Քարոզարշավ, որն արդյունքներ է բերում
Մարզային համաժողովից երեք շաբաթ առաջ ժողովները կանցկացնեն քարոզարշավ և իրենց տարածքի բնակիչներին կհրավիրեն համաժողով։ Արժե՞ անցկացնել այդպիսի քարոզարշավ։ Այն մարդիկ, ովքեր ընդունում են հրավերը և գալիս են համաժողով, սովորաբար տպավորվում են աստվածաշնչյան ելույթներից, լավ կազմակերպված աշխատանքներից, որ անում են կամավորները համաժողովի տարբեր բաժիններում, ինչպես նաև մեր լավ վարքից ու միասնությունից (Սաղ. 110։3; 133։1; Ես. 65։13, 14)։ Իսկ արժե՞ քարոզարշավ անցկացնել այն տարածքներում, որոնք բավական հեռու են համաժողովի անցկացման վայրից։
2011թ.-ին անցկացված մարզային համաժողովից հետո մասնաճյուղերից մեկը նամակ ստացավ մի կնոջից, որն իր տան դռան մոտ հրավիրատոմս էր գտել։ Սովորաբար նա դուռը չէր բացում, երբ Եհովայի վկաներն էին թակում։ Նա գրում է. «Ես ունեի գեղեցիկ տուն, հիանալի ամուսին և կարծես ամեն ինչ ունեի երջանիկ լինելու համար։ Բայց իրականում երջանիկ չէի, և կյանքս որևէ իմաստ չուներ։ Ուստի որոշեցի մասնակցել շաբաթ օրվա ծրագրին՝ չնայած որ պետք է մեքենայով 320 կիլոմետր ճանապարհ անցնեի»։ Համաժողովն այնքան էր դուր եկել կնոջը, որ նա զանգահարել էր ամուսնուն և ասել, որ մտադիր է մնալ և կիրակի օրվա ծրագրին նույնպես ներկա լինել։ «Ես լսեցի բոլոր ելույթները, շփվեցի բազմաթիվ Վկաների հետ։ Զգացի, որ չեմ ուզում՝ այդ ամենը վերջանա»։ Տուն վերադառնալով՝ նա սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել և չորս ամիս անց դարձավ չմկրտված քարոզիչ։ «Այնքան ուրախ եմ, որ գտա այդ հրավիրատոմսը, որովհետև կյանքս այժմ իսկական իմաստ ունի»,— ասում է կինը։
Հրավիրատոմս վերցրած մարդկանցից ոմանք, անշուշտ, կգան համաժողով։ Ուստի եռանդորեն մասնակցիր այս կարևոր քարոզարշավին։ Եթե քարոզարշավից հետո հրավիրատոմսեր մնան, դրանք քեզ հետ բեր համաժողովի քաղաք և ոչ պաշտոնական վկայություն տուր դրանցով։
[շրջանակ 5-րդ էջի վրա]
Ինչպե՞ս ենք առաջարկելու հրավիրատոմսը
Որպեսզի ամբողջ տարածքը հասցնենք մշակել, գուցե հարկ լինի կարճ խոսել։ Օրինակ՝ կարող ենք ասել. «Բարև ձեզ։ Այս հրավիրատոմսը տարածվում է ամբողջ աշխարհում։ Ահա ձեր հրավիրատոմսը։ Ավելի մանրամասն գրված է այստեղ»։ Խոսիր խանդավառությամբ։ Երբ հրավիրատոմսերը տարածում ես շաբաթ և կիրակի օրերին, հարկ եղած դեպքում առաջարկիր նաև ամսագրեր։