Նախապատրաստվեք նշանավոր Հազարամյակին
ՔՐԻՍՏՈՍԻ Հազարամյա թագավորությունն աննկարագրելի օրհնություններ է բերելու մարդկությանը։ Հիսուսի սիրալիր առաջնորդության ներքո մարդիկ ազատվելու են ներկա ողբալի վիճակից և հասնելու են կատարելության։ Հապա մտածեք, թե դա ինչ է նշանակում ձե՛զ համար։ Փայլուն առողջությո՛ւն... Պատկերացրեք, որ ամեն առավոտ արթնանալիս դուք ձեզ նախորդ օրվանից ավելի լավ եք զգում։ Միլիոնավոր մարդիկ, այդ թվում նաև կանայք և երեխաներ, այսօր անհամբերությամբ են սպասում այդ երջանիկ կյանքին՝ նրա հետ մեծ հույսեր կապելով։ Նրանք իրենց աղոթքներում շարունակ հիշատակում են այդ կյանքի մասին։ Ուսումնասիրելով Աստվածաշունչը՝ նրանք եկել են այն համոզման, որ այդ օրհնությունները վայելելը իրոք հնարավոր է։
Սակայն իր Հազարամյա թագավորությունը սկսելուց առաջ Հիսուսը պետք է երկիրը մաքրի բոլոր նրանցից, ովքեր չեն ուզում հնազանդվել իր իշխանությանը։ Դա տեղի կունենա մի պատերազմի ընթացքում, որն Աստվածաշնչում Արմագեդոն է կոչվում (Յայտնութիւն 16։16)։ Երկրի վրա ապրող ճշմարիտ քրիստոնյաները չեն մասնակցելու այդ պատերազմին։ Դա միայն Աստծո պատերազմն է... Եվ այն տեղի չի ունենալու ինչ–որ հատուկ վայրում, այլ, ինչպես նշվում է Աստվածաշնչում, հասնելու է մինչև երկրի ամենահեռավոր ծայրերը։ Քրիստոսի Թագավորության հակառակորդներից ոչ մեկը չի փրկվելու. նրանք բոլորն էլ ոչնչացվելու են (Երեմիա 25։33)։
Արմագեդոն պատերազմից հետո Հիսուսն իր ուշադրությունը դարձնելու է Բանսարկու Սատանայի և նրա դևերի վրա։ Փորձեք պատկերացնել «Յայտնութիւն» գիրքը գրողին տրված տեսիլքը. «Տեսայ մի ուրիշ հրեշտակ [Հիսուս Քրիստոսին], որ իջնում էր երկնքից եւ իր ձեռքին ունէր դժոխքի փականքներն ու մեծ շղթաներ։ Եւ բռնեց վիշապին՝ հին օձին, որ է Բանսարկուն եւ Սատանան. եւ հազար տարով կապեց նրան» (Յայտնութիւն 20։1, 2)։ Իսկ ավելի ուշ Սատանան և իր դևերը հավիտյան կոչնչացվեն (Մատթէոս 25։41)։
«Մի մեծ բազմութիւն, որին թիւ [չկա]», կփրկվի Արմագեդոնից (Յայտնութիւն 7։9)։ Որպեսզի այդ բազմությունը օգուտներ ստանա «կենդանի ջրերի աղբիւրներից», Քրիստոսը նրանց կառաջնորդի ինչպես մի հովիվ, որն իր գառներին տանում է դեպի կենարար ջրի աղբյուրները (Յայտնութիւն 7։17, ԱԹ)։ Սատանայի և նրա դևերի հարձակումներից զերծ մնալով՝ Արմագեդոնից վերապրած այդ բազմությունը աստիճանաբար օգնություն կստանա, որպեսզի հաղթահարի իր մեղավոր հակումներն ու, ի վերջո, հասնի կատարելության։
Քրիստոսի սիրալիր իշխանության ներքո կյանքի պայմանները շարունակ կբարելավվեն։ Եհովա Աստված Հիսուս Քրիստոսի միջոցով վերջնականապես կվերացնի վշտի ու ցավի բոլոր պատճառները։ Նա «պիտի սրբի նրանց աչքերից ամէն արտասուք. եւ այլեւս մահ չկայ. ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ, ո՛չ ցաւ եւ ո՛չ չարչարանք» (Յայտնութիւն 21։4)։ Ամբողջացնելով այդ պատկերը՝ Եսայիա մարգարեն գրում է. «Այն ժամանակ բացուելու են կոյրերի աչքերը, եւ խուլերի ականջները պիտի բացուին։ Այն ժամանակ լոք է տալու կաղը եղջերուի պէս. եւ համրի լեզուն օրհներգելու է» (Եսայիա 35։5, 6)։ Եվ մահացածները՝ «մեծ ու փոքր», կյանքի կվերադառնան՝ երբեք այլևս չմահանալու հեռանկարով (Յայտնութիւն 20։12)։
Այսօր դեռ շարունակվում է հավաքվել այն «մեծ բազմութիւնը», որը պետք է Արմագեդոնից վերապրի։ Նրանք, ովքեր ձգտում են դառնալ այդ բազմության անդամները, հիմա արդեն պատրաստվում են Քրիստոսի Հազարամյա թագավորությանը։ Ու թեև նրանց հայտնի չէ, թե կոնկրետ ե՛րբ է սկսվելու այդ իշխանությունը, այնուհանդերձ, համոզված են, որ այն կսկսի գործի անցնել Աստծո նշանակած ժամանակին։ Դուք էլ կարող եք լինել այդ մարդկանց շարքերում. դրա համար հարկավոր է նախապատրաստվել՝ ոչ թե ձեր ունեցվածքը վաճառելով և բնակավայրը փոխելով, այլ Աստվածաշունչն ուսումնասիրելով և Եհովա Աստծո ու նրա նպատակների մասին ճշգրիտ գիտություն ձեռք բերելով։ Առանց որևէ պարտադրանքի՝ Եհովայի վկաներն ուրախությամբ կարող են ցույց տալ ձեզ, թե Աստվածաշնչի ուսումնասիրությունը, որն, ի դեպ, անվճար է, ինչպիսի օգուտներ կարող է բերել ձեզ և ձեր ընտանիքի մնացած անդամներին։ Սույն ամսագիրը հրատարակողները ուրախ կլինեն՝ հավելյալ տեղեկություններ ձեզ համար հայթայթելու։
[շրջանակ 7–րդ էջի վրա]
Բառի բուն իմաստո՞վ հազար տարի, թե՞ այլաբանորեն
Քանի որ Աստվածաշնչի «Յայտնութիւն» գրքի մեծ մասը գրված է խորհրդանշական լեզվով, ուստի հարց է ծագում. ի՞նչ կարելի է ասել «Յայտնութիւն» գրքում հիշատակված Քրիստոսի Հազարամյա թագավորության մասին։ Դա բառացի՞ պետք է հասկանալ, թե՞ այլաբանորեն։
Բոլոր հիմքերը կան եզրակացնելու, որ այդ ժամանակաշրջանը, այսինքն՝ հազար տարին, պետք է բառացի հասկանալ։ Եկեք տեսնենք, թե ինչո՛ւ։ Պողոս առաքյալը Քրիստոսի Հազարամյա թագավորությունը ներկայացնում է որպես մեկ օր, որի ընթացքում պետք է դատվի մարդկությունը (Գործք 17։31; Յայտնութիւն 20։4)։ Իսկ Պետրոս առաքյալը գրում է, որ Եհովայի համար մեկ օրը (24 ժամը) հազար տարի է (Բ Պետրոս 3։8)։ Այս երկու վկայություններն ապացուցում են, որ դատաստանի այդ «օրը» բառացիորեն տևելու է հազար տարի։ Բացի այդ, Յայտնութիւն 20։3, 5—7 համարներում հին հունարենով «հազար տարին» չորս անգամ գրված է որոշյալ հոդով։ Սրանից կարելի է հետևություն անել, որ խոսքը կոնկրետ տևողություն ունեցող ժամանակահատվածի մասին է։