Երիտասարդները հարցնում են
Ո՞վ եմ ես
Մայքլը տեսնում է, որ Բրեդը մոտենում է։ Նա վախեցած է, մտածում է, թե ինչ է լինելու։ «Պրիվետ Միկի, տես, թե ինչ ենք փորձելու»,— ասում է Բրեդը ու բացում է ձեռքը։ Մայքլը տեսնում է հենց այն, ինչ ենթադրում էր. մարիխուանա։ Նա չի ուզում միանալ ընկերոջը, բայց չի էլ ուզում վախկոտի տպավորություն թողնել։ «Մի րոպե, լսիր,— կմկմալով, ոչ հաստատակամորեն ասում է Մայքլը,— գուցե մեկ ուրիշ անգամ...., հը՞»։
Ջեսիկան տեսնում է, որ Բրեդը մոտենում է։ Նա գիտի, թե ինչ է լինելու և նախապատրաստված է։ «Պրիվետ Ջեսի, տես, թե ինչ ենք փորձելու»,— ասում է Բրեդը ու բացում է ձեռքը։ Ջեսիկան տեսնում է հենց այն, ինչ ենթադրում էր. մարիխուանա։ «Ո՛չ,— ասում է Ջեսիկան հաստատակամորեն,— ես ուզում եմ երկար ապրել ու առողջ լինել։ Բացի այդ, Բրեդ, կարծում էի, դու նման բան չես անի, քանի որ խելքը գլխին տղա ես»։
ԻՆՉՈ՞Ւ Ջեսիկան կարողացավ դեմ կանգնել ճնշմանը։ Քանի որ նա ունի մի բան, որը չունի Մայքլը։ Գիտե՞ս, թե ինչ։ Ինքնություն։ Բայց նկատի չունենք անձը հաստատող քարտ, այլ այն ներքին զգացումը, որը խոսում է քո ով լինելու մասին և այն մասին, թե ինչ է կանգնած քո անհատականության հետևում։ Գիտակցելով սա՝ դու ուժ ես գտնում գայթակղիչ իրավիճակներում ասելու՝ ո՛չ, այսինքն՝ վերահսկելու քո կյանքը և ոչ թե ուրիշներին թույլ տալու վերահսկել քեզ։ Ինչպե՞ս կարող ես վճռական լինել։ Նախ պատասխանիր ստորև բերված հարցերին։
1 ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ԻՄ ՈՒԺԵՂ ԿՈՂՄԵՐԸ
Ինչու է դա կարևոր։ Երբ գիտես, թե ինչ ունակություններ ու դրական հատկություններ ունես, վճռականությամբ ես լցվում։
Նկատի առ հետևյալը։ Մարդիկ տարբեր ընդունակություններ ունեն։ Ոմանք տաղանդավոր են արվեստի կամ երաժշտության բնագավառում, մյուսները հմուտ են սպորտի մեջ։ Օրինակ՝ Ռաքելը կարողանում է հմտորեն մեքենաներ նորոգելa։ Նա ասում է. «Երբ 15 տարեկան էի, հասկացա, որ ուզում եմ արհեստավոր դառնալ»։
Աստվածաշնչյան օրինակ։ Պողոս առաքյալը գրել է. «Նույնիսկ եթե ես անհմուտ եմ խոսելու մեջ, անկասկած այդպիսին չեմ գիտելիքների հարցում» (2 Կորնթացիներ 11։6)։ Եբրայերեն Գրությունների վերաբերյալ ունենալով խոր հասկացողություն՝ Պողոսը կարողանում էր հաստատակամ մնալ, երբ մարդիկ վատաբանում էին իրեն։ Նա թույլ չտվեց, որ նրանց բացասական տրամադրվածությունը կոտրի իր վճռականությունը (2 Կորնթացիներ 10։10; 11։5)։
Ինքնաքննություն արա։ Ստորև գրի առ, թե ինչ տաղանդ կամ ընդունակություն ունես։
․․․․․
Իսկ այժմ գրի առ, թե ինչ ուժեղ կողմեր կամ լավ հատկություններ ունես։ (Օրինակ՝ հոգատա՞ր ես, առատաձե՞ռն ես, վստահելի՞ ես, ճշտապա՞հ ես։)
․․․․․
«Ես փորձում եմ արագ օգնության հասնել։ Եթե որևէ մեկը զրուցելու կարիք ունի, ու ես զբաղված եմ, անմիջապես թողնում եմ գործս և ուշադրությամբ լսում այդ անհատին» (Բրայեն)։
Եթե դժվարանում ես գրի առնել որևէ լավ հատկություն, մտածիր, թե մանկությունից ի վեր ինչպես ես հասունացել, փոխվել, ու գրի առ այդ մասին ներքևում (տե՛ս «Ինչ են ասում հասակակիցներդ» շրջանակը)։
․․․․․
2 ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ԻՄ ԹՈՒՅԼ ԿՈՂՄԵՐԸ
Ինչու է դա կարևոր։ Ինչպես որ շղթայի օղակներից մեկի թույլ լինելը կարող է ողջ շղթայի ամրության վրա անդրադառնալ, այնպես էլ քո ինքնությունը կարող է արագ փոխվել դեպի վատը, եթե տրվես թույլ կողմերիդ։
Նկատի առ հետևյալը։ Ոչ ոք կատարյալ չէ (Հռոմեացիներ 3։23)։ Բոլորն էլ ունեն այնպիսի հատկություններ, որ կուզեին փոխել։ Սաջա անունով մի աղջիկ հարցնում է. «Ինչո՞ւ եմ արագ վհատվում փոքր բաներից։ Անգամ չնչին բաները ազդում են ինձ վրա, ու չեմ կարողանում կառավարել զգացմունքներս»։
Աստվածաշնչյան օրինակ։ Պողոսը լավ գիտեր իր թույլ կողմերը։ Նա գրեց. «Իմ ներսի անձնավորությամբ ես իրոք հաճույք եմ ստանում Աստծու օրենքից, բայց իմ անդամներում ուրիշ օրենք եմ տեսնում, որը պատերազմում է իմ մտքի օրենքի դեմ և ինձ գերի է տանում մեղքի օրենքին» (Հռոմեացիներ 7։22, 23)։
Ինքնաքննություն արա։ Ո՞ր թույլ կողմերդ պետք է վերահսկես։
․․․․․
«Նկատում էի, որ երբ ռոմանտիկ ֆիլմեր էի նայում, տխրությամբ էի համակվում և ուզում էի սիրահարվել։ Այժմ գիտեմ, որ ժամանցի ձև ընտրելիս պետք է զգույշ լինել» (Բրիջիտ)։
3 ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ԻՄ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
Ինչու է դա կարևոր։ Երբ նպատակներ ես դնում, կյանքդ ընթանում է որոշակի ուղղությամբ և իմաստ է կրում։ Նաև հավանականությունն ավելի մեծ է, որ կխուսափես այնպիսի մարդկանցից կամ իրավիճակներից, որոնք հետ կպահեն քեզ քո նպատակին հասնելուց։
Նկատի առ հետևյալը։ Կնստեի՞ր տաքսի ու վարորդին ասեիր պտտվել շենքի շուրջ այնքան, մինչև որ բենզինը վերջանա։ Դա անմտություն կլիներ, բացի այդ, փողերդ քամուն կտայիր։ Նպատակներ ունենալը քեզ հետ է պահում միևնույն բանի շուրջ անիմաստ պտտվելուց, քանի որ գիտես, թե որ ուղղությամբ պետք է գնաս և արդեն ծրագրել ես, թե ինչպես պետք է տեղ հասնես։
Աստվածաշնչյան օրինակ։ Պողոսը գրել է. «Ես աննպատակ չեմ վազում» (1 Կորնթացիներ 9։26)։ Աննպատակ պտտվելու փոխարեն՝ թույլ տալով, որ կյանքը կամա թե ակամա ընթանա առաջ, Պողոսը նպատակներ էր դնում և հետո հետամուտ լինում դրանց (Փիլիպպեցիներ 3։12–14)։
Ինքնաքննություն արա։ Ստորև գրի առ երեք նպատակ, որոնց կուզեիր հասնել հաջորդ տարի։
․․․․․
․․․․․
․․․․․
Իսկ այժմ ընտրիր վերը նշած քո նպատակներից ամենակարևորը և գրի առ, թե ինչ կարող ես անել այսօր այդ նպատակդ իրագործելու համար։
․․․․․
«Եթե ոչինչ չունեմ անելու, ասես անիմաստ պտտվում եմ ինչ-որ բանի շուրջ։ Ավելի լավ է նպատակներ ունենալ և հետամուտ լինել դրանց» (Հոզե)։
4 ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ԻՄ ՀԱՄՈԶՄՈՒՆՔՆԵՐԸ
Ինչու է դա կարևոր։ Առանց համոզմունքների՝ դու կլինես անկայուն անձնավորություն։ Քամելեոնի նման անընդհատ կփոխես քո գույները հասակակիցներիդ միաձուլվելու համար, մի բան, որը ցույց է տալիս, որ չունես քո ինքնությունը։
Նկատի առ հետևյալը։ Աստվածաշունչը խրախուսում է քրիստոնյաներին «հավաստիանալ, թե որն է Աստծու բարի, ընդունելի և կատարյալ կամքը» (Հռոմեացիներ 12։2)։ Երբ արարքներդ հիմնված են համոզմունքներիդ վրա, դու պահպանում ես քո ինքնությունը՝ անկախ նրանից, թե ինչպես են վարվում ուրիշները։
Աստվածաշնչյան օրինակ։ Պատանի հասակում արդեն Դանիել մարգարեն «իր սրտում որոշել» էր պահել Աստծու օրենքները, թեև այդ ժամանակ ապրում էր իր ընտանիքից ու հայրենակիցներից հեռու (Դանիել 1։8)։ Այդպես վարվելով՝ նա պահեց իր ինքնությունը։ Դանիելը ապրեց իր համոզմունքների համաձայն։
Ինքնաքննություն արա։ Որո՞նք են քո համոզմունքները։
Հավատո՞ւմ ես Աստծուն։ Եթե այո, ինչո՞ւ։ Ի՞նչն է համոզում քեզ, որ գոյություն ունի Աստված։
Հավատո՞ւմ ես, որ Աստծու բարոյական չափանիշները քո օգտին են ծառայում։ Եթե այո, ինչո՞ւ։ Ի՞նչն է համոզում քեզ, որ սեքսի վերաբերյալ Աստծու օրենքներին հնազանդվելը երջանկություն կպարգևի քեզ և ոչ թե հասակակիցներիդ «ազատ» ապրելակերպին հարմարվելը։
Այս հարցերին չես կարող հապճեպորեն պատասխանել։ Ժամանակ տրամադրիր և քննիր, թե ինչի վրա են հիմնված քո համոզմունքները։ Այդպես անելով՝ ավելի լավ կկարողանաս պաշտպանել դրանք (Առակներ 14։15; 1 Պետրոս 3։15)։
«Դպրոցում երեխաները ավելի շատ են քեզ վրա ճնշում բանեցնում, երբ տեսնում են, որ այդքան էլ վստահ չես քո համոզմունքներում։ Ես չէի ուզում անհաստատ լինել իմ հավատի մեջ։ Ուստի ջանք էի թափում, որ հիմնավոր ու հստակ պատճառներ բերեմ իմ հավատը պաշտպանելու համար։ Ես չէի ասում. «Չեմ կարող դա անել, քանի որ դեմ է իմ կրոնին», այլ ասում էի. «Ես չեմ կարծում, որ դա ճիշտ է»։ Եվ դա իմ համոզմունքն էր» (Դանիելլա)։
Ի վերջո, ի՞նչ կուզեիր լինել՝ ծառից ընկած տերև՞, որը մի փոքր քամուց այս ու այն կողմ է քշվում, թե՞ ծառ, որն անգամ հզոր փոթորիկների ժամանակ կանգուն է մնում։ Պահպանիր ինքնությունդ ու կլինես այդպիսի ծառի նման։ Եվ կկարողանաս պատասխանել այս հարցին՝ «ո՞վ եմ ես»։
Երբ ինքնությունդ կայուն է, նման ես ամուր արմատներով ծառի, որը կանգուն է մնում ուժեղ փոթորիկների ժամանակ
a Որոշ անուններ այս հոդվածում փոխված են։