Ի՞նչ ապագա է սպասում բժիշկներին
ԵՐԲ հարց է ծագում բժիշկների ապագայի վերաբերյալ, մարդիկ հաճախ խոսում են տեխնիկայի զարգացման մասին։ Նաև քննարկում են, թե արդյոք դա կազատի բժիշկներին իրենց ամենօրյա գործերից, որպեսզի վերջիններս կարողանան ավելի շատ ժամանակ տրամադրել յուրաքանչյուր հիվանդին և անհատական մոտեցում ցուցաբերել նրանց։ Բժիշկների ապագան, անշուշտ, սերտորեն կապված է ավելի գլոբալ մեկ ուրիշ հարցի հետ՝ ինչպիսի՞ն կլինի մարդկության ապագան։ Այս հարցի վրա լույս են սփռում աստվածաշնչյան երկու գրքեր, որոնք պատմում են Հիսուսի և նրա առաքյալների կյանքը։ Երկուսն էլ գրի են առնվել բժշկի կողմից։
Իսկ ինչո՞ւ է կարևոր ծանոթանալ այն բանին, թե այդ պատմությունների վերաբերյալ ինչ կարծիք է հայտնում բժիշկը։ Ի՞նչ են դրանք ցույց տալիս բժիշկների և հիվանդների ապագայի առնչությամբ։ Ինչո՞ւ են որոշ բժիշկներ սպասում այն ժամանակվան, երբ իրենց մասնագիտության կարիքը այլևս չի լինի։
Բժիշկներից շատերը ուշադիր մարդիկ են։ Եվ քանի որ վերոհիշյալ երկու գրքերը գրի է առել Ղուկասը, որին անվանում էին ‘սիրելի բժիշկ’, նա մանրամասներ է հայտնում այն բուժումների մասին, որ կատարել են Հիսուսն ու նրա առաքյալները (Կողոսացիս 4։14)։ Ուստի Ղուկասի օգնությամբ մենք կարող ենք պարզել հետևյալ հարցերի պատասխանը. «Արդյո՞ք այդ բուժումներն իսկապես տեղի են ունեցել։ Եթե այո, ապա ի՞նչ է դա նշանակում բժիշկների և հիվանդների համար»։
Բուժումների մասին վկայությունները ստուգված են
Ղուկասը հնարավորություն ուներ ստուգելու վկայություններն այն մասին, որ բուժումները կատարվել են հրաշքով, քանի որ կարող էր հարցնել ականատեսների կարծիքը։ Բացի այդ, նա շատ էր ճանապարհորդել Պողոս առաքյալի հետ, և վերջինս, ամենայն հավանականությամբ, մեծ թվով բուժումներ էր արել հենց Ղուկասի ներկայությամբ։ Քննարկենք այդ բուժումներից երկուսի մասին պատմող արձանագրությունները՝ ուշադրություն դարձնելով այն բանի վրա, թե որքան մանրամասներ է հայտնում դրանք գրի առած բժիշկը։
Պատմություններից մեկում Ղուկասը հայտնում է տեղի ունեցած դեպքի ժամանակը, ամսաթիվը և վայրը։ Շաբաթվա առաջին օրն էր։ Կեսգիշերին մի խումբ քրիստոնյաներ հավաքվել էին հռոմեական Ասիա պրովինցիայի Տրովադա քաղաքում գտնվող մի տան երրորդ հարկում (Գործք 20։4–8)։ Մենք կարդում ենք հետևյալ մանրամասները. «Եւտիքոս անունով մի երիտասարդ պատուհանի վերայ նստած էր. Պօղոսի երկար խօսելու ժամանակ խոր քնի մէջ էր մտել. նա խոր քնով բռնուած տան երրորդ դստիկոնիցը վայր ընկաւ, եւ վեր առնուեցաւ մեռած»։ Պողոսը Աստծու զորությամբ բուժեց երիտասարդի վնասվածքները և նրան նորից կյանքի կոչեց։ Ապա քրիստոնյաները հաց կերան, որից հետո այն պատանուն տարան «կենդանի, եւ անչափ մխիթարուեցան» (Գործք 20։9–12)։
Ղուկասը հայտնում է նաև, որ ինքը Պողոսի հետ է եղել այն ժամանակ, երբ առաքյալը գտնվում էր Մալթայում։ Նրանք հյուրընկալվում էին «կղզու գլխաւորի»՝ Պոպլիոսի տանը, երբ Պողոսը կատարեց իր հաջորդ հրաշքը։ Նա բուժեց մի մարդու, որի կյանքը, այն օրերում, երբ չկային ժամանակակից հակաբիոտիկները, վտանգի տակ էր։ Ղուկասը պատմում է. «Պոպլիոսի հայրը ջերմով եւ թանչքով հիւանդացած պառկած էր. Պօղոսը նորա մօտ մտաւ՝ եւ աղօթք արաւ, եւ ձեռքերը նորա վերայ դրաւ, եւ նորան բժշկեց։ Եւ երբոր այս եղաւ, ուրիշ հիւանդներն էլ որ այն կղզումը կային, գալիս էին եւ բժշկվում» (Գործք 28։7–9)։
Ի՞նչը համոզեց բժշկին
Երբ Աստվածաշնչի «Գործք» գրքում Ղուկասը գրի էր առնում իր արձանագրությունները, ընթերցողները հնարավորություն ունեին ստուգելու նրա պատմածները՝ խոսելով ականատեսների հետ։ Իսկ իր անունը կրող աստվածաշնչյան գրքում հայտնած տեղեկությունների մասին Ղուկասը գրեց. «Ես .... սկզբիցը բոլոր բաներին ճշմարտութիւնով հետեւեցի.... որ իմանաս այ[դ] բաների ստուգութիւնը» (Ղուկաս 1։3, 4)։ Այն, ինչ տեսավ և ուսումնասիրեց բժիշկը, համոզեց նրան, որ Հիսուսը ճշմարտությունն էր ուսուցանում։ Հրաշքով կատարված բուժումները այդ ուսուցման մաս էին կազմում և հիմք էին տալիս հավատալու Աստվածաշնչի այն մարգարեությանը, համաձայն որի՝ Աստված մի օր վերջ կդնի հիվանդություններին (Եսայիա 35։5, 6)։ Քանի որ Ղուկասը բժիշկ էր և սովոր էր տառապանքին, նրան պետք է առանձնապես հաճելի լիներ խորհել այն ժամանակվա մասին, երբ իր մասնագիտության կարիքը այլևս չէր լինի։ Իսկ ձեզ գրավո՞ւմ է այդ հեռանկարը։
Հենց այսպիսի ապագա է սպասում այն մարդկանց, ովքեր սիրում են Աստծուն՝ անկախ այն բանից, թե աշխարհի որ մասում են ապրում նրանք։ Աստվածաշունչը խոստանում է, որ Աստծու Թագավորության օրերում ոչ ոք չի ասելու՝ «ես տկար եմ» (Եսայիա 33։24)։ Ներկայումս ապրող շատ բժիշկներ համոզվել են, որ տրամաբանական հիմք գոյություն ունի հավատալու Աստվածաշնչի խոստումներին։
Դա «անչափ գրավեց ինձ»
«Շատերի նման՝ ես բժշկի մասնագիտությունն ընտրեցի, որպեսզի օգնեմ հիվանդությունների պատճառով տառապող մարդկանց,— ասում է դոկտոր Ջոն Սքիլերը՝ Հյուսիսային Ամերիկայում ապրող մի ընտանեկան բժիշկ։— Հիվանդություններից զերծ աշխարհի հեռանկարը անչափ գրավեց ինձ։ Ես սկսեցի հաճախել Եհովայի վկաների հանդիպումներին այն բանից հետո, երբ քոլեջում ուսումնասիրեցի Արևմուտքի քաղաքակրթության պատմությունը։ Այդ դասերը ցույց տվեցին, որ մարդկանց խնդիրների հիմքում մեծամասամբ ընկած են կրոնները։ Նաև այնպիսի տպավորություն ստացա, որ նրանք անկեղծորեն չեն մեկնում Աստվածաշունչը։ Ուստի ցանկանում էի իմանալ, թե ինչ է իրականում ասում այդ գիրքը։
Եհովայի վկաների Թագավորության սրահում ինձ առաջին հերթին գրավեցին բարեհամբույր մարդիկ, որ ի ուրախություն ինձ՝ տարբերվում էին իմ ծանոթների մեծ մասից։ Վկաներից մեկը մոտեցավ և առաջարկեց այցելել ինձ՝ Աստվածաշունչը քննարկելու նպատակով։ Ինձ մեծապես տպավորեց այն, որ յուրաքանչյուր հարցիս պատասխանը նա տալիս էր Աստվածաշնչից։
Որքան մեծանում եմ, այնքան ավելի եմ գնահատում, որ Եհովայի վկա եմ։ Երբ երիտասարդ բժիշկը սկսում է իր կարիերան, նա հույս ունի, որ ինչ–որ արժեքավոր բան կիրագործի կյանքում։ Բայց ես հաճախ եմ տեսնում, որ մարդիկ հուսախաբ են լինում ու գալիս են այն եզրակացության, որ իրականում այնքան էլ մեծ գործ չեն կատարել։ Կարծում եմ, որ Եհովայի վկա լինելու ամենադրական կողմերից մեկն այն է, որ մենք կյանքում նպատակ ունենք, ինչպես նաև հույս ապագայի հանդեպ։ Ուստի լինենք բժիշկ, արհեստավոր թե հավաքարար՝ գիտենք, որ Աստծուն մատուցված ցանկացած ծառայություն արժեք ունի, քանի որ արվում է Եհովայի համար։ Դա մեծ բավականություն է պատճառում մեզ»։
«Աստվածաշնչյան սկզբունքները կիրառելով՝ մեր ընտանիքը օգուտ քաղեց»
Բժիշկ Կրիստեր Ռենվալը աշխատում և ապրում է Ֆինլանդիայում։ Նա միշտ մեծ հաճույքով է զրուցում մանուկների հետ։ «Մի օր խոսում էի 12–ամյա մի աղջկա հետ, որը մահացու հիվանդ էր քաղցկեղով,— պատմում է նա։— Այդ աղջիկը ինձ մի գիրք տվեց՝ «Ճշմարիտ խաղաղություն և անվտանգություն. ո՞ր աղբյուրից»a վերնագրով։ Հավատի մասին վկայող այն խոսքերը, որ նա ասում էր՝ մահվան շեմին լինելով հանդերձ, տպավորեցին ինձ, բայց ես ժամանակ չգտա կարդալու գիրքը։ Այդ ընթացքում ես աշխատում էի Հելսինկիի հիվանդանոցներից մեկում և այնքան ծանրաբեռնված էի, որ դա շատ վատ էր անդրադառնում իմ ընտանեկան կյանքի վրա։
Որոշ ժամանակ անց, սակայն, կինս գրադարակի վրայից վերցրեց այդ գիրքը և սկսեց կարդալ։ Նա անմիջապես համոզվեց, որ իր ընթերցածը ճշմարտություն է։ Եհովայի վկաներից մեկը այցելեց կնոջս և սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել նրա հետ։ Սկզբում կինս մի փոքր վախենում էր հայտնել ինձ այդ մասին։ Բայց երբ ի վերջո տեղյակ պահեց, պատասխանեցի. «Ցանկացած բան, որ կօգնի մեր ընտանիքին, ընդունելի է»։ Ես սկսեցի մասնակցել ուսումնասիրությանը։ Աստվածաշնչյան սկզբունքները կիրառելով՝ մեր ընտանիքը օգուտ քաղեց։ Մենք սկսեցինք նորովի նայել կյանքին։ Ես մեծ ուրախությամբ իմացա այն հեռանկարի մասին, որ կգա մի օր, երբ հիվանդությունները կվերանան աշխարհից. այն, որ Աստված նման նպատակ ունի մարդկանց առնչությամբ, միանգամայն բնական էր թվում ինձ։ Շուտով ես ու կինս մկրտվեցինք։ Ի վերջո, այդ քայլը կատարեցին նաև մեր ընտանիքի մնացած անդամները։ Այն փոքրիկ աղջիկը, որ խոսել էր ինձ հետ, մահացավ, բայց նրա հավատը շարունակեց ապրել»։
Արագորեն փոխվող մեր աշխարհում կյանքը ավելի շատ սթրեսներ է պատճառում բժիշկներին։ Ուստի հանուն հիվանդների նրանց արած զոհողությունները իսկապես արժանի են գովասանքի։ Սակայն սրընթաց մոտենում է այն ժամանակը, երբ մի մեծ փոփոխություն տեղի կունենա, որի նմանը երբեք չի եղել պատմության մեջ։ Շատ բժիշկներ այսօր վստահությամբ սպասում են այն ապագային, որը խոստանում է Աստվածաշունչը. նրանք ակնկալում են տեսնել աշխարհը՝ առանց հիվանդությունների (Յայտնութիւն 21։1–4)։ Սա այնպիսի մի թեմա է, որն արժե անձամբ հետազոտել։
[Ծանոթագրություն]
a Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։
[Շրջանակ 10–րդ էջի վրա]
«ԵՍ ՀԱՍԿԱՑԱ, ՈՐ ԿՅԱՆՔՆ ԻՄԱՍՏ ՈՒՆԻ»
«Խեղանդամ դպրոցականների հետ աշխատելիս նկատեցի, թե ուրիշներից որքան են տարբերվում այն ծնողները, ովքեր Եհովայի վկաներ են։ Ինչպես երևում էր, նրանք շատ ավելի լավ են հաղթահարում խեղանդամ երեխա ունենալու հետ կապված դժվարությունները, քան նույն վիճակում գտնվող մյուս ծնողները։ Ես նկատեցի նաև, որ նրանք ավելի լայն մտահորիզոն ունեն, քան կարելի է ակնկալել նրանց մասնագիտությունն ունեցող մարդկանցից։ Ինձ հիացմունք էր պատճառում նրանց հավատը։ Մինչդեռ իմ հավատը գրեթե ոչնչացվել էր էվոլյուցիայի տեսությունը դասավանդած ուսուցիչների կողմից։ Այնուամենայնիվ, բժշկական կրթություն ստանալիս կյանքի ծագման երևույթը հանելուկ մնաց ինձ համար։
Միևնույն ժամանակ սկսեցի հասկանալ, որ չգիտեմ, թե ինչպես պետք է դաստիարակեմ երեխաներիս։ Ի՞նչը պետք է արգելեմ, ի՞նչը թույլ տամ։ Կյանքում ի՞նչ ճանապարհ ցույց տամ նրանց, երբ իմ կյանքն անիմաստ էր։ Ես նույնիսկ սկսեցի աղոթել օգնության համար։
Եվ այդ օգնությունը եկավ, երբ Եհովայի վկաները ինձ մի պարբերագիր բերեցին այն մասին, թե ինչպես շտկել երեխաների մտածելակերպը և սիրով դաստիարակել նրանց։ Այնտեղ ներկայացված աստվածաշնչյան սկզբունքները իսկապես օգտակար էին։ Այդ պատճառով էլ ընդունեցի Վկաների առաջարկը ինձ հետ Աստվածաշունչ ուսումնասիրելու վերաբերյալ։ Երբ իմացա, թե ինչու է Եհովան ստեղծել կյանքը, և թե ինչու է Հիսուսը մահացել, հասկացա, որ կյանքն իմաստ ունի (Յովհաննէս 3։16; Հռովմայեցիս 5։12, 18, 19)։ Էվոլյուցիայի տեսությունը աղավաղել էր իմ մտածելակերպը։ Բայց երբ սովորեցի, որ հիվանդությունն ու մահը չէին մտնում Աստծու սկզբնական նպատակի մեջ, ազատ շունչ քաշեցի։ Այսօր ես մեծ բավականությամբ եմ պատմում մարդկանց այն մասին, որ Աստված շուտով կբուժի բոլոր հիվանդությունները»։
[Նկար]
Հելենա Բաուհիսը աշխատել է որպես դպրոցականների բժիշկ Նիդեռլանդներում
[Նկար 9–րդ էջի վրա]
Ղուկասը, որ բժիշկ էր և Աստվածաշունչը արձանագրողներից մեկը, Պողոսի ուղեկիցն էր այն ժամանակ, երբ առաքյալը բուժեց Պոպլիոսի հորը և հարություն տվեց Եվտիքոսին
[Նկարներ 10–րդ էջի վրա]
Բժիշկ Ջոն Սքիլեր, ԱՄՆ
Բժիշկ Կրիստեր Ռենվալ, Ֆինլանդիա