Հիշեցումներ մարզային համաժողովի վերաբերյալ
◼ Ծրագրի ժամերը։ Բոլոր երեք օրերին ծրագիրը կսկսվի ժամը 9։20–ին։ Դռները կբացվեն ժամը 8։00–ին։ Երբ հնչեն Թագավորության մեղեդիները, բոլորս պետք է զբաղեցնենք մեր տեղերը, որպեսզի ծրագիրը սկսվի ժամանակին։ Առաջին ու երկրորդ օրերին ծրագիրը կավարտվի ժամը 16։55–ին, իսկ վերջին օրը՝ ժամը 15։40–ին։
◼ Կայանատեղեր։ Համաժողովի անցկացման այն վայրերում, որտեղ կայանատեղերը մեր հսկողության տակ կլինեն, մեքենաները կկայանվեն անվճար։ Քանի որ սովորաբար տեղերը սահմանափակ են, լավ կլինի, որ մեկ մեքենայով գան մի քանի հոգի, որպեսզի հնարավորինս նվազի մեքենաների քանակը։
◼ Տեղեր պահելը։ Տեղեր կարելի է զբաղեցնել միայն նրանց համար, ովքեր քեզ հետ նույն փոխադրամիջոցով են գալիս համաժողով կամ ապրում են նույն տանը, ինչպես նաև նրանց համար, ում հետ այժմ Աստվածաշունչ ես ուսումնասիրում (1 Կորնթ. 13։5)։
◼ Ընդմիջում։ Խնդրում ենք, քեզ հետ ուտելիք բեր համաժողովի վայր, որպեսզի ընդմիջմանը դուրս չգաս մթերք գնելու նպատակով։ Կարելի է գործածել փոքրիկ սառնարան–պայուսակ, որը կտեղավորվի նստարանի տակ։ Զբոսախնջույքների համար նախատեսված մեծ սառնարան–պայուսակներ և ապակե տարաներ չի թույլատրվում բերել համաժողովի վայր։
◼ Նվիրաբերություններ։ Մարզային համաժողովի կազմակերպչական աշխատանքների համար մեր խոր գնահատանքը կարող ենք ցույց տալ՝ կամավոր նվիրաբերություններ անելով համաշխարհային գործի համար Թագավորության սրահում կամ համաժողովի անցկացման վայրում։
◼ Դժբախտ պատահարներ և արտակարգ իրավիճակներ։ Եթե համաժողովի վայրում ինչ–որ մեկի առողջական վիճակը կտրուկ վատանա, խնդրում ենք դիմել առաջին իսկ սպասարկուին, որն անհապաղ կտեղեկացնի առաջին օգնության բաժնին։ Այդ բաժնի անձնակազմը կգնահատի իրավիճակի լրջությունը և օգնություն ցույց կտա։ Անհրաժեշտության դեպքում նրանք կզանգահարեն շտապ օգնություն։ Այս առաջնորդությանը հետևելը կնպաստի այն բանին, որ արտակարգ իրավիճակներով զբաղվող ծառայությունները չստանան բազմաթիվ զանգեր բջջային հեռախոսներից չնչին հարցերի վերաբերյալ։
◼ Կոշիկներ։ Ամեն տարի պատվիրակներից ոմանք անհարմար կոշիկների պատճառով վնասվածքներ են ստանում։ Ճիշտ կլինի ընտրել համեստ ու հարմար կոշիկներ, որպեսզի կարողանաս անվտանգ բարձրանալ ու իջնել աստիճաններով, քայլել անհարթ և նման այլ մակերեսների վրայով։
◼ Ձայնագրում։ Չի կարելի ձայնագրիչներ միացնել համաժողովի անցկացման վայրի էլեկտրացանցին կամ ձայնային համակարգին։ Դրանք կարող ես օգտագործել միայն այնպես, որ չշեղես ուրիշների ուշադրությունը։
◼ Մանկասայլակներ և ծալվող աթոռներ։ Համաժողովի վայր չպետք է բերել մանկասայլակներ և ծալվող աթոռներ։ Սակայն համաժողով կարելի է բերել երեխաների համար նախատեսված նստելու հատուկ հարմարանք, որը հնարավոր է ապահով դնել նստարանին՝ ծնողների կողքին։
◼ Օծանելիք։ Համաժողովների մեծ մասն անցկացվում է փակ սրահներում, որտեղ արհեստական օդափոխություն է կատարվում։ Ուստի մենք բարություն դրսևորած կլինենք, եթե այդ օրերին քիչ օծանելիք օգտագործենք, որպեսզի շնչառական օրգանների հետ կապված խնդիրներ ունեցողների մոտ սուր ռեակցիա չառաջանա (1 Կորնթ. 10։24)։
◼ «Խնդրում ենք, այցելիր» բլանկ։ «Խնդրում ենք, այցելիր» (S-43) բլանկը պետք է գործածենք, երբ համաժողովի անցկացման օրերին ոչ պաշտոնական վկայություն ենք տալիս որևէ մեկի, և նա հետաքրքրվում է։ Քարոզիչները բլանկի մեկ կամ երկու օրինակ պետք է ունենան իրենց հետ։ Լրացված բլանկները կարող ես փոխանցել գրականության բաժին կամ տալ քո ժողովի քարտուղարին (տե՛ս 2009 թ. նոյեմբերի «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկը, էջ 4)։
◼ Կամավորներ։ Այն ուրախությունը, որ ստանում ենք համաժողովին ներկա լինելուց, էլ ավելի մեծ կլինի, եթե կամավորագրվենք՝ անհրաժեշտ ծառայություն կատարելու համար (Գործ. 20։35)։ Ցանկացողները կարող են դիմել համաժողովի կամավոր ծառայության բաժին։ Մինչև 16 տարեկան երեխաները նույնպես կարող են կամավորագրվել, եթե, իհարկե, նրանք այդ ծառայությունը անելու են ծնողի կամ ծնողի թույլտվությունը ստացած այլ չափահասի հսկողության ներքո։