Շարունակեցե՛ք հավատով ընթանալ
«Հոգո՛վ ընթացէք եւ մարմնի ցանկութիւնը մի՛ կատարէք» (Գաղատացիս 5:16)։
1. ա) Ինչպիսի՞ պայմաններում և որքա՞ն երկար Ենովքը քայլեց Աստծո հետ։ բ) Որքա՞ն ժամանակ Նոյը քայլեց Աստծո հետ և ի՞նչ դժվար պարտականություններ ուներ։
ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ասում է, որ Ենովքը «Աստուծոյ հետ քալեց»։ Չնայած նրան շրջապատող մարդկանց խայտառակ խոսելակերպին և ամբարիշտ վարքին՝ Ենովքը մինչև իր կյանքի վերջը՝ երեք հարյուր վաթսունհինգ տարի, շարունակեց Աստծո հետ քայլել (Ծննդոց 5:23, 24, Արևմտահայերեն Աստվածաշունչ; Յուդա 14‚ 15)։ Նոյը նույնպես «Աստուծոյ հետ քալեց» և, այդպես վարվելով, ընդարձակեց իր ընտանիքը, պայքարեց ապստամբ հրեշտակների և նրանց բռնի ժառանգների ազդեցությանը ենթարկված աշխարհի դեմ, կառուցեց հսկայական տապանը, որն այն ժամանակների ծովագնաց նավերից ամենամեծն էր։ Նա ջրհեղեղից հետո էլ շարունակեց Աստծո հետ ընթանալ՝ չնայած այն բանին, որ կրկին Եհովայի դեմ Բաբելոնում ապստամբություն բարձրացվեց։ Նոյն, իսկապես, մինչև մահ Աստծո հետ քայլեց՝ մինչև ինը հարյուր հիսուն տարեկան հասակը (Ծննդոց 6:9; 9:29, Արևմտահայերեն Աստվածաշունչ)։
2. Ի՞նչ է նշանակում ‘Աստծո հետ քայլել’։
2 Աստվածաշունչն ասում է, որ այդ հավատարիմ մարդիկ փոխաբերական իմաստով ‘քալեցին’ Աստծո հետ։ Դա նշանակում է, որ Ենովքն ու Նոյը Աստծո հանդեպ ամուր հավատք ունեցողների պես դրսևորեցին իրենց։ Նրանք կատարեցին Եհովայի պատվերները և իրենց կյանքը համաձայնեցրին այն ամենի հետ, ինչ որ գիտեին Աստծո մասին մարդկության հանդեպ իր վերաբերմունքից (համեմատել Բ Մնացորդաց 7:17)։ Նրանք Աստծո խոսքերի և գործերի հետ ոչ միայն մտովի համաձայնվեցին, այլև կատարեցին այն ամենը, ինչ որ իրենցից պահանջված էր այն չափով, որ չափով դա հնարավոր էր անկատար մարդկանց համար։ Այսպես օրինակ՝ Նոյն այնպես վարվեց, ինչպես Աստված պատվիրել էր նրան (Ծննդոց 6:22)։ Նա տրված հրահանգներից առաջ չէր վազում, ոչ էլ անուշադրության պատճառով հետ ընկնում։ Նոյն Աստծո հետ էր քայլում՝ մտերիմ հարաբերություններ վայելելով Եհովայի հետ, ջերմորեն աղոթելով և ողջունելով նրա աստվածային առաջնորդությունը։ Իսկ դու այդպես վարվո՞ւմ ես։
Անշեղ ապրելակերպ
3. Եհովային նվիրված և մկրտված ծառաների համար ի՞նչն է ամենաանհրաժեշտը։
3 Աստծո հետ քայլելու համար մարդկանց հորդորելը սիրտ ջերմացնող գործ է։ Եհովայի կամքի համեմատ դրական քայլեր առնելով՝ մարդիկ ապացուցում են, որ հավատ ունեն, առանց որի անհնար է Աստծուն հաճեցնել (Եբրայեցիս 11։6)։ Որքա՜ն ուրախ ենք, որ վերջին հինգ տարիների ընթացքում յուրաքանչյուր տարի միջին հաշվով ավելի քան երեք հարյուր քսան հազար անհատներ նվիրվում են Եհովային և ջրի մկրտությամբ իրենց անձերը նրան ներկայացնում։ Սակայն ինչպես նրանց, այնպես էլ մեզ, անհրաժեշտ է Աստծո հետ շարունակ ընթանալ (Մատթէոս 24։13; Յայտնութիւն 2։10)։
4. Ինչո՞ւ Եգիպտոսից հեռացած իսրայելացիները չմտան Խոստացված երկիրը՝ չնայած որ նրանք հավատ ցուցաբերեցին։
4 Մովսեսի օրոք Եգիպտոսում իսրայելացիներից հավատ էր պահանջվում Զատիկի տոնը (Պասեք) նշելու և տան դռան շրջանակի վերնամասին ու կողափայտերին արյուն քսելու համար (Ելից 12։1—28)։ Սակայն, Կարմիր ծովի մոտ փարավոնի մոտեցող զորքը տեսնելով, շատերի հավատը սասանվեց (Ելից 14։9—12)։ Իսրայելացիները, բարեհաջող անցնելով Կարմիր ծովի չոր հատակով և ականատես լինելով, թե ինչպես է եգիպտական զորքը բնաջնջվում հսկայական ալիքների մեջ, Սաղմոս 106։12 խոսքի համաձայն կրկին «հաւատացին [Եհովայի] խօսքերին»։ Սակայն կարճ ժամանակ անց, անապատում նրանք սկսեցին տրտնջալ խմելու ջրի, ուտելիքի և առաջնորդության համար։ Իսրայելացիները զարհուրեցին, երբ տասներկու լրտեսներից տասը Ավետյաց երկրից բացասական լուրով վերադարձան։ Այդ պարագայում, ինչպես Սաղմոս 106։24 խոսքն է ասում, նրանք «չ’հաւատացին [Աստծո] խօսքին»։ Նրանք ցանկանում էին վերադառնալ Եգիպտոս (Թուոց 14։1—4)։ Նրանց հավատն ակնհայտ էր դառնում միայն այն դեպքում, երբ ականատես էին լինում արտասովոր աստվածային երևույթների։ Նրանք Աստծո հետ չէին շարունակում ընթանալ։ Եվ արդյունքում այդ իսրայելացիները չմտան Ավետյաց երկիրը (Սաղմոս 95։10, 11)։
5. Ի՞նչ առնչություն ունեն Բ Կորնթացիս 13։5–ի և Առակաց 3։5, 6–ի խոսքերը Աստծո հետ ընթանալու հետ։
5 Աստվածաշունչը հորդորում է մեզ. «Քննեցէ՛ք դուք ձեզ՝ տեսնելու, թէ նոյն հաւատի մէ՞ջ էք. փորձեցէ՛ք դուք ձեզ» (Բ Կորնթացիս 13։5)։ Լինել «հաւատի մէջ» նշանակում է ամուր կառչել քրիստոնեական ուսմունքին։ Սա անհրաժեշտ է, եթե ուզում ենք ողջ կյանքում Աստծո հետ ընթանալ։ Աստծո հետ քայլելու համար, նաև, մեր հավատի որակը պետք է բարձրացնենք՝ ամբողջովին վստահելով Եհովային (Առակաց 3։5, 6)։ Այսպիսի ընթացքը մերժողները կարող են բազմաթիվ ծուղակների մեջ ընկնել։ Որո՞նք են այդ ծուղակները։
Խուսափեցեք ինքնավստահության ծուղակից
6. Բոլոր քրիստոնյաներին ի՞նչ է հայտնի պոռնկության և շնության մասին, և ինչպիսի՞ վերաբերմունք ունեն նրանք այդ մեղքերի հանդեպ։
6 Յուրաքանչյուր անհատ, ով Աստվածաշունչ է ուսումնասիրել, իր կյանքը Եհովային նվիրել ու մկրտվել, գիտի, որ Աստծո Խոսքը դատապարտում է պոռնկությունն ու շնությունը (Ա Թեսաղոնիկեցիս 4։1—3; Եբրայեցիս 13։4)։ Այդպիսիները համամիտ են այս տեսակետի հետ և մտադիր են ապրել դրանց համաձայն։ Սակայն սեռային անբարոյությունը շարունակում է Սատանայի ամենաազդեցիկ ծուղակներից մեկը մնալ։ Ինչո՞ւ։
7. Ինչո՞ւ իսրայելացիները սխալ վարք ունեցան Մովաբի դաշտերում։
7 Անբարո վարքի մեջ ընկնողը միգուցե սկզբում չի ծրագրում անբարոյություն գործել։ Հավանաբար, նույնը պատահեց նաև իսրայելացիների հետ Մովաբի դաշտերում։ Անապատային կյանքից հոգնած իսրայելացիներին հրապուրեցին մովաբացի և մադիամացի կանայք, որոնք առաջին հայացքից սիրալիր և հյուրասեր էին թվացել։ Սակայն ի՞նչ պատահեց, երբ իսրայելացիները ընկերացան Բահաղին ծառայողների հետ, որոնք թույլ էին տալիս իրենց աղջիկ զավակներին (նույնիսկ նշանավոր ընտանիքներից) արտամուսնական սեռային հարաբերություններ ունենալ տղամարդկանց հետ։ Նման մտերմությունը ցանկալի համարելով՝ իսրայելացիները հրապուրվեցին, գիտակցաբար սխալ գործելով, և դրա համար նույնիսկ իրենց կյանքով վճարեցին (Թուոց 22։1; 25։1—15; 31։16; Յայտնութիւն 2։14)։
8. Ի՞նչը կարող է քրիստոնյաներին այսօր սեռային անբարոյության բերել։
8 Ի՞նչ պատճառով որևէ մեկն այսօր կարող է համանման ծուղակն ընկնել։ Թեև անհատը գիտակցում է սեռային անբարոյության լրջությունը, սակայն հաշվի չառնելով ինքնավստահ լինելու վտանգը, կարող է հայտնվել մի իրավիճակում, որտեղ սխալն անելու ցանկությունը ճնշում գործադրի բանականության վրա (Առակաց 7։6—9, 21, 22; 14։16)։
9. Աստվածաշնչի ո՞ր նախազգուշացումներն են պաշտպանում մեզ անբարոյությունից։
9 Աստծո Խոսքը պարզորեն զգուշացնում է մեզ չմոլորվել՝ մտածելով, թե այնքան զորեղ ենք, որ չենք վնասվի չար ընկերակցություններից։ Դրանց մեջ են մտնում հեռուստատեսային ծրագրերը, ամսագրերը, որոնք ցուցադրում են մարդկանց անբարո կյանքը՝ առաջացնելով անբարոյական ցանկություններ (Ա Կորնթացիս 10։11, 12; 15։33)։ Սխալ պարագաներում նույնիսկ հավատակիցների մտերմությունը կարող է լուրջ պրոբլեմներ առաջ բերել։ Սեռերի միջև գոյություն ունեցող գրավչությունը զորեղ է։ Հետևաբար, Եհովայի կազմակերպությունը սիրալիր կերպով նախազգուշացնում է հակառակ սեռի ներկայացուցիչներին երկուսով առանձնանալու և մարդկանց տեսադաշտից դուրս լինելու վտանգի մասին, եթե նրանք ամուսիններ կամ ընտանիքի անդամներ չեն։ Աստծո հետ շարունակ ընթանալու համար անհրաժեշտ է զգուշանալ ինքնավստահության ծուղակից և ուշադրություն դարձնել նրա տված զգուշացնող խորհուրդներին (Սաղմոս 85։8)։
Թույլ մի տվեք, որ մարդավախությունը ձեզ ղեկավարի
10. «Մարդկային վախը» ինչպե՞ս է գցում որոգայթի մեջ։
10 Հաջորդ վտանգը մատնանշվում է Առակաց 29։25 խոսքում, որտեղ ասվում է. «Մարդի վախը որոգայթի մէջ կ’գցէ»։ Որսորդի ծուղակներից են թակարդը, որն ամուր սեղմում է կենդանու վիզը, կամ պարանը, որտեղ զոհը հայտնվում է իր թաթերով (Յոբ 18։8—11)։ Մարդավախությունը նմանապես կարող է արգելակել մարդու ազատ արտահայտվելու կարողությունը և աստվածահաճո վարքից նրան ետ պահել։ Ուրիշներին հաճեցնելու ցանկությունը բնական է, և անհոգի անտարբերությունը, թե ի՛նչ կմտածեն մարդիկ, քրիստոնեավայել չէ։ Սակայն անհրաժեշտ է հավասարակշռված լինել։ Երբ ուրիշների հնարավոր արձագանքներից անհանգստացած անհատն անում է այն, ինչ որ Աստված արգելում է, կամ չի հնազանդվում Աստծո Խոսքին, ուրեմն վերջինս ծուղակի մեջ է ընկել։
11. ա) Ի՞նչը կարող է պաշտպանել անհատին, որպեսզի մարդավախությունը չիշխի իր վրա։ բ) Ինչպե՞ս է Եհովան օգնել մարդավախության դեմ պայքարող իր ծառաներին։
11 Նման ծուղակից պաշտպանվելը կախված է ոչ թե մարդու խառնվածքից, այլ՝ ‘Տիրոջն ապավինելուց’ (Առակաց 29։25բ)։ Նույնիսկ ամաչկոտ անհատը, Եհովային ապավինելով, կարող է համարձակ և անսասան լինել։ Քանի դեռ գտնվում ենք իրերի չար համակարգի ճնշման տակ, պետք է պաշտպանվենք մարդավախության ծուղակն ընկնելուց։ Չնայած Եղիա մարգարեն համարձակ էր՝ սակայն վախից փախուստի դիմեց, երբ Հեզաբելը նրան ահաբեկեց մահով (Գ Թագաւորաց 19։2—18)։ Ճնշման ներքո Պետրոս առաքյալը երկյուղից ուրացավ Հիսուս Քրիստոսին, և տարիներ անց վախը կրկին պատճառ դարձավ իր հավատին հակառակ վարվելուն (Մարկոս 14։66—71; Գաղատացիս 2։11, 12)։ Այնուամենայնիվ, երկուսն էլ՝ Եղիան և Պետրոսը, ընդունեցին հոգևոր օգնությունը և, Եհովային ապավինելով, շարունակեցին ծառայել նրան։
12. Ո՞ր օրինակներն են ցույց տալիս, թե ինչպես են ոմանք հաղթահարել վախը՝ թույլ չտալով իրենց Աստծուն հաճեցնելուց ետ պահել։
12 Այսօր Եհովայի ծառաները սովորում են հաղթահարել վախի ծուղակն ընկնելը։ Գայանայից մի Վկա պատանուհի խոստովանեց. «Համադասարանցիների ճնշմանը հակառակվելը դժվար է»։ Սակայն նա ավելացրեց. «Բայց ես Եհովայի վրա եմ հույսս դնում»։ Նա ցածրաձայն աղոթում էր Եհովային, երբ ամբողջ դասարանի առաջ ուսուցիչը ծաղրում էր նրան հավատի համար։ Հետագայում ուսուցիչը պատշաճ կերպով առանձին վկայություն ստացավ աշակերտուհուց։ Բենինից մի երիտասարդ, արդեն ծանոթ լինելով Եհովայի պահանջներին, հարազատ քաղաքն այցելելիս որոշում է ազատվել հոր պատրաստած և իրեն նվիրած կուռքից։ Նա հասկանում էր, որ պատկերը անշունչ առարկա է և նրանից չէր երկյուղում, սակայն գիտեր, որ բարկացած գյուղացիները կփորձեն սպանել իրեն։ Նա աղոթում է Եհովային և գիշերով կուռքը թողնում մացառուտում՝ ազատվելով դրանից (համեմատել Դատաւորաց 6։27—31)։ Դոմինիկյան Հանրապետությունում ապրող մի կին, երբ սկսում է ծառայել Եհովային, ամուսինը պահանջում է իր և Եհովայի միջև ընտրություն կատարել և սպառնում ամուսնալուծությամբ։ Վախը ստիպե՞ց այդ կնոջը լքել հավատը։ Նա պատասխանեց. «Եթե անհավատարմության համար ամուսնալուծվեի, կամաչեի, բայց Եհովային ծառայելուց չեմ ամաչում»։ Կինը շարունակում է Աստծո հետ ընթանալ, և շուտով ամուսինն է միանում իրեն՝ Եհովայի կամքը կատարելու։ Ամբողջովին ապավինելով մեր երկնային Հորը՝ մենք նույնպես կարող ենք խուսափել մարդավախությունից և չդադարել Եհովային հաճելի գործեր անելուց։
Խուսափեցեք խորհրդի կարևորությունը թերագնահատելուց
13. Ո՞ր ծուղակի մասին է մեզ զգուշացնում Ա Տիմոթէոս 6։9 խոսքը։
13 Որսորդներն այնպիսի ծուղակներ են գործածում, որոնք բռնում են կենդանուն, երբ նա փորձում է անցնել որոշակի տեղով. ուրիշ ծուղակներ էլ կան, որոնք մոլորեցնում են կենդանուն հրապուրիչ խայծով։ Շատերի համար հարստությունը նման է այդ խայծին (Մատթէոս 13։22)։ Ա Տիմոթէոս 6։8, 9 խոսքերում Աստվածաշունչը խրախուսում է բավարարվել կերակուրով և հագուստով։ Ապա զգուշացնում է. «Ովքեր հարստանալ են ուզում, ընկնում են փորձութեան, որոգայթի եւ բազում անմիտ ու վնասակար ցանկութիւնների մէջ, որոնք ընկղմում–տանում են մարդկանց դէպի կործանում եւ դէպի կորուստ»։
14. ա) Ի՞նչը կարող է խանգարել մարդուն սրտանց ընդունելու կերակուրով և հանդերձով բավարարվելու խորհուրդը։ բ) Ինչպե՞ս է հարստության սխալ սահմանումը թերագնահատանք առաջացնում Ա Տիմոթէոս 6։9 խոսքում արձանագրված նախազգուշացման նկատմամբ։ գ) Ինչպե՞ս կարող է «աչքերի ցանկութիւնը» նրանց առջև գտնվող ծուղակն աննկատելի դարձնել։
14 Չնայած նախազգուշացմանը՝ շատերն են ծուղակն ընկնում, քանի որ չեն կիրառում տրված խորհուրդը։ Ինչո՞ւ։ Կարո՞ղ է պատահել այնպես, որ հպարտության պատճառով կառչենք այնպիսի ապրելակերպից, որը «կերակուր եւ հանդերձներ» ունենալուց ավելին է պահանջում, այն դեպքում, երբ Աստվածաշունչը խրախուսում է եղածով բավարարվել։ Գուցե նրանք թերագնահատո՞ւմ են Աստվածաշնչի նախազգուշացումը՝ հարստության չափը մեծահարուստների աչքերով չափելով։ Աստվածաշունչը պարզապես ցույց է տալիս, թե ի՛նչ է հարստությունը՝ ի տարբերություն կերակուրով և հագուստով բավարարվելուն (համեմատել Եբրայեցիս 13։5)։ Կարո՞ղ է «աչքերի ցանկութիւնը»՝ այսինքն աչքի տեսած իրն ունենալու ցանկությունը, նույնիսկ զոհաբերելով հոգևորը, ստիպել մեզ ճշմարիտ երկրպագության պահանջները երկրորդ տեղը դնել (Ա Յովհաննէս 2։15—17; Անգէ 1։2—8)։ Որքա՜ն երջանիկ են Աստվածաշնչի խորհուրդները սրտանց ընդունողներն ու Աստծո հետ ընթացողները, որոնց համար Եհովայի ծառայությունը իրենց կյանքում գլխավոր տեղն է զբաղեցնում։
Հաջողությամբ հաղթահարել կյանքի խնդիրները
15. Ինչպիսի՞ պայմաններն են բնականաբար մտահոգում Եհովայի ժողովրդին, և ո՞ր ծուղակից պետք է զգուշանանք՝ այդպիսի ճնշման տակ գտնվելով։
15 Մարդիկ մտահոգված են ավելի շուտ իրենց կյանքի կարիքները հոգալով, քան թե հարստանալով։ Եհովայի ծառաներից շատերը միայն նվազագույն միջոցներով են ապրում։ Նրանք ժամերով ջանադիր աշխատում են լոկ հիմնական անհրաժեշտ բաների՝ հագուստի, օթևանի, հանապազօրյա հացի մասին հոգ տանելու համար։ Ուրիշները պայքարում են իրենց կամ հարազատի հիվանդության կամ ծերության դեմ։ Որքան հեշտ է այդ դրության մեջ անտեսել կյանքի հոգևոր պահանջները (Մատթէոս 13։22)։
16. Եհովան ինչպե՞ս է օգնում մեզ հաղթահարելու կյանքի դժվարությունները։
16 Եհովան սիրով հայտնում է, որ Մեսիական Թագավորության ներքո թեթևացած շունչ կքաշենք (Սաղմոս 72։1—4, 16; Եսայիա 25։7, 8)։ Նա նաև օգնում է մեզ հաղթահարել կյանքի ներկա դժվարությունները՝ խրատելով, թե ինչպես ճիշտ առաջնահերթություն ունենալ (Մատթէոս 4։4; 6։25—34)։ Եհովան մխիթարում է մեզ արձանագրությունների միջոցով, որտեղից իմանում ենք, թե անցյալում ինչպես է իր ծառաներին օգնել (Երեմիա 37։21; Յակոբոս 5։11)։ Նա զորացնում է մեզ այն տեղեկությամբ, թե ինչպիսի դժբախտություն էլ մեզ հետ պատահի, նրա սերն իր հավատարիմ ծառաների հանդեպ անփոփոխ կմնա (Հռովմայեցիս 8։35—39)։ Իրեն ապավինողներին Եհովան հայտարարում է. «Քեզ չպիտի թողնեմ և ոչ էլ պիտի լքեմ» (Եբրայեցիս 13։5)։
17. Օրինակներ բերեք, թե ինչպես ոմանք, ծանր տառապանքներ ունենալով հանդերձ, ի վիճակի են եղել շարունակել Աստծո հետ քայլելը։
17 Այս խոսքերից զորանալով՝ ճշմարիտ քրիստոնյաները, աշխարհի ուղիներին հետևելու փոխարեն, շարունակում են Աստծո հետ քայլել։ Շատ երկրներում աղքատների մեջ տարածված աշխարհիկ մտածելակերպի համաձայն, ընտանիքը կերակրելու համար ունևոր մարդկանցից վերցնելը գողություն չի համարվում։ Սակայն հավատով ընթացողները մերժում են այդ տեսակետը։ Նրանք Աստծո հավանությունն ունենալն ամեն բանից բարձր են դասում և հույս ունեն իրենց ազնիվ վարքի համար պարգևատրվելու (Առակաց 30։8, 9; Ա Կորնթացիս 10։13; Եբրայեցիս 13։18)։ Մի հնդկացի որբևայրի եկավ այն եզրակացության, որ աշխատելու պատրաստակամությունը հնարամտության հետ միասին օգնեց իրեն հաղթահարել դժվարությունները։ Իր կյանքի պայմաններից վհատվելու փոխարեն՝ նա գիտեր, որ Աստծո Թագավորությունը և նրա արդարությունը կյանքում առաջին տեղը դնելու դեպքում Եհովան պիտի օրհներ իր և որդու համար անհրաժեշտ միջոցներ ձեռք բերելու ջանքերը (Մատթէոս 6։33, 34)։ Չնայած իրենց կրած տառապանքներին՝ ամբողջ երկրով մեկ սփռված հազարավոր Վկաներ ցույց են տալիս, որ Եհովան իրենց ապավենն ու ամրոցն է (Սաղմոս 91։2)։ Իսկ դու կարո՞ղ ես այդպես ասել։
18. Ո՞րն է Սատանայի աշխարհի ծուղակներից խուսափելու միջոցը։
18 Քանի դեռ ապրում ենք իրերի ներկա համակարգում, մեր ճանապարհին միշտ էլ ծուղակներ կլինեն (Ա Յովհաննէս 5։19)։ Աստվածաշունչը բացահայտում է դրանք և ցույց տալիս, թե ինչպես խուսափել նրանցից։ Այն անհատները, ովքեր անկեղծորեն սիրում են Եհովային և նրան չհաճեցնելու առողջ վախն ունեն, կարող են հաջողությամբ հաղթահարել այդ ծուղակները։ Եթե ‘հոգո՛վ են ընթանում’, նրանք չեն տրվի աշխարհի ուղիներին (Գաղատացիս 5։16—25)։ Ովքեր անկեղծությամբ իրենց կյանքը դասավորում են Եհովայի հետ լավ փոխհարաբերություններ ունենալուն համընթաց, Աստծո հետ ընթանալու հոյակապ հեռանկար ունեն՝ հավիտյան մտերմություն վայելելով նրա հետ (Սաղմոս 25։14)։
Ո՞րն է ձեր պատասխանը
◻ Ինչպե՞ս կարող է ինքնավստահությունը ծուղակ լինել
◻ Ի՞նչը կարող է օգնել մեզ, որպեսզի մարդավախությամբ չղեկավարվենք
◻ Ի՞նչը կարող է մեզ խանգարել այն խորհրդին հետևելուն, որը վերաբերվում է հարստության հետևից ընկնելու վտանգին
◻ Ի՞նչը կարող է օգնել խուսափելու կյանքի հոգսերի ծուղակն ընկնելուց։