Մի կորցրու քո առաջին սերը
1 Փառավորված Հիսուսը առաջին դարում Եփեսոս քաղաքի ժողովին հետևյալ խորհուրդը տվեց. «Քեզ դէմ այս ունիմ, որ քո առաջին սէրը թողել ես» (Յայտն. 2։4)։ Ակներևաբար, շատերը կորցրել էին իրենց առաջին սերը Եհովայի հանդեպ։ Մենք էլ, սովորելով ճշմարտությունը, ամուր սեր ենք զարգացրել Աստծու և մեր դրացու հանդեպ, և այդ սերը մղում է մեզ ջերմեռանդորեն պատմել մարդկանց մեր նոր իմացած հույսի մասին։ Ի՞նչը մեզ կօգնի, որ չկորցնենք մեր առաջին սերը և ծառայության մեջ ունեցած եռանդը։
2 Անձնական ուսումնասիրությունը և ժողովներին հաճախելը։ Ի՞նչը մեզ մղեց սեր զարգացնել Աստծու և դրացու հանդեպ, երբ նոր էինք սկսել սովորել ճշմարտությունը։ Արդյոք այն ամենը չէ՞ր, ինչ սովորեցինք Եհովայի մասին Աստվածաշնչի ուսումնասիրության շնորհիվ (Ա Յովհ. 4։16, 19)։ Հետևաբար, որպեսզի մեր «սէրն էլ աւելի եւ աւելի հարստանայ», մենք պետք է շարունակենք ճշգրիտ գիտելիքներ ձեռք բերել՝ քննելով ‘Աստծու խորունկ բաները’ (Փիլիպ. 1։9–11; Ա Կորնթ. 2։10, ԱԱ)։
3 Այս վերջին օրերում, որոնք լի են հոգսերով ու խնդիրներով, դժվար է անձնական ուսումնասիրության լավ գրաֆիկ ունենալը (Բ Տիմոթ. 3։1)։ Մենք պետք է մեր օրակարգում ժամանակ հատկացնենք հոգևորապես սնվելուն։ Շատ կարևոր է նաև կանոնավորաբար ժողովի հանդիպումներին հաճախելը, մինչ «տեսնում [ենք] որ օրը մօտեցած է» (Եբր. 10։24, 25)։
4 Ծառայությունը։ Քարոզչական ծառայությանը ջանասիրաբար մասնակցելը նույնպես կօգնի մեզ չկորցնել Աստծու հանդեպ ունեցած մեր առաջին սերը։ Երբ քարոզում ենք բարի լուրը, ինքներս մեզ հիշեցնում ենք Եհովայի սիրառատ խոստումների մասին, և դա օգնում է մեր հույսը վառ պահել և մեր սերը՝ կենդանի։ Աստվածաշնչյան ճշմարտությունները մարդկանց սովորեցնելու համար մենք հաճախ պետք է փնտրտուքներ կատարենք, որպեսզի ինքներս հստակ հասկանանք դրանք, իսկ դա ամրացնում է մեր հավատը (Ա Տիմոթ. 4։15, 16)։
5 Եհովան ամեն փառքի արժանի է, այդ թվում նաև մեր սիրուն (Յայտն. 4։11)։ Թույլ մի՛ տուր, որ քո սերը խամրի։ Ամո՛ւր պահիր քո առաջին սերը՝ ժրաջանորեն ուսումնասիրելով Աստվածաշունչը, կանոնավորաբար հաճախելով ժողովի հանդիպումներին և ջերմեռանդորեն քարոզելով մարդկանց այն լուրը, որն անչափ հարազատ է քո սրտին (Հռովմ. 10։10)։