Կիրիլ և Մեթոդիոս. Աստվածաշնչի թարգմանիչներ, որոնք այբուբեն ստեղծեցին
«Մեր ազգը մկրտված է, բայց դեռևս ոչ մի ուսուցիչ չունենք։ Մենք ո՛չ հունարեն, ո՛չ էլ լատիներեն գիտենք.... Մենք տառերը չենք հասկանում. ուստի, մեզ մոտ ուսուցիչներ ուղարկեցեք, որոնք կկարողանան բացատրել մեզ Գրությունների բառերը և դրանց իմաստը» (Ռոստիսլավ, Մորավիայի իշխան, 862 թ.)։
Այսօր ավելի քան 435 մլն մարդ է խոսում սլավոնական լեզվախմբին պատկանող լեզուներով։ Նրանք հնարավորություն ունեն իրենց մայրենի լեզվով կարդալ Աստվածաշունչը։a Նրանցից 360 մլն–ը օգտագործում է կիրիլիցա այբուբենը։ Սակայն 12 դար առաջ այս մարդկանց նախնիները այբուբեն չունեին։ Այդ խնդիրը լուծելու մեջ իրենց դերն են ունեցել Կիրիլ և Մեթոդիոս եղբայրները։ Իմանալով նրանց մասին՝ Աստծո Խոսքը սիրող մարդիկ կտեսնեն, որ այդ երկու եղբայրների համարձակ և նորարարական ջանքերի շնորհիվ մի հետաքրքրաշարժ էջ է ավելացել Աստվածաշնչի պահպանման ու տարածման պատմության մեջ։ Ովքե՞ր էին նրանք և ինչպիսի՞ խոչընդոտներ են դիմագրավել իրենց գործը կատարելիս։
«Փիլիսոփան» և կառավարիչը
Կիրիլը (827–869 թթ., իսկական անունը՝ Կոնստանդին) և Մեթոդիոսը (825–885 թթ.) ծնվել են հունական Թեսալոնիկե քաղաքում՝ ազնվականի ընտանիքում։ Այն ժամանակ Թեսալոնիկեի բնակիչները երկու լեզվով էին խոսում՝ հունարեն և սլավոնական լեզուներից մեկով։ Բազմաթիվ սլավոնների առկայությունը և քաղաքացիների միմյանց հետ ունեցած սերտ շփումը, ինչպես նաև սլավոնական համայնքներով շրջապատված լինելը, հավանաբար, հնարավորություն տվեցին Կիրիլին և Մեթոդիոսին բավականին խորը գիտելիքներ ձեռք բերել հարավային սլավոնների լեզուն յուրացնելու մեջ։ Իսկ Մեթոդիոսի կենսագիրներից մեկը նույնիսկ նշում է, որ նրանց մայրը սլավոնական ծագում ուներ։
Հոր մահից հետո Կիրիլը տեղափոխվեց Կոնստանդնուպոլիս՝ Բյուզանդական կայսրության մայրաքաղաք։ Այնտեղ նա սովորում էր կայսերական համալսարանում և շփվում էր լուսավորության ականավոր գործիչների հետ։ Կիրիլը դարձավ Ս. Սոֆիայի տաճարի՝ Արևելքի ամենաակնառու եկեղեցական կառույցի գրադարանավար, իսկ ավելի ուշ՝ փիլիսոփայության պրոֆեսոր։ Արդյունքում՝ իր ակադեմիական նվաճումների համար Կիրիլը վաստակեց «փիլիսոփա» մականունը։
Միևնույն ժամանակ Մեթոդիոսը գնաց հոր հետքերով՝ դարձավ պետական գործիչ։ Նա հասավ մինչև արքոնտի (կառավարչի) աստիճանի Բյուզանդիայի սահմանային շրջաններից մեկում, որտեղ բազմաթիվ սլավոններ էին ապրում։ Այնուհանդերձ, նա հեռացավ ու փակվեց Բութանիայում (Փոքր Ասիա) գտնվող մի մենաստանում։ 855 թ.–ին նրան միացավ Կիրիլը։
860 թ.–ին Կոնստանդնուպոլսի պատրիարքը երկու եղբայրներին առաքելությամբ ուղարկեց արտերկիր՝ խազարների մոտ։ Այս ժողովուրդն ապրում էր Սև ծովի հյուսիսարևելյան մասում և չէր կարողանում կողմնորոշվել, թե որ կրոնն ընդունել՝ իսլամը, հուդայականությունը, թե քրիստոնեությունը։ Ճանապարհին Կիրիլը որոշեց միառժամանակ մնալ Խերսոնեսում (Ղրիմ)։ Որոշ գիտնականներ ենթադրում են, որ այնտեղ նա սովորեց եբրայերեն և սամարերեն լեզուները և եբրայերեն քերականությունը թարգմանեց խազարների լեզվով։
Կանչ Մորավիայից
862 թ.–ին Մորավիայի (ժամանակակից արևելյան Չեխիա, արևմտյան Սլովակիա և արևմտյան Հունգարիա) իշխան Ռոստիսլավը խնդրանքով դիմեց (որով սկսվում է այս հոդվածը) Բյուզանդիայի կայսր Միքայել 3–րդին, որպեսզի վերջինս Աստվածաշնչի ուսուցիչներ ուղարկի։ Մորավիայի սլավոնախոս քաղաքացիներն արդեն ծանոթ էին եկեղեցու ուսուցումներին, որ սովորեցրել էին Արևելյան ֆրանկյան թագավորությունից (այժմ՝ Գերմանիա և Ավստրիա) եկած միսիոներները։ Սակայն Ռոստիսլավը անհանգստացած էր գերմանական ցեղերի բանեցրած քաղաքական և եկեղեցական ազդեցությունից։ Նա հույս ուներ, որ Կոնստանդնուպոլսի հետ կրոնական կապեր հաստատելը կօգներ պահպանելու իր ժողովրդի քաղաքական և կրոնական անկախությունը։
Կայսրը որոշեց Մեթոդիոսին ու Կիրիլին ուղարկել Մորավիա։ Երկու եղբայրները գիտական, կրթական և լեզվաբանական տեսակետից լավ պատրաստված էին այդպիսի առաքելության համար։ 9–րդ դարի մի կենսագիր գրում է, որ կայսրը, հորդորելով նրանց Մորավիա գնալ, հետևյալ փաստարկն էր բերում. «Դուք երկուսդ էլ ծնվել եք Թեսալոնիկեում, որտեղ բոլոր մարդիկ զուտ սլավոներեն են խոսում»։
Ստեղծվում է այբուբեն. թարգմանվում է Աստվածաշունչը
Նախքան մեկնելը՝ Կիրիլը ամիսներ շարունակ պատրաստվում էր առաքելությանը՝ մշակելով սլավոնական գիրը։ Ասում են, որ նա շատ հմուտ էր հնչյունաբանության մեջ։ Այսպես, օգտվելով հունական և եբրայական գրանշաններից, նա փորձում էր յուրաքանչյուր սլավոնական հնչյունի համար տառ ստեղծել։b Որոշ հետազոտողների կարծիքով՝ նա արդեն տարիներ էր ծախսել այբուբենի հիմքը դնելու համար։ Եվ դեռ հստակորեն պարզ չէ, թե որն էր Կիրիլի ստեղծած այբուբենը (տեսեք «Կիրիլիցա թե՞ գլագոլիցա» շրջանակը)։
Միևնույն ժամանակ Կիրիլը ձեռնարկեց Աստվածաշնչի արագ թարգմանության գործը։ Ավանդույթի համաձայն՝ նա հունարենից սլավոներեն թարգմանելը սկսեց Հովհաննեսի ավետարանի առաջին նախադասությունից՝ «Սկզբից էր Բանը....»՝ օգտագործելով նորաստեղծ այբուբենը։ Կիրիլը ձեռնամուխ եղավ նաև չորս Ավետարանների, Պողոսի թղթերի և «Սաղմոսների» թարգմանությանը։
Արդյո՞ք նա միայնակ էր աշխատում։ Ամենայն հավանականությամբ, Մեթոդիոսն օգնում էր նրան։ Ավելին, ինչպես «Քեմբրիջի Միջին դարերի պատմություն» գրքում է ասվում, «շատ հնարավոր է, որ [Կիրիլին] օգնում էին ուրիշները, որոնք, միգուցե, նախևառաջ այն բնիկ սլավոններն էին, ովքեր հունական կրթություն ունեին։ Եթե քննենք հին թարգմանությունները.... ապա դրանցում բացահայտորեն կնկատենք սլավոնական լեզուն զգալու ունակություն, որի ետևում, հավանաբար, կանգնած էին սլավոն գործակիցները»։ Ինչպես դեռ կտեսնենք, Աստվածաշնչի մնացած մասն ավելի ուշ թարգմանեց Մեթոդիոսը։
«Ինչպես սերմնագռավները՝ բազեի վրա»
863 թ.–ին Կիրիլն ու Մեթոդիոսը սկսեցին իրենց առաքելությունը դեպի Մորավիա, որտեղ նրանց գրկաբաց ընդունեցին։ Նրանք նորագյուտ սլավոնական գրերը սովորեցնում էին տեղացիներից բաղկացած մի խմբի, ինչպես նաև աստվածաշնչյան և պատարագային տեքստեր էին թարգմանում։
Սակայն ամեն ինչ չէր, որ հարթ էր ընթանում։ Մորավիայում գտնվող ֆրանկյան հոգևորականությունը կտրականապես դեմ էր սլավոներենի գործածությանը։ Նրանք կառչած էին եռալեզու տեսությունից՝ պնդելով, թե երկրպագության մեջ ընդունելի են միայն լատիներենը, հունարենը և եբրայերենը։ Հուսալով գտնել պապի աջակցությունը՝ կապված նորաստեղծ գրերի հետ՝ 867 թ.–ին եղբայրները ճանապարհ ընկան դեպի Հռոմ։
Ճանապարհին՝ Վենետիկում, Կիրիլն ու Մեթոդիոսը այս անգամ ընդհարվեցին եռալեզու տեսության կողմնակից լատինախոս հոգևորականների մի խմբի հետ։ Ըստ Կիրիլի միջնադարյան մի կենսագրի՝ տեղի եպիսկոպոսները, քահանաներն ու վանականները հարձակվեցին նրա վրա, «ինչպես սերմնագռավները՝ բազեի վրա»։ Ինչպես այդ կենսագիրն է պատմում, Կիրիլը, ընդդիմանալով նրանց, մեջ բերեց Ա Կորնթացիս 14։8, 9 խոսքերը. «Քանզի եթէ շեփորը անորոշ ձայն արձակի, ո՞վ կը պատրաստուի պատերազմի։ Նոյնպէս եւ դուք. եթէ լեզուներով յստակ չդարձնէք խօսքը, ինչպէ՞ս կը հասկացուի խօսուածը. որովհետեւ դրանով դուք նման կը լինէք մի մարդու, որ օդի մէջ է խօսում»։
Երբ եղբայրները վերջապես հասան Հռոմ, Ադրիանոս 2–րդ պապը լիակատար հավանություն տվեց սլավոներենի գործածությանը։ Մի քանի ամիս անց, դեռևս գտնվելով Հռոմում, Կիրիլը ծանր հիվանդացավ։ Երկու ամիս էլ չանցած՝ 42 տարեկան հասակում նա մահացավ։
Ադրիանոս 2–րդ պապը քաջալերեց Մեթոդիոսին վերադառնալ ու շարունակել աշխատանքը Մորավիայում և Նիտրա քաղաքի շրջանում (այժմ՝ Սլովակիայում)։ Ցանկանալով ուժեղացնել իր ազդեցությունն այդ տարածքում՝ պապը նամակներ հանձնեց Մեթոդիոսին, որոնցում հավանություն էր տրվում սլավոներենի գործածությանը, և նրան արքեպիսկոպոս նշանակեց։ Չնայած դրան՝ 870 թ.–ին ֆրանկյան եպիսկոպոս Հերմանրիխը Նիտրայի Սվյատոպոլկ իշխանի օգնությամբ ձերբակալեց Մեթոդիոսին։ Նրան երկուսուկես տարով բանտարկեցին Գերմանիայի հարավ–արևելքում գտնվող մի վանքում։ Վերջիվերջո, Ադրիանոս 2–րդի հաջորդը՝ Հովհաննես 8–րդ պապը, կարգադրեց ազատ արձակել Մեթոդիոսին, վերականգնեց նրան իր պաշտոնում և մեկ անգամ ևս հաստատեց պապական աջակցությունը երկրպագության մեջ սլավոներենը կիրառելու համար։
Սակայն ֆրանկյան հոգևորականության կողմից հակառակությունը շարունակվում էր։ Մեթոդիոսը հաջողությամբ պաշտպանվում էր հերետիկոսության մեջ իր դեմ ուղղված մեղադրանքներից և, ի վերջո, կարողացավ ձեռք բերել Հովհաննես 8–րդի կողմից պապական կոնդակ, որը հատուկ թույլտվություն էր տալիս սլավոներենը գործածելու եկեղեցում։ Նոր պապի՝ Հովհաննես Պողոս 2–րդի օրոք, Մեթոդիոսի կյանքն անցնում էր ճամփորդությունների, զրկանքների, ցավերի, թշնամության և հետապնդման մեջ.... Նա նույնիսկ որոշ ժամանակ բանտարկված էր, որտեղ դաժանորեն էին վերաբերվում իրեն։ Որքան էլ որ զավեշտական է, այդ ամենը նա «ճաշակեց» այն եպիսկոպոսների ու իշխանների կողմից, որոնք բարյացակամորեն էին տրամադրված Հռոմի հանդեպ։
Աստվածաշունչն ամբողջությամբ թարգմանված է
Չնայած չթուլացող հակառակությանը՝ Մեթոդիոսը մի քանի սղագիրների օգնությամբ ավարտեց Աստվածաշնչի մնացած մասի թարգմանությունը սլավոներեն լեզվով։ Ավանդության մեջ ասվում է, որ նա այս վիթխարի աշխատանքը կատարել է ընդամենը ութ ամսում։ Սակայն, նա չթարգմանեց Մակաբայեցիների անկանոն գրքերը։
Այսօր դժվար է ճշգրտորեն որոշել Կիրիլի և Մեթոդիոսի կողմից արված թարգմանության որակը։ Ներկայումս կան միայն մի քանի ձեռագրեր, որոնք թվագրվում են սկզբնական թարգմանության ժամանակին մոտ թվականով։ Ուսումնասիրելով այդ հազվագյուտ նմուշները՝ լեզվաբանները նշում են, որ թարգմանությունը ճշգրիտ է ու լեզվի բնական թարմություն է զգացվում դրանում։ «Հին սլավոնական Աստվածաշունչ» աշխատության մեջ ասվում է, որ երկու եղբայրները «պետք է բազմաթիվ նոր բառեր ու բառակապակցություններ ստեղծեին.... Եվ նրանք արեցին այդ բոլորը զարմանալի ճշգրտությամբ ու աննախադեպ կերպով հարստացրին սլավոներեն լեզվի բառապաշարը» («Our Slavic Bible»)։
Անթառամ ժառանգություն
885 թ.–ին՝ Մեթոդիոսի մահից հետո, ֆրանկ հակառակորդները նրա աշակերտներին վտարեցին Մորավիայից։ Նրանք ապաստան գտան Բոհեմիայում, հարավային Լեհաստանում և Բուլղարիայում։ Դա նպաստեց նրան, որ Կիրիլի և Մեթոդիոսի գործը շարունակվեց և, փաստորեն, տարածվեց։ Սլավոնական լեզուն, որը գրավոր և ավելի կայուն տեսք էր ստացել եղբայրների կողմից, ավելի հարստացավ, զարգացավ, իսկ ավելի ուշ՝ տարբեր ճյուղերի բաժանվեց։ Այսօր սլավոնական լեզվախմբի մեջ մտնում են 13 տարբեր լեզուներ և բազմաթիվ բարբառներ։
Բացի այդ, Աստվածաշունչը թարգմանելու գործում Կիրիլի և Մեթոդիոսի համարձակ ջանքերը հանգեցրին նրան, որ այսօր սլավոնական լեզուներով Գրությունների տարբեր թարգմանություններ գոյություն ունեն։ Այս լեզուներով խոսող միլիոնավոր մարդիկ իրենց մայրենի լեզվով ունեն Աստծո Խոսքը։ Ի հեճուկս դաժան փորձությունների՝ որքա՜ն ճշմարիտ են հետևյալ խոսքերը. «Մեր Աստուծոյ խօսքը կ’մնայ յաւիտեան» (Եսայիա 40։8)։
[ծանոթագրություններ]
a Սլավոնական լեզուներով խոսում են Արևելյան և Կենտրոնական Եվրոպայում. դրանցից են՝ ռուսերենը, ուկրաիներենը, սերբերենը, լեհերենը, չեխերենը, բուլղարերենը և նմանատիպ այլ լեզուներ։
b Այս հոդվածում «սլավոնական» ասելով հասկացվում է այն սլավոնական բարբառը, որը Կիրիլն ու Մեթոդիոսն օգտագործեցին իրենց առաքելության և գրական աշխատանքի ընթացքում։ Ոմանք այսօր օգտագործում են «հին սլավոնական» կամ «հին եկեղեցասլավոնական» հասկացությունները։ Լեզվաբանները համակարծիք են, որ 9–րդ դարում սլավոնները չունեին մեկ ընդհանուր լեզու։
[շրջանակ 29–րդ էջի վրա]
Կիրիլիցա թե՞ գլագոլիցա
Լեզվաբանները համոզված չեն, թե ինչ տեսք ուներ Կիրիլի ստեղծած այբուբենը, և այդ իսկ պատճառով բազմաթիվ բանավեճեր են ծագել։ Կիրիլիցա կոչվող այբուբենը, կարելի է ասել, կազմվել է հունարեն այբուբենի հիման վրա, և ամենաքիչը տասներկու գրանշան էլ ստեղծվել է այն սլավոներեն հնչյունների համար, որոնք չկային հունարենում։ Որոշ հնագույն սլավոնական ձեռագրեր, այնուամենայնիվ, գրվել են կիրիլիցայից խիստ տարբերվող տառատեսակով՝ գլագոլիցայով, և շատ գիտնականներ ենթադրում են, որ հենց այս գրերն է Կիրիլը ստեղծել։ Գլագոլիցայի մի քանի տառեր, ըստ երևույթին, փոխ են առնվել հունարեն և եբրայերեն ձեռագիր տառերից։ Մի քանիսն էլ գուցե վերցվել են միջնադարյան դիակրիտիկ նշաններից, սակայն տառերի մեծ մասը ստեղծվել է, ընդ որում դրանք բարդ են եղել։ Այնպես է երևում, որ գլագոլիցան շատ ինքնատիպ և առանձնահատուկ գիր էր հանդիսանում։ Բայցևայնպես, կիրիլիցան է, որ զարգացում ապրեց և ընդունեց ժամանակակից ռուսերեն, ուկրաիներեն, սերբերեն, բուլղարերեն, մակեդոներեն տառերի տեսքը։ Բացի սրանցից, նաև 22 ուրիշ լեզուներում, այդ թվում՝ ոչ սլավոնական, գործածվում է կիրիլիցա այբուբենը։
[կիրիլիցայի և գլագոլիցայի տառերի պատկերներ]
[քարտեզ 31–րդ էջի վրա]
(Ամբողջական պատկերի համար տե՛ս հրատարակությունը)
Բալթիկ ծով
(Լեհաստան)
Բոհեմիա (Չեխիա)
Մորավիա (Արլ. Չեխիա, Արմ. Սլովակիա, Արմ. Հունգարիա)
Նիտրա
ԱՐԵՎԵԼՅԱՆ ՖՐԱՆԿՅԱՆ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ (Գերմանիա և Ավստրիա)
ԻՏԱԼԻԱ
Վենետիկ
Հռոմ
Միջերկրական ծով
ԲՈՒԼՂԱՐԻԱ
ՀՈՒՆԱՍՏԱՆ
Թեսալոնիկե
(Ղրիմ)
Սև ծով
Բութանիա
Կոնստանդնուպոլիս (Ստամբուլ)
[նկար 31–րդ էջի վրա]
1581 թ.–ին հրատարակված սլավոներեն Աստվածաշունչ՝ գրված կիրիլիցայով
[թույլտվությամբ]
Աստվածաշունչ. Narodna in univerzitetna knjižnica-Slovenija-Ljubljana