Շարունակիր լավագույնը տալ Եհովային
1. Ի՞նչը կարող է մտահոգել հավատարիմ քրիստոնյային։
1 Մտահոգվա՞ծ ես, որ տարիքի, հիվանդության կամ ընտանիքում ավելի շատ պատասխանատվություններ ունենալու պատճառով չես կարողանում առաջվա պես շատ ծառայել Եհովային։ Հնարավոր է՝ դա քեզ վհատեցնում է։ Մի քույր, որն ունի երեք երեխա, գրեց, որ երբեմն մեղավորության զգացում է ունենում, քանի որ այժմ, երբ շատացել են ընտանեկան պարտականությունները, ավելի քիչ է ծառայում։ Ի՞նչը կօգնի մեզ իրատես լինելու։
2. Ի՞նչ է Եհովան սպասում մեզնից։
2 Ի՞նչ է Եհովան սպասում մեզնից։ Անկասկած, յուրաքանչյուրս ցանկանում է ավելին անել ծառայության մեջ։ Սակայն մի բան է ցանկանալ անել և բոլորովին այլ բան՝ կարողանալ անել։ Այն փաստը, որ ցանկանում ենք ավելին անել, ցույց է տալիս, որ ինքնագոհ չենք։ Պետք է հիշենք, որ Եհովան շատ լավ գիտի մեր հնարավորությունները և չի պահանջում ավելին, քան կարող ենք ողջամտության սահմաններում անել (Սաղ. 103։13, 14)։ Ի՞նչ է նա սպասում մեզնից։ Եհովան ուզում է, որ իրեն ծառայենք ամբողջ հոգով և տանք մեր լավագույնը (Կող. 3։23)։
3. Ինչպե՞ս կարող ենք որոշել, թե ինչ և որքան կարող ենք անել ծառայության մեջ։
3 Ինչպե՞ս կարող ենք որոշել, թե ինչ և որքան կարող ենք անել ծառայության մեջ։ Օրինակ՝ կարող ենք աղոթել Եհովային, որ օգնի մեզ իրատեսորեն նայելու մեր իրավիճակին (Սաղ. 26։2)։ Վստահելի և հասուն քրիստոնյա ընկերը, որը լավ է ճանաչում մեզ և չի վախենում անհրաժեշտության դեպքում խորհուրդ տալ, նույնպես կարող է օգնել (Առակ. 27։9)։ Հիշենք նաև, որ ժամանակի ընթացքում մեր հանգամանքները փոխվում են, ուստի լավ կլինի պարբերաբար քննել դրանք (Եփես. 5։10)։
4. Ինչի՞ համար են ծառայության վերաբերյալ տրված սուրբգրային հիշեցումները։
4 Ինչի՞ համար են հիշեցումները։ Մրցավազքի ժամանակ հանդիսականները հաճախ քաջալերական բացականչություններ են անում։ Նպատակը վազորդներին օգնելն է հասնելու իրենց նպատակակետին և ոչ թե նրանց վհատեցնելու։ Նման ձևով, «խոսքը հրատապության զգացումով քարոզելու» մասին սուրբգրային այն հորդորներն ու հիշեցումները, որոնք տրվում են մեր հանդիպումների ժամանակ ու հրատարակությունների միջոցով, մեր օգտի համար են և ոչ թե նշանակում են, որ մենք բավականաչափ ջանքեր չենք գործադրում ծառայության մեջ (2 Տիմոթ. 4։2)։ Կարող ենք վստահ լինել, որ քանի դեռ ձգտում ենք լավագույնն անել, Եհովան հաճույքով կհիշի մեր «աշխատանքը և սերը» (Եբր. 6։10)։