Կարծեցին, թե իրենց հովիվն է
Չիլիում Օսմանն իր կնոջ և դստեր հետ ցուցատախտակով վկայություն էր տալիս մի գերեզմանատան մոտակայքում։ Հանկարծ թաղման մի մեծ թափոր եկավ բարձր երաժշտության ուղեկցությամբ։ Մարդկանցից ոմանք սխալմամբ կարծեցին, թե Օսմանը իրենց ավետարանական եկեղեցու հովիվներից է, ուստի մոտեցան նրան, գրկախառնվեցին և բացականչեցին. «Շնորհակալությո՛ւն, որ ժամանակին եկաք։ Մենք սպասում էինք ձեզ»։
Թեև Օսմանը փորձեց բացատրել, որ թյուրիմացություն է եղել, սակայն ամբոխը այնպիսի աղմուկ էր բարձրացրել, որ ոչ ոք չլսեց նրա խոսքերը։ Րոպեներ անց, երբ մարդիկ գնացին գերեզմանատուն, մի քանիսը վերադարձան և նրան ասացին. «Մենք ձեզ ենք սպասում գերեզմանատանը»։
Երբ աղմուկը դադարեց, Օսմանը վերջապես կարողացավ բացատրել, թե ով է ինքը և ինչու է այդտեղ։ Սկզբում մարդիկ դժգոհեցին, որ իրենց հովիվը չէր եկել, իսկ հետո Օսմանին հարցրին. «Կգա՞ք՝ Աստվածաշնչից մի քանի բառ ասեք հավաքվածների համար»։ Օսմանը համաձայնեց։
Գերեզման տանող ճանապարհին նա հարցեր տվեց հանգուցյալ կնոջ մասին և մտածեց, թե ինչ աստվածաշնչյան համարների մասին կարող է խոսել։ Երբ տեղ հասան, Օսմանը ներկայացավ ամբոխին և բացատրեց, որ լինելով Եհովայի վկա՝ բարի լուր է հռչակում։
Ապա նա կարդաց Հայտնություն 21։3, 4 և Հովհաննես 5։28, 29 համարները և բացատրեց, որ Աստծու նպատակների մեջ մահը երբեք չի եղել։ Օսմանն ասաց, որ Աստված շուտով հարություն է տալու մահացածներին, և նրանք երկրի վրա հավիտյան ապրելու հեռանկար են ունենալու։ Երբ նա ավարտեց խոսքը, շատերը ջերմորեն գրկախառնվեցին նրա հետ և ասացին, որ շնորհակալ են «Եհովայի հայտնած բարի լուրի» համար։ Դրանից հետո Օսմանը վերադարձավ ցուցատախտակի մոտ։
Հուղարկավորությունից հետո սգացող մարդկանցից մի քանիսը մոտեցան ցուցատախտակին և Օսմանին ու նրա ընտանիքին Աստվածաշնչի վերաբերյալ հարցեր տվեցին։ Երկար զրույցից հետո նրանք հեռացան՝ իրենց հետ վերցնելով ցուցատախտակի վրա եղած գրեթե ողջ գրականությունը։