Որտեղ առաջին անգամ լսեցի Եհովայի անունը
Պատմում է Պավոլ Կովարը
Ուժեղ ռմբակոծության ժամանակ հազիվ հասանք մի ժամանակավոր ապաստարան։ Երբ ռմբակոծությունն ուժեղացավ, և սկսեցին կրակել մեր ապաստարանի վրա, բանտարկյալներից մեկը բարձրաձայն աղոթեց. «Եհովա, փրկի՛ր մեզ։ Հանուն քո սուրբ անվան փրկի՛ր մեզ»։
ԱՅՍ դեպքը պատահեց 1945 թ. հունվարի 8–ին։ Ես Ավստրիայի Լինց քաղաքում ռազմագերի էի ընկել։ Այդ ապաստարանում մոտ 250 հոգի կար. մենք բոլորս կենդանի մնացինք։ Երբ ապաստարանից դուրս եկանք, տեսանք, որ ամեն բան ավերվել էր։ Այդ ջերմեռանդ աղոթքը խոր ազդեցություն թողեց ինձ վրա, թեև չգիտեի, թե ով էր աղոթողը։ Նախքան կասեմ, թե ինչպես իմացա Եհովայի մասին, թույլ տվեք մի փոքր իմ մասին պատմել։
Ես ծնվել եմ 1921 թ. սեպտեմբերի 28–ին Կրայնե գյուղում (արևմտյան Սլովակիա, որն այդ ժամանակ Չեխոսլովակիայի մի մասն էր)։ Ծնողներս բողոքական էին և լրջորեն էին վերաբերվում իրենց կրոնին։ Ամեն կիրակի առավոտյան հայրս կարդում էր Աստվածաշունչը, իսկ մայրս և մենք՝ չորս երեխաներս, ուշադրությամբ լսում էինք նրան։ Այդուհանդերձ, չեմ հիշում, որ հայրս երբևէ օգտագործել է Եհովայի անունը։ Մեր գյուղում մարդիկ ապրում էին պարզ կյանքով, ուստի մենք բավարարվում էինք մեր ունեցածով։
Երբ 1939 թ–ին սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը, մարդիկ խուճապի մատնվեցին։ Շատերը դեռ լավ հիշում էին, թե մոտ 20 տարի առաջ ինչ տառապանքներ էին կրել Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։ 1942 թ. զորակոչվեցի Սլովակիայի բանակ։ Չնայած պաշտոնապես Սլովակիան Գերմանիային դաշնակից երկիր էր, սակայն 1944 թ. օգոստոսին փորձ արվեց դեմոկրատիա վերականգնելու համար։ Երբ այն ձախողվեց, ինձ հազարավոր սլովակ զինվորների հետ միասին գերի տարան այն տարածքները, որոնք գտնվում էին գերմանացիների իշխանության տակ։ Իմ վերջին նշանակումը Գուզենի ճամբարն էր, որը գտնվում էր հայտնի Մաութհաուսեն համակենտրոնացման ճամբարի ենթակայության տակ՝ Լինց քաղաքի մոտ։
Ռազմագերի
Մեզ նշանակեցին աշխատելու ինքնաթիռների գործարանում՝ Սանկտ Գեորգեն դեր Գուզեն գյուղից ոչ հեռու։ Այնտեղ ես աշխատում էի փայտասղոցարանում։ Մենք շատ քիչ ուտելիք ունեինք, իսկ 1945 թ.–ին սննդի պաշարը ավելի քչացավ, քանի որ նացիստական բանակները պարտություն կրեցին ռազմաճակատում։ Մենք միայն քիչ քանակությամբ տաք ապուր էինք ստանում։ Ամեն առավոտ Մաութհաուսենում գտնվող գլխավոր ճամբարից աշխատողներ էին գալիս։ Հսկիչները հաճախ սարսափելի ձևով ծեծում էին այն բանտարկյալներին, ովքեր ֆիզիկապես թույլ էին և չէին կարողանում աշխատել։ Հետո բանտարկյալները դիակները դնում էին սայլակների վրա և տեղափոխում դիակիզարան։
Չնայած սարսափելի դժվարություններին՝ մենք հույս ունեինք, որ պատերազմը շուտով կվերջանա։ 1945 թ. մայիսի 5–ին, երբ արդեն չորս ամիս անցել էր այն դեպքից, որի մասին պատմեցի հոդվածի սկզբում, աղմուկից արթնացա և դուրս վազեցի։ Հսկիչները գնացել էին, գետնին հրանոթներ էին կիտված, իսկ դարպասները բաց էին թողնված։ Մարգագետնի մյուս կողմում մենք տեսանք մեկ ուրիշ ճամբար։ Ազատ արձակված բանտարկյալները դուրս էին վազում այդ ճամբարից, ինչպես որ մեղուներն են դուրս թռչում այրվող փեթակից։ Քանի որ նրանք ազատության մեջ էին, վրեժ առնելու համար դաժան արարքներ էին գործում։ Մինչև այսօր լավ հիշում եմ այդ կոտորածը։
Վրիժառու բանտարկյալները մինչև մահվան աստիճան ծեծում էին կապոներին՝ այն բանտարկյալներին, որոնք համագործակցում էին բանտապահների հետ։ Այդ կապոները նացիստական հսկիչներից ավելի դաժան էին եղել։ Ես դիտում էի, թե ինչպես է բանտարկյալներից մեկը ծեծում մի կապոյի՝ ասելով. «Նա սպանեց իմ հորը։ Մենք այսքան դիմացել էինք միասին, և ընդամենը երկու օր առաջ նա սպանեց իմ հորը»։ Երեկոյան մարգագետինը լի էր հարյուրավոր կապոների և ուրիշ բանտարկյալների դիակներով։ Համակենտրոնացման ճամբարից հեռանալուց առաջ մենք շրջեցինք տարածքով և տեսանք դիակիզարաններ, նաև գազախցիկներ, որոնցով սպանել էին մարդկանց։
Սովորում եմ ճշմարիտ Աստծու մասին
1945 թ. մայիսի վերջին տուն վերադարձա։ Այդ ընթացքում ծնողներս ոչ միայն լսել էին Աստծու անունը, այն անունը, որ ես լսեցի բունկերում, այլև դարձել էին Եհովայի վկա։ Որոշ ժամանակ անց հանդիպեցի Օլգային։ Նա սիրում էր Աստծուն։ Մեկ տարի հետո մենք ամուսնացանք։ Աստվածաշնչի ճշմարտության հանդեպ նրա ունեցած եռանդը մղեց ինձ շարունակելու սովորել Եհովայի մասին։ Նախքան կոմունիստական վարչակարգը 1949 թ.–ին արգելք կդներ մեր քարոզչական գործունեության վրա, վերջին համաժողովներից մեկի ժամանակ Օլգան, ես և ուրիշ 50 անհատներ մկրտվեցինք Վահ գետում (Պիեշտյանի)։ Ժամանակի ընթացքում երկու դուստր ունեցանք՝ Օլգան ու Վլաստան։
Եհովայի վկա Յան Սեբինը, որը քարոզչական գործունեությունն էր կազմակերպել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, հաճախ էր հյուրընկալվում մեր տանը։ Նա իմ մտերիմ համագործակիցն էր ծառայության մեջ։ Չնայած կոմունիստները ավելի շատ էին հալածում մեզ, սակայն մենք շարունակում էինք քարոզել։ Մենք զգուշորեն պատմում էինք մարդկանց Աստվածաշնչի ճշմարտությունների մասին, և կարճ ժամանակ անց շատերը սկսեցին Աստվածաշունչ ուսումնասիրել։ Երբ Յանը մեկնում էր, ես ու կինս շարունակում էինք հոգ տանել հետաքրքրվող անհատների մասին։ Հետագայում մեր համաժողովների ժամանակ հաճախ էինք հանդիպում մեզ համար թանկ այս մարդկանց իրենց երեխաների և թոռների հետ։ Որքա՜ն էինք ուրախանում, երբ տեսնում էինք նրանց։
Նոր նշանակում
1953 թ.–ին բազմաթիվ Եհովայի վկաներ, ովքեր ղեկավարել էին քարոզչական գործունեությունը, բանտարկվեցին։ Ուստի ինձ խնդրեցին ծառայել այնպիսի տարածքում, որը մեր տանից 150 կմ հեռու էր։ Երկու շաբաթը մեկ անգամ աշխատանքից հետո շաբաթ կեսօրին գնացքով Նովե մեստո քաղաքից գնում էի մինչև Մարտին՝ Սլովակիայի հյուսիս–կենտրոնական մասը։ Այնտեղ մինչ ուշ երեկո և ամբողջ կիրակի օրը քարոզում էի։ Կիրակի երեկոյան գնացքով վերադառնում էի Նովե մեստո։ Սովորաբար տեղ էի հասնում կեսգիշերին և գիշերում էի մի տարեց ամուսնական զույգի տանը։ Այդ ամուսինները միշտ սիրով ընդունում էին ինձ։ Առավոտյան անմիջապես գնում էի աշխատանքի և երկուշաբթի գիշերը վերադառնում էի տուն՝ Կրայնե գյուղը։ Օլգան միշտ հոգ էր տանում մեր երեխաների մասին, երբ շաբաթ–կիրակի օրերին տանը չէի լինում։
1956 թ.–ին ինձ հրավիրեցին ծառայելու որպես շրջանային վերակացու։ Ես պետք է այցելեի մեր տարածքում գտնվող ժողովները և հոգևորապես օգնեի ժողովի անդամներին։ Քանի որ շատերը, ովքեր ծառայել էին որպես շրջանային վերակացու, բանտարկվել էին, ես հասկացա, որ կարիք կա ստանձնելու այդ պատասխանատվությունը։ Կինս և ես վստահ էինք, որ Եհովան կաջակցի մեր ընտանիքին։
Կոմունիստական օրենքի համաձայն՝ բոլոր քաղաքացիները պետք է աշխատեին։ Կառավարությունը աշխատանք չունեցող մարդկանց համարում էր ձրիակեր և նրանց բանտ էր նստեցնում։ Այդ պատճառով ես չթողեցի իմ աշխատանքը։ Ամեն ամիս երկու շաբաթ–կիրակի անցկացնում էի ընտանիքիս հետ, իսկ մյուս երկու շաբաթ–կիրակի օրերին այցելում էի մոտակա վեց ժողովներից մեկը։
Չնայած արգելքին՝ գրականություն ենք ձեռք բերում
Շրջանային վերակացուները պատասխանատվություն ունեին շրջանի մեջ մտնող յուրաքանչյուր ժողովի համար աստվածաշնչյան գրականություն հայթայթել։ Սկզբում պարբերագրերը հիմնականում արտագրվում էին կամ մեքենագրվում։ Ավելի ուշ «Դիտարան» պարբերագրի համար ձեռք բերեցինք հակատիպ ժապավեններ։ Դրանք ուղարկում էինք ժողովներ, որից հետո պարբերագրերը լուսանկարչական թղթի վրա երևակվում էին։ Քանի որ մեծ քանակությամբ այսպիսի թղթեր գնելը կարող էր կասկածներ առաջացնել, գնորդներից քաջություն և զգուշություն էր պահանջվում։
Շտեֆան Հաչկոն այս գործում նախանձախնդիր էր և կարողանում էր հաջողության հասնել։ Մի անգամ այդպիսի թղթեր գնելու համար նա իր տանից հեռու գտնվող մի լուսանկարչական խանութ է գնում, սակայն թուղթ չլինելու պատճառով ուզում է հեռանալ խանութից։ Հանկարծ տեսնում է խանութի բարեհամբույր վաճառողին, որը խոստացել էր իր համար լուսանկարչական թղթեր պատվիրել։ Երբ Շտեֆանը ուզում է մոտենալ նրան, նկատում է, որ մի ոստիկան է խանութ մտնում։ Հենց այդ պահին վաճառողը տեսնում է Շտեֆանին և ժպիտով բացականչում. «Պարո՛ն, ձեր բախտը բերել է։ Մենք ստացել ենք լուսանկարչական թղթերը»։
Շտեֆանը արագ մտածում է ու պատասխանում. «Կներեք, տիկին, բայց դուք հավանաբար շփոթում եք ինձ մեկ ուրիշի հետ։ Ես պարզապես մեկ հակատիպ ժապավեն էի ուզում գնել»։
Մեքենա վերադառնալուց հետո Շտեֆանը հասկանում է, որ չի կարող առանց լուսանկարչական թղթերի հետ գնալ։ Ուստի ավելի ուշ նա փոխում է իր արտաքին տեսքը՝ հանելով վերարկուն և գլխարկը, նորից մտնում է խանութ, մոտենում է վաճառողին և ասում. «Մեկ շաբաթ առաջ ես եկել էի այստեղ, դուք ինձ խոստացել էիք լուսանկարչական թղթեր պատվիրել։ Հիմա ունե՞ք»։
«Իհարկե, ունենք,— պատասխանում է վաճառողը,— բայց գիտեք, պարոն, մի քանի րոպե առաջ ձեր նման մի մարդ եկավ այստեղ։ Անհավատալի է, նա կարծես ձեր երկվորյակ եղբայրը լիներ»։ Շտեֆանը արագ վերցնում է մեծ քանակությամբ թղթերը և դուրս է գալիս խանութից՝ շնորհակալություն հայտնելով Եհովային դրանք ձեռք բերելու համար։
1980–ականների ընթացքում մենք սկսեցինք օգտագործել փաստաթղթերի բազմացման սարքեր և փոքր չափի օֆսեթ տպագրության մեքենաներ, որպեսզի ներքնահարկերում և այլ գաղտնի տեղերում աստվածաշնչյան գրականություն տպագրենք։ Ժամանակի ընթացքում մեր պարբերագրերի յուրաքանչյուր համարի, ինչպես նաև գրքերի և գրքույկների քանակը շատացավ և նույնիսկ գերազանցեց Վկաների թվին։
Անցանկալի այցելուներ
1960–ականների ընթացքում ես ներկայացա այն ընկերության զինվորական բաժանմունք, որտեղ աշխատում էի։ Քաղաքացիական հագուստով երեք տղամարդ հարցաքննեցին ինձ։ Նրանք ուզում էին իմանալ, թե որքան ժամանակ է, որ հաճախում եմ Վկաների ժողովի հանդիպումներին, և ովքեր են հաճախում այնտեղ»։ Քանի որ կոնկրետ ոչ մի բան չասացի և մարդկանց անուններ չնշեցի, ասացին, որ ավելի ուշ ինձ հետ նորից կապ կհաստատեն։ Դա իմ առաջին հանդիպումն էր Պետական անվտանգության՝ գաղտնի ոստիկանության հետ։
Շատ չանցած՝ աշխատավայրից ինձ տարան ոստիկանություն։ Իմ առջև մաքուր թուղթ դրեցին և պահանջեցին, որ գրեմ Վկաների անունները։ Մեկ ժամից ոստիկանը վերադարձավ ու տեսավ, որ թուղթը մաքուր է։ Ես բացատրեցի, որ չեմ կարող ոչ մի անուն գրել։ Հաջորդ շաբաթ նույն բանը տեղի ունեցավ։ Սակայն այս անգամ ինձ ծեծեցին և բաժանմունքից հեռանալուց սկսեցին հարվածել մինչև միջանցքից դուրս գալը։
Դրանից հետո գաղտնի ոստիկանությունը ինձ մեկ տարի չանհանգստացրեց։ Մի օր ոստիկանությունը մի տղամարդ ուղարկեց մեր տուն։ Նացիստական համակենտրոնացման ճամբարում նա էլ էր բանտարկյալ եղել։ Նա ասաց ինձ. «Մենք պետք է փոխենք մեր մոտեցումը, քանի որ երբ մի Վկայի բանտարկում ենք, հինգն են հայտնվում»։ Կառավարության նպատակն էր գոնե ինչ–որ չափով հսկողություն ունենալ մեր գործունեության վրա։ Սակայն ես վճռել էի ոչ մի տեղեկություն չհայտնել, որպեսզի նրանք չկարողանան հսկել մեր գործունեությունը։
Երկար տարիներ գաղտնի ոստիկանությունը պարբերաբար այսպիսի հանդիպումներ էր ունենում ինձ հետ։ Երբեմն նրանք ձևանում էին որպես մեր ընկերներ, երբեմն էլ մեզնից մեկին բանտարկում էին։ Բարեբախտաբար, ես ոչ մի անգամ չբանտարկվեցի, սակայն ոստիկանության հետ այդ անցանկալի հանդիպումները շարունակվեցին մինչև 1989 թ., այն տարին, երբ Չեխոսլովակիայում կոմունիզմը փլուզվեց։
Դրանից մի քանի շաբաթ հետո Պետական անվտանգությունում աշխատող մի բարձրաստիճան պաշտոնյա Բրատիսլավայից եկել էր մեր տուն։ Նա ներողություն խնդրեց և ասաց. «Եթե ինձնից կախված լիներ, մենք երբեք չէինք անհանգստացնի քեզ»։ Այնուհետև նա իր մեքենայից երկու արկղ պահածոյացված մրգեր հանեց և ինձ նվիրեց։
Եհովան՝ ամուր աշտարակ
Թեև ճշմարտության մեջ գտնվելու առաջին 40 տարիները ծառայել եմ արգելքի տակ, կարող եմ ասել, որ ուրախ և վարձահատույց կյանքով եմ ապրել։ Այն ամենը, ինչի միջով անցանք այդ տարիների ընթացքում, մեզ էլ ավելի մտերմացրեց մեր հավատակիցների հետ։ Մենք ավելի գնահատեցինք մեր ընկերությունը և կարողացանք ավելի շատ վստահել միմյանց։
2003 թ. մարտին ես կորցրի կնոջս՝ Օլգային։ Մեր համատեղ կյանքի ընթացքում նա հավատարիմ ընկերակից էր եղել ինձ համար։ Այդ բոլոր տարիներին մենք միասին միշտ զբաղված ենք եղել ծառայության մեջ։ Այսօր ես շարունակում եմ ծառայել մեր ժողովում որպես երեց և փնտրել նրանց, ովքեր հետաքրքրություն են ցույց տալիս Աստվածաշնչի հանդեպ։ Եհովայի անունը, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ առաջին անգամ լսեցի բունկերում, ամուր աշտարակ եղավ ինձ համար (Առակաց 18։10)a։
[Ծանոթագրություն]
a Եղբայր Պավոլ Կովարը կյանքից հեռացավ 2007 թ. հուլիսի 14–ին, մինչ այս հոդվածը պատրաստվում էր տպագրության։ Նա 85 տարեկան էր։
[Նկար 28–րդ էջի վրա]
Սլովակիայի բանակում (1942)
[Նկար 28–րդ էջի վրա]
Հետագայում ես բանտարկվեցի Գուզենում (ցույց է տրված հետևամասում)
[Թույլտվությամբ]
© ČTK
[Նկար 28–րդ էջի վրա]
Ամեն կիրակի առավոտյան հայրս մեզ համար Աստվածաշունչ էր կարդում
[Նկար 29–րդ էջի վրա]
Մեր հարսանիքի օրը (1946)
[Նկար 31–րդ էջի վրա]
Օլգայի հետ նրա մահից կարճ ժամանակ առաջ