«Իմաստությունը արդարացվում է իր գործերով»
1. Ինչպե՞ս են ոմանք ընկալում մեր գործը։
1 Երբեմն գուցե բացասական արձագանքներ լսենք այն տանտերերից, որոնք սխալ են հասկանում մեզ կամ էլ ոչ ճիշտ տեղեկություններ ունեն Եհովայի վկաների մասին։ Թերևս նրանց տեսակետը հիմնված է ապատեղեկատվության վրա։ Որոշ վայրերում մեզ նույնիսկ անվանում են «վտանգավոր աղանդ»։ Ինչպե՞ս պետք է վարվենք նման իրավիճակներում։
2. Ի՞նչը կօգնի, որ չվհատվենք, երբ մեզ չարախոսում են։
2 Դրական տրամադրվածություն պահպանիր։ Հիսուսին, ինչպես նաև առաջին դարի քրիստոնյաներին հաճախ սխալ էին հասկանում և չարախոսում էին (Գործ. 28։22)։ Սակայն նրանք ամաչելու պատճառ չունեին։ Հիսուսն ասաց. «Իմաստությունը արդարացվում է իր գործերով» (Մատթ. 11։18, 19)։ Նա շարունակեց եռանդորեն կատարել իր Հոր կամքը՝ վստահ լինելով, որ ճշմարտությունը փնտրող մարդիկ կհասկանան, թե ինչ մեծ արժեք ունի բարի լուրը։ Մենք չենք վհատվի, եթե հիշենք, որ Աստծու Որդին էլ վատ վերաբերմունքի արժանացավ։
3. Ինչո՞ւ բացասական լուրերն ու հակառակությունը չպետք է զարմացնեն մեզ։
3 Քրիստոսն ասաց, որ աշխարհը, ինչպես որ իրեն ատեց, այնպես էլ ատելու է իր հետևորդներին (Հովհ. 15։18–20)։ Ուստի մենք չենք զարմանում, երբ մեր մասին բացասական լուրեր են տարածում կամ հակառակվում են մեզ։ Ավելին, նման բաները հաճախակի կդառնան, որքան ավելի մոտենա այս համակարգի վախճանը և ուժեղանա Բանսարկուի բարկությունը (Հայտն. 12։12)։ Անչափ ուրախ ենք, որ Սատանայի աշխարհը շուտով կկործանվի։
4. Ինչպե՞ս պետք է վարվենք, եթե քարոզելիս բացասական արձագանքի հանդիպենք։
4 Պատասխանիր բարյացակամորեն։ Երբ բացասական արձագանքի ենք հանդիպում, միշտ պետք է պատասխանենք բարյացակամորեն և մեղմությամբ (Առակ. 15։1; Կող. 4։5, 6)։ Եթե հանգամանքները թույլ են տալիս, և տանտերն անկեղծ է, բացատրիր, որ Եհովայի վկաների մասին բազմաթիվ սխալ տեղեկություններ են տարածված, կամ հարցրու, թե ինչու է նա այդպես մտածում։ Մեր մեղմ պատասխանը կարող է մղել նրան այլ տեսանկյունից նայելու մեր մասին իր իմացած տեղեկություններին և հաջորդ անգամ լսելու Վկաներին, երբ նրանք այցելեն իրեն։ Իսկ եթե տանտերը շատ բարկացած է, լավ կլինի քաղաքավարի հեռանալ։ Մենք կարող ենք վստահ լինել, որ, անկախ մարդկանց տեսակետից, Եհովան բարձր է գնահատում մեր ծառայությունը (Ես. 52։7)։