Որակյա՞լ քարոզիչ եմ
1. Ինչո՞ւ չպիտի մտածենք, թե չունենք այն որակավորումը, որ անհրաժեշտ է բարի լուրը քարոզելու համար։
1 Հնարավոր է՝ վհատվում ես այն մտքից, որ չես կարողանում բարի լուրը քարոզել արդյունավետորեն։ Բայց հիշիր, որ մեր ստացած կրթությունը կամ ընդունակությունները չեն, որ տալիս են մեզ անհրաժեշտ որակավորում՝ բարի լուրը քարոզելու համար։ Հիսուսի աշակերտներից ոմանց մասին ասում էին, որ «անուսում և հասարակ մարդիկ» են։ Այդուհանդերձ, նրանք բարի լուրի արդյունավետ քարոզիչներ էին, քանի որ վճռել էին հետևել Քրիստոսի օրինակին (Գործ. 4։13; 1 Պետ. 2։21)։
2. Ինչպե՞ս էր Հիսուսը սովորեցնում։
2 Ինչպես էր Հիսուսը սովորեցնում։ Այն, ինչ Քրիստոսը սովորեցնում էր, պարզ էր, գործնական և հեշտ հասկանալի։ Նրա հարցերը, օրինակները և ոչ բարդ առաջաբանները գրավում էին ունկնդիրներին (Մատթ. 6։26)։ Հիսուսը անկեղծորեն հետաքրքրվում էր մարդկանցով (Մատթ. 14։14)։ Նա խոսում էր վստահությամբ և իշխանությամբ, որովհետև գիտեր. Եհովան է իրեն հանձնարարել և լիազորություն տվել այդ գործն անելու (Ղուկ. 4։18)։
3. Ինչպե՞ս է Եհովան օգնում մեզ, որ հաջողության հասնենք ծառայության մեջ։
3 Եհովան օգնում է մեզ։ Իր Խոսքի և կազմակերպության միջոցով Մեծ Ուսուցիչը տալիս է մեզ այն որակավորումը, որի կարիքն ունենք բարի լուրը հաջողությամբ քարոզելու համար (Ես. 54։13)։ Քանի որ Եհովան պահպանել է արձանագրություն այն մասին, թե ինչպես էր իր Որդին սովորեցնում, մենք այսօր կարող ենք վերլուծել Քրիստոսի ուսուցողական մեթոդները և ընդօրինակել նրան։ Բացի այդ, Աստված մեզ տալիս է իր սուրբ ոգին և կրթում է ժողովի հանդիպումների միջոցով (Հովհ. 14։26)։ Նաև տալիս է փորձառու քարոզիչներ, որոնք կարող են օգնել մեզ հմտանալու քարոզչության գործում։
4. Ինչո՞ւ կարող ենք համոզված լինել, որ որակյալ ենք բարի լուրը քարոզելու համար։
4 Մենք բոլոր հիմքերն ունենք մտածելու, որ որակյալ ենք քարոզելու համար. չէ՞ որ «մեր բավականաչափ որակյալ լինելը Աստծուց է գալիս» (2 Կորնթ. 3։5)։ Քանի դեռ ապավինում ենք Եհովային և հավատարմորեն օգտվում ենք մեր սիրառատ Հոր տված միջոցներից, մենք «լիովին իրազեկ կլինենք, ամբողջովին պատրաստված՝ ցանկացած բարի գործի համար» (2 Տիմոթ. 3։17)։