Մաս 4
Քրիստոնեական աշխարհը դավաճանել է Աստծուն և Աստվածաշնչին
1, 2. Ինչո՞ւ ոմանք հարգանք չեն դրսևորում Աստվածաշնչի հանդեպ, սակայն ի՞նչ է ասում Աստվածաշունչը։
1 Շատ երկրներում մարդիկ մերժում են Աստվածաշունչը և հարգանք չեն դրսևորում այդ գրքի հանդեպ՝ տեսնելով նրանց վատ վարքը, ովքեր ասում են, թե հետևում են Աստվածաշնչին։ Որոշ երկրներում մարդիկ ասում են, թե Աստվածաշունչը պատերազմի է դրդում, թե այն սպիտակամորթների գիրք է և թիկունք է կանգնում գաղութատիրությանը։ Սակայն դրանք սխալ տեսակետներ են։
2 Աստվածաշունչը, որը գրվել է Մերձավոր Արևելքում, թիկունք չի կանգնում գաղութային պատերազմներին և մարդկանց շահագործմանը, թեև քրիստոնեության անվան տակ երկար ժամանակ այդպիսի բաներ տեղի են ունեցել։ Ընդհակառակը՝ կարդալով Աստվածաշունչը և իմանալով ճշմարիտ քրիստոնեության ուսմունքների մասին, որ սովորեցրել է Հիսուսը՝ կտեսնեք, որ Աստվածաշունչը խստորեն դատապարտում է պատերազմները, անբարոյությունը և մարդկանց շահագործումը։ Այդ ամենի համար մեղավոր են ագահ մարդիկ և ոչ թե Աստվածաշունչը (1 Կորնթացիներ 13։1–6; Հակոբոս 4։1–3; 5։1–6; 1 Հովհաննես 4։7, 8)։ Ուստի թույլ մի տվեք, որ եսասեր մարդկանց սխալ վարքը, որոնց ապրելակերպը հակասում է սուրբգրային սկզբունքներին, հետ պահի ձեզ Աստվածաշնչում պարունակված գանձերից օգուտներ քաղելուց։
3. Ի՞նչ են ցույց տալիս պատմական փաստերը քրիստոնեական աշխարհի վերաբերյալ։
3 Աստվածաշնչի սկզբունքներով չեն ապրում նաև քրիստոնեական աշխարհի ժողովուրդներն ու երկրները։ «Քրիստոնեական աշխարհ» արտահայտությունը վերաբերում է աշխարհի այն մասերին, որտեղ հիմնական կրոնը քրիստոնեությունն է։ Հիմնականում դա վերաբերում է արևմտյան երկրներին և նրանց եկեղեցական համակարգերին, որոնք չորրորդ դարից ի վեր առաջնային տեղ են զբաղեցրել։ Քրիստոնեական աշխարհը արդեն հարյուրամյակներ է, ինչ ունի Աստվածաշունչը։ Բացի այդ, հոգևորականները պնդում են, թե ուսուցանում են այն և թե Աստծու ներկայացուցիչներն են։ Սակայն արդյո՞ք քրիստոնեական աշխարհի հոգևորականներն ու միսիոներները սովորեցնում են ճշմարտությունը։ Նրանց գործերն իսկապե՞ս ցույց տալիս են, որ նրանք ներկայացնում են Աստծուն և Աստվածաշունչը։ Քրիստոնեական աշխարհն իրոք ապրո՞ւմ է քրիստոնեության սկզբունքներով։ Ո՛չ։ Սկսած չորրորդ դարից, երբ քրիստոնեական աշխարհի կրոնը առաջատար դարձավ՝ այն դրսևորեց իրեն որպես Աստծու և Աստվածաշնչի թշնամի։ Պատմական փաստերը ցույց են տալիս, որ քրիստոնեական աշխարհը դավաճանել է Աստծուն ու Աստվածաշնչին։
Հակասուրբգրային ուսմունքներ
4, 5. Ինչպիսի՞ հակասուրբգրային ուսմունքներ են սովորեցնում եկեղեցիները։
4 Քրիստոնեական աշխարհի հիմնական ուսմունքները հիմնված են ոչ թե Աստվածաշնչի վրա, այլ հունական, եգիպտական, բաբելոնյան և այլ հին առասպելների վրա։ Աստվածաշնչում չկան այնպիսի ուսմունքներ, ինչպիսիք են հոգու անմահությունը, հավիտյան տանջանքները կրակե դժոխքում, քավարանը և Երրորդությունը (երեք անձնավորություն մեկ աստվածության մեջ)։
5 Քննենք, օրինակ, այն ուսմունքը, ըստ որի՝ չար մարդիկ հավիտյան պիտի տանջվեն դժոխքի կրակներում։ Ի՞նչ եք մտածում այդ ուսմունքի մասին։ Շատերի համար այն անընդունելի է։ Նրանց կարծիքով՝ տրամաբանական չէ, որ Աստված հավիտյան տանջի մարդկանց՝ ենթարկելով նրանց անտանելի ցավերի։ Նման սարսափելի գաղափարը հակասում է Աստվածաշնչում նկարագրվող Աստծու էությանը, քանի որ «Աստված սեր է» (1 Հովհաննես 4։8)։ Աստվածաշունչը հստակորեն նշում է, որ այդպիսի բան Ամենակարող Աստծու «մտքով էլ չէր անցել» (Երեմիա 7։31; 19։5; 32։35)։
6. Ինչպե՞ս է Աստվածաշունչը հերքում անմահ հոգու գաղափարը։
6 Այսօր շատ կրոններ, այդ թվում նաև քրիստոնեական աշխարհի եկեղեցիները, սովորեցնում են, թե մարդը անմահ հոգի ունի, որը մահից հետո գնում է երկինք կամ դժոխք։ Դա աստվածաշնչային ուսմունք չէ։ Աստվածաշնչում պարզ ասվում է. «Ապրողները գիտակցում են, որ մահանալու են, բայց մահացածները ոչ մի բան չեն գիտակցում.... որովհետև գերեզմանում, ուր գնալու ես, ոչ աշխատանք կա, ոչ ծրագրեր, ոչ գիտելիքներ, ոչ էլ իմաստություն» (Ժողովող 9։5, 10)։ Իսկ սաղմոսերգուն ասում է, որ մահից հետո մարդը «դեպի իր հողն է դառնում. նույն օրը կորչում են նրա մտքերը» (Սաղմոս 146։4)։
7. Ի՞նչ պատժի արժանացան Ադամն ու Եվան Աստծու օրենքը խախտելու համար։
7 Հիշենք նաև, որ երբ Ադամն ու Եվան Աստծու օրենքը խախտեցին, նրանց պատիժը անմահությունը չէր։ Դա պարգև կլիներ և ոչ թե պատիժ։ Փոխարենը՝ Աստված նրանց ասաց, որ «հետ կդառնան դեպի հողը, քանի որ այնտեղից վերցվեցին»։ Աստված նաև ասաց Ադամին. «Հողի փոշի ես և դեպի հողը պիտի դառնաս» (Ծննդոց 3։19)։ Հետևաբար, Աստվածաշնչում չկա անմահ հոգու գաղափար։ Քրիստոնեական աշխարհը այդ ուսմունքը որդեգրել է հնում ապրած ոչ քրիստոնյա ժողովուրդներից։
8. Ինչպե՞ս է Աստվածաշունչը հերքում Երրորդության ուսմունքը։
8 Քրիստոնեական աշխարհում ընդունված է նաև Երրորդության ուսմունքը, համաձայն որի՝ Աստված երեք անձից բաղկացած խորհրդավոր աստվածություն է։ Սակայն այդ ուսմունքը նույնպես չկա Աստվածաշնչում։ Օրինակ՝ Եսայիա 40։25-ում Աստված հստակորեն ասում է. «Ո՞ւմ կնմանեցնեք ինձ, և ո՞վ կարող է հավասարվել ինձ»։ Պատասխանն ակնհայտ է. ոչ ոք չի կարող հավասարվել նրան։ Իսկ Սաղմոս 83։18-ում պարզ նշվում է. «Դո՛ւ, ում անունը Եհովա է, դու միակ Բարձրյալն ես ամբողջ երկրի վրա» (տե՛ս նաև Եսայիա 45։5; 46։9; Հովհաննես 5։19; 6։38; 7։16)։
9. Ի՞նչ կարելի է ասել աստվածաշնչյան և եկեղեցական ուսմունքների մասին։
9 Աստծու և նրա նպատակների մասին աստվածաշնչյան ուսմունքները հստակ են, հասկանալի և տրամաբանական, ինչը չի կարելի ասել քրիստոնեական աշխարհի ուսմունքների մասին։ Դրանք հակասում են Աստվածաշնչին։
Աստվածանարգ գործեր
10, 11. Ինչպե՞ս են քրիստոնեական աշխարհի եկեղեցիների գործերը հակասում Աստվածաշնչի ուսմունքներին։
10 Կեղծ ուսմունքներ սովորեցնելուց բացի, քրիստոնեական աշխարհը իր գործերով է դավաճանել Աստծուն և Աստվածաշնչին։ Հոգևորականների ու եկեղեցիների գործերը, որ նրանք արել են անցյալ դարերում և շարունակում են անել մինչ օրս, հակասում են Աստծու պատվերներին, որոնք գրված են Աստվածաշնչում։ Դրանք հակասում են նաև այն ամենին, ինչ սովորեցրել և արել է քրիստոնեության հիմնադիրը՝ Հիսուս Քրիստոսը։
11 Օրինակ՝ Հիսուսն իր հետևորդներին սովորեցրեց, որ չմիջամտեն այս աշխարհի քաղաքական գործերին և չմասնակցեն պատերազմներին։ Նա նաև սովորեցրեց լինել խաղաղասեր, օրինապահ, սիրել մերձավորին, առանց աչառության, և նույնիսկ պատրաստ լինել զոհելու կյանքը հանուն դիմացինի և ոչ թե նրան կյանքից զրկել (Հովհաննես 15։13; Գործեր 10։34, 35; 1 Հովհաննես 4։ 20, 21)։
12. Համաձայն Հիսուսի խոսքերի՝ ինչպե՞ս էին ճանաչվելու ճշմարիտ քրիստոնյաները։
12 Հիսուսը սովորեցրեց, որ մերձավորի հանդեպ սիրով ճշմարիտ քրիստոնյաները կտարբերվեն կեղծ քրիստոնյաներից, որոնք ընդամենը կոչվում են քրիստոնյա։ Իր հետևորդներին Հիսուսն ասաց. «Նոր պատվիրան եմ տալիս ձեզ. սիրե՛ք իրար։ Ինչպես ես ձեզ սիրեցի, այնպես էլ դուք սիրեք իրար։ Սրանով բոլորը կիմանան, որ դուք իմ աշակերտներն եք, եթե սիրեք իրար» (Հովհաննես 13։34, 35; 15։12)։
13, 14. Ինչի՞ց է երևում, որ քրիստոնեական աշխարհի եկեղեցիները չեն ներկայացնում Աստծուն։
13 Դարեր շարունակ քրիստոնեական աշխարհի հոգևորականները միջամտել են քաղաքականությանը և թիկունք են կանգնել իրենց երկրների մղած պատերազմներին։ Նրանք նույնիսկ աջակցել են քրիստոնեական աշխարհի մաս կազմող հակամարտող կողմերին, ինչպես, օրինակ, անցած դարի երկու համաշխարհային պատերազմների ժամանակ։ Այդ հակամարտություններում յուրաքանչյուր կողմի հոգևորականներն աղոթում էին հաղթանակի համար, և միևնույն կրոնը դավանող մարդիկ, որոնք ապրում էին հակամարտող երկրներում, սպանում էին իրար։ Բայց Աստվածաշունչն ասում է, որ այդպես վարվում են ոչ թե Աստծու, այլ Սատանայի որդիները (1 Հովհաննես 3։10–12, 15)։ Այսպիսով՝ թեև հոգևորականներն ու նրանց հետևորդներն ասում են, թե քրիստոնյա են, բայց նրանց գործերը հակասում են Հիսուսի սովորեցրածներին, որն անձամբ պատվիրեց իր հետևորդներին մի կողմ դնել սուրը (Մատթեոս 26։51, 52)։
14 Դարեր շարունակ եկեղեցիները համագործակցել են քրիստոնեական աշխարհի իշխանությունների հետ, երբ այդ երկրները իմպերիալիզմի դարաշրջանում զավթել, ստրկացրել ու նսեմացրել են այլ ժողովուրդների։ Հարյուրամյակներով այդպես է եղել Աֆրիկայում։ Նույնը տեղի է ունեցել Չինաստանում, երբ արևմտյան երկրները Չինաստանը բռնությամբ բաժանել են ազդեցության գոտիների, ինչպես, օրինակ, Ափիոնի պատերազմների և Իխետուանների ապստամբության ժամանակ։
15. Ինչպիսի՞ չարագործություններ է արել քրիստոնեական աշխարհը։
15 Խավար միջնադարում քրիստոնեական աշխարհի կրոնները հալածել, չարչարել և նույնիսկ սպանել են նրանց, ովքեր համաձայն չեն եղել իրենց հետ։ Հարյուրամյակներ տևած ինկվիզիցիայի ժամանակաշրջանում անմարդկային վերաբերմունքը, օրինակ՝ կտտանքներն ու սպանությունները, օրինական էին համարվում և գործադրվում էին անմեղ, պարկեշտ մարդկանց նկատմամբ։ Այդ ոճիրներն անում էին հոգևորականներն ու նրանց հետևորդները, որոնք պնդում էին, թե քրիստոնյա են։ Նրանք անգամ փորձում էին վերացնել Աստվածաշունչը, որպեսզի հասարակ ժողովուրդը չկարողանար կարդալ այն։
Քրիստոնյա չեն
16, 17. Ինչո՞ւ կարելի է ասել, որ հոգևորականությունը իսկական քրիստոնյա չէ։
16 Ո՛չ անցյալում, ո՛չ ներկայումս քրիստոնեական աշխարհի ազգերն ու հոգևորականությունը իսկական քրիստոնյա չեն եղել։ Նրանք Աստծու ծառաները չեն։ Աստվածաշնչում նրանց մասին ասվում է. «Նրանք հրապարակորեն հայտարարում են, թե ճանաչում են Աստծուն, սակայն իրենց գործերով ուրանում են նրան, որովհետև նողկալի են ու անհնազանդ և պիտանի չեն որևէ բարի գործի համար» (Տիտոս 1։16)։
17 Հիսուսն ասաց, որ կեղծ կրոնը կարելի է ճանաչել իր պտուղներից։ Նա նշեց. «Զգուշացեք սուտ մարգարեներից, որ գալիս են ձեզ մոտ ոչխարի հանդերձներով, բայց ներսից գիշատիչ գայլեր են։ Իրենց պտուղներից կճանաչեք նրանց.... Ամեն լավ ծառ լավ պտուղ է տալիս, իսկ ամեն փտած ծառ անպետք պտուղ է տալիս։ Լավ ծառը չի կարող անպետք պտուղ տալ, ոչ էլ փտած ծառը կարող է լավ պտուղ տալ։ Ամեն ծառ, որ լավ պտուղ չի տալիս, կտրվում և կրակի մեջ է գցվում։ Ուստի իրենց պտուղներից կճանաչեք նրանց [սուտ մարգարեներին]» (Մատթեոս 7։15–20)։
18. Ինչի՞ պատճառ են եղել քրիստոնեական աշխարհի ուսմունքներն ու գործերը։
18 Այսպիսով՝ քրիստոնեական աշխարհի կրոնները իրենց ուսմունքներով ու գործերով ցույց են տվել, որ իրենց պնդումը, թե հավատում են Աստվածաշնչին և աստվածավախ քրիստոնյաներ են, իրականում սուտ է։ Նրանք դավաճանել են Աստծուն և Աստվածաշնչին։ Նրանց գործերի պատճառով միլիոնավոր մարդիկ հիասթափություն են ապրել և դադարել են Բարձրյալին հավատալուց։
19. Ճիշտ կլինի՞ արդյոք Աստծուն և Աստվածաշնչին մեղադրել քրիստոնեական աշխարհի սխալների համար։
19 Սակայն քրիստոնեական աշխարհի հոգևորականների և եկեղեցիների, ինչպես նաև այլ կրոնների սխալների պատճառով չի կարելի եզրակացնել, թե Աստվածաշունչը սխալ է։ Ոչ էլ ճիշտ կլինի Աստծուն մեղադրել այդ ամենի համար։ Աստվածաշունչը ցույց է տալիս, որ գոյություն ունի Բարձրյալ Աստված, որը հոգ է տանում մեր մասին և միջոցներ է ձեռնարկել մեր ապագայի համար։ Այն ցույց է տալիս, թե Աստված ինչպես է պարգևատրելու ազնվասիրտ մարդկանց, ովքեր ցանկանում են ճիշտն անել և ուզում են, որ երկրի վրա արդարություն ու խաղաղություն տիրի։ Աստվածաշունչը նաև բացատրում է, թե ինչու է Աստված թույլ տվել, որ չարությունն ու տառապանքը գոյություն ունենան, և թե ինչպես նա կմաքրի երկիրը նրանցից, ովքեր վնաս են հասցնում ուրիշներին, ինչպես նաև այն մարդկանցից, ովքեր ասում են, թե ծառայում են իրեն, սակայն իրականում այդպես չեն վարվում։
[նկար 17-րդ էջի վրա]
Դանթեի «Դժոխքը»
[թույլտվությամբ]
Doré’s illustration of Barrators—Giampolo for Dante’s Divine Comedy
[նկար 17-րդ էջի վրա]
Քրիստոնեական աշխարհի Երրորդությունը
[նկար 17-րդ էջի վրա]
Հնդուական երրորդությունը
[թույլտվությամբ]
Courtesy of The British Museum
[նկար 17-րդ էջի վրա]
Եգիպտական երրորդությունը
[թույլտվությամբ]
Museo Egizio, Turin
[նկար 18-րդ էջի վրա]
Հիսուսի սովորեցրածներին հակառակ՝ հակամարտող կողմերի հոգևորականները թիկունք են կանգնել պատերազմներին
[թույլտվությամբ]
U.S. Army photo