«Հիմնովին վկայություն տանք»՝ քարոզելով պահպանվող շենքերում
1. «Հիմնովին վկայություն տալու համար» որտե՞ղ կարող ենք քարոզել։
1 Մենք Պողոս առաքյալի նման ցանկանում ենք «հիմնովին վկայություն տալ.... բարի լուրի մասին» (Գործ. 20։24)։ Ուստի ձգտում ենք Թագավորության պատգամը հայտնել հնարավորին չափ շատ մարդկանց, այդ թվում նաև պահպանվող շենքերի բնակիչներին։ Երբեմն գուցե դժվար լինի մտնել այդպիսի շենքեր, բայց արժե՛ ջանք թափել այդ ուղղությամբ, քանի որ այնտեղ շատ մարդիկ են ապրում։
2. Պահպանվող շենքերում քարոզելիս ինչո՞ւ պետք է խոհեմ և շրջահայաց լինենք։
2 Մեր օրերում հանցագործությունների թիվը մեծ է։ Ուստի գնալով շատանում են այնպիսի շենքերը, որոնց մուտքի դռները կողպված են, և որոնցում տեղադրված են տեսախցիկներ։ Որոշ շենքերում էլ կան պահակներ (2 Տիմոթեոս 3։1, 2)։ Հնարավոր է, որ շենքի տնօրինությունը որոշում է կայացրել ներս չթողնելու չսպասված հյուրերի։ Ուստի շենքի պահակը կամ տնօրինությունը թերևս հակված լինի մեզ դուրս հրավիրելու, հատկապես եթե բնակիչներից մեկը բողոքել է։ Ուստի շատ կարևոր է պահպանվող շենքերում քարոզելիս խոհեմ և շրջահայաց լինել։
3. Ե՞րբ արդյունավետ կլինի քարոզել պահպանվող շենքերում։ Պարզաբանի՛ր։
3 Երբ քարոզել։ Պահպանվող շենքերում, ինչպեսև բազմաթիվ այլ տարածքներում, շատ արդյունավետ է քարոզել այն ժամանակ, երբ բնակիչների մեծ մասը տանն է։ Ավելին, եթե շենք գնանք այն ժամերին, երբ նրանք հիմնականում տանը չեն, հնարավոր է՝ կասկածներ առաջացնենք։ Բազմաթիվ քարոզիչներ իրենց փորձով համոզվել են, որ նման տարածքներում արդյունավետ է ծառայել երեկոյան ժամերին (ոչ ուշ), ինչպես նաև հանգստյան օրերին՝ ճաշից հետո։ Չարժե այդպիսի շենքերում քարոզել վաղ առավոտյան, քանի որ բնակիչները կարող են դժգոհել ու բողոքել տնօրինությանը, հատկապես եթե դա անենք հանգստյան օրերին։
4, 5. Ինչպե՞ս կարող ենք ներս մտնել այն շենքերը, որոնց մուտքը փակ է։
4 Ինչպես ներս մտել։ Քարոզիչները չպետք է նախապես դիմեն շենքի տնօրինությանը՝ շենքում քարոզելու համար։ Եթե շենքի փակ մուտքի մոտ խոսասարք կա, կարող ենք դրա միջոցով գտնել որէ բնակչի, որը կհամաձայնվի ներս թողնել մեզ՝ իր հետ զրուցելու համար։ Դրանից հետո, կախված հանգամանքներից, միգուցե կարողանանք զրուցել նաև մյուս բնակիչների հետ։ Սակայն որոշ դեպքերում թերևս խելամիտ լինի դուրս գալ շենքից և խոսասարքի միջոցով կապ հաստատել մեկ այլ բնակչի հետ։ Մենք պետք է խոհեմություն դրսևորենք, երբ որոշում ենք, թե քանի բնակչի հետ զրուցել՝ մեկ անգամ շենք մտնելով։
5 Բնակիչներից ոմանք թերևս նախընտրեն, որ քո այցելության նպատակը բացատրես խոսասարքով։ Նման դեպքերում բարյացակամորեն ներկայացիր։ Տանտիրոջը դիմիր անունով, եթե այն գրված է բնակիչների անվանացուցակում, որը սովորաբար փակցված է լինում խոսասարքի կողքին։ Համառոտակի նշիր, թե ինչ թեմայով ես խոսելու։ Ոմանք հաջողության են հասել՝ պարզապես ընթերցելով «Ինչպես զրույց վարել աստվածաշնչյան թեմաներով» գրքույկի մատուցումներից որևէ մեկը։
6. Ի՞նչ կարելի է անել, եթե շենքում պահակ կա։
6 Եթե շենքում պահակ կա, որը թույլ չի տալիս քարոզել այնտեղ, կարող ենք փորձել վկայություն տալ նրան։ Շատ պահակներ հաճույքով են կարդում մեր գրականությունը։ Գուցե նույնիսկ հաջողվի Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսել նրա հետ և այն անցկացնել հենց միջանցքում։ Եթե պահակը թույլ տա այցելել այն բնակչին, որը հետաքրքրություն է ցույց տվել, տեղին չի լինի հետո թակել նաև այլ դռներ։
7. Ի՞նչ պետք է հաշվի առնենք պայուսակների վերաբերյալ։
7 Արտաքին տեսքն ու վարվելաձևը։ Եթե մեծ ու հաստափոր պայուսակներ ունենանք, անմիջապես աչքի կընկնենք։ Ուստի գուցե տեղին լինի գնալ փոքր պայուսակով կամ առանց պայուսակի։ Որոշ քարոզիչներ գրականությունը դնում են բարակ թղթապանակի մեջ, իսկ Աստվածաշունչը պահում են ձեռքում կամ գրպանում։
8. Ի՞նչ կարելի է անել, երբ պահպանվող շենքում մի խումբ Վկաներ են քարոզում։
8 Տեղին չէ մեծ խմբով հավաքվել շքամուտքերում կամ կայանավայրերում, քանի որ դրանով անտեղի ուշադրություն կգրավենք։ Նաև պետք է զգուշություն ցուցաբերենք վտանգավոր թաղամասերում քարոզելիս (Առակ. 22։3)։ Նման դեպքերում նույն մուտքում կարող են երկու զույգ ծառայել, իսկ բարձրահարկ շենքերում՝ երեք։ Նրանք կարող են իրարից այնպիսի հեռավորության վրա լինել, որ անհրաժեշտության դեպքում լսեն իրար։ Կամ կարելի է հերթով քարոզել. երբ մի զույգը քարոզի, մյուսը սպասի և հակառակը։
9. Ինչպե՞ս կարող ենք քաղաքավարություն ցույց տալ, և ինչո՞ւ է դա կարևոր։
9 Պահպանվող շենք մտնելիս սրբիր կոշիկներդ և դուռը քո հետևից կամաց փակիր։ Քաղաքավարության նման դրսևորումներ տեսնելիս բնակիչները բողոքելու շատ պատճառներ չեն ունենա։ Ներս մտնելուց հետո անտեղի մի կանգնիր շքամուտքում, այլ անմիջապես գնա վերելակի մոտ կամ բարձրացիր այն հարկը, որում պետք է ծառայես։ Դրանով կցրես մարդկանց կասկածները։
10. Ինչպե՞ս անտեղի աղմուկ չբարձրացնել։
10 Շենքերում ձայները և աղմուկը արձագանքում են։ Հետևաբար չարժե բարձր խոսել։ Խոսիր այնպես, որ քո ձայնը լսելի լինի միայն տանտիրոջը։ Բարձր մի խոսիր նաև ծառայակիցներիդ հետ։ Մյուս կողմից՝ չարժե շատ ցածր խոսել կամ փսփսալ, քանի որ այդպես կասկածելի մարդկանց տպավորություն կթողնեք։ Որոշ քարոզիչներ բնակիչներին չանհանգստացնելու համար հերթով չեն ծեծում բոլոր դռները, այլ մի հարկում քարոզելուց հետո անցնում են մյուսին։ Տեղին չէ նաև ուժեղ թակել դուռը, քանի որ այդպես կվախեցնենք բնակիչներին։
11. Ի՞նչ խորհուրդների կարող ենք հետևել, եթե դիտանցք ունեցող դուռ ենք թակում։
11 Եթե դուռը դիտանցք ունի, կանգնիր այնպես, որ տանտերը կարողանա տեսնել քեզ և ծառայակցիդ։ Երբ նկատես, որ ինչ–որ մեկը նայում է, ջերմորեն բարևիր և ներկայացրու մատուցումդ։ Եթե հարցնեն՝ ո՞վ է, թերևս տեղին լինի, որ հայտնես քո և ծառայակցիդ անունը։ Գուցե դրանից հետո տանտերը չանհանգստանա ու բացի դուռը։ Բայց եթե անգամ չբացի, միևնույն է, կարող ես մատուցումդ անել։
12. Ինչպե՞ս խնդիրներ չհարուցել դռների մոտ գրականություն թողնելիս։
12 Երբ տանտերը տանը չէ։ Շենքերի պահակները հաճախ բողոքում են, որ ստիպված են միջանցքներից կամ գետնից գրականություն հավաքել։ Դռան վրա թողնված գրականությունը կարող է հեշտությամբ ընկնել գետին և, հետևաբար, դիտվել որպես աղբ։ Ուստի եթե բնակիչները տանը չեն, գրականությունը պետք է թողնել չերևացող տեղում։
13. Ի՞նչ պետք է անենք, երբ տանտերը զայրացած է։
13 Երբ տանտերը զայրանում է։ Եթե տանտերը զայրացած է և պատրաստ է կանչելու պահակին, լավ կլինի հեռանալ տվյալ հարկից և մեկ ուրիշ անգամ գնալ այնտեղ։ Որոշ դեպքերում խոհեմ կլինի նույնիսկ հեռանալ շենքից՝ պահակի հետ խնդիրներ չունենալու համար։ Նույնիսկ երբ զայրացած տանտերը կոնկրետ չի ասել, որ իրեն այլևս չայցելեն, հարկավոր է, գրի առնել նրա բնակարանի համարը և հետագայում տարածքի քարտեզի հետ հանձնել այն։ Ծառայողական վերակացուն կնշանակի նրբանկատ և փորձառու քարոզիչների, որպեսզի նրանք այցելեն այդ անհատներին՝ տեսնելու համար, թե չի փոխվել արդյոք նրանց տրամադրվածությունը։
14, 15. Ինչպե՞ս վարվել, երբ շենքի տնօրինության ներկայացուցիչը պահանջի, որ հեռանանք։
14 Երբ պահանջում են, որ հեռանաս։ Եթե ծառայության ժամանակ շենքի պահակը, անվտանգության կամ սպասարկման բաժնի աշխատողներից որևէ մեկը կամ էլ տնօրինության որևէ ներկայացուցիչ խնդրի, որ հեռանաս, իմաստուն կլինի այդպես էլ անել։ Մենք հնարավորության սահմաններում ցանկանում ենք խուսափել բնակիչների հետ բախումներ ունենալուց, քանի որ նրանք կարող են դիմել իրավական քայլերի կամ զանգահարել ոստիկանություն։ Շենքերի աշխատողները հիմնականում այդպես են վարվում ոչ թե այն պատճառով, որ դեմ են Եհովայի վկաներին, այլ որ պարզապես կատարում են իրենց աշխատանքը։
15 Եթե շենքի տնօրինության ներկայացուցիչը պահանջի, որ հեռանաս, քեզ միգուցե հաջողվի բարյացակամորեն ու նրբանկատորեն բացատրել քո այցելության նպատակը (1 Պետ. 3։15)։ Միգուցե նա թույլ տա քեզ, որ մնաս շենքում։ Սակայն եթե թույլ չտա, արժանապատվորեն հեռացիր։ Մենք ընդունում ենք, որ նրա պարտականությունն է հետևել շենքի անվտանգությանը, որպեսզի բնակիչներին իրենց հանգիստ զգան։ Նման միջադեպերի մասին միշտ պետք է տեղյակ պահել ծառայողական վերակացուին։
16. Ի՞նչ անենք, եթե մեզ շարունակաբար թույլ չեն տալիս մտնել պահպանվող շենք։
16 Թերևս որոշ ժամանակ հետո քարոզիչները նորից փորձեն զգուշորեն մշակել այդ տարածքը։ Բայց եթե կրկին խնդիրներ ծագեն, ապա նրանք չեն փորձի սեփական ուժերով լուծել դրանք, այլ կդիմեն երեցներին, որոնք էլ առաջնորդության համար կապ կհաստատեն գրասենյակի հետ։ Եթե արգելվի շենք մտնել, ապա կարելի է փորձել այլ կերպերով կապ հաստատել բնակիչների հետ, օրինակ՝ հեռախոսի կամ նամակների միջոցով։ Որոշ քարոզիչներ նման շենքերի առջև փողոցի ծառայություն են անում առավոտյան ու երեկոյան ժամերին, երբ շենքի բնակիչները գնում են աշխատանքի կամ վերադառնում են տուն։
17. Ինչո՞ւ է կարևոր քարոզել պահպանվող շենքերում ապրող մարդկանց։
17 Այս չար համակարգը շուտով կկործանվի։ Կփրկվեն միայն նրանք, ովքեր կանչում են Եհովայի անունը։ «Սակայն ինչպե՞ս կանչեն նրան, ում չեն հավատացել։ Կամ ինչպե՞ս հավատան նրան, ում մասին չեն լսել» (Հռոմ. 10։13, 14)։ «Հավիտենական կյանքի հանդեպ ճիշտ տրամադրված» բազմաթիվ մարդիկ ապրում են պահպանվող շենքերում (Գործ. 13։48)։ Եվ եթե խոհեմ ու ողջամիտ լինենք, կկարողանանք բարի լուրը հասցնել նրանց։