Հարցերի արկղ
◼ Ի՞նչ հարցեր պետք է ամուսնացող զույգը քննարկի երեցների հետ, եթե ուզում է Թագավորության սրահն օգտագործել իրենց ամուսնության արարողության համար։
Ամուսնական այն արարողությունները, որոնք կատարվում են Աստվածաշնչի սկզբունքների համաձայն, պատիվ են բերում Եհովային։ Այս միտքը առանձնապես կարևորվում է այն դեպքում, երբ դրանք տեղի են ունենում Թագավորության սրահում։ Ինչո՞ւ։ Որովհետև մարդիկ այնտեղ անցկացվող միջոցառումներից կարծիք են կազմում մեր կազմակերպության մասին։ Ուստի, որպեսզի «ամեն բան պարկեշտությամբ և կարգուկանոնով լինի», տեղին է, որ ժողովի երեցները զույգի հետ քննարկեն որոշ հարցեր (1 Կորնթ. 14։40)։
Զույգը պետք է գրավոր դիմում ներկայացնի այն ժողովի ծառայողական կոմիտեին, որը իր հանդիպումները անց է կացնում այդ Սրահում։ Դիմումը պետք է տալ երեցներին բավական վաղօրոք։ Այնտեղ նշվում է օրը և ժամը, թե երբ է զույգը ծրագրում անցկացնել միջոցառումը։ Ամուսնացողները պետք է հիշեն, որ երեցները հանդիպումների գրաֆիկը չեն փոխելու հարսանիքի պատճառով։ Բացի դրանից, հարսն ու փեսան պետք է լավ համբավ ունենան, ապրեն Աստվածաշնչի սկզբունքների ու Եհովայի արդար չափանիշների համաձայն։
Համոզվելու համար, որ արարողությունը լավ կանդրադառնա մեր պատվարժան Աստծու անվան վրա, զույգը պետք է ծառայողական կոմիտեի հետ քննարկի նախապատրաստություններին առնչվող հարցերը։ Ճիշտ է, երեցները իրենց տեսակետները չեն պարտադրի զույգին, բայց եթե զույգը պլանավորել է այնպիսի բան, որը տեղին չէ, պետք է փոփոխություններ արվեն։ Եթե նախատեսվում է երաժշտություն, պետք է հնչեն միայն Թագավորության մեղեդիները։ Հարկավոր է թույլտվություն ստանալ Սրահը ձևավորելու, ինչպես նաև նստարանները և աթոռները վերադասավորելու համար։ Լուսանկարելն ու տեսագրելը հարկավոր է անել այնպես, որ միջոցառման վեհությունը չնսեմացվի։ Երեցները կարող են թույլ տալ, որ Սրահում ամուսնական արարողության փորձ արվի, եթե դա չի խանգարի ժողովի գործերին։ Հայտարարությունների տախտակին չպետք է հրավերի մասին գրություն փակցվի։ Սակայն երեցները կարող են Ծառայողական հանդիպման ժամանակ կարճ հայտարարություն անել, որ Թագավորության սրահում տեղի է ունենալու ամուսնության արարողություն։
Թեև չի պահանջվում, որ հարս ու փեսային ուղեկցող բոլոր անձինք լինեն մկրտված Վկաներ, տեղին չի լինի, որ ուղեկցողների մեջ լինեն անհատներ, ում ապրելակերպը բոլորովին չի համապատասխանում Աստվածաշնչի սկզբունքներին, կամ ում վարքը կարող է հարցեր առաջացնել ներկաների մեջ։ Հնարավորության դեպքում արարողությունը պետք է ղեկավարի երեցը։ Երեցները Աստծու Խոսքի հմուտ ուսուցիչներ են, ուստի նրանք բոլորից լավ կարող են բացատրել Աստվածաշնչի այն սկզբունքները, որոնք վերաբերում են այս կարևոր միջոցառմանը (1 Տիմոթ. 3։2)։
Քանի որ ամուսնության արարողությունը կարող է լավ կամ վատ անդրադառնալ նաև միջոցառումը ղեկավարող երեցի անվան վրա, նա նույնպես պետք է տեղյակ լինի դրա մանրամասներին։ Նա կհանդիպի զույգի հետ՝ տեղեկանալու համար մտերմության շրջանում նրանց դրսևորած վարքի մասին։ Ամուսնացողները կցանկանան անկեղծ ու ազնիվ լինել։ Եթե հարսը կամ փեսան նախկինում ամուսնացած է եղել, նա պետք է փաստի, որ ինքը, ըստ Աստվածաշնչի և ըստ պետության օրենքի, իրավունք ունի նորից ամուսնանալու (Մատթ. 19։9)։ Դա նշանակում է, որ նա պետք է երեցին ցույց տա ամուսնալուծության մասին փաստաթուղթը։
Եթե զույգը բաց հաղորդակցություն պահի և լիովին համագործակցի երեցների հետ, նրանց ամուսնությունը ուրախություն կպատճառի բոլորին (Առակ. 15։22; Եբր. 13։17)։