ]» (Կողոսացիս 4։12)։
Նմանապես այսօր քրիստոնյա ծնողները ջերմեռանդորեն աղոթում են իրենց զավակների հոգևոր բարեկեցության համար։ Նրանք ջանում են իրենց երեխաների սրտում Աստծո հանդեպ սեր սերմանել, որպեսզի վերջիններս հաստատ մնան իրենց հավատի մեջ։
Շատ պատանի քրիստոնյաներ դպրոցում և այլուր դիմագրավելիք խնդիրների կապակցությամբ աջակցություն են խնդրել։ Տասնհինգամյա մի աղջիկ ասաց. «Մեր խնդիրները գնալով բարդանում են։ Կյանքը սարսափելի է։ Մենք օգնության կարի՛ք ունենք»։ Արդյոք այսպիսի խնդրանքները կամ աստվածավախ ծնողների աղոթքները պատասխան գտե՞լ են։ Այո՛։ Սուրբ Գրությունների վրա հիմնված ուսուցում է ներկայացվել «հաւատարիմ եւ իմաստուն ծառա» դասակարգի միջոցով (Մատթէոս 24։45)։ Սույն հոդվածում հիշատակվում են այնպիսի հրատարակությունների մասին, որոնք օգնել են հարյուր հազարավոր երիտասարդների ‘կանգուն մնալ որպես հասուններ և հաստատապես համոզվածներ’։ Եկեք նկատի առնենք դրանցից մի քանիսը։
«Հապա նայեք.... 15 000 նոր Վկաներ»
1941 թ. օգոստոսին Սենտ Լուիսում (Միսսուրի նահանգ, ԱՄՆ) անցկացվեց Եհովայի վկաների մինչև այդ տեղի ունեցած ամենամեծ համաժողովը, որին ներկա էին 115 000 հոգի։ Համաժողովի վերջին օրը՝ «Երեխաների օրը», մոտ 15 000 երեխաներ նստել էին բեմին մոտ նստարաններին և ուշադիր լսում էին եղբայր Ջոզեֆ Ռադերֆորդի՝ «Թագավորության երեխաները» վերնագրով ելույթը։ Իր ելույթի վերջում 71–ամյա Ռադերֆորդը հայրաբար ասաց.
«Երեխանե՛ր, դո՛ւք՝ բոլորդ, ....որ համաձայնել եք.... հնազանդվել Աստծուն և նրա Թագավորին, խնդրում եմ, ոտքի կանգնեք»։ Երեխաները մեկ մարդու պես ոտքի ելան։ «Հապա նայե՛ք,— ասաց եղբայր Ռադերֆորդը բարձր ձայնով,— Թագավորության ավելի քան 15 000 նոր Վկաներ»։ Այդժամ ծափահարություններ թնդացին։ Նա շարունակեց. «Դո՛ւք՝ բոլորդ, որ պատրաստ եք ձեր կարողության չափով ամեն բան անել Աստծո Թագավորության մասին ուրիշներին պատմելու համար...., ասացեք, խնդրեմ՝ այո՛»։ Երեխաները բարձրաձայն պատասխանեցին՝ այո՛։ Ապա նա ցույց տվեց նոր՝ «Երեխաներ» գիրքը (անգլ.), որը ողջունվեց բուռն ծափահարություններով։
Այս հուզիչ ելույթից հետո պատանիների մի երկար շարք բարձրացավ բեմ, որտեղ եղբայր Ռադերֆորդը նրանց հանձնեց նոր գրքի մեկական օրինակ։ Այս տեսարանն այնքան հուզիչ էր, որ ներկաների աչքերն արցունքներով լցվեցին։ Այդ ամենի ականատեսներից մեկն ասաց. «Միայն քարե սիրտ ունեցող մարդը կարող էր անտարբեր մնալ՝ տեսնելով, թե ինչպես էին երիտասարդները ցույց տալիս իրենց Աստծո՝ Եհովայի հանդեպ իրենց բացարձակ վստահությունն ու հավատը»։
Այդ անմոռանալի համաժողովին 1 300 երիտասարդներ մկրտվեցին՝ խորհրդանշելով իրենց նվիրումը Եհովային։ Նրանցից շատերը հաստատուն են մնացել իրենց հավատի մեջ ընդհուպ մեր օրերը։ Նրանք աջակցություն են ցույց տալիս իրենց ժողովներին, կամավոր ծառայում են Բեթելում կամ էլ օտար երկրներում՝ որպես միսիոներներ։ Իրոք որ, «Երեխաների օրը» և «Երեխաներ» գիրքը մեծապես ազդել է շատ երիտասարդների սրտերին։
«Կարծես նրանք հենց ճիշտ ժամանակին են գալիս»
Հազար ինը հարյուր յոթանասունական թվականներին Եհովայի վկաները հրատարակել են երեք նոր գրքեր, որոնք դիպչել են հարյուր հազարավոր երիտասարդ անհատների սրտերին։ Դրանք էին՝ «Լսեցեք Մեծ Ուսուցչին», «Լավագույնը քաղեք ձեր երիտասարդությունից» և «Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն» գրքերը։ 1982 թ.–ին «Արթնացե՛ք» պարբերագրում (ռուս.) սկսեց տպագրվել «Երիտասարդների հարցերը....» հոդվածների շարքը։ Այդ հոդվածները դիպչել են երիտասարդների և տարեցների զգայուն սրտերի նուրբ լարերին։ «Ամեն երեկո ես շնորհակալություն եմ հայտնում Աստծուն, որ դրանք հրատարակվում են»,— ասաց 14–ամյա մի պատանի։ «Ինձ դուր են գալիս այդ հոդվածները,— նշում է տասներեք տարեկան մի աղջիկ,— կարծես նրանք ճիշտ ժամանակին են գալիս»։ Ծնողները և նշանակված քրիստոնյա երեցները համամիտ են, որ այս հոդվածները ժամանակահարմար և օգտակար են եղել։
Մինչև 1989 թվականը «Երիտասարդների հարցերը....» շարքից թվով մոտ 200 հոդվածներ տպագրվեցին «Արթնացե՛ք» պարբերագրում։ Այդ տարի տեղի ունեցած «Աստվածահաճո նվիրվածություն» վերնագրով նահանգային համաժողովին հայտարարվեց «Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ» վերնագրով գրքի լույս ընծայման մասին։ Արդյոք այդ գիրքն օգնե՞լ է երիտասարդներին հաստատուն մնալ իրենց հավատի մեջ։ Երեք երիտասարդներ գրում են. «Այս գիրքը հիանալի միջոց է եղել մեզ համար մեր խնդիրները հասկանալու և դրանց լուծման ուղիները գտնելու հարցում։ Շնորհակալություն ենք հայտնում ձեզ, որ մտահոգվում եք մեր բարեկեցությամբ»։ Այս կարծիքին են հազարավոր երիտասարդներ ամբողջ աշխարհում։
«Այն հագեցրեց մեր քաղցը»
1999 թ.–ին Եհովայի վկաները թողարկեցին երիտասարդներին ուսուցանելու մեկ այլ գործիք՝ «Երիտասարդների հարցերը. ինչպե՞ս իսկական ընկերներ գտնեմ» տեսաֆիլմը։ Այն հիանալի արձագանք գտավ. «Այս ֆիլմն, ասես, սիրտս մխրճվեց»,— ասաց 14–ամյա մի աղջիկ։ Իսկ մի միայնակ մայր նշեց. «Այն մեր հոգևոր «ճաշացուցակում» կանոնավոր մաս կկազմի»։ «Շատ ուրախալի է իմանալ, որ մեր լավագույն Բարեկամը՝ Եհովան, իսկապես սիրում և հոգ է տանում իր համաշխարհային կազմակերպության երիտասարդ անդամների մասին»,— ասաց մի երիտասարդ կին։
Ի՞նչ ազդեցություն է ունեցել տեսաֆիլմը։ Երիտասարդներն ասում են. «Այն օգնել է ինձ զգույշ լինել ընկերական շրջապատի ընտրության հարցում, ընդարձակել շփումս ժողովի ներսում և դառնալ Եհովայի բարեկամը»։ «Ֆիլմն օգնել է ինձ դիմադրել հասակակիցներիս ճնշմանը»։ «Այն ամրացրել է վճռականությունս՝ Եհովային ծառայելու մեջ լավագույնն անելու»։ Մի ամուսնական զույգ գրում է. «Սրտանց շնորհակալություն ենք հայտնում ձեզ այս «կերակրատեսակի» համար։ Այն հագեցրեց մեր քաղցը»։
Հավատարիմ մնալով Աստծո տված հանձնարարությանը՝ «հաւատարիմ եւ իմաստուն ծառան» ճիշտ ժամանակին հոգևոր կերակուր է պատրաստում նրանց համար, ովքեր կընդունեն այն։ Եվ որքա՜ն ուրախալի է տեսնել, թե ինչպես է այդպիսի սուրբգրային ուսուցումը օգնում երիտասարդներին այսօր «կանգուն մնա[լ] որպես հասուններ և Աստծո ողջ կամքում հաստատապես համոզվածներ»։