Աստվածաշնչի տեսակետը
Արդյո՞ք ամուսնալուծվելը ելք է
ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅՈՒՄ կրոնական սպասավորը ողջունում է հավաքվածներին, որոնք եկել են ներկա լինելու մի արարողության։ Նրա առջև կանգնած է մի զույգ՝ շրջապատված մտերիմ ընկերներով ու երեխաներով։ Եվս մեկ երջանիկ ամուսնությո՞ւն։ Ամենևի՛ն։ Այս արարողությունը նշանավորում է նրանց ամուսնության վերջը։ Այո, ամուսնալուծությունը այն աստիճան է սովորական երևույթ դարձել, որ որոշ եկեղեցիներ նույնիսկ ամուսնալուծության արարողություններ են անում։
Մտադիր եք ամուսնալուծվե՞լ։ Եթե այո, ապա ի՞նչ եք կարծում, արդյո՞ք ձեր ամուսնությանը վերջ դնելով ավելի երջանիկ կյանքի կհասնեք։ Իսկ կա՞ն գործնական քայլեր, որոնք կարող են նպաստել ձեր ամուսնական երջանկությանը։
«Մէկ մարմին կ’լինին»
Երբ առաջին մարդիկ ամուսնացան, Աստված ասաց, որ տղամարդը «կ’թողէ իր հայրը եւ իր մայրը, եւ կ’յարի իր կնոջը. եւ մէկ մարմին կ’լինին» (Ծննդոց 2։24)։ Ուստի ամուսնությունը պետք է մշտական կապ լիներ։ Ահա թե ինչու Հիսուսն ասաց, որ ‘պոռնկությունը’ միակ սուրբգրային հիմքն է, ըստ որի անհատը կարող է ամուսնալուծվել և ուրիշ անհատի հետ ամուսնանալ (Մատթէոս 19։3–9)։a
Այս ամենը ընդգծում է ամուսնական հավատարմության կարևորությունը։ Բայց ի՞նչ կարող եք անել, եթե ձեր ամուսնական խնդիրները շատ լուրջ են։
Ամուսնալուծվելը իմաստո՞ւն քայլ է
Հիսուսը տվեց մի սկզբունք, որը կարող է օգնել մեզ քննել մեր գործերը։ Նա ասաց. «Իմաստութիւնն արդարացաւ իր որդիներիցը [«գործերով», ՆԱ]» (Մատթէոս 11։19)։ Այսօր անհիմն ամուսնալուծությունները պատկառելի թիվ են կազմում։ Ինչի՞ մասին են վկայում դրանց հետևանքները։
«Ամուսնալուծության օգուտները գերագնահատվել են»,— ասում է Չիկագոյի համալսարանի պրոֆեսոր, սոցիոլոգ Լինդա Վեյթը, որը գլխավորել է դժբախտ ամուսնությունները հետազոտող փորձագետների մի խումբ։ Իսկ Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր Մայքլ Արգայլը, 11 տարի վերլուծելով հազարավոր մարդկանց տված պատասխանները, եկավ այն եզրակացության, որ «հասարակության ամենադժբախտ մարդիկ նրանք են, ովքեր ամուսնալուծված են կամ անջատ են ապրում»։ Ինչո՞ւ է դա այդպես։
Թեպետ ամուսնալուծությունը կարող է լուծել որոշ խնդիրներ, այնուամենայնիվ այն իր ետևից կարող է բերել նաև բազմաթիվ ցավալի դեպքեր, որոնց վրա դուք թերևս չկարողանաք իշխանություն ունենալ։ Օրինակ՝ հետազոտությունները ցույց են տալիս, որ ամուսնալուծությունը սովորաբար չի թուլացնում դեպրեսիան կամ ավելացնում անհատի ինքնահարգանքը։
Նույնիսկ եթե ձեր ամուսնությունը «կատարյալ» չէ, կողակցին ‘հարելը’ կարող է օգուտներ բերել։ Շատերը, ովքեր վճռել են այդպես վարվել, իսկապես երջանիկ են ամուսնության մեջ։ Պրոֆեսոր Վեյթն ասում է. «Ժամանակի ընթացքում բազմաթիվ խնդիրներ են լուծվում, և ամուսինները սկսում են իրենց ավելի երջանիկ զգալ»։ Ինչպես մի ուսումնասիրություն է վկայում, ամուսնության մեջ «խիստ դժբախտ», բայց ամուսնալուծությունից խուսափող 10–ը անհատներից գրեթե 8–ը հինգ տարի անց իրեն համարել է «ամուսնության մեջ երջանիկ»։ Նույնիսկ եթե խնդիրները չափազանց լուրջ են, այնուամենայնիվ ամուսինները լավ կանեն, եթե հապճեպորեն վերջ չդնեն իրենց ամուսնությանը։
Գործնական քայլեր
Նրանք, ովքեր մտադիր են ամուսնալուծվել, պետք է իրենք իրենց հարց տան. «Արդյոք իրակա՞ն են իմ ակնկալիքները ամուսնությունից»։ Լրատվամիջոցներով գովազդվում են այնպիսի ռոմանտիկ հարաբերություններ, որոնց գագաթնակետը ճոխ հարսանեկան հանդիսություններն են, ու որոնք երջանիկ ավարտ են ունենում, ինչպես լինում է հեքիաթներում։ Այնինչ հարսանիքից հետո, երբ անիրական ակնկալիքներն անկատար են մնում, ծնունդ առած հիասթափությունը կարող է ամուսնական կոնֆլիկտների կրակի վրա յուղ լցնել։ Հարաբերությունները գնալով ավելի են լարվում, և վիրավորված զգացմունքները սկսում են գերիշխել։ Սերը թառամում է, և նրա տեղը գրավում է բարկությունն ու ատելությունը։ Ահա այսպիսի հանգամանքներում ոմանք մտածում են, որ միակ ելքը ամուսնալուծվելն է (Առակաց 13։12)։
Թույլ մի տուր, որ բացասական զգացումներն իշխեն քո տեսակետի վրա։ Դրա փոխարեն՝ ընկերակցիր այնպիսի մարդկանց հետ, ովքեր շատ մեծ նշանակություն են տալիս ամուսնական հավատարմությանը։ Քրիստոնյաներին հորդոր է տրվում. «Իրար մխիթարեցէք, եւ իրար շինութիւն տուէք» (Ա Թեսաղոնիկեցիս 5։11)։ Անշուշտ, նրանք, ում ամուսնությունը լի է պրոբլեմներով, կարիք ունեն իրենց հավատակիցների քաջալերանքին։
Աստվածահաճո հատկություններ դրսևորելը կարևոր է
«Հագէք.... ողորմասիրտ գթածութիւն, քաղցրութիւն, խոնարհութիւն, հեզութիւն, երկայնմտութիւն»,— հորդորեց Պողոս առաքյալը (Կողոսացիս 3։12)։ Աստվածահաճո հատկություններ դրսևորելը կարող է պաշտպանել ամուսնական միությունը փոթորկալից ժամանակներում։
Օրինակ՝ Պողոսը գրեց. «Իրար համբերելով եւ իրար ներելով, եթէ մէկը միւսի դէմ տրտունջ ունենայ» (Կողոսացիս 3։13)։ Միչիգանի համալսարանի հոգեբան Քրիստոֆեր Պետերսոնն ասում է. «Ներողամտությունն այն հատկությունն է, որը ամենասերտ ձևով է կապված երջանկության հետ»։
Քաղցրությունը, քնքշությունը և ներողամտությունը առաջնորդում են սիրո, որը միասնության կատարյալ կապն է (Կողոսացիս 3։14, ՆԱ)։ Ամենայն հավանականությամբ, ժամանակին ձեր ամուսնության մեջ սեր է եղել։ Կարո՞ղ եք վերստին ձեռք բերել այդ սերը։ Ինչքան էլ ծանր լինեն ձեր հանգամանքները, մի՛ հուսալքվեք։ Ամեն ինչ կորած չէ։ Այո՛, միմյանց ‘հարելը’ ու աստվածաշնչյան սկզբունքները կիրառելը կարող է ձեզ երջանիկ դարձնել, այն աստիճան երջանիկ, որ դուք թերևս չեք էլ պատկերացնում։ Այս հարցում ջանքեր թափելով՝ դուք կուրախացնեք Եհովա Աստծուն՝ ամուսնության Հիմնադրին (Առակաց 15։20)։
[Ծանոթագրություններ]
a Եհովայի վկաների քրիստոնեական ժողովը հարգում է անմեղ կողակցի՝ որոշում կայացնելու իրավունքը՝ ամուսնալուծվե՞լ շնություն գործած ամուսնուց, թե՝ ոչ։ Տե՛ս «Արթնացե՛ք», ապրիլի 22, 1999 թ., էջ 5–9 (ռուս.)։