«Թող ձեր խոսքը միշտ լինի աղով համեմված»
1. Ի՞նչ է նշանակում «խոսքերն աղով համեմել» արտահայտությունը։
1 «Թող ձեր խոսքը միշտ վայելուչ լինի, աղով համեմված, որպեսզի իմանաք, թե ինչպես պետք է պատասխան տաք յուրաքանչյուր մարդու» (Կող. 4։6)։ Մեր խոսքերն աղով համեմելը նշանակում է ճիշտ խոսքեր ընտրել և այնպես արտահայտվել, որ մեզ լսելը հաճելի լինի։ Դա շատ կարևոր է անել ծառայության ժամանակ։
2. Ինչպե՞ս Հիսուսը կարողացավ վկայություն տալ սամարացի կնոջը։
2 Հիսուսի օրինակը։ Ջրհորի մոտ հանգստանալիս Հիսուսը սկսեց զրուցել սամարացի կնոջ հետ, որը եկել էր ջուր հավաքելու։ Զրույցի ընթացքում այդ կինը մի քանի անգամ շոշափեց այնպիսի մտքեր, որոնցում արտահայտվում էր հրեաների և սամարացիների միջև եղող վաղեմի թշնամությունը։ Նա նաև ասաց, որ հավատում է, թե սամարացիները սերվել են Հակոբից, մինչդեռ հրեաները պնդում էին, որ սամարացիները սերվել են ոչ հրեաներից։ Նրա խոսքերին առարկելու փոխարեն՝ Հիսուսը կենտրոնացավ դրական բաների վրա։ Արդյունքում՝ նա կարողացավ վկայություն տալ, ինչը օգուտներ բերեց թե՛ այդ կնոջը և թե՛ իր քաղաքի մարդկանց (Հովհ. 4։7–15, 39)։
3. Ինչպե՞ս կարող ենք հետևել Հիսուսի օրինակին ծառայության մեջ։
3 Քարոզելիս պետք է հիշենք մեր նպատակի մասին, այն է՝ «հռչակել բարի լուրը բարի բաների մասին» (Հռոմ. 10։15)։ Մենք ցանկանում ենք տանտիրոջը գրավիչ և շինիչ խոսքեր հայտնել Աստվածաշնչից և չստեղծել այնպիսի տպավորություն, թե գրոհում ենք նրա հավատալիքների վրա։ Եթե նա սխալ տեսակետ է արտահայտում, պետք չէ անմիջապես հակաճառել նրան։ Արտահայտե՞ց նա որոշ մտքեր, որոնց հետ մենք կարող ենք համաձայնվել, կամ որոնց համար, կարող ենք նրան անկեղծորեն գովել։ Հավանաբար մենք ցույց կտանք նրան որևէ աստվածաշնչյան համար և կասենք. «Իսկ երբևէ այս հարցին նայե՞լ եք այս տեսանկյունից»։
4. Ի՞նչ պետք է անենք, եթե տանտերը վիրավորական խոսքեր է ասում։
4 Սակայն ինչպե՞ս վարվել, եթե տանտերը վիրավորական խոսքեր է ասում, կամ երևում է, որ ուզում է վիճել։ Մենք պետք է շարունակենք հեզություն և մեղմություն դրսևորել թե՛ մեր վարվելակերպով և թե՛ խոսքերով (2 Տիմոթ. 2։24, 25)։ Եթե անհատին չի հետաքրքրում Թագավորության պատգամը, ապա ավելի լավ է նրբանկատորեն հեռանալ (Մատթ. 7։6; 10։11–14)։
5. Ինչպե՞ս է մի քրոջ հետ պատահած դեպքը ցույց տալիս, որ սիրալիր պատասխանը լավ արդյունքներ է բերում։
5 Լավ արդյունքներ։ Երբ մի քույր փորձեց վկայություն տալ իր հարևանուհուն, այդ կնոջ բարկությունը բորբոքվեց, և նա սկսեց գոռալ ու հայհոյել։ Իսկ քույրը բարությամբ ասաց. «Ցավում եմ, որ այդպես եք կարծում։ Հաջողություն ձեզ»։ Երկու շաբաթ անց այդ կինը թակեց քրոջ դուռը, ներողություն խնդրեց իր վարքի համար և ասաց, որ այժմ պատրաստ է լսելու, թե ինչ էր ցանկանում ասել քույրը։ Այո՛, սիրալիր պատասխանը հաճախ լավ արդյունքներ է բերում (Առակ. 15։1; 25։15)։
6. Ինչո՞ւ է կարևոր ծառայության ժամանակ համեմված խոսքեր օգտագործել։
6 Ձգտիր համեմված խոսքեր օգտագործել, երբ քարոզում ես բարի լուրը։ Նույնիսկ եթե տանտերը տրամադրված չէ լսելու, նա թերևս ցանկանա լսել Եհովայի վկաներին, երբ նրանք գան հաջորդ անգամ։