ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ
Ուրախություն գտիր բարի լուրը քարոզելու գործում
Երբևիցե դժվարացե՞լ ես քարոզել։ Շատերս այս հարցին կպատասխանենք՝ այո՛։ Բայց ինչո՞ւ է այդպես։ Հնարավոր է՝ մեր տարածքում հաճախ ենք բախվում անտարբերության կամ թշնամանքի։ Կամ էլ գուցե վախենում ենք անծանոթների հետ խոսելուց։ Ինչ խոսք, նման բաների պատճառով թերևս կորցնենք մեր ուրախությունը։ Մենք երկրպագում ենք «երջանիկ Աստծուն», ով ցանկանում է, որ ծառայենք իրեն ուրախությամբ (Սղ 100։2; 1Տմ 1։11)։ Այժմ տեսնենք, թե ուրախությամբ քարոզելու ինչ երեք պատճառ ունենք։
Առաջին՝ մեր հայտնած լուրը մարդկանց հույս է տալիս։ Այսօր շատերը անհույս վիճակում են, բայց մենք կարող ենք նրանց սիրտը հույսով լցնել՝ պատմելով «բարի լուր.... լավագույն բաների մասին» (Ես 52։7)։ Աստծու Թագավորության մասին բարի լուրը մեզ էլ կարող է ուրախություն պարգևել։ Նախքան դուրս կգաս քարոզելու, խորհրդածիր այն օրհնությունների մասին, որ Աստծու Թագավորությունը բերելու է երկրի վրա։
Երկրորդ՝ մեր հայտնած բարի լուրը մարդկանց օգնում է և՛ ֆիզիկական, և՛ հոգևոր առումով։ Օրինակ՝ նրանք ձերբազատվում են վնասակար սովորություններից, ինչպես նաև հավիտենական կյանքի հեռանկար են ձեռք բերում (Ես 48։17, 18; Հռ 1։16)։ Մեր ծառայությունը կարելի է նմանեցնել որոնողափրկարարական աշխատանքի։ Եվ անգամ երբ որոշ մարդիկ չեն ցանկանում ընդունել մեր օգնությունը, մենք, միևնույնն է, շարունակում ենք փնտրել նրանց, ովքեր ուզում են փրկվել (Մթ 10։11–14)։
Երրորդ և ամենից կարևոր պատճառն այն է, որ մեր քարոզչական գործը փառք է բերում Եհովային։ Նա շատ բարձր է գնահատում վկայություն տալու գործում մեր թափած ջանքերը (Ես 43։10; Եբ 6։10)։ Ավելին, Աստված առատորեն տալիս է իր սուրբ ոգին, որպեսզի կարողանանք կատարել մեր ծառայությունը։ Իսկ սուրբ ոգու պտղի հատկություններից է ուրախությունը (Գղ 5։22)։ Հետևաբար աղոթիր Եհովային, որ նա քեզ ուրախություն տա։ Նրա օգնությամբ կարող ենք հաղթահարել մեր անհանգստություններն ու վախերը և համարձակությամբ քարոզել (Գրծ 4։31)։ Այսպիսով, մենք ուրախություն կստանանք մեր ծառայությունից՝ անկախ նրանից, թե մարդիկ ինչպես կարձագանքեն մեր հայտնած լուրին (Եզկ 3։3)։
Ի՞նչ տրամադրվածություն կուզես ունենալ քարոզչական գործում։ Ինչի՞ց կերևա, որ ուրախությամբ ես ծառայում։
ԴԻՏԵՔ «ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԽՈՐՀՐԴԱԾՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ ՎԵՐԱԳՏԻՐ ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆԴ» ՏԵՍԱՆՅՈՒԹԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԵՔ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՐՑԵՐԻՆ.
Ինչո՞ւ պետք է հոգևորապես սնվելուն առաջնահերթություն տանք, նույնիսկ եթե շատ ժամանակ ենք տրամադրում քարոզելուն։
Ի՞նչ առումով պետք է ընդօրինակենք Մարիամին։
Անձամբ դու ե՞րբ ես ժամանակ հատկացնում Աստծու Խոսքի շուրջ խորհրդածելուն։
Քարոզելու գործում ի՞նչն է քեզ ուրախություն պատճառում։