Նամակ՝ Կառավարիչ Մարմնի Կողմից
ՀԻՍՈՒՍԻ օրինակին հետևելով՝ մենք սրտանց աղոթում ենք Աստծուն. «Սուրբ լինի քո անունը»։ Այս աղոթքին ներդաշնակ ապրելու մեր մեծ ցանկությունը երևում է այն բանից, թե որպես Եհովայի վկաներ ինչպիսի կյանքով ենք ապրում։ Ինչ խոսք, մեզանից ավելին է պահանջվում, քան պարզապես Աստծու անունը ճանաչելը։ Մենք պետք է օգտագործենք յուրաքանչյուր հնարավորություն՝ փառաբանելու նրա անունը։ Ամենամեծ պատիվը, որ մեզանից յուրաքանչյուրը կարող է ունենալ, Եհովայի վկա կոչվելն է (Մատթ. 6:9; Ես. 43:10)։
Սաղմոս 110։3–ի համաձայն՝ Եհովայի ժողովուրդը պատրաստակամորեն մասնակցում է այն գործին, որը Նա է հանձնարարել։ Ինչո՞ւ են ցանկացած տարիքի և տարբեր ծագում ունեցող մարդիկ իրենց անձերը տրամադրում քարոզչական գործին։ Գլխավորապես այն պատճառով, որ սիրում են Աստծուն և նվիրվել են նրան։ Բ Օրինաց 6:5, 6 համարները մեզ պատվիրում են սիրել Եհովային «բոլոր սրտով, բոլոր հոգիով եւ բոլոր զօրութիւնով»։ Սրտից բխող այդ սերը մեզ մղում է օգտագործել մեր ժամանակը, ուժերն ու միջոցները Աստծու Թագավորության շահերը առաջ տանելու համար, ինչն ընդգրկում է մեր հնարավորության սահմաններում ծառայությանը լիարժեքորեն մասնակցելը։
Եհովան սիրում է մարդկանց, և այդ սերը մղում է նրան միջոցներ ձեռք առնել, որ իր Թագավորության ավետիսը քարոզվի ամբողջ աշխարհով մեկ։ Նա չի ցանկանում, որ որևէ մեկը կործանվի, այլ որ բոլորը զղջան իրենց սխալ ընթացքի համար և դառնան դեպի Արարիչը, որպեսզի ապրեն (Բ Պետ. 3:9)։ Եհովան ասում է. «Ես ամբարշտի մեռնելը չեմ ուզում, այլ որ ամբարիշտը դարձի գայ իր ճանապարհիցը եւ ապրէ» (Եզեկ. 33:11)։ Երբ մասնակցում ենք ծառայությանը, մենք արտացոլում ենք մարդկանց հանդեպ Եհովայի սերը։ Դա, անկասկած, ավելի է մեծացնում ուրախության և բավարարվածության մեր զգացումը, որ ստանում ենք՝ մասնակցելով այս կարևոր գործին։
Եհովայի նկատմամբ մեր խորը սերը դրսևորվում է նաև նրանով, թե ինչպիսի վերաբերմունք ունենք նրա ներշնչյալ Խոսքի՝ Աստվածաշնչի հանդեպ։ Առանց Աստվածաշնչի մենք չէինք ճանաչի Աստծուն և չէինք մոտենա նրան, ինչպես հորդորում է Յակոբոս 4:8–ը։ Նաև չէինք իմանա, թե որն է մեր գոյության նպատակը և ինչ ապագա է մեզ սպասում։ Չէինք իմանա, որ մեր նախահայր Ադամն է մեր խնդիրների պատճառը (Հռովմ. 5:12)։ Ոչ էլ կիմանայինք Աստծու մեծ սիրո մասին, որ իր միածին Որդուն մեզ համար փրկանք տվեց։ Եհովան մեզ տալիս է գիտելիքներ, իմաստություն և հասկացողություն։ Որքա՜ն թանկ է մեզ համար նրա տված նվերը՝ ներշնչյալ Խոսքը։ Այս սքանչելի նվերի համար մեր երախտագիտությունը մղում է մեզ «գնել ժամանակը», որպեսզի կարդանք և ուսումնասիրենք Աստծու Խոսքը, ինչպես նաև խորհրդածենք դրա շուրջ (Եփես. 5:15, 16; Սաղ. 1:1–3)։ Մենք երբեք չենք ափսոսի այն ժամանակը, որը հարկավոր է տրամադրել Աստծու Խոսքը ամեն օր կարդալուն։ Ավելին, Աստծու հանդեպ սերը կմոտեցնի մեզ նրա Խոսքին, մեր հասկացողությունը կշատանա, ու նրա հանդեպ սերն ավելի կխորանա։
Աստվածաշնչից մենք իմացել ենք, որ երբ Ադամը Եհովայի դեմ մեղք գործեց, իր բոլոր ժառանգներին, այդ թվում նաև յուրաքանչյուրիս ողբալի և անհուսալի վիճակի մեջ գցեց։ Սակայն Աստված մարդկությանը այդ վիճակից հանելու միջոց ձեռնարկեց, որպեսզի երկրի առնչությամբ ունեցած իր նպատակն իրականացնի (Ծննդ. 3:15)։
Կասկած չկա, որ բոլորս էլ մեր Աստծու սքանչելի անունը սրբացնելու մեծ փափագով ենք լցված։ Երբ ավելին ենք իմանում Եհովայի մասին ու տեսնում, թե ինչ հրաշալի Աստված է նա, մեր սիրտը մղում է մեզ համագործակցել նրա, ինչպես նաև նրա կազմակերպության հետ և իր մեծ անունն ու նպատակները ճանաչեցնել մարդկանց։ Մենք վստահ ենք, որ ունենք նրա հավանությունն ու աջակցությունը, իսկ նոր աշխարհում կունենանք անվերջ ապագա։
Սիրելի՛ եղբայրներ և քույրեր, մենք՝ Կառավարիչ մարմնի անդամներս, ցանկանում ենք հավաստիացնել ձեզ մեր սիրո մեջ։ Նաև ցանկանում ենք արտահայտել մեր խորը գնահատանքը այն բանի համար, որ ջանքեր եք ներդնում և «մեծ նեղությունից» առաջ մնացած ժամանակը օգտագործում եք, որպեսզի հնարավորինս շատ մարդկանց հայտնեք բարի լուրը (Յայտն. 7:14)։ Այդպես վարվելով՝ մարդկանց տալիս եք այն նույն հնարավորությունը, որը դուք ինքներդ եք ստացել, այն է՝ ճանաչել Աստծուն և Քրիստոսին ու հավիտենական կյանք ստանալ (Յովհ. 17:3)։
Ձեր եղբայրներ՝
Եհովայի վկաների Կառավարիչ մարմին