ԿԻՆ
Սեռական հասունացման տարիքի հասած իգական սեռի ներկայացուցիչ։ «Կին» բառը թարգմանվել է եբրայերեն իշշա բառից (բռց.՝ «իգական սեռին պատկանող մարդ») և կիրառվում է նաև «տղամարդու կողակից» իմաստով։ Հունարեն գինե բառը նույնպես ունի այդ երկու նշանակությունը։ Կնոջ մասին ասվում է, որ նա «ամուսնուն է պատկանում» (Ես 62։4, ծնթ., Rbi8-E)։
Արարումը։ Աստված՝ Ադամի Արարիչը, նրան կողակից տվեց, նախքան նա կխնդրեր այդ մասին։ Երբ Եհովան Ադամին բնակեցրեց Եդեմի պարտեզում և բարին ու չարը որոշելու ծառի մասին օրենք տվեց, ասաց. «Լավ չէ, որ մարդը մենակ մնա։ Նրա համար իրեն համապատասխան մի օգնական ստեղծեմ» (Ծն 2։18)։ Աստված կենդանիներին բերում էր Ադամի մոտ ոչ թե նրա համար, որ վերջինս զուգընկեր փնտրեր նրանց մեջ, այլ որ անուն տար ամեն մեկին։ Ադամը անասնապղծության հակում չուներ և հասկանում էր, որ կենդանիների մեջ իրեն համապատասխան զուգընկեր չի գտնի (Ծն 2։19, 20)։ «Ուստի Եհովա Աստված խոր քուն բերեց մարդու վրա ու, մինչ նա քնած էր, վերցրեց նրա կողոսկրերից մեկը և փակեց այդ մասը։ Եհովա Աստված մարդուց վերցրած կողոսկրից կին ստեղծեց ու նրան բերեց մարդու մոտ։ Այդ ժամանակ մարդն ասաց. «Ահա վերջապես ոսկոր՝ իմ ոսկրից, ահա մարմին՝ իմ մարմնից։ Նա կին է կոչվելու, քանի որ մարդուց է վերցված»» (Ծն 2։21-23)։
Դիրքը և պարտականությունները։ Կինը, ստեղծված լինելով տղամարդու կողոսկրից, ինչ-որ առումով նրան էր պարտական իր գոյության համար։ Լինելով տղամարդու մի մաս, «մեկ մարմին» նրա հետ, նաև նրան համապատասխան օգնական՝ կինը պետք է ենթարկվեր նրան՝ որպես իր գլխի։ Նա նույնպես պետք է հնազանդվեր բարին ու չարը որոշելու ծառի մասին օրենքին, որն Աստված տվել էր Ադամին։ Կինը պետք է նպաստեր տղամարդու բարօրությանը։ Նրանք պետք է երեխաներ լույս աշխարհ բերեին և իշխանություն ունենային կենդանիների վրա (Ծն 1։28; 2։24)։
Աստված Ադամի հետ էր հաղորդակցվում, իսկ Ադամը Աստծու պատվերները փոխանցում էր իր կնոջը։ Քանի որ տղամարդը առաջինն էր ստեղծվել և ստեղծվել էր Աստծու պատկերով, առավելություն ուներ կնոջ նկատմամբ. նա կնոջ գլուխն էր և Աստծու ներկայացուցիչը։ Տղամարդը սիրով պետք է բանեցներ իր գլխավորությունը, իսկ կինը պետք է օգներ նրան կատարելու Աստծու տված պատվերը՝ բազմանալ ու շատանալ։
Երբ Ադամն ու Եվան մեղք գործեցին (առաջինը մեղք գործեց Եվան, ով իր ամուսնուն օգնելու փոխարեն մեղքի դրդեց նրան, իսկ հետո Ադամը մեղք գործեց՝ լսելով նրան), Աստված հետևյալ դատավճիռը կայացրեց կնոջ վերաբերյալ. «Ես կավելացնեմ հղիությանդ ցավերը։ Ուժգին ցավերով երեխա կծնես։ Դու խիստ կզգաս ամուսնուդ կարիքը, նա էլ կիշխի քեզ վրա» (Ծն 3։16)։ Այդ ժամանակից ի վեր շատ ազգերում ամուսինները իշխում են իրենց կանանց վրա և հաճախ դա անում են կոպտորեն՝ նրանց վերաբերվում են ոչ թե ինչպես ընկերոջ և օգնականի, այլ ինչպես ծառայի։
Աստվածաշնչյան ժամանակներում ընդունված էր, որ յուրաքանչյուր աղջիկ ամուսնանար, ուստի կնոջ պարտականություններին առնչվող սուրբգրային համարների մեծ մասը վերաբերում է որպես ամուսնացած կնոջ նրա դիրքին։ Իսրայելում կնոջ առաջնային պարտականությունը Եհովա Աստծուն պաշտելն էր՝ այդպիսով թիկունք կանգնելով ճշմարիտ երկրպագությանը։ Այդ հարցում լավ օրինակ էր Աբիգեան, ով իր անմիտ ամուսնու՝ Նաբաղի մահից հետո դարձավ Դավթի կինը։ Երբ Նաբաղը սխալ վարվեց՝ հրաժարվելով նյութապես աջակցել Դավթին՝ Եհովայի օծյալին, Աբիգեան չհետևեց նրա օրինակին, քանի որ գիտակցում էր, որ թեև նրա կինն է, սակայն պարտավոր չէ նույն կերպ վարվել և հակառակվել Եհովայի կամքին։ Նա աջակցեց Աստծու օծյալին և այդպիսով ցույց տվեց, որ թիկունք է կանգնում ճշմարիտ երկրպագությանը, ինչի համար օրհնվեց (1Սմ 25։23-31, 39-42)։
Կնոջ մեկ այլ կարևոր պարտականությունը ամուսնուն հնազանդվելն էր։ Նա պետք է ջանասիրաբար աշխատեր ի բարօրություն իր տնեցիների և պատիվ բերեր իր ամուսնուն՝ իր գլխին։ Այդպես վարվելով՝ կինը մեծ փառքի կարժանանար։ Առակներ 14։1-ում ասվում է. «Իմաստուն կինը կառուցում է իր տունը, բայց հիմարը իր իսկ ձեռքով քանդում է այն»։ Նա պետք է միշտ լավը խոսեր ամուսնու մասին, նպաստեր, որ իր կողակիցը հարգված լիներ ուրիշների կողմից, և այնպիսի կին լիներ, որ ամուսինը հպարտանար նրանով։ «Լավ կինը պսակ է իր ամուսնու համար, բայց ամոթալի վարք ունեցող կինը ասես փտություն լինի նրա ոսկորներում» (Առ 12։4)։ Առակներ 31-րդ գլխում նշված է, թե որպես տղամարդու կողակից՝ ինչ պատվավոր դիրք ունի կինը, ինչ պարտականություններ է կատարում և ինչպես է օրհնվում իր հավատարմության, ջանասիրության ու իմաստության համար։
Մայրանալուց հետո եբրայեցի կինը մեծ ջանքեր էր գործադրում, որ այնպիսի երեխաներ դաստիարակեր, ովքեր կդառնային արդար, հարգալից ու աշխատասեր մարդիկ։ Նա հաճախ խորհուրդներ էր տալիս իր հասուն որդիներին և լավ ազդեցություն թողնում նրանց վրա (Ծն 27։5-10; Ելք 2։7-10; Առ 1։8; 31։1; 2Տմ 1։5; 3։14, 15)։ Մայրն իր աղջիկներին այնպես էր կրթում, որ հետագայում նրանք լավ կին դառնային. նա սովորեցնում էր նրանց կերակուր պատրաստել, թել մանել և զբաղվել տնային տնտեսությամբ, իսկ հայրը որդիներին արհեստ էր սովորեցնում։ Կանայք կարող էին ամուսինների հետ ազատ խոսել իրենց զգացմունքների մասին (Ծն 16։5, 6) և անգամ օգնել նրանց ճիշտ որոշումներ կայացնել (Ծն 21։9-13; 27։46-28։4)։
Սովորաբար տղամարդու համար ծնողներն էին հարսնացու ընտրում։ Այնուհանդերձ, Մովսիսական օրենքի ներքո աղջիկն իրավունք ուներ ազատ արտահայտելու իր զգացմունքներն ու կամքը ամուսնության վերաբերյալ, ինչպես որ ավելի վաղ ժամանակներում արել էր Ռեբեկան (Ծն 24։57, 58)։ Ճիշտ է, Իսրայելում ընդունված էր բազմամուսնությունը, սակայն գործում էին այնպիսի օրենքներ, որոնք նման ընտանիքներում կանոնակարգում էին հարաբերությունները։ Քրիստոնեական ժողովի կազմավորումից հետո միայն Աստված վերականգնեց մենամուսնությունը, որը նա ի սկզբանե նախատեսել էր տղամարդու և կնոջ համար (Ծն 2։23, 24; Մթ 19։4-6; 1Տմ 3։2)։
Անգամ զինվորական ծառայությանը վերաբերող օրենքները նպաստում էին ոչ միայն ամուսնու, այլև կնոջ բարօրությանը. նորապսակ ամուսինը մեկ տարով ազատվում էր այդ ծառայությունից։ Դրա շնորհիվ կողակիցները հնարավորություն էին ունենում երեխա լույս աշխարհ բերելու։ Մոր համար երեխան մեծ մխիթարություն կլիներ, եթե ամուսինը երկար ժամանակով բացակայեր, առավել ևս եթե մահանար պատերազմի դաշտում (2Օր 20։7; 24։5)։
Ամուսնական դավաճանության, արյունապղծության, անասնապղծության և այլ հանցանքների վերաբերյալ օրենքները հավասարապես կիրառելի էին թե՛ տղամարդու, թե՛ կնոջ պարագայում (Ղև 18։6, 23; 20։10-12; 2Օր 22։22)։ Կինը չպետք է տղամարդու հագուստ կրեր, իսկ տղամարդը՝ կանացի, որովհետև դա կարող էր անբարոյականության, այդ թվում՝ համասեռամոլության տանել (2Օր 22։5)։ Կանանց նույնպես թույլ էր տրվում հանգստանալ Շաբաթ օրը, լինել ուխտավոր, մասնակցել տոներին և առհասարակ օգտվել Օրենքով սահմանված բոլոր արտոնություններից (Ելք 20։10; Թվ 6։2; 2Օր 12։18; 16։11, 14)։ Երեխաները պետք է պատվեին ու հնազանդվեին ոչ միայն իրենց հորը, այլև մորը (Ղև 19։3; 20։9; 2Օր 5։16; 27։16)։
Հին եբրայական ընտանիքներում։ Հին Իսրայելում տղամարդը տան գլուխն էր և կնոջ տերը (եբր.՝ բաալ), իսկ կինը «պատկանում էր ամուսնուն» (եբր.՝ բեուլա)։ Աստծու ծառաները իրենց կանանց վերաբերվում էին արժանապատվությամբ ու հարգանքով։ Աստվածավախ, հոգևոր մտածելակերպ և տարբեր ունակություններ ունեցող կանայք, թեև ենթարկվում էին իրենց ամուսինների գլխավորությանը, սակայն բավականաչափ ազատություն էին վայելում և ընտանիքում ունեցած իրենց դերը ուրախությամբ էին կատարում։ Եհովա Աստված օրհնում էր նրանց՝ վստահելով առանձնահատուկ հանձնարարություններ։ Աստվածաշնչում նշված բազմաթիվ հավատարիմ կանանցից են Սառան, Ռեբեկան, Դեբորան, Հռութը, Եսթերն ու Հիսուսի մայր Մարիամը։
Ամուսնացած կինը պաշտպանված էր Օրենքով։ Թեև ամուսնական կառույցում ամուսինը գերադաս դիրք ուներ կնոջ նկատմամբ, Աստծու Օրենքը պահանջում էր, որ նա հոգար իր ընտանիքի նյութական և հոգևոր կարիքները։ Նրա համբավի վրա անդրադառնում էր ընտանիքի անդամների գործած ցանկացած սխալ։ Հետևաբար նա իր ուսերին մեծ պատասխանատվություն էր կրում։ Ճիշտ է, ամուսինը ավելի շատ իրավունքներ ուներ, քան կինը, բայց Աստծու Օրենքը պաշտպանում էր կնոջը և առանձնահատուկ իրավունքներ էր տալիս նրան, որպեսզի նա կարողանար լիարժեք ու երջանիկ կյանքով ապրել։
Ստորև նշված են ամուսնացած կանանց առնչվող Օրենքի դրույթներից մի քանիսը. թե՛ կանայք, թե՛ ամուսինները մահվան էին մատնվում ամուսնական դավաճանություն գործելու դեպքում։ Եթե ամուսինը կասկածեր իր կնոջը անհավատարմության մեջ, նրան կարող էր բերել քահանայի մոտ, որպեսզի Եհովա Աստված դատեր։ Եթե կինը մեղավոր էր, նրա սեռական օրգանները ապաճում էին։ Իսկ եթե մեղավոր չէր, ամուսինը պետք է սեռական հարաբերություն ունենար կնոջ հետ, որպեսզի նա հղիանար, և այդպիսով նրան հանրորեն անմեղ ճանաչեր (Թվ 5։12-31)։ Ամուսինը կարող էր բաժանվել կնոջից, եթե «անվայել բան նկատեր նրա վարքում»։ «Անվայել բան» էր, օրինակ, ամուսնու հանդեպ կնոջ խիստ անհարգալից վերաբերմունքը կամ այնպիսի վարքը, որով նա խայտառակում էր իրենց ընտանիքը կամ ամուսնու հոր ընտանիքը։ Սակայն կինը պաշտպանված էր Օրենքի այն պահանջով, որի համաձայն՝ ամուսինը պետք է ամուսնալուծության վկայական կազմեր ու տար նրա ձեռքը։ Այդ դեպքում նա կարող էր ամուսնանալ ուրիշ տղամարդու հետ (2Օր 24։1, 2)։ Եթե կինը խոստումով պարտավորվեր անել մի բան, ինչը, ամուսնու կարծիքով, անխոհեմ էր կամ վտանգում էր ընտանիքի բարօրությունը, վերջինս կարող էր անվավեր դարձնել այն (Թվ 30։10-15)։ Դա, ինչ խոսք, պաշտպանություն էր նաև կնոջ համար, քանի որ այդպիսով նա չէր անի անմտածված ու հապճեպ քայլեր, որոնց պատճառով կհայտնվեր դժվար իրավիճակում։
Մովսիսական օրենքով՝ բազմակնությունը թույլատրելի էր։ Սակայն Օրենքում կային դրույթներ, որոնք պաշտպանում էին կանանց։ Օրինակ՝ ամուսինը չէր կարող առաջնեկության իրավունքից զրկել իր քիչ սիրված կնոջ որդուն և այն տալ սիրելի կնոջ որդուն (2Օր 21։15-17)։ Եթե մի իսրայելացի մարդ իր աղջկան վաճառեր ստրկության, բայց տերը գոհ չլիներ նրանից ու չուզենար դարձնել իր հարճը, ապա կարող էր որոշել վաճառել նրան մեկ ուրիշի, ով ուզում էր գնել նրան, սակայն իրավունք չուներ նրան վաճառելու օտարազգիներին (Ելք 21։7, 8)։ Եթե տերը կամ նրա որդին այդ աղջկան իր հարճը դարձներ, իսկ հետո մեկ ուրիշ կին էլ առներ, ապա նրան չպետք է զրկեր սննդից, հագուստից ու ծածկից և նրա հանդեպ պետք է կատարեր ամուսնական պարտքը (Ելք 21։9-11)։
Եթե ամուսինը չարամտորեն մեղադրեր կնոջը այն բանում, որ ամուսնանալիս նա կույս չի եղել, և նրա մեղադրանքը կեղծ լիներ, ապա նրան պետք է պատժեին, ու նա աղջկա հորը պետք է վճարեր հարսնագնի կրկնակին։ Նա իր ողջ կյանքում չէր կարող բաժանվել կնոջից (2Օր 22։13-19)։ Եթե մի տղամարդ գայթակղեր չնշանված կույս աղջկա ու կենակցեր նրա հետ, ապա նրա հորը պետք է վճարեր սահմանված հարսնագինը և կնության առներ աղջկան (եթե հայրը համաձայն լիներ)։ Դրանից հետո նա իր ողջ կյանքում չէր կարող բաժանվել նրանից (2Օր 22։28, 29; Ելք 22։16, 17)։
Թեև հնում եբրայեցի կնոջ դիրքը տարբերվում էր այսօր արևմտյան երկրներում ապրող կանանց դիրքից, աստվածավախ եբրայեցի կինը արժանապատիվ դիրք ուներ ընտանիքում և հաճույք էր ստանում իր աշխատանքից։ Կինն օգնում էր ամուսնուն, դաստիարակում էր երեխաներին, զբաղվում էր տնտեսությամբ. այդ ամենը նրան բավարարվածության զգացում և ուրախություն էր պատճառում, քանի որ այդպես նա լիարժեքորեն կարողանում էր դրսևորել իր կանացի էությունը և գործի դնել իր ունակությունները։
Առաքինի կնոջ նկարագիրը։ «Առակներ» գրքի 31-րդ գլխում խոսվում է այն մասին, որ աստվածավախ կինը երջանիկ է, և նկարագրվում է, թե ինչ գործեր է նա անում։ Առաքինի կնոջ ամուսնու համար նրա արժեքը մարջանների արժեքից շատ ավելին է։ Ամուսինը ողջ սրտով վստահում է նրան։ Առաքինի կինը աշխատասեր է. թել է մանում ու հագուստ է կարում ընտանիքի համար, գնում է այն, ինչ հարկավոր է տան համար, աշխատում է խաղողի այգում, հոգ է տանում տնեցիների ու ծառաների մասին, օգնում է կարիքավորներին, տնեցիներին գեղեցիկ հագուստներ է հագցնում, վաճառում է իր ձեռքի աշխատանքը և այդպիսով շահույթ բերում ընտանիքին, հոգ է տանում, որ ընտանիքը պատրաստ լինի դիմագրավելու դժվարությունները, իմաստությամբ ու բարությամբ է խոսում։ Առաքինի կնոջ ամուսինն ու որդիները գովում են նրան աստվածավախության ու բարի գործերի համար։ Այդ երկրի մարդիկ հարգում են նրա ամուսնուն ու ողջ ընտանիքը։ Իսկապես, նա, ով լավ կին է գտել, գանձ է գտել ու Եհովայի բարեհաճությունն է վայելում (Առ 18։22)։
Քրիստոնեական ժողովում։ Ըստ քրիստոնեական ժողովի համար սահմանված չափանիշի՝ տղամարդը պետք է միայն մեկ կին ունենա (1Կթ 7։2; 1Տմ 3։2)։ Կանանց պատվեր է տրված հնազանդվել իրենց ամուսիններին, անկախ նրանից՝ վերջիններս քրիստոնյա են, թե ոչ (Եփ 5։22-24)։ Կինը չպետք է խուսափի ամուսնական պարտքը տալուց, քանի որ նա, ինչպես և ամուսինը, «իր մարմնի տերը» չէ (1Կթ 7։3, 4)։ Համաձայն Աստվածաշնչի պատվերի՝ կանանց զարդարանքը պետք է գլխավորապես լինի ոչ թե արտաքուստ, այլ ներքուստ՝ այն, ինչ սրտում է։ Ուստի նա պետք է դրսևորի ոգու առաջ բերած պտուղը, և հնարավոր է՝ հենց միայն դրա շնորհիվ ամուսինը, ով չի ծառայում Աստծուն, մղվի դառնալու քրիստոնյա (1Պտ 3։1-6)։
Դերը քրիստոնեական ժողովում։ Երկինք գնալու և Հիսուս Քրիստոսի ժառանգակիցները լինելու համար կանչվում են և՛ տղամարդիկ, և՛ կանայք. այդ պարագայում Աստված տարբերություն չի դնում նրանց միջև (Եբ 3։1)։ Պողոս առաքյալը գրեց. «Քրիստոս Հիսուսի հանդեպ ձեր ունեցած հավատի շնորհիվ դուք բոլորդ Աստծու որդիներ եք.... Հիմա, երբ դուք միավորված եք որպես Քրիստոս Հիսուսի հետևորդներ, այլևս կարևոր չէ.... տղամարդ եք, թե կին» (Գղ 3։26-28)։ Հարություն առնելիս բոլորը պետք է փոխվեն՝ բաժնեկից լինելով «աստվածային բնույթին», և այդ ժամանակ նրանցից ոչ ոք կին չի լինի, քանի որ ոգեղեն արարածները սեռ չունեն. Աստված արական և իգական սեռերը նախատեսել է այն բանի համար, որ երկրային արարածները կարողանան բազմանալ (2Պտ 1։4)։
Բարի լուրը հռչակողներ։ Հովելի մարգարեության մեջ հիշատակված «աղջիկներն» ու «աղախինները» այն կանայք էին, ովքեր մ.թ. 33 թ. Պենտեկոստեին ստացան սուրբ ոգու տված պարգևները։ Պենտեկոստեի օրից սկսած՝ այդ պարգևները ստացող քրիստոնյա կանայք կարողանում էին խոսել նախկինում իրենց համար անհասկանալի լեզուներով։ Այդուհետ նրանք նաև «մարգարեանում էին», բայց ոչ թե անպայմանորեն այն իմաստով, որ հայտնում էին ապագա կարևոր իրադարձությունների մասին, այլ որ պատմում էին աստվածաշնչյան ճշմարտությունները (Հվլ 2։28, 29; Գրծ 1։13-15; 2։1-4, 13-18; տես ՄԱՐԳԱՐԵՈՒՀԻ)։
Կանայք միայն հավատակիցների հետ չէ, որ խոսում էին աստվածաշնչյան ճշմարտությունների մասին։ Երկինք համբարձվելուց առաջ Հիսուսն իր հետևորդներին ասաց. «Երբ սուրբ ոգին իջնի ձեզ վրա, դուք զորություն կստանաք և իմ վկաները կլինեք Երուսաղեմում, ամբողջ Հրեաստանում, Սամարիայում և ողջ աշխարհում» (Գրծ 1։8)։ Երբ դրանից հետո՝ մ.թ. 33 թ. Պենտեկոստեին, սուրբ ոգին թափվեց մոտ 120 աշակերտների վրա, բոլորը (այդ թվում՝ կանայք) դարձան նրա վկաները (Գրծ 1։14, 15; 2։3, 4)։ Հենց այդ կանանց մասին էր հիշատակվում Հովելի մարգարեության մեջ (Հվլ 2։28, 29), որը Պետրոսը մեջբերեց այդ օրը։ Փաստորեն, նրանք այն մարդկանց թվում էին, ովքեր Հիսուսի վկաները պետք է լինեին «Երուսաղեմում, ամբողջ Հրեաստանում, Սամարիայում և ողջ աշխարհում»։ Ավելի ուշ Պողոս առաքյալը գրեց, որ Փիլիպպեում ապրող Եվոդիան և Սյունտիքը «կողք կողքի տքնաջան աշխատեցին իր հետ բարի լուրի տարածման գործում»։ Ղուկասը հիշատակեց Պրիսկիղայի մասին, ով իր ամուսնու՝ Ակյուղասի հետ «Աստծու ճանապարհը» բացատրեց Եփեսոսի բնակիչներին (Փպ 4։2, 3; Գրծ 18։26)։
Ժողովի հանդիպումներ։ Որոշ դեպքերում հանդիպումների ժամանակ կանայք կարող էին աղոթել կամ մարգարեանալ, սակայն պետք է ծածկեին իրենց գլուխը (1Կթ 11։3-16; տես ԳԼՈՒԽԸ ԾԱԾԿԵԼ)։ Բայց հանրային հանդիպումների ժամանակ, երբ «ամբողջ ժողովը» և «հավատացյալ չեղողները» մեկտեղ էին հավաքվում (1Կթ 14։23-25), կանայք պետք է «լուռ մնային»։ Եթե նրանք «ինչ-որ բան չէին հասկանում, [պետք է] տանը իրենց ամուսիններին հարցնեին, քանի որ կնոջը վայել չէ խոսել ժողովում» (1Կթ 14։31-35)։
Թեև կանանց թույլ չէր տրվում սովորեցնել ժողովի հանդիպումների ժամանակ, բայց այլ դեպքերում նրանք կարող էին սովորեցնել այն մարդկանց, ովքեր ցանկանում էին իմանալ աստվածաշնչյան ճշմարտությունը և Հիսուս Քրիստոսի մասին բարի լուրը (հմմտ. Սղ 68։11)։ Իսկ ժողովում նրանք կարող էին երիտասարդ կանանց (ու երեխաներին) «սովորեցնել բարին անել» (Տիտ 2։3-5)։ Կինը չպետք է իշխանություն բանեցներ տղամարդու վրա կամ վիճեր նրա հետ, օրինակ՝ ժողովի հանդիպումների ժամանակ։ Նա պետք է հիշեր այն մասին, թե ինչ տեղի ունեցավ Եվայի հետ, և թե Աստված ինչ ասաց կնոջ դիրքի մասին, երբ Ադամն ու Եվան մեղք գործեցին (1Տմ 2։11-14; Ծն 3։16)։
Վերակացուներն ու ծառայող օգնականները տղամարդիկ են։ Երբ Աստվածաշնչում խոսվում է այն մարդկանց մասին, որոնց Քրիստոսը «որպես պարգևներ» տվեց ժողովին, կանայք չեն հիշատակվում։ «Առաքյալներ», «մարգարեներ», «ավետարանիչներ», «հովիվներ» և «ուսուցանողներ» թարգմանված հունարեն բոլոր բառերը արական սեռի են (Եփ 4։8, 11)։ Մի թարգմանության մեջ Եփեսացիներ 4։11-ը հետևյալ կերպ է հնչում. «Որոշ տղամարդկանց նա տվեց որպես առաքյալներ, ոմանց՝ որպես մարգարեներ, ոմանց՝ որպես միսիոներներ, ոմանց էլ՝ որպես հովիվներ և ուսուցիչներ» (AT; հմմտ. Mo, ԱԹ; նաև Սղ 68։18)։
Վերոնշյալ մտքին լիովին ներդաշնակ են Տիմոթեոսին ուղղված Պողոս առաքյալի խոսքերը։ Նա գրեց այն պահանջների մասին, որոնց պետք է համապատասխանեն ժողովում ծառայող «վերակացուները» (հուն.՝ էպիսկոպոյ)՝ «երեցները» (հուն.՝ պրեսբիտերոյ), ինչպես նաև «ծառայող օգնականները» (հուն.՝ դիակոնոյ), և առանձնահատուկ կերպով նշեց, որ այդպիսի մարդը, եթե ամուսնացած է, պետք է «մեկ կնոջ ամուսին» լինի։ Առաքյալներից և ոչ մեկը չի ասել, թե որևէ կին ծառայել է որպես սարկավագուհի (հուն.՝ դիակոնիսսա) (1Տմ 3։1-13; Տիտ 1։5-9; հմմտ. Գրծ 20։17, 28; Փպ 1։1)։
Հռոմեացիներ 16։1-ում ասվում է, որ Ֆիբե անունով մի քույր ժողովում «ծառայում էր» («սպասաւոր էր», ԱԹ, «ծառայող [էր]», ԱՆԹ; հուն.՝ դիակոնոս՝ առանց որոշյալ հոդի)։ Սակայն ակնհայտ է, որ նա ժողովում նշանակված չէր որպես ծառայող օգնական, քանի որ դա կհակասեր սուրբ գրվածքներին։ Պողոս առաքյալը ժողովին չէր հորդորում կատարել Ֆիբեի կողմից տրված որևէ հրահանգ, այլ պարզապես հորդորում էր լավ ընդունել նրան և օգնել, «եթե ինչ-որ բանի կարիք ունենա» (Հռ 16։2)։ Պողոսը, նշելով, որ Ֆիբեն ծառայում է Կենքրայի ժողովում, ըստ երևույթին նկատի ուներ ինչ-որ բան, որ նա արել էր բարի լուրի տարածման հետ կապված (հմմտ. Գրծ 2։17, 18)։
Ընտանիքում։ Աստվածաշնչում կինը նկարագրվում է որպես «ավելի փխրուն անոթ», և ասվում է, որ ամուսինը պետք է համապատասխանաբար վերաբերվի նրան (1Պտ 3։7)։ Կինը շատ պարտականություններ ունի, օրինակ՝ մասնակցում է երեխաների դաստիարակությանը, զբաղվում է տան գործերով՝ ամեն բան անելով ամուսնու ուղղորդմամբ և նրա հավանությունը ստանալուց հետո միայն (1Տմ 5։14; 1Պտ 3։1, 2; Առ 1։8; 6։20; գլ. 31)։ Կինը պետք է հնազանդվի ամուսնուն (Եփ 5։22-24) և տա իր ամուսնական պարտքը (1Կթ 7։3-5)։
Զարդարանքը։ Թեև Աստվածաշունչը չի դատապարտում գեղեցիկ հագուստ կամ զարդեր կրելը, սակայն հորդորում է առաջնորդվել համեստությամբ և պարկեշտությամբ։ Պողոս առաքյալը նշում է, որ կանայք պետք է վայելուչ հագուկապ ունենան և իրենց զարդարեն «համեստությամբ, ողջամտությամբ»։ Կարևորը ոչ թե սանրվածքն է, զարդերը կամ թանկարժեք հագուստը, այլ մարդու հոգևոր գեղեցկությանը նպաստող գործոնները, այսինքն՝ «բարի գործերը» և «այն, ինչ սրտում է՝ հանդարտ ու մեղմ ոգու անթառամ գեղեցկությունը» (1Տմ 2։9, 10; 1Պտ 3։3, 4; հմմտ. Առ 11։16, 22; 31։30)։
Հնազանդությամբ, մաքրությամբ, հարգալից և աստվածահաճո վարքով աչքի ընկնող կանանց Պետրոս առաքյալն ասում է. «Դուք Սառայի դուստրերը կլինեք, եթե շարունակեք բարին գործել և տեղի չտաք վախին»։ Այդպիսի կանանց առաջ հրաշալի հեռանկար է բացվում, բայց ոչ թե այն պատճառով, որ նրանք հավատարիմ Սառայի բառացի սերունդներն են, այլ որ ընդօրինակում են նրան։ Սառան պատիվ ունեցավ լույս աշխարհ բերելու Իսահակին և դառնալու Հիսուս Քրիստոսի նախամայրը, նրա, ով Աբրահամի «սերնդի» գլխավոր մասն է (Գղ 3։16)։ Նմանապես՝ այն քրիստոնյա կանայք, ովքեր Սառայի փոխաբերական դուստրերի պես են վարվում անգամ այն դեպքում, եթե ամուսինը չի կիսում իրենց հավատը, անպայման առատ վարձատրություն կստանան Աստծուց (1Պտ 3։6; Ծն 18։11, 12; 1Կթ 7։12-16)։
Հիսուսին աջակցող կանայք։ Հիսուսի երկրային ծառայության ընթացքում կանայք, թեև ընդգրկված չէին 12 առաքյալների ու 70 ավետարանիչների թվում և չունեին նրանց արտոնությունները, սակայն տարբեր ձևերով հատուկ պատվի արժանացան (Մթ 10։1-8; Ղկ 10։1-7)։ Որոշ կանայք իրենց միջոցներով աջակցում ու հոգ էին տանում Հիսուսին (Ղկ 8։1-3)։ Երբ մի կին Հիսուսի մահից մի քանի օր առաջ նրան յուղով օծեց, վերջինս խոստացավ. «Ամբողջ աշխարհում, որտեղ էլ որ բարի լուրը քարոզվի, այս կնոջ արածն էլ կպատմվի, ու նրա հիշատակը չի մոռացվի» (Մթ 26։6-13; Հվ 12։1-8)։ Կանայք այն մարդկանց թվում էին, ում Հիսուսը հայտնվեց հարություն առնելու օրը և ավելի ուշ (Մթ 28։1-10; Հվ 20։1-18)։
Փոխաբերական գործածություն։ Աստվածաշնչում կանայք երբեմն խորհրդանշում են ժողովներ, մարդկային կազմակերպություններ, ինչպես նաև քաղաքներ։ Քրիստոսի փառավորված ժողովի մասին խոսվում է որպես նրա «հարսի»։ Այն նաև կոչվում է «սուրբ քաղաք՝ Նոր Երուսաղեմ» (Հվ 3։29; Հտն 21։2, 9; 19։7; հմմտ. Եփ 5։23-27; Մթ 9։15; Մկ 2։20; Ղկ 5։34, 35)։
Եհովան Իսրայելի ազգի մասին խոսում էր որպես իր «կնոջ» (Ես 54։6)։ Աստված նրա «ամուսինն էր [«տերը», ծնթ.]» Օրենքի ուխտի հիման վրա։ Վերականգնման մասին Իսրայելին մարգարեություններ ասելիս նա խոսում էր որպես նրա ամուսին՝ երբեմն իր խոսքերն ուղղելով Երուսաղեմին՝ Իսրայելի մայրաքաղաքին։ Այդ կնոջ «որդիներն» ու «դուստրերը» (Ես 43։5-7) Իսրայելի ազգի անդամներն էին (Ես 51։17-23; 52։1, 2; 54։1, 5, 6, 11-13; 66։10-12; Եր 3։14; 31։31, 32)։
Պողոս առաքյալը Եհովայի մասին խոսեց որպես ոգուց ծնված քրիստոնյաների Հոր, իսկ «վերին Երուսաղեմի» մասին՝ որպես նրանց մոր, ասես Եհովան ամուսնացել էր նրա հետ, որպեսզի ի հայտ գային ոգուց ծնված քրիստոնյաները (Գղ 4։6, 7, 26)։ Քրիստոնեական ժողովը ներկայացվում է որպես Հիսուս Քրիստոսի հարս կամ կին (Եփ 5։23, 25; Հտն 19։7; 21։2, 9)։
Հաճախ այլ ազգերը և քաղաքները նույնպես ներկայացվում են որպես կին։ Այդպիսի օրինակներ են Մովաբը (Եր 48։41), Եգիպտոսը (Եր 46։11), ամմոնացիների քաղաք Ռաբան (Եր 49։2), Բաբելոնը (Եր 51։13) և խորհրդանշական Մեծ Բաբելոնը (Հտն 17։1-6; տես ՄԵԾ ԲԱԲԵԼՈՆ; ԴՈՒՍՏՐ)։
Ծննդոց 3։15-ում հիշատակված «կինը»։ Մարդկության նախածնողների՝ Ադամի ու Եվայի հանդեպ դատավճիռ կայացնելիս Աստված խոստացավ, որ «կնոջ» «սերունդը» ջախջախելու է օձի գլուխը (Ծն 3։15)։ Այդ խոսքերի նշանակությունը «սրբազան գաղտնիք» էր, որը Աստված նպատակադրել էր բացահայտել իր որոշած ժամանակ (Կղ 1։26)։ Կնոջ ինքնությունը հասկանալու համար հարկավոր է քննել, թե ինչ հանգամանքներում տրվեց այդ մարգարեական խոստումը։ Կնոջ սերունդը, որը պետք է ջախջախեր օձի գլուխը, չէր կարող մարդ լինել, քանի որ, ինչպես երևում է Աստվածաշնչից, Աստծու խոսքերը ուղղված չէին գետնի վրա սողացող բառացի օձի։ Հայտնություն 12։9-ից պարզ է դառնում, որ «օձը» ոգեղեն անձ է՝ Բանսարկու Սատանան։ Հետևաբար վերոնշյալ մարգարեության մեջ հիշատակված «կինը» չէր կարող սովորական կին լինել, ինչպիսին որ Հիսուսի մայր Մարիամն էր։ Գաղատացիներ 4։21-31-ում Պողոս առաքյալը լուսաբանում է այս հարցը (տես ՍԵՐՈՒՆԴ, II)։
Այս հատվածում Պողոսը խոսում է Աբրահամի կնոջ մասին, ով ազատ կին էր, և նրա աղախնի՝ Հագարի մասին։ Նա ասում է, որ Հագարը համապատասխանում է բառացի Երուսաղեմ քաղաքին, որն Օրենքի ուխտի տակ էր, իսկ նրա «զավակները» հրեա ազգի անդամներն էին։ Աբրահամի կին Սառան ներկայացնում է «վերին Երուսաղեմը», որը Պողոսի և ոգուց ծնված բոլոր քրիստոնյաների հոգևոր մայրն է։ Այս երկնային «մայրը» նաև Քրիստոսի «մայրն» է։ Քրիստոսն իր հոգևոր եղբայրների մեջ ավագն է, իսկ նրանց բոլորի Հայրը Աստված է (Եբ 2։11, 12; տես ԱԶԱՏ ԿԻՆ)։
Ուստի, հիմնվելով Աստվածաշնչի վրա, տրամաբանական է եզրակացնել, որ Ծննդոց 3։15-ում խոսքը հոգևոր «կնոջ» մասին է։ Եվ ինչպես որ Քրիստոսի «հարսը»՝ «կինը», առանձին անձ չէ, այլ բազմաթիվ ոգեղեն անձանցից բաղկացած հավաքական մարմին է (Հտն 21։9), այնպես էլ Աստծու «կինը», որից ծնվում են Նրա ոգեղեն որդիները (այդ կնոջ մասին մարգարեաբար խոսել են Եսայիան ու Երեմիան, ինչպես նշված է վերոնշյալ համարներում), բաղկացած է բազմաթիվ ոգեղեն անձանցից. այն հավաքական մարմին է՝ երկնային կազմակերպություն։
Այս «կնոջ» մասին խոսվում է Հայտնություն 12-րդ գլխում։ Հովհաննեսը տեսիլքում տեսավ, որ «կինը» մի որդի է ծնում, որը «բոլոր ազգերին հովվելու է երկաթե գավազանով» (հմմտ. Սղ 2։6-9; 110։1, 2)։ Այդ տեսիլքը Հովհաննեսին տրվեց Հիսուսի ծնվելուց և որպես Մեսիա օծվելուց շատ ժամանակ անց։ Տեսիլքը ակնհայտորեն կապ ունի Ծննդոց 3։15-ում հիշատակված կնոջ հետ, հետևաբար թերևս վերաբերում է ոչ թե երկրի վրա Հիսուսի ծնվելուն, այլ մեկ ուրիշ իրադարձության՝ նրա՝ թագավորական իշխանություն ստանալուն։ Այսպիսով՝ Հայտնություն 12-րդ գլխում նկարագրված է Աստծու մեսիական թագավորության ծնունդը։
Այնուհետև տեսիլքում ցույց է տրվում, որ Սատանան սկսում է հալածել «կնոջը» և գնում է պատերազմելու «նրա սերնդից մնացածների դեմ» (Հտն 12։13, 17)։ Քանի որ «կինը» երկնային է, Սատանայի համար, որն արդեն «ցած է գցվել» երկիր (Հտն 12։7-9), ոգեղեն անձանցից բաղկացած այդ «կինը» անհասանելի է։ Բայց նա կարող է վնասել կնոջ «սերնդից» մնացածներին՝ նրա զավակներին՝ Հիսուս Քրիստոսի եղբայրներին, որոնք դեռ երկրի վրա են։ Այդպես նա հալածում է «կնոջը»։
Այլ կիրառություններ։ Երբ Աստված իսրայելացիներին զգուշացրեց, որ եթե անհնազանդ լինեն ու դրժեն իր ուխտը, սովի կմատնվեն, ասաց. «Տասը կանանց մեկ փուռն էլ բավական կլինի հացը թխելու համար, և այն կկշռեն ու փոքր չափաբաժնով կբաժանեն ձեզ»։ Սովն այնքան սաստիկ էր լինելու, որ ընդամենը մեկ փուռը բավական էր լինելու տասը կանանց համար, թեև սովորաբար յուրաքանչյուր կին իր փուռն ուներ (Ղև 26։26)։
Եհովան Եսայիա մարգարեի միջոցով Իսրայելին զգուշացրեց այն աղետների մասին, որոնք գալու էին նրա վրա անհավատարմության պատճառով, և ասաց. «Այդ օրը յոթ կին կբռնեն մի տղամարդու և կասեն. «Մենք մեր հացը կուտենք, ինքներս մեզ հագուստով կապահովենք, միայն թե թույլ տուր՝ քո անունով կոչվենք, որ այս խայտառակությունից ազատվենք»» (Ես 4։1)։ Նախորդ երկու համարներում (Ես 3։25, 26) ասվում է, որ իսրայելացի տղամարդիկ մեռնելու էին պատերազմում։ Հետևաբար Եհովան խոսում էր այն մասին, թե տղամարդկանց կորուստը ինչպես կանդրադառնար ժողովրդի վրա. այնքան քիչ թվով տղամարդիկ կմնային, որ նրանցից յուրաքանչյուրի հետ մի քանի կին կցանկանար ապրել։ Նրանք ուրախ կլինեին որևէ տղամարդու «անունով կոչվելու» և գոնե մի փոքր ուշադրության արժանանալու նրա կողմից։ Նրանք անգամ կհանդուրժեին, որ նա մի քանի կին ունենար։ Այդ կանայք համաձայն կլինեին ապրելու բազմամուսնական ընտանիքում կամ հարճ դառնալու, միայն թե մենակ չմնային։ Այդպես նրանք այլևս չէին լինի այրի, չամուսնացած կամ անզավակ կնոջ խայտառակ կարգավիճակում։
Իսրայելին մխիթարելով՝ Եհովան հետևյալ մարգարեությունն ասաց. «Դեռ երկա՞ր ես թափառելու, ո՛վ անհավատարիմ դուստր։ Եհովան նոր բան է ստեղծել երկրի վրա. կինը ձգտելու է ունենալ ամուսնու հավանությունը [կամ՝ «պտտվելու է տղամարդու շուրջը», ծնթ.]» (Եր 31։22)։ Մինչ այդ Իսրայելը, որի հետ Օրենքի ուխտի հիման վրա Աստծու ունեցած հարաբերությունները նման էին ամուսնու և կնոջ հարաբերություններին, անհավատարմությամբ վարվելով, «թափառում էր»։ Իսկ այժմ Եհովան «Իսրայելի կույսին» հորդորում էր ճանապարհի նշաններ դնել և նշանասյուներ կանգնեցնել, որոնք ցույց կտային հետդարձի ճանապարհը և կօգնեին ընթանալ դրանով (Եր 31։21)։ Եհովան իր սուրբ ոգին նրա մեջ կդներ, ինչը վերադառնալու մեծ ցանկություն կառաջացներ։ Ինչպես որ կինն է ձգտում արժանանալ ամուսնու հավանությունը, որ վերականգնի նրա հետ լավ հարաբերությունները, այնպես էլ Իսրայելը կձգտեր արժանանալ Եհովա Աստծու բարեհաճությանը, որպեսզի վերականգներ նրա՝ իր ամուսնու հետ ունեցած լավ հարաբերությունները։
«Կանանց ցանկությունները»։ Դանիելի մարգարեության մեջ «հյուսիսի թագավորի» մասին ասվում է. «Նա կարհամարհի իր հայրերի Աստծուն, կարհամարհի նաև կանանց ցանկություններն ու մյուս բոլոր աստվածներին և իրեն բոլորից բարձր կդասի։ Նա փառք կտա ամրոցների աստծուն» (Դն 11։37, 38)։ Հնարավոր է՝ այստեղ «կանայք» ներկայացնում են ավելի թույլ ազգերին, որոնք, որպես ավելի փխրուն անոթներ, դառնում են «հյուսիսի թագավորի» «աղախինը»։ Նրանք ունեն իրենց աստվածները, որոնց ցանկանում են պաշտել, սակայն «հյուսիսի թագավորը» արհամարհում է այդ աստվածներին և մեծարում է ռազմամոլության աստծուն։
Խորհրդանշական «մորեխները»։ Հայտնություն 9։1-11-ում արձանագրված տեսիլքի խորհրդանշական «մորեխների» «մազերը կանանց մազերի պես էին»։ Համաձայն աստվածաշնչյան մի սկզբունքի՝ կնոջ երկար մազերը իր ամուսնուն՝ որպես իր գլխին հնազանդ լինելու նշան են։ Ուստի մազերը թերևս մատնացույց են անում խորհրդանշական «մորեխներով» ներկայացված անձանց հնազանդությունը նրան, ով, ըստ մարգարեության, իրենց գլուխն է ու թագավորը (տես ԱԲԱԴԴՈՆ)։
144 000-ը «չպղծվեցին կանանցով»։ Հայտնություն 14։1-4-ում Գառան հետ Սիոն լեռան վրա կանգնած 144 000 հոգու մասին ասվում է, որ երկրից են գնվել, և որ «նրանք են, որ չպղծվեցին կանանցով և կույս են»։ Ոչ ոք Գառան հետ այնպիսի մտերիմ փոխհարաբերություն չունի, ինչպիսին նրանք ունեն, որովհետև միայն նրանք են կարողացել սովորել «նոր երգը» (Հտն 14։1-4)։ Այս ամենը ցույց է տալիս, որ նրանք Գառան «հարսն» են (Հտն 21։9)։ Ու քանի որ ասվում է, որ 144 000-ը Գառան հետ կանգնած են երկնային Սիոն լեռան վրա, նշանակում է, որ նրանք ոգեղեն անձեր են։ Հետևաբար «նրանք են, որ չպղծվեցին կանանցով և կույս են» արտահայտությունը չի նշանակում, թե 144 000-ից ոչ մեկը երբևիցե ամուսնացած չի եղել. դա հստակ է, քանի որ Աստվածաշունչը չի արգելում ամուսնանալ նրանց, ովքեր բնակվում են երկրի վրա և լինելու են Քրիստոսի ժառանգակիցները (1Տմ 3։2; 4։1, 3)։ Բացի դրանից՝ այդ արտահայտությունը չի նշանակում, որ բոլոր 144 000 ընտրվածները նախքան երկինք գնալը տղամարդիկ են եղել, քանի որ Քրիստոսի ժառանգակիցների միջև եղող հոգևոր փոխհարաբերությունների առնչությամբ կիրառելի են «կարևոր չէ.... տղամարդ են, թե կին» խոսքերը (Գղ 3։28)։ Ուստի այստեղ խոսքը հավանաբար խորհրդանշական կանանց մասին է, այսինքն՝ այնպիսի կրոնական կազմակերպությունների, ինչպիսիք Մեծ Բաբելոնն ու նրա «դուստրերն» են՝ կեղծ կրոնները, որոնց անդամակցող մարդը չի կարող անբիծ լինել (Հտն 17։5)։ Այսպիսի խորհրդանշական նկարագրությունը ներդաշնակ է Օրենքի այն պահանջին, ըստ որի՝ իսրայելացի քահանայապետը միայն կույսի կարող էր կնության առնել, իսկ Հիսուս Քրիստոսը Եհովայի նշանակած մեծ Քահանայապետն է (Ղև 21։10, 14; 2Կթ 11։2; Եբ 7։26)։
Այն մասին, թե Հիսուսը Մարիամի հետ խոսելիս ինչու էր նրան կին կոչում, տես ՄԱՐԻԱՄ, № 1, «Հարգված էր ու սիրված Հիսուսի կողմից»։